20.09.2013

ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈւԹՅՈւՆ


Ոչինչ արժեն նյութեղեն ամրությունները մի երկրի համար, եթե նրա որդիների սրտերը բարոյական բերդեր չեն:
   Էականը ժողովուրդների քանակը չէ, այլ նրանց որակը, նրանց ոգին: 
   Խոսքերիս վկա՝ մեր անմահ Վարդանակերտը, ուր մի բուռ հայերի անպարտելի արիությունը սրբեց թշնամո՛ւ հազարյակներ և թափեց Երասխը: Վկա՝ Մարաթոնը, ուր հազար չափ հույներ ծառացան պարսից բանակների դեմ և հաղթանակեցին. վկա՝ Ֆրիդրիխ Մեծի վարած ճակատամարտը Լաուտենի մոտ, ուր թվապես հինգ անգամ նվազ ուժերով նա ոչնչացրեց ավստրիական բանակը: Հապա լեհական մանգաղավորնե՞րը, որոնք հաճախ անզեն բազուկներով լռության կդատապարտեին ռուսական հրետանին: Հապա Պիոն-Կոպի դե՞պքը, ուր բուրերը եօթնիցս նվազ ուժերով հարձակվեցին անգլիական մի զորամասի վրա և ոչնչացրեցին այն:
     Բայց ինչո՞ւ շարունակել ծաղկաքաղը հերոսական օրինակների: Աճապարենք հարցնել, թե ինչո՞ւմն է մեկը՝ յոթին, հարյուրը հազարին հաղթելու գաղտնիքը:
   -Դա պետք է փնտրել հաղթանակի ռազմական, անձնվեր ոգու մեջ:
    Հաղթությունը ժպտում է ռազմիկին, որ գիտե աներկյուղ աչք աչքի գալ մահվան հետ:
    Հաղթությունը ժպտում է նրան, ով գիտի ժպտադեմ մեռնելու աստվածային գաղտնիքը:
   Ամեն մի առաջնորդ այնքան է պահանջում իր զինվորներից, որքան ընդունակ է ինքը: Միայն այնքան անվեհերություն և անձնազոհություն, որքանի ընդունակ է ինքը, և ո՛չ ավելին: Եվ ուր վերջանում է լավ առաջնորդը, այնտեղ սկսում է վատ զինվորը:
    Իր կաշվի համար դողացող անարին մահվան երեսին ծիծաղող արի զինվոր չի ունենա:
    Ինչպե՞ս կարելի է ապրել, երբ հայրենիքդ և վայրկյանը հրամայում են մեռնել: 
    Ինչպե՞ս կարելի է անձնապես վայելել այն կյանքը, որը զլացար զոհաբերել աստվածներիդ՝ հայրենիքիդ և ազգիդ: Փոքրոգության չափ հիմարություն չէ՞ փոխցնել երջանիկ  առիթը, երբ կարող էիր օրերի կյանքիդ զոհաբերությամբ անմահություն ձեռք բերել: Դժբախտություն չէ՞ հասկանալ, թե մի օր ոչնչի համար մեռնելուց գերընտրելին մի բանի համար մեռնելն է: Անմտություն չէ՞ կարծել, որ եթե չընկար կռվում, մի օր, մի ժամ, գուցե և մի վայրկյան հետո չես մեռնի կռվից դուրս  <<խաղաղ պայմաններում>>:
   Գիտցի՛ր մեռնել՝ ապրելու, քան թե ապրել մեռնելու համար:
    Հա՛յ սպա, սրիդ վրա գրիր իմ այդ խոսքը, որ նրա ոգով դաստիարակես զինակիցներիդ, քանզի միայն հայրենապաշտ և արիացուցիչ դաստիարակությունն է, որ ուժ պիտի տա քեզ և զինվորիդ՝ ուրախ լինելու և՛ մահվան հանդեպ, հաղթելու և մահը:


<<Յիշի՛ր պատերազմը>>
Գարեգին Նժդեհ,
 <<ՀԱՅՐԵՆԻՔ>> Ակումբ, 2013

Комментариев нет:

Отправить комментарий