Հայ ժողովրդի միջնադարյան մշակույթի պատմության մեջ բացառիկ տեղ է գրավում ճարտարապետությունը, որի հետ սերտորեն կապված է եղել քանդակագործությունը, մասնավորապես՝ կոթողային բնույթի հուշարձանների կառուցումը: Հայաստանում հանդիպում են կոթողների տարբեր տեսակներ ու ձևեր, որոնց թվում, սակայն, ամենատարածվածն ու տիրապետականը խաչքարերն են: Ավելի քան մեկ հազարամյակ այդ հուշարձանները հանդիսացել են մասսայական սիրված կոթողներ, կերտող վարպետները դրանցում ներդրել են հայկական մշակույթի յուրահատուկ գծերը: Հայկական խաչքարերի ընդհանուր թիվը տասնյակ հազարների է հասնում, որոնցից ոչ մեկը մյուսին նման չէ: Դրանք հաճախ կշռում են մի քանի տոննա: Խաչքարը հիմնականում ստեղծվում է հրաբխային բազալտից կամ տուֆից: Հայերի համար խաչքարը դա Քրիստոսի հարության խորհրդանիշն է՝ մահի դեմ նրա հաղթանակը:
Մինչև 20-րդ դարի կեսերը տարածված էր այն թույր կարծիքը, թե իբր խաչքարերը լոկ գերեզմանաքարեր են եղել: Սխալ պետք է համարել նաև Հայկական խաչքարերը ռուսերեն՝ «надгробный памятник», անգլերեն՝ «tombestone» թարգմանելը, ավելի ճիշտ կլիներ խաչքարը ռուսերեն թարգմանել «крест-камень» , անգլերեն՝ «cross stone» , որովհետև «քարե խաչը» դեռ խաչքար չէ, այլ ուղղակի քարից պատրաստված խաչ:
Խաչքարային կոթողաշինությունը լայն տարածում է գտել պատմական Հայաստանի բոլոր նահանգներում և դարձել է քանդակագործական արվեստի բնագավառ, որտեղ հազարավոր վարպետներ փորձել են իրենց տաղանդն ու հմտությունը:: Կարելի է ասել, որ այլազգի շատ գիտնականները հայ արվեստին հաճախ ծանոթացել են մեր ճարտարապետության, մանրանկարչության և խաչքարերի միջոցով: Խաչքարերը կարևոր դեր են խաղացել նաև հայ միջնադարյան հոգևոր կյանքում, նրանց հետ կապված են զանազան ժողովրդական ավանդություններ և հաշապատում զրույցներ, որոնք թեև ոչ մի կապ չունեն այդ կոթողների իսկական բովանդակության հետ, բայց և այնպես կարևոր են հայկական միջնադարյան ժողովրդական պատկերացումների, մտածողության , բանահյուսության ուսումնասիրության տեսակետից: Միջնադարյան այդ ավանդապատումների ու հրաշապատում զրույցների հիմքում հաճախ ընկած են դեռևս հեթանոսական շրջանի զանազան պատկերացումների ու հավատալիքների վերապրուկները:
Հնագույն խաչքարերը հիմնականում երկարավուն , ուղղանկյուն և կամարաձև գագաթներով քարե սալիկներ են, որոնք իրենց ներքևի մասի ելուստներով (պոչուկ) ագուցվում են խորանարդաձև պատվանդանների վրա: Հաճախ առանց պատվանդանի կանգնեցվում են ուղղակի գետնի մեջ: Խաչքարի արևմտյան երեսին սովորաբար փորագրված է խաչի պատկերը, որի վերևի թևից իջնում են խաղողի , նռան և այլ զարդաձևեր, իսկ ներքևի թևի երկու կողմերից բարձրանում են արմավենիկի տերևաքանդակներ: Խաչի ներքևում սովորաբար պատկերվում են կամ աստիճանաձև հիմքեր, կամ նռան ու վարդյակաձև զարդամոտիվներ:

Նոր զարդամոտիվներից առավել տարածվածներից է պտտվող սվաստիկան, որի հիմքում ընկած է հավիտենականությունը և արեգակը խորհրդանշող արմնկաձև խաչի պատկերը: Այս զարդամոտիվը նեոլիթյան ծագում ունի և հանդիպում է դեռևս IV-VII դդ. հայկական հուշարձանների վրա: XI դդ սկսած՝ պտտվող սվաստիկան և կեռ խաչերը զարդարում են նաև հայկական խաչքարերը: Սկսած XI դարից խաչքարի վրա հանդես է գալիս փնջաձև բուսական զարդաձևը, որը սովորաբար պատկերվում է խաչաքանդակի և նրանից ներքև գտնվող վարդակի միջև: XIII դ. Խաչելության խաչքարի համար պարտադիր է եղել աջից արեգակի, իսկ ձախից՝ լուսնի պատկերումը:
Խաչքարերի կանգնեցման շարժառիթները խիստ տարբեր են : Հիշատակարան և պաշտամունքային խաչքարերը կանգրեցրել են թե’ աշխարհիկ, թե’ հոգևոր դասի ներկայացուցիչները՝ «ի բարեխոսութիւն», « յարեւաշատութիւն», «այգնական հավատացելոց», «մեղաց թողութեան», «հոգու փրկության» և այլ բազմաթիվ առիթներով: Այդպիսի արձանագրությունների վերջում հեղինակները սովորաբար խնդրում են հիշել իրենց: Օրինակ՝ Դաստակերտ (Արցախ) գյուղից քիչ հեռու, հին ճանապարհի եզրին գտնվում է 1320 թվակիր մի խաչքար, որի արձանագրության մեջ ոմն մի Բաղտատ գրում է, որ կերել, խմել ու վայելել է իր ժամանակը և որովհետև զավակ չի ունեցել, կանգնեցրել է հիշյալ խաչքարը՝ հոգու փրկության համար: Անցյալում խաչքարեր են կանգնեցվել նաև բնության արհավիրքների հիշատակությամբ: Այսպես օրինակ՝ Տավուշի մազի Գետաշեն գյուղի սահմաններում 1267 թվակիր մի խաչքարի արձանագրության մեջ նշված է, որ այդ թվականին «արեգակն խաւարեցաւ.. եւ ահ կալաւ զամէնէսեն»: 1175թ. Տեղի ունեցած երկրաշարժի և արևի խավարման մասին է խոսում Կոշ գյուղի ճանապարհին 1195թ. Կանգնեցված հայտնի որմնափակ խաչքարի արձանագրությունը:

Հայկական խաչքարերը խիստ արժեքավոր են իրենց վիմագրական արվեստով: Իրենց հնագրությամբ, ծածկագրությամբ, փակագրերով՝ հայերեն տառատեսակների զարգացման պատմությունն ուսումնասիրելու տեսակետից: Դրանց վրա եղած արձանագրությունները հարուստ նյութ են տալիս Հայոց լեզվի պատմությունը, հայ բարբառները և ծածկագրերը ուսումնասիրողներին:
Այսպիսով, հայկական խաչքարերն ու նրանց արձանագրություններն եզակի կարևորության սկզբնաղբյուրներ են մեր ժողովրդի պատմության, նրա նյութական և հոգևոր մշակույթի ուսումնասիրության համար:
ՆՅՈԻԹԻ ԱՂԲՅՈՒՐԸ ԿԱՐԴԱՑԵՔ ԱՅՍՏԵՂ
ՆՅՈԻԹԻ ԱՂԲՅՈՒՐԸ ԿԱՐԴԱՑԵՔ ԱՅՍՏԵՂ
Комментариев нет:
Отправить комментарий