26.12.2013

ԱՍՈՐԻՔԻ, ՓՅՈՒՆԻԿԻԱՅԻ ԵՎ ՀՐԵԱՍՏԱՆԻ ՄԻԱՑՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԵՐՈՒԹՅԱՆԸ (Ք.Ա. 83-70ԹԹ.)





ՙՓԱՓՈՒԿ ՈՒԺԻ՚ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ


Մեծ Հայքի թագավորության արտաքին քաղաքականության նոր փուլ է սկսվում Պարթևստանի դեմ պատերազմում տարած հաղթանակից հետո: Այն որակապես տարբերվում էր նախկինից և շարունակվում է մինչև Ք.ա. 70թ.՝ հռոմեական բանակի ներխուժումը Հայաստան: Այս փուլի մասին սկզբնաղբյուրների տեղեկություններն ավելի հարուստ են, հնարավորություն են տալիս վեր հանել հայոց ռազմարվեստի պատմության բազմաթիվ հարցեր և նորովի իմաստավորել Տիգրան Մեծի գահակալման առաջին տասը տարիների իրադարձությունները:



Ռազմավարությունը
Հայկական պետության հզորացումը համընկնում է Հռոմի աշխարհակալության ստեղծման ժամանակաշրջանին: Աստիճանաբար պարզ է դառնում, որ ամբողջ Առաջավոր Ասիան է Հռոմի նվաճողական քաղաքականության թիրախը: Տարածաշրջանում սկսվում է մարտահրավերների (այդ թվում` նաև հռոմեական սպառնալիքի) դեմ ուժերը միավորելուգործընթաց:
  Ակնհայտ է, որ ուժերի միավորումը պետք է ընթանար ամենահզորի՝ Մեծ Հայքի շուրջը: Այս քաղաքական ռազմավարությունը մեծապես նպաստում էր Ք.ա 84-70թթ. Հայկական տերության հաղթանակներին: 



Միավորման գործընթացը
Տիգրան Մեծը հրավիրվում է իշխելու Անտիոքում (Ք.ա. 83թ.)։ Միավորման շարժման նախաձեռնողն է դառնում Սելևկյան պետության (Ասորիք (Սիրիա) և Փյունիկիա) քաղաքական վերնախավը (տե՜ս քարտեզը): Այդ երբեմնի հզոր տերությունը ներքին երկարատև երկպառակությունների մեջ էր: 



ՙԵղբայրների փոխադարձ ատելությունը, ապա և նրանց որդիների` ժառանգաբար անցած թշնամությունը անընդհատ պատերազմներ ծնեցին, որոնք ծայրահեղ թուլության հասցրեցին Ասորիքը ու նրա թագավորներին: Ի վերջո (Սելևկյան պետության- հեղ.) ժողովուրդը դիմեց օտարի օգնությանը և սկսեց փնտրել օտարերկրացի թագավոր: Ոմանք կարծում էին, որ պետք է հրավիրել Միհրդատ Պոնտացուն, մյուսները՝ Եգիպտոսի Պտղոմեոսին... բոլորը համաձայնության եկան Հայաստանի թագավոր Տիգրանի շուրջ, որը սեփական ռազմական ուժ ունենալուց բացի` պարթևների թագավորության դաշնակիցն էր ու Միհրդատի խնամին: Եվ այսպես, հրավիրված լինելով Ասորիքի գահին բազմելու, նա 17 տարի շարունակ կառավարում էր ամենայն անդորրությամբ, չէր խանգարում պատերազմներով ուրիշների հանգիստը, և ոչ ոք նրան չէր անհանգստացնում, այնպես որ` պատերազմելու անհրաժեշտություն չկար՚:
Հուստինոս, Քաղվածքներ, XL, 1,1-4



Ասորիքում երկար ժամանակ ձգտում էին գահի այնպիսի թեկնածու ունենալ, որն ի վիճակի լիներ վերջ դնել հյուծիչ եղբայրասպան պատերազմին: Այս առումով պատահական չէ, որ Տիգրան Մեծի իշխանությունը չի հանդիպում լուրջ դիմադրության: Տիգրան Մեծը Սելևկյանների գահին բազմելու հրավիրվեց, երբ Մեծ Հայքը հարևանին չէր սպառնում ներխուժումով: Հայոց արքայի թեկնածությանը հավանություն տրվեց, քանի որ ոչ ոք չէր կարող նրանից ավելի արագ վերականգնել Ասորիքի քայքայված տնտեսությունն ու ապահովել հետագա խաղաղ զարգացումը:
   Սելևկյանների գահին Տիգրանի հաստատվելու ընթացքը խոսուն կերպով վկայում է հայոց պետականության և հսկայածավալ նվաճումներ իրականացրած հայոց բանակի միջազգային բարձր հեղինակության մասին: Բայց չէ՞ որ պետության միջազգային հեղինակությունը հարևանների համար երբեք բավարար չի եղել կամովին անկախությունն օտարի իշխանությամբ փոխարինելու համար: Հետևաբար, կարող ենք արձանագրել, որ մի շարք երկրներում հայկական տիրապետությունն ընդունելու միջոցով Մեծ Հայքի շուրջը համախմբվելու քաղաքական յուրօրինակ շարժում էր ծավալվել: Հին աշխարհում միավորման այս կարգի պահպանման օրինակները հազվադեպ են հանդիպում, սակայն եզակի չեն: Հիշենք, թեկուզ, ասսուրական բանակի դեմ պայքարում Վանի թագավորության շուրջ միավորման շարժումը Ք.ա. IX դ. վերջին:



ՙԱսորիքը ազատ շունչ քաշեց, և թեպետ ենթարկվեց նվաստացուցիչ օտար իշխանության, սակայն… ունեցավ խաղաղություն, ապահովություն ու բարեկեցություն՚:

Reinach Th., Mitridate Eupator roi de Pont, Paris, 1890, p. 312


Միավորման շարժման նոր փուլը
Տարածաշրջանի երկրների քաղաքական վերնախավի կողմից Մեծ Հայքի շուրջը համախմբվելու շարժումը շարունակվում է նաև հետագա տարիներին և նոր թափ ստանում Ք.ա. 70-ական թթ. վերջերին, երբ բարդ ռազմաքաղաքական իրադրության մեջ հայտնված Հրեաստանը կրկնում է Ասորիքի փորձը (տե՜ս քարտեզը):



ՙԱյդ ժամանակ էլ լուր է հասնում, թե հայոց թագավոր Տիգրանը երեսուն բյուր զորքով ներխուժել է Սիրիա և գալիս է Հրեաստանի դեմ: Այս, բնականաμար, ահաբեկեց թագուհուն և ժողովրդին: Ուստի նրանք բազում և արժանավայել ընծաներ ուղարկեցին նրան և դեսպաններ, երբ նա դեռևս պաշարում էր Պտղոմայիս (քաղաքը)... դեսպանները, հանդիպելով նրան, խնդրում էին բարենպաստ պայմաններ շնորհել թագուհուն և ժողովրդին: Իսկ նա, գնահատելով այն, որ նրանք ժամանել են այդքան հեռու տարածությունից, լավագույնս հուսադրեց՚:

Հովսեպոս Փլավիոս, Հրեական հնախոսություն, XIII, 419-4 421


Հյուսիսից մոտեցել և Հրեաստանի սահմանային շրջանների մոտ Պտղոմայիսն էր պաշարել հայոց հսկայական բանակը, իսկ հարավից սպառնում էին եգիպտացիները: Շեշտենք, որ Փյունիկիայի հարավում Տիգրան Մեծը տակավին զբաղված էր ծագած ապստամբությունը ճնշելով և հայոց բանակը չէր սպառնում Հրեաստանին: Հետևաբար, թեև Հրեաստանի Ալեքսանդրա թագուհու մտավախությունները անհիմն չէին, սակայն Մեծ Հայքի տիրապետությունը ճանաչելու գնով տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու
շարժմանը միանալու գխավոր պատճառը հարավային հարևանի հարձակումներին դիմակայելու անհրաժեշտության գիտակցումն էր: 
   Հրեական արքունիքը իրադրությունը սթափ գնահատելով հյուսիսային հզոր հարևանին հայտնում է իր հպատակությունը: Այս քայլը լիովին համապատասխանում էր Տիգրան Բ Մեծի քաղաքական ծրագրերին, և նա ընդառաջում է դեսպանների խնդրանքին ու Հրեաստանն առնում իր իշխանության տակ:



ՙԻսկ Ալեքսանդրան (Արիստոբուլոսի գլխավորությամբ) զորք ուղարկեց Դամասկոս այն պատճառով, որ Պտղոմեոսը անդադար ճնշում էր քաղաքը, սակայն զորքը վերադարձավ իր մոտ, առանց որևէ նշանակալից բան անելու: Մյուս կողմից հայոց թագավոր Տիգրանին, որը բանակել էր Պտղոմայիս քաղաքի առջև և պաշարել էր այնտեղ (փակված) Կլեոպատրային, դաշինքով ու նվերներով հեռացրեց՚:

Հովսեպոս Փլավիոս, Հրեական պատերազմի մասին, I, 115-1 116


Հատկանշական է, որ հրեական արքունիքի բոլոր սպասումները արդարանում են:
  1. Մեծ Հայքի գերիշխանությունն ընդունելով՝ արտաքին սպառնալիքները չեզոքացնելու Հրեաստանի ռազմավարությունն առաջին հերթին ուղղված էր Եգիպտոսի հավակնությունները մեղմելուն: Եվ, հիրավի, Ալեքսանդրա թագուհու թիկունքում Արևելքի ամենազոր տիրակալի իշխանությունը տեսնելով՝ Եգիպտոսում հրաժարվում են շարունակել նվաճումների քաղաքականությունը:
 2. Հայոց արքան ցույց է տալիս նվաճումներն առանց ինքնանպատակ ավերիչ արշավանքների իրականացնելու իր հաստատակամությունը: Սա լրացուցիչ անգամ վկայում է, որ տերության հիմնական մասի կազմավորումից ավելի քան մեկ տասնամյակ անց ՙԱրևելքի արքայից արքան՚ մարդասեր տիրակալի հռչակ էր վայելում:

Եզրակացություն

Ք.ա. 84-70թթ. Տիգրան Բ Մեծի վարած արտաքին քաղաքականության վերլուծությունը վկայում է մարդասիրական իրավունքի գործող համակարգի գոյության մասին: 


Տիգրան Բ Մեծի տերությունը Մեծ Հայքից բացի ընդգրկում էր Աղվանքը, Վիրքը, Միջագետքը, Իրանական բարձրավանդակի հյուսիսն ու արևմուտքը, Միջերկրական ծովի արևելքի երկրները և Նաբաթեան:  Նրա գերիշխանությունը ճանաչում էին Պարթևստանը և մի շարք այլ պետություններ:



“Մեր Հաղթանակները” ժողովածուի Ա հատոր. Արտակ Մովսիսյան, Սուրեն Մարտիկյան:

1 комментарий:

  1. Գևորգ ջան, Տիգրան թագավորը իր տիրապետության մայրամուտին տարածքներ զիջեց ոչ թե որ բարի էր, այլ որովհետև չկարողացավ դրանք պահել մի շատ անբարենպաստ հանգամանքների պատճառով:

    ОтветитьУдалить