19.01.2013

ՁՈՆ ԱՍՏՂԻԿԻՆ



  Պատանեկություն՝ Գարունն Աշխարհի: Բնության Գարուն՝ հորդառատ անձրև, արև հրաշունչ, աստղունք ժպտերես, ամպեր մթամած, կայծակ ու որոտ և կապույտ, մաքուր, լուսաշող երկինք ու ապա... երկունք: Բնության նման Գարունը մարդու՝ Պատանեկություն՝ ժպիտ ու արցունք, հավատ ու թախիծ, ուրախություն, խռովք, երազանք, ապա... հարսնացում:
   Գարունը Պատանեկություն է, Պատանեկությունը՝ Սեր: Գարունն առանց Սիրո էլ ի՞նչ Գարուն. էլ ինչպե՞ս երգի սոխակն անտառում. առվակն էլ ինչպե՞ս կայտառ կարկաչի, էլ ինչպե՞ս քամին խելագար թռչի, արևն էլ ինչպե՞ս ժպտա աշխարհին, լուսինն էլ ինչպե՞ս կարոտով թախծի...
թե Սեր չլինի: Էլ ինչպե՞ս երկնի մայրը մայրացող, էլ աղջիկները ինչպե՞ս հարսնանան, ինչպե՞ս խիզախի պատանին Արի, ո՞ւմ համար կռվի, նա ո՞ւմ պաշտպանի և թե վիրավոր՝ հողն ինչպե՞ս գրկի... թե Սեր չլինի: Ինչպե՞ս արարի արարող Արին, Ստեղծումի ոգին ինչպե՞ս պահպանի և զորությունը իր ինչպե՞ս զորացնի... թե Սեր չլինի: Թե Սեր չլինի, սեր ինչպե՞ս լինի: Սիրո Դիցուհի Աստղիկը վկա՝ թե նա չլինի, Սեր ինչպե՞ս լինի:
   Փա՛ռք Աստղիկին,
   Փա՛ռք Սիրուն:
   Սեր և Զորություն՝ հենց շնորհն Արայի: Սեր և Զորություն՝ Գարունն Աշխարհի, խորհուրդը բարու և արարումի: Սեր և Զորություն՝ ուժ լինելության՝ իրար լրացնող և իրար կերտող՝ իրարից անկախ լինել չեն կարող: Զորությունն առանց Սիրո զգացումի՝ ինքը կործանող. առանց Զորության՝ Սերն է կործանվող: Սիրո և Զորության միասնությունն է լոկ խորհուրդը կյանքի: ԵՎ թե Վահագն՝ Զորության Աստված, Աստղիկ Դիցուհին Սերն է Զորության, Սերն է Գարունքի՝ պճնված կուսական ճերմակ շղարշով, վառվելով իր սուրբ շողերի միջին, Սեր է ճառագում՝ սիրո ջերմություն և այդ ջերմությամբ հույզեր է վառում, արցունքներ քամում, թախիծ արարում, հոգևոր խռովք ու տառապալից երջանկություն պարգևում սիրող պատանուն: Թե նույնիսկ պատանին Վահագնը լինի: ԵՎ Վահագն ինքը՝ թեև Հրեղեն, թեև ինքն Աստված, ինքը՝ Գերհզոր, շանթեր արձակող, ամպրոպներ սանձող, Վիշապներ քաղող... Աստղիկի սիրուց ինչպե՞ս  պաշտպանվի՝ նա էլ է ընկնում սիրո որոգայթ: ԵՎ մանկան նման շիկնում է, վառվում, սիրուց խենթացած՝ իրար է խառնում երկինք ու երկիր, սիրտը սիրավառ՝ վարդի պես բացվում՝ մեղմ ու քնքշալի և պարուրում է Արարատը ողջ՝ և՜ ծառ, և՜ ծաղիկ, և՜ մայր, և՜ մանուկ, և՜ հարսներ չքնաղ, և՜ կույս Աստղիկին: ԵՎ Սիրով օծված հույզը Զորության հորդում է նրա հրե աչքերից, և Վիշապի դեմ մարտի է ելնում հանո՜ւն ժպիտի, հանո՜ւն կարոտի, հանո՜ւն հարսնության և մայրացումի, հանո՜ւն սրբության և արարումի: ԵՎ ո՞վ կարող է Վահագնի դեմ կանգնել, երբ նրան սիրում է Աստղիկը չքնաղ՝ Դիցուհին Սիրո և Գեղեցկության:
   Փա՛ռք Աստղիկին,
   Փա՛ռք Գեղեցկությանը:
   Գեղեցիկից դուրս ի՞նչ Գեղեցկություն: Գեղեցիկը ինքն է, իսկ Գեղեցկությունը՝ Գեղեցիկի արտացոլումն է մեր հույզերի մեջ: Գեղեցիկը Գեղեցկության հույզեր է ծնում, Գեղեցկությունը՝ Սեր: Գեղեցիկը՝ հենց ինքը բնական, ինքն ամբողջական, ինքը համաչափ, ինքն աստվածային Սիրո արարում, ինքը՝ Բնությունն ամբողջության մեջ և նրա պատկերը Աստղիկի տեսքով: Առանց Աստղիկի էլ ի՞նչ Բնություն, առանց Աստղիկի էլ ի՞նչ Գեղեցիկ, ի՞նչ Գեղեցկություն: Թե ուզում ես Գեղեցիկը տեսնել հենց Գեղեցիկից դուրս ի՞նչ Գեղեցկություն: Գեղեցիկը ինքն է, իսկ Գեղեցկությունը՝ Գեղեցիկի արտացոլումն է մեր հույզերի մեջ: Գեղեցիկը Գեղեցկության հույզեր է ծնում, Գեղեցկությունը՝ Սեր: Գեղեցիկը՝ հենց ինքը բնական, ինքն ամբողջական, ինքը համաչափ, ինքն աստվածային Սիրո արարում, ինքը՝ Բնությունն ամբողջության մեջ և նրա պատկերը Աստղիկի տեսքով: Առանց Աստղիկի էլ ի՞նչ Բնություն, առանց Աստղիկի էլ ի՞նչ Գեղեցիկ, ի՞նչ Գեղեցկություն: Թե ուզում ես Գեղեցիկը տեսնել հենց Բնության մեջ՝ նայիր Աստղիկին և թե ուզում ես ողջ Գեղեցկությունը հոգուդ մեջ կերտել՝ սիրիր Աստղիկին: Աշխարհի բոլոր Գեղեցիկներով է Աստղիկը կերտված՝ արևից մի շող, լուսնյակից՝ թախիծ, աստղերից՝ ժպիտ, մաքրություն՝ երկնից, հուզմունքը՝ երկրից, նազանքը՝ հովից, հառաչը՝ հողմից, կարկաչը՝ առվից, անձրևից՝ արցունք, դաշտերից՝ հեզանք, լեռնից՝ հպարտանք...
   ԵՎ Գեղեցիկը հենց իր մերկությամբ՝ Մշո գետի մեջ Աստղիկը չքնաղ լոգանք է առնում: Արի պատանիք սիրով արբեցած, դիտում են նրան թփերի միջից: ԵՎ Գեղեցիկը այդ՝ Աստղիկ Դիցուհին, ճառագում է վառ իր Գեղեցկությամբ և սեր է երկնում մատաղ սրտերում: ԵՎ պատանիները սիրում են, սիրում՝ սիրում Աստղիկին: Բայց ինքը՝ Աստղիկը, Վահագնին է սիրում: ԵՎ սիրող աչքերից ծածկում է իրեն վարդ մշուշի մեջ՝ Դիցուհին ինքն էլ կույս է պատվասեր՝ Վահագն, անգամ, հարսնացումից ետք կարող է տեսնել մարմինը նրա, ուրիշ ոչ մի այր՝ թեկուզ ոչ աստված: ԵՎ Գեղեցիկը՝ մշուշի միջում: ԵՎ պատանեկան հույզերն են շիկնում Սիրո Աստղիկին տեսնելու հույսով:
   Փա՛ռք Աստղիկին,
   Փա՛ռք Հույսին:
   Էլ ինչպե՞ս սիրի պատանին Արի, թե Աստղիկ չլինի, թե Աստղիկը Գեղեցիկ չլինի, թե Աստղիկն իր հետ վառ Սեր չբերի, սերը չվառի նրա սրտի մեջ, նրա հույզերում կարոտ չարարի: Ամեն պատանի Աստղիկին սիրում, փնտրում է նրան, ում կորցրել է վարդ մշուշի մեջ: ԵՎ սերը սրտում, պատկերը նրա՝ աչքերի առաջ, որոնում է նա կորած Աստղիկին՝ սրտի դիցուհուն, որոնում է նա Արի մանկամարդ աղջիկների մեջ: Ամեն մի աղջիկ իմ Արի Ցեղում՝ գեղեցիկ Աստղիկ, ամեն մի աղջիկ պատկերը ունի Աստղիկ Դիցուհու, նազանքն Աստղիկի ունի նա իր մեջ, Աստղիկի սիրո անուրջը ունի և Վահագնին գերելու կրակը ունի
   Աստղիկին է սիրում ամեն պատանի, Աստղիկն էլ սիրում է միայն Վահագնին: ԵՎ ամեն աղջիկ՝ ամեն մի Աստղիկ՝ Վահագնին սիրում, նրան է տենչում և Արի Ցեղիս տղաների մեջ՝ Վահագնին փնտրում... Ամեն մի աղջիկ Վահագնի սիրով աղոթք է անում Սիրո Դիցուհուն, որ օգնի իրեն՝ գտնել Վահագնին ու սեր արթնացնի Վահագնի սրտում: Աղոթք է անում Աստղիկ Դիցուհուն պատանին սիրող, որ իր երազում հայտնվի սիրով, որ սիրի իրեն Աստղիկը սիրած: Աստղիկը չքնաղ՝ Սիրո Դիցուհին, որ սեր է վառել մատաղ սրտերում, սիրում է նրանց սերը լուսափայլ՝ լույսի պես անկիրք, մաքուր ու ազնիվ... և օգնում նրանց՝ գտնելու իրար: Աստղիկ Դիցուհու Սիրո օրհնությամբ գտնում են իրար Վահագն ու Աստղիկ: Վահագն է շնչում ամեն պատանի, Աստղիկ է բուրում ամեն մի աղջիկ: Ամեն պատանի սիրած կույսի մեջ Աստղիկ է տեսնում և սիրում նրան: Աղջիկն էլ սիրած պատանյակի մեջ Վահագն է տեսնում և սիրում նրան: Աստղիկ Դիցուհին իրար է կապում սրտերը նրանց վարդաբույր ցողով ու Վարդավառով:
   Փա՛ռք Աստղիկին,
   Փա՛ռք Վարդավառին:
   Թե Չարի Աստված մոլեգնում է դեռ Արի Ցեղիս մեջ և հոգին նրա սրսկում թույնով, և թունավորված Արի պատանիք հոգին են հանձնել Չարի Աստծուն... Թե հուսալքված աղջիկներն Արի էլ չեն հանդուրժում ո՜չ սեր, ո՜չ պատիվ, ո՜չ հույզ, ո՜չ նազանք. թե աղջիկները էլ չեն կարոտում, էլ չեն նվիրվում, էլ չեն հարսնանում մայրության համար... Պատանին Արի թե էլ չի տենչում, էլ չի խենթանում, սիրո, կարոտի երգեր չի հյուսում, սիրո զորությամբ չի թռչում երկինք ու չի երազում հայրության համար... Այդպես կլինի՞: Առանց սիրո էլ ի՞նչ պատանի, էլ ի՞նչ գեղեցիկ ու գեղեցկություն, կյանքի ի՞նչ գարուն: Թե սեր չլինի, Աստղիկ չլինի, թե չհավատա պատանին նրան և թե չաղոթի իր սիրո համար Աստղիկ Դիցուհուն՝ էլ ի՞նչ պատանի: Աստղիկը միայն՝ Սիրո Դիցուհին, Վարդավառ սարքում՝ վարդեր է ցանում գարուն սրտերին, վառում է նրանց արևի հրով, վարդ-ջուր է ցանում աչքերին նրանց: Շրջում է ամբողջ Արարատը նա և աստվածային երգերով սիրո՝ կույս աղջիկներին իր շուրջը առնում, սեր է ներշնչում, սեր է արարում մատաղ սրտերում ու վարդաջրով սափորի միջից գուշակում է նա ծաղկունքը նրանց: Աստղիկ Դիցուհին Վահագնի սիրով շրջում է տներ և ամենուրեք սիրո երգերով, վարդով ու ջրով օծում է մարդկանց՝ թե՜ ծեր, թե՜ մանուկ և թե՜ պատանի: Աղջիկները կույս՝ սիրով բորբոքված, հենց Աստղիկի հետ, Աստղիկի նման մարդկանց են բաշխում կուսական ժպիտ. անարատ, մաքուր ու անմեղ սիրով՝ Վահագնին կանչում սիրո մրցության: Արի պատանիք՝ ի տես Աստղիկի, ի տես բազմաթիվ սեր Աստղիկների, սիրո զորությամբ վառվում են նորից և հրդեհվում են սիրո կարոտով. արև են քաղում երկնի կապույտից, փնջեր են կապում քնքուշ աստղերից՝ սիրած Աստղիկի սիրո խոստումին որպես վառ պսակ: ԵՎ Սեր է շնչում իմ Ցեղը Արի, Սեր է թևածում Արարատով մեկ... Սիրով են տենչում, սիրով են երկնում, սիրով են ծնում և նույն այդ սիրով՝ գուրգուրում իրար: Մանուկը սիրով իր մորն է գգվում, իր հոր արևին փարվում է սիրով, եղբայրն իր եղբոր աչքերին նայում՝ հավատի սիրով, աղջիկները կույս գտնում են իրենց սրտի Վահագնին ու երջանկանում հարսնության քողով... ԵՎ միայն Աստղիկը՝ Սիրո Դիցուհին, Վահագնի սիրով, հարսնության տենչով՝ դեռ սպասում է նա Հրե Վահագնի մի նոր ծնունդին:
   Փա՛ռք Աստղիկին,

   Փա՛ռք Հարսնացումին:  


Սլակ Կակոսյան
Ուխտագիրք

Комментариев нет:

Отправить комментарий