Հայոց թագավորն էր Արի Հայկի ժառանգներից Տիգրանը: Տիտան Բելի ժառանգներից Աժդահակն էր Տիտանների թագավոր: ԵՎ խաղաղության դաշինք էին կնքել նրանք իրար հետ: Բայց Տիգրանի զորությունը մշտապես երկյուղի մեջ էր պահում Աժդահակին: Նրան առավել մտահոգում և անհանգստացնում էր Հայ և Պարսիկ արյունակից Արի Ազգերի միջև եղած սիրո կապը, որ առավել հզորացնում էր Տիգրանին:
Այս տևական մտատանջություններից ու կասկածներից ալեկոծված, մի գիշեր Աժդահակը այնպիսի երազ է տեսնում, որ ոչ արթուն ժամանակ էր աչքով տեսել և ոչ էլ երբևէ ականջով լսել:
Աժդահակը այդ երազից սարսափած, քնից վեր է թռչում և կեսգիշերին, չսպասելով լուսաբացին, շտապ կանչում է իր խորհրդականներին: Երբ խորհրդականները հավաքվում են, Աժդահակը տրտում և մտահոգ, հայացքը գետին հառած, խոր թառանչ է արձակում: Խորհրդականները հարցնում են պատճառը, իսկ նա ժամերով լռում է և, ի վերջո, հեծկլտալով նրանց պատմում է իր տեսած ահավոր երազը:
- Իմ սիրելինե՜ր,- ասում է նա,- երազումս ես մի անծանոթ երկրում էի, մի բարձրաբերձ լեռան վրա, որի գագաթը թվում էր պատած սարսափելի սառնամանիքով: Կարծես մեկը ասելիս լիներ, որ դա Հայամարդերի երկիրն է: Երբ ես երկար նայում էի այդ լեռանը, հանկարծ մի ծիրանազգեստ կին երևաց՝ ծածկված երկնագույն քողով՝ բարձր լեռան գագաթին նստած: Կինը բարձրահասակ էր, խոշոր աչքերով, կարմիր այտերով և ծննդաբերության ցավերով էր բռնված: Ես հիացմունքով ու ակնապիշ նայում էի այդ կնոջը: Հանկարծ կինը ազատվեց և բերեց երեք զավակ, երեքն էլ հասակով ու տեսքով՝ կատարյալ դյուցազուններ: Առաջինը առյուծի վրա նստած սլացավ դեպի արևմուտք, երկրորդը՝ ընձի վրա նստած, դիմեց հյուսիս, իսկ երրորդը՝ հրեղեն նժույգ սանձած, բուռն թափով հարձակվեց մեր տերության վրա: Այս խառն երազների մեջ մեկ էլ ինձ թվաց, թե ես կանգնած եմ իմ ապարանքի տանիքին, ուր ցայտում էին բազմաթիվ գունագեղ շատրվաններ. այնտեղ էր կանգնած նաև մեր Աստվածը՝ իր հրաշալի տեսքով. և ես, ձեզ հետ միասին, նրան պատվում էի զոհերով ու խնկով: Այդ պահին հանկարծ վեր նայեցի և տեսա այն հրեղեն ձիավորին, որ արծվի նման վար սլանալով հարձակվեց մեզ վրա և մոտենալով, ուզում էր կործանել մեր Աստծուն: Այդ պահին ես կռվի մեջ մտա և այդ սքանչելի գազանի հարձակումն ինձ վրա ընդունեցի: ՈՒ երկար, շատ երկար կռվեցինք տարբեր զենքերով: ԵՎ կռիվը վերջացավ իմ կործանումով: Տագնապալի հուզմունքից սաստիկ քրտնել էի, քունս փախավ և թվում էր, թե այլևս կենդանի չեմ: Կարծում եմ, որ այս երազս ուրիշ բան չի նշանակում, քան այն, որ Արի Տիգրանի կողմից մեզ վրա անակնկալ հարձակում է սպասվում: ՈՒստի խնդրում եմ ձեզ՝ խոսքով ու գործով, բարի խորհրդով ինձ աջակից ու օգնական լինեք:
Խորհրդակիցները բավական օգտակար մտքեր ու խորհուրդներ են առաջարկում Աժդահակին. նա շնորհակալությամբ ընդունում է: Ապա զոհ է մատուցում Վիշապ Աստծուն և խնդրում՝ օգնել իրեն ազատվելու Տիգրանից, որը օր ու գիշեր աներևույթ հալածում է իրեն արթուն թե քնած ժամանակ:
Վիշապը հայտնվեց Աժդահակին և ասաց.
- Ո՛վ, ամենամե՜ծդ քաջերի մեջ, գիտցիր, որ թշնամիներից զգուշանալու, նրանց մտադրությունը գուշակելու և նրանց կործանելու համար լավագույն ձևը սիրո միջոցով դավելն է: ԵՎ Տիգրանի դեմ որոգայթ լարելու ամենահարմար ձևը նրա քրոջ՝ գեղեցկագույն և խոհեմ Տիգրանուհուն կնության առնելն է: Ձեր խնամիական կապերը նախ լայն հնարավորություն կընձեռեն քեզ ազատ ու համարձակ երթևեկության, ապա և Տիգրանի մտերիմներին գանձերով ու պատվի խոստումներով կաշառելու, որպեսզի նրանք կամ թաքուն սպանեն Տիգրանին, կամ էլ նրան լքելով, մատնեն քո ձեռքը, իբրև մի անզոր տղայի:
ԵՎ Աժդահակը անմիջապես անցավ գործի: Նա պատգամավորներ ուղարկեց Տիգրանի մոտ, մեծամեծ նվերներով: Նրանք ներկայացան Տիգրանին և նրան հանձնեցին Աժդահակի նամակը: Աժդահակը գրում էր. ՙՄեր եղբայրությունը գիտե, որ աշխարհում ոչ մի բան այնքան օգտակար չէ, քան Աստվածների պարգևած սերն ու միաբանությունը, մանավանդ իմաստունների և հզորների միջև: Այդ դեպքում դրսից խռովություններ չեն ծագի, ծագելու դեպքում էլ՝ իսկույն կընկճվեն, իսկ ներքին խռովությունները կհալածվեն, որովհետև դրսից նպաստող չի լինի: Բարեկամոթյամբ պայմանավորված այդ շահավետ օգուտը նկատի առնելով, ուզում եմ առավել խոր ու հաստատուն դարձնել սերը մեր միջև, որպեսզի երկուսս էլ ապահով զգալով՝ հաստատուն և ամբողջական պահենք մեր տերությունները: Այդպես էլ կլինի, եթե դու ինձ կնության տաս քո քրոջը՝ Հայոց մեծ օրիորդ Տիգրանուհուն: ԵՎ եթե համաձայնես, ապա նա կդառնա թագուհիների թագուհի: Ո՜ղջ եղիր, իմ թագակից և սիրելի եղբա՜յր՚:
Տիգրանը համաձայնվում է իր գեղեցիկ քրոջը՝ Տիգրանուհուն, կնության տալ Աժդահակին: Աժդահակն ամուսնանում է Տիգրանուհու հետ և նրան իր կանանց մեջ առաջինն է դարձնում: Պատճառը ոչ միայն իր նենգ մտադրությունն էր, այլև Տիգրանուհու անչափ գեղեցկությունը:
Անցնում են տարիներ: Աժդահակի մեջ ավելի ու ավելի են խտանում չար ու խարդախ մտքերը: ԵՎ նա արդեն Տիգրանին կործանելու ծրագիր էր նյութում: ԵՎ փորձում էր այդ գործին մասնակից դարձնել կնոջը՝ Տիգրանուհուն:
- Դու տեղյակ չես,- ասում է Աժդահակը,- որ քո եղբայր Տիգրանը իր կնոջ դրդմամբ նախանձում է քեզ՝ համայն Չարյաց տիկնանց տիկին դառնալուդ համար: Այս նախանձի հետևանքը կլինի իմ մահը, որից հետո Տիգրանի կինը կկարգվի Արյաց ու Չարյաց վրա միանձնյա տիկին: Այժմ ամեն ինչ քեզանից է կախված. կա՜մ պիտի լինես եղբայրասեր և հանձն առնես մեր խայտառակ կործանումը, կա՜մ քո բարին գիտակցելով, մի օգտակար խորհուրդ խորհես մեր ապագայի մասին:
Խիստ վշտացավ Տիգրանուհին ամուսնու խոսքերից՝ մի ահավոր գուժ կար նրանց մեջ: ԵՎ խախտվեց նրա անդորրը, փախավ նրա քունը: Տառապալից մտքերի մեջ ընկած, նա առանձնացել էր, ոչ մեկի հետ չէր խոսում՝ ինքն իր հետ էր և իր չարագուշակ մտքերի: Ցերեկները փակվում էր սենյակում, իսկ գիշերները միայնակ թափառում էր դաշտերում:
Անքնությունից, հոգեկան տառապանքներից և հուսահատությունից թուլացած, Տիգրանուհին ընկավ գետին և ուժ չուներ ոտքի կանգնելու:
Աստվածամայր Անահիտը հայտնվեց նրան, գրկեց և ասաց.
- Ես գիտեմ քո վիշտը, զավա՜կս:
Տիգրանուհին փարվեց Աստվածամայր Անահիտի կրծքին ու լաց եղավ.
- Ասա ինձ, ո՛վ, Մա՜յր, ինչպե՞ս վարվեմ ես: Խոր թշնամություն ունի Աժդահակը Տիգրանի դեմ: Ո՞Ւմ կողմը գնամ ես, ո՞ւմ դավաճանեմ: Տիգրանը իմ եղբայրն է, և ես նրա հետ կապված եմ արյունով. ես չեմ կարող դավաճանել իմ արյանը: Աժդահակն էլ իմ ամուսինն է, և ես նրա հետ կապված եմ իմ զավակներով. ես չեմ կարող դավաճանել իմ զավակներին: Ասա, ի՞նչ անեմ:
ԵՎ Աստվածամայր Անահիտը ասաց.
ԵՎ Աստվածամայր Անահիտը ասաց.
- Դժվար հարց ես տալիս, աղջիկս: Երբ մի հավք կտրվում է իր երամից և մտնում է ուրիշ երամի մեջ, ապա այդ երկու երամների փոխադարձ թշնամանքի առաջին զոհը հենց ինքն է լինում: Դու ծագումով Արի ես, իսկ մայրությամբ՝ Չարի: ԵՎ այդ երկու Ցեղերի թշնամանքից դու առաջինն ես զոհ լինելու, եթե չկարողանաս մեղմել նրանց թշնամանքը:
Այնուհետև Տիգրանուհին ամեն կերպ փորձում էր համոզել Աժդահակին՝ մեղմելու իր թշնամանքը Տիգրանի նկատմամբ և հրաժարվելու իր չար մտադրությունից:
- Ես երդվել եմ իմ Աստծուն, որ Տիգրանի արյունը պիտի զոհաբերեմ նրան,- պատասխանում է Աժդահակը և ավելի ու ավելի եռանդով նախապատրաստում է իր խարդավանքի իրագործումը:
Տիգրանուհին հոգնած և հուսահատված կանգնում է Աժդահակի առջև և ասում.
- Տիտանյան արքա՜, թե դու մեր Աստծուն խոստացել ես Արյաց արքայի արյունը զոհաբերել, ապա իմ մեջ հենց Արյաց արքայական արյունն է հոսում: Ես կամավոր զոհ կլինեմ և կազատեմ քեզ քո երդման ծանրությունից: Քո երեխաների մոր ինքնազոհաբերումը գուցե հագեցնի մեր Աստծո ծարավը և մեղմի քո մեջ այդ չար թշնամանքը:
Ասաց Տիգրանուհին և դաշույնը մխրճեց իր կուրծքը:
Աժդահակը շատ ողբաց իր սիրելի կնոջ մահը: Նա մեծ սուգ հայտարարեց ամբողջ Տիտանյան երկրում: ԵՎ քառասուն օր սուգ էր արվում: Քառասուն օր արգելված էր ծիծաղը, արգելված էին խաղն ու պարը և ամեն մի ուրախություն: Աժդահակը մի հոյակերտ դամբարան սարքել տվեց . Տիգրանուհու զմռսված մարմինը դրեց այնտեղ: ԵՎ դամբարանի ճակատին փորագրել տվեց. ՙՄայր աստվածային, կին նվիրյալ, քույր հավատարիմ՚: ԵՎ տիտանյան Աստվածները՝ Վիշապն ու Յահվահը օծեցին Տիգրանուհու դամբարանը:
Մինչ այդ դեռ չտեսնված ու չլսված սուգի լուրը հասավ Հայաստան: Տիգրանը շատ վշտացավ, բայց սուգ չարեց: Նա հավաքեց իր զորքը և պատրաստվեց պատերազմով պատժելու Աժդահակին և Տիգրանուհու մարմինը բերելու Հայաստան: Նա մեծ խարույկ վառեց, զոհ մատուցեց Հայր Արային ու Ամենազոր Վահագնին:
- Ո՛վ, Վահա՜գն, ո՛վ, Զորության Աստվա՜ծ,- կանչեց նա,- օծիր իմ սուրը, որ վիշապազուն այդ վիշապի մահաբեր գանգը փշրեմ, որ բարեկամ ձևանալով, իր օձաբարո գալարումներով օղակել է ինձ և փաթաթվել իմ պարանոցին: Զորավիգ եղիր ինձ, որ Աժդահակին տապալելով, հավիտենական գերությունից ազատեմ Տիգրանուհու մարմինը:
Երբ Աժդահակը իմացավ, որ Տիգրանը Արյաց մեծ զորաբանակով արշավում է իր վրա, մտավ Տիգրանուհու դամբարան, ծնկի իջավ նրա առջև ու դառնությամբ ասաց.
- Ո՛վ, սրբագո՜ւյնդ սրբերի մեջ, քեզ թվում էր, թե քո ինքնազոհությամբ կհաղթե՞ս մեր թշնամանքին: Տիգրանը վրեժով լցված, պիտի սպանի ինձ. ես էլ, վախենալով նրա վրեժից, պիտի սպանեմ նրան: ԵՎ մեր թշնամանքը կվերանա մեզանից մեկի մահով միայն: ԵՎ ես աղոթելու եմ իմ Աստծուն, խնդրելով հաղթություն միայն մի բանի համար, որ դու մնաս իմ երկրում՝ որպես մայրության, կնության, քույրության վեհագույն խորհուրդ:
ԵՎ Աժդահակը մեծ զորք հավաքեց, զոհ մատուցեց իր Աստծուն ու գնաց Արյաց զորքին ընդառաջ:
Հանդիպում են Արյաց ու Չարյաց զորաբանակները, և սկսվում է կատաղի ճակատամարտը: Կռիվը տևում է բավական երկար. քաջերը քաջերի հանդիպելով, մեկը մյուսին դյուրությամբ թիկունք չէր դարձնում: Կռվին վերջ է տրվում միայն այն ժամանակ, երբ քաջամարտիկ նիզակավոր Տիգրանը դեմ առ դեմ հանդիպում է Աժդահակին: Տիգրանն իր երկար նիզակով այնպես է հարվածում Աժդահակի կրծքին, որ երկաթե ամուր զրահը ջրի պես ճեղքելով, նրան շամփրում է նիզակի լայնաթև տեգին:
Կռիվը ավարտվում է Տիգրանի փառահեղ հաղթանակով: Հաղթական Տիգրանը արշավում է Տիտանյան երկրի մայրաքաղաք: Չի ավերում այն, ոչ մեկին վնաս չի տալիս: Նա կանգնում է Տիգրանուհու դամբարանի առջև և հրամայում է քանդել այդ դամբարանը և Տիգրանուհու զմռսված մարմինը տեղափոխել Հայաստան:
Բայց Տիգրանի առջև կանգնում են Աժդահակի որդիները և ասում.
- Ո՛վ, Արյաց արքա՜, դու հաղթական ես, այո, դու քո զորությամբ կարող ես ավերել ամբողջ մեր երկիրը, բայց մեր հոգիների վրա տեր չես կարող լինել: Սա քո քույրն է և նրա վրեժը լուծելու համար դու սրով մտար մեր երկիր: Բայց նա մեր մայրն է: ԵՎ մենք թույլ չենք տա, որ մեր մոր մարմինը պղծես, նրան տեղափոխելով Արարատ: Արարատը մեզ համար օտար հող է: ՈՒստի մեր մայրը օտար հողում չպետք է լինի: Թեև նա հրածին է, բայց հողածինների մայր է, և բոլոր հողածինների նման մեր Մայր Հողին պիտի հանձնվի:
Տիգրանը բարկացավ, հանեց իր սուրը, որ սպանի այդ հանդուգն վիշապազուններին, բայց հանկարծ հայտնվեց Աստվածամայր Անահիտը, բռնեց նրա ձեռքը և ասաց.
- Վրեժի մոլուցքը մթագնել է քո հոգին, զավա՜կս: Գիտցի՜ր, որ հաղթական սուրը պատժելու համար չէ միայն, այլ արդարություն հաստատելու համար է նաև: Տիգրանուհին ծագումով է միայն Արի, իսկ մայրությամբ նա Տիտան է: ՈՒստի նրա Արի եղբայրն իզորու չէ տնօրինելու նրա մարմինը: Այն տնօրինում են նրա Տիտան որդիները:
Տիգրանը հնազանդվեց Աստվածամոր կամքին և Տիգրանուհու մարմինը հանձնեց նրա որդիներին: Նրանք իրենց մոր մարմինը հանեցին դամբարանից և մեծ պատվով հանձնեցին իրենց Մայր Հողին:
Տիգրանը մասնակցեց Տիգրանուհու թաղմանը, ապա Աժդահակի ավագ որդուն կարգեց արքա և իր զորքը վերցրած վերադարձավ Հայաստան:
Ուխտագիրք
Սլակ Կակոսյան
Комментариев нет:
Отправить комментарий