05.10.2013

ՀԱՂԹԵԼՈւ ԳԱՂՏՆԻՔԸ


Մա՛րդը, նրա ստեղծագործ միտքը, նրա կամքը, նրա ոգին է դեպի իրեն թեքում հաղթության
նժարը:
    Նյութական, զենք, ամրություն, հաջող դիրքեր միայն այնքան արժեք ունեն, որքան միտք, կամք, ցանկություն է դնում մարդը նրանց գործածության մեջ:
   Մա՛րդն է իր հաղթությունների և պարտությունների պատճառը: Եվ հաղթում է նա, որն արդեն հաղթել է իր կենդանական բնազդը, իր եսը, իր վախը, երբ արդեն հաղթել է ինքն իրեն:
    Պարտվում է նա, որ արդեն պարտված է ինքն իրենից, իր վախից, իր բնազդից, իր եսից:
    Վա՛խն է իրական թշնամին:
    Դա աներևույթ թշնամին է, երրորդ ուժը կռվադաշտում:
    Պատերազմող երկու կողմերը էապես կռվում են երրորդի դեմ, իսկ այդ երրորդը՝ երկուսի էլ դեմ: Թշնամի կողմերը էապես ճգնում են պարտության մատնել իրենց սեփական վախը, իրենց սրտի մեջ նստած համառ թշնամուն:
   Ջարդելով, խորտակելով իրար, նրանք, միաժամանակ, զինաթափում, գերում են իրենց սեփական վախը: Եվ ապահովաբար հաղթում է նա, որն ավելի շուտ է ինքնահաղթություն ստանում, որն ավելի առաջ է հաղթում իր վախը, իր սարսափը, կյանքին կառչած իր կենդանական բնազդը:
     Վա՛խը, դա ինքը, մարդ-կենդանին է, որը սիրում է կյանքը և ապրելու կույր ցանկությունից մղված դիմագրավում է իրեն սպառնացող ամեն մի վտանգ: Եվ որքան կույր, այնքան ուժեղ է դա, ու պարտության է մատնում բազում ուժեր, հաղթվում, սակայն, մի հատիկ ուժից:
   Մի բան ավելի քան կյանքը, կյանքից ավելի ուժեղ, ավելի խանդավառորեն սիրելն է այդ միակ ուժը:
    Մահն առհամարհել կարողանալն է այդ ամենահաղթող ուժը, որի առաջ լայնորեն բացվում են ոսկե դռները յաջողության տաճարի:
   Իսկ, այդ <<ավելի քան կյանքը>> մեկի համար եղել է, մյուսի համար է, երրորդի համար շարունակում է մնալ հայրենի երկիրը, ժողովուրդը, ազատությունը, փառքը, ճշմարտությունը և այլն:
    Ասել է՝ մեր զորքին մահն արհամարելու մղելուց առաջ պետք է կարողանանք նրա պաշտամունքի առարկան դարձնել անձնական կյանքից ավելի քաղցրը, ավելի արժեքավորը, ավելի ցանկալին: Պետք է կարողանաք մեզ  հետևողներին ներշնչել այն վսեմ համոզումը, թե մեր կյանքն ու անմահությունը՝ մեր հայրենիքն է, ժողովուրդը, մեր զենքի փառքը:

    Կարողացա՛ք անել այդ, կարողացա՛ք գեղեցկացնել, քաղցրացնել, ցանկալի դարձնել մահը, կարողացա՞ք ժխտել մահը, ձեր զինվորների համար՝ եղե՛ք վստահ, նրանք զարմանք ու հիացում պատճառող խոյանքներով կապահովեն ձեր զենքի հաջողությունը: Չկարոացա՞ք - պատրաստվե՛ք լիուլի զգալու պարտության դառնություններն ու նվաստացումները, պատրաստվե՛ք՝ նվաստ ու խոնարհ դիմավորելու հաղթական թշնամուն, որն ազատ է հարգելու փոխարեն ու թքելու ձեր մատուցած աղ ու հացի վրա:
    Հաղթանակի իրավունքն է՝ պարտված հակառակորդին իր ոտների տակ պատավանդան դարձնել:


<<Յիշի՛ր պատերազմը>>
Գարեգին Նժդեհ,
 <<ՀԱՅՐԵՆԻՔ>> Ակումբ, 2013

Комментариев нет:

Отправить комментарий