26.03.2013

ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐԻ ՄԱՀԸ





Բագրևանդից վերադարձող արքան երբ մտավ Խու դաշտ, հեռվում զինվորական մի ջոկատ
նկատեց: Փոխփողացող ալ կարմիրի առատությունն ու ոսկեգույնի ծփանքը հուշեցին, որ հռոմեացիներ են: Քիչ անց, երբ եկվորները մոտեցան այնքան, որ սկսեցին հստակորեն զանազանավել նժույգներն ու հեծյալները, արքան նկատեց հռոմեական արծիվները, որ լիկտորները կրում էին երթի առջևում: Ապա նշմարվեց ստրատելատի գերբով դրոշը. Տրայանոսն էր:
    -Քի՛չ մնաց, - ասաց արքան ինքն իրենց:
    Երբ զորաջոկատները հանդիպեցին, Տրայանոսն, ի նշան հարգանքի, իջավ ձիուց և մոտ գնաց արքայական կառքին:
     Ոսկե գամերով ու շղթաներով որմզդեղենի կարմիր կաշվե զգեստն ամուր սեղմում էր նրա կուրծքը և ավարտվում մերկ ծնկներից վեր, սպիներով ծածկված պիրկ բազուկները վկայում էին նրա մարտկան փառավոր ուղու մասին: Նրա հագուստի զարդերը պսպսղում էին աստղափնջերի նման:
     Տրայանոսը գլխից վար բերեց սաղավարտը, ողջունեց, ապա հայտեց, թե վերադառնում է մերձակայքում տեղակայված իր զորախմբի ստուգատեսից:
    Օրը տոթ էր, ու միմյանց որպիսությունն իմանալուց հետո Տրայանոսն առաջարկեց արքային շունչ առնել իր նստավայրում, որ հեռու չեր ամենևին: Ու հավելեց, թե արաբական ձիերի նոր երամակ է ստացել և ուրախ կլիներ ցուցադրել դրանք արքային:
   Պապն անհարմար զգաց մերժելու հրավերը, հատկապես, որ մի առանձնակի սեր ուներ ձիերի այդ տեսակի հանդեպ: Բացի դա, արդեն երեք ժամ ճանապարհին էր: Եվ Տրայանոսին հրավիրեց կառք:
    Ստրատելատը եղեգնյա ճիպոտներ ու սակր կրող իր ուղեկիցներից մեկին նշան արավ մոտենալ իրեն: Զինվորը պատրաստակամ գնաց դեպի զորապետը: Տրայանոսը նրան ցածրաձայն ինչ-որ բան ասաց, որը, սակայն, հասու եղավ արքային. հռոմեացին կարգադրեց աճապարել ու զորակայանի կարգադրիչին  հայտնել իր հրամանը. հյուրերին ընդունել արքայավայել:

    Կառքում նրանց լսող չկար, և կարող էին հույժ կարևոր գործերից խոսել: Տրայանոսը վրդովված էր Տարսոնում տիրող իրավիճակից. ինքն ամեն ինչ անում է իր երկրի ու կայսեր անունը բարձր պահելու համար, բայց ահա որոշ խորհրդականներ, ովքեր ո՛չ պատերազմ են տեսել, ո՛չ էլ տեղյակ են Ասիայի սովորույթներից, կատարյալ շփոթ են ստեղծել պալատում, կայսեր մոտ աղավաղում են Հայաստանում և շուրջը տիրող վիճակը: Նա հայտնեց, թե կայսերը խնդրագիր է ուղարկել իրեն մի կարճ ժամանակով Տարսոն հրավիրել՝ իրականությունը ներկայացնելու համար: Պատասխան դեռ չի ստացել:
    Պապն ասաց, թե կաջակցի նրան կարելվույն չափ: Տրայանոսը շնորհակալ եղավ, ապա հետաքրքրվեց Աղվանների երկրի վիճակով. նրան լուրեր էին հասել հյուսիսային ժողովուրդների հնարավոր միավորման մասին: Եթե դա իրականանար, ու նրանք որոշեին շարժվել դեպի արևմուտք, ապա դա Շապուհի օգտին կլիներ: Արքան նրան հայտնեց, որ Ճորապահակից նոր է՝ լրաբեր եկել, ով հայտնել է, թե հյուսիսի ժողովուրդները միավորվում են Շապուհի հնարավոր հարձակումներին դիմակայելու համար, այնպես որ անհանգստանալու կարիք չկա: Այս լուրը հանգստացրեց Տրայանոսին, ու նա, ռազմական գործերը մի կողմ թողնելով, սկսեց խոսել նոր ստացած իր ձիերից:
     Հռոմեական զորակայանի մոտքը հսկող տապանակիր վիգիլները ձգվեցին ու պատվի առան եկվորներին: Ներս անցնելով դարպասից՝ կառքը հեծյալ ուղեկիցներով հանդերձ խորացավ նոճիներր ու մշտադալար ճյուղերը նազելիորեն փռված արմավենիների կանոնավոր շարքերով զարդարված ընդարձակ պարտեզի մեջ, ուր սիրամարգեր էին ղունղունում՝ երկար, կախ ընկած ագիներով սրբելով ծառուղիների խճազարդ հատակի փոշին: Դեղնապոչ ինչ-որ թռչուններ էին ոստոստում հատակի մրտենու դալար թփերի վրա: Թասաձև զույգ ավազներից քիչ հեռու՝ թանձրասաղարթ դափնիներով ու բուրումնավետ պինիաներով կազմված օղակի կենտրոնում, հաճելիորեն խոխոջում էր քարակերտ առյուծի բաց երախից ամառային աձկնարանի մեջ թափվող ջուրը:
    Կառքը կանգ առավ ալեբաստրե սյուներով միահարկ, կամազարդ շենքի մոտ, որի գավթի ողջ պարագծով ուղղաձիգ ակոսներ ունեցող սյուների խարիսխների մոտ խեցե զամբյուղներ էին դրված. դրանց մեջ փթթում էին դամասկոսյան վարդեր ու նարգիզներ, լինոսներ, մարգարտածաղիկներ ու հիրիկներ, իսկ սյուները կանաչել էին բաղեղի դալար ընձյուղներից: Գավիթի արևելյան կողմում, դափնեվարդերի խնամքով մշակված թփերի մեջ առնված, հղկված պորփյուրից մանգաղակիր կառքերի արձաններ էին՝ նժույգներով հանդերձ, այնպես, որ թվում էր, թե նրանք վազում են:
    Պատվո զորասյուն էր կանգնած շենքի մուտքի մոտ:
     Ընդառաջ եկած սենեկապետը խոր գլուխ տվեց ու փայտյա սանդալներով մարմարածածկ հատակին չկչկացնելով, ազնվազարմ հյուրերին ուղարկեց ներս:
     Արքայի պահախումբը մնաց դրսում: Նախասրահի սպասավորներն երկվորների ուսերից առան երկար, անթև թիկնոցները: Հետո նումիդիացու արտաքինով վիթխարահասակ ստրուկի ուղեկցությամբ առաջացան երկու կարգ լամպերով առատորեն լուսավորված միջանցքով, որի պատերի երկայնքով ցածր պատվանդաններին արձաններ էին դրված, և հայտնվեցին ընդարձակ մի սրահում:
     Երդիկից ու լուսամուտներից ներս թափանցող օրալույսը բավականաչափ չէր, և բազմաթիվ ջահեր էին վառվում զանգվածեղ առաստաղը պահող սյուների վրա ու անկյուններում: Մարմարածածկ պատերից կախված էր ոսկե շուրջառուներով նկարների հարուստ հավաքածու. այստեղ  կարելի էր տեսնել երկանիվ ռազմակառքին թևավոր վիշապներ լծված Տրիպտոլեմոսին, և Վիրտոսին՝ լիազեն ամազոնուհու կերպարանքով: Հավաքածուի զարդը Մելեագրոսին և Ատալանտային պատկանող մեծադրվագ կտավն էր, որը, ինչպես ներկայացրեց ստրատելատը, վեց միլիոն սեստերցիումով է գնել Պտղոմեոսի հետնորդներից:
     Սրահն օծված էր անուշահոտ յուղերով, գավիթ նայող լուսամուտի գոգին, ծղոտահյուս զամբյուղների մեջ դաշտային ծաղկեփնջեր էին դրված: Պատերն ու ասեղնագործ ծիրանե վարագույրները զարդարված էին մրտենու դալար շիվերով: Երկար, հավերժահարսերի պատկերներով գինու լայնահատակ սափորներով ծանրաբեռնված սեղան էր սրահի կենտրոնում:
    -Համա թե ճոխասեր են, - շշնջաց Գնել իշխանը՝ շուրջը նայելով :
    -Դա էլ մի օր կկործանի նրանց, - արձագանքեզ Բաթ իշխանը զուսպ:
     Սրահի լուսամուտների մոտ ասպարակիր զինվորներ էին կանգնած:
     -Յուրահատուկ պատիվ է, - բացատրես Տրայանոսը, - որ գալիս է դեռ մեր թագավորների ժամանակներից:
    Արքան գնահատող հայացքով զննեց լեգեոներներին:
   
ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ. (նկր. Վահան Ղարիբյան)
Նոր էին տեղավորվել սեղանի շուրջ, երբ երևացին ճերմակ զգեստներ հագած սպասավորները՝ արծաթե մեծ սկուտեղներով բերելով շոգեխաշած սիրամարգ և փասիան, խորոված վիթ ու ոստրե, ցողով ծածկված մրգեր: Նրանք գալիս էին  ու գալիս՝  միմյանց հերթ չտալով, բայց անձայն, իսկ երբ սեղանները ծանրաբեռնվեցին ամենայն բարիքներով, շարվեցին գորգազարդ պատի տակ. Տրայանոսն ազատ արձակեց նրանց:
    Ինը գեղանի սպասուհիներ հատուկ թասի մեջ լվացին հյուրերի ձեռքերը, ծաղկեպսակներով զարդարեցին նրանց, իսկ սեղանների սպասավորները՝ նախշազարդ կապույտ տունիկայով  գեղեցկադեմ պատանիներ, գինի լցրին զորավարի նշանով:
    Գուսաններ տեղավորվեցին պատերից մեկի տակ:
   Տրայանոսը ոտքի ելավ. ամենքը հետևեցին նրան: Հայացքը դեպի վեր՝ նա Բարձրյալին խնդրեց բարեհաճ լինել երկու երկրների, կայսեր ու արքայի, իրենց բոլորի ընտանիքների հանդեպ, թույլ չտալ՝ կործանվեն դրանք, պաշտպանել հիվանդություններից և փորձանքից, առատություն պարգևել դաշտերին:
    Ապա մեկ րոպեի չափ բոլորը մնացին լուռ կանգնած, ափերը միմյանց սեղմած, հայացքները՝ վեր:
     Աստվածամեծարումն ավարտված էր:
    Խնջույքը սկսվեց:
    Տանտիրոջ հյուրասիրությունն էր պատճառը, թե պերճաշուք սրահի զվարթ լուսավորությունը, ամենքն անակաշկանդ էին զգում իրենց:
      Որքան պակասում էր սափորների գինին, այնքան չքանում էր խնջույքի հանդիսավորությունը, և մեկ ժամ հետո այնպիսի աղմուկ էր սրահում, որ անհնար էր սպասավորներին որևէ բան հասկացնել: Գինովցած տղամարդիկ վերհիշում էին Ձիրավի կռիվը, եռանդագին քննարկում աշխարհաքաղաքական գործեր:
    Ապա Տրայանոսը դադարեց ոստրե ուտել, շուրթերը սրբեց ասեղնագործ վարշամակով ու ոտքի ելավ: Նրա նշանով մոտ բերին ուրախության գավաթը՝ լիքը լցված ֆալերյան գինով: Ինչպես մեկնաբանեց Տրայանոսը, այն դեռ Հուլիոս Կեսարի ժամանակներում զուտ ազնվական խմիչք էր համարվում և Օգոստոսի օրոք էր դառձել հանրամատչելի, այն դեպքից հետո, երբ Ակցիումի հաղթանակից անչափ ոգևորված կայսրն այդ խմիչքի հարյուր տակառ էր հանել իմպերատորական տան մառաններից:
     Տրայանոսը խմեց կայսեր ու արքայի բարեկամության համար: Ամենքն աղմուկով միացան նրան: Ապա ուրախության գավաթը մատուցեցին Պապին: Նույն պահին հնչեց թմբուկների ու սրինգների, քնարների ու փողերի ներդաշնակ ձայնը՝ որպես պատիվ հայոց արքային:
     Պապը ոտքի ելավ և գավաթը ձեռքին բռնած՝ գուսանների կողմն էր նայում՝ սպասելով նվագի ավարտին: Գնել իշխանը, ծնոտն ափին հենած ու հայացքը սեղանին, անհամբեր արքայի խոսքին էր սպասում: Ու մեկ էլ նա ցնցվեց անսպասելի զրնգոցից: Հայացքը թեքեց ու սարսափեց. անմիջապես իր կողքին՝ սեղանի վրա արքայի կտրված գլուխն էր ընկած, որից արյուն էր հորդում առատ շիթերով: Չէր հասցրել հասկանալ կատարվածը, երբ արքան ընկավ սեղանին. ուրախության գավաթի գինին խառնվեց նրա պարանոցից հորդող արյանը:
     -Թիկունքի՜ց, պոռնիկի՛ տղերք. դիմացից կռվելու քաջություն այդպես էլ չունեցա՛ք, -գոռաց Գնել իշխանն անհուն ցասումով, - հացի վրա արյո՞ւն եք հեղում, ճիճունե՛ր...
   Մի ակնթարթում Գնել իշխանը կատվի ճարպկությամբ վեր թռավ տեղից, սուրը քաշեց և խոցեց արքային հարվածած զինվորին: Սա մեջքով ընկավ սպասավորների սեղանի վրա. այն ջարդվեց նրա մարմնի ծանրության տակ ու չօգտագործված գավաթները, արծաթյա սպասքը, մրգերով լեցուն սկահակներն իրենց պարունակությամբ աղմուկով թափվեցին նրա վրա: Գնել իշխանը նետվեց երկրորդ զինվորի վրա, բայց այդ միջոցին Տրայանոսը թիկոնքից սրով հարվածեց նրան այնպես, որ նրա գլխի սկավառակը շուռ եկավ աչքերի վրա: Գնել իշխանն ընկավ:
     Բաթ իշխանը, որ մի փոքր ուշացումով էր նկատել արքայի սպանվելը, այդ նույն պահին հասցրել էր արդեն ոտքի ելնել ու սուրը մերկացնել: Նա կամեցավ առաջ նետվել ու խոցել Տրայանոսին, սակայն միանգամից տասնյակ նիզակներ մեկնվեցին դեպի իրեն:
     Բաթ իշխանն արձանացավ մի պահ՝ չիմանալով ինչ անել, ապա սուրն անշտապ շարժումով դրեց սեղանին՝ իրենից հնարավորինս հեռու, հետո նստեց գահավորակին, որից նոր էր ելել:
     -Զորապետին վայել էր կռվել հանուն արքայի ու մեռնել հանուն նրա, - ասաց Տրայանոսը քամահրանքով:
     -Այդպե՛ս է, - համաձայնվեց Բաթ իշխանը՝ արյունով լեցուն աչքերով նայելով նրան, - և գուցե թե հանուն արքայի պատվի հասցնեի խոցել ձեզանից գոնե մեկին, բայց ավելի մեծ մի պարտք հարկադրեց ինձ երդմնազանց լինել:
     Եվ ո՞րն է այդ պարտքը,-հարցրեց Տրայանոսը՝ իր հրամանին սպասող զինվորներին հասկացնելով հապաղել մի պահ:
     -Դո՛ւ, Տրայանո՛ս, - ասաց Բաթ իշխանը, - կատարեցիր քո կայսեր հրամանը, դա պարզ է. ոչ մի զորավար արքա սպանելու ինքնուրույն նպատակ չի ունենում: Քո կայսրն է դա քեզ հրամայել՝ անշուշտ իրեն հասցրած լուրերից ելնելով: Ես ահա որոշեցի չմեռնել այսօր, որպեսզի արքայիս վրեժն առնեմ այն ոջիլներից, ովքեր թունավորել են նրա անունը կայսեր մոտ ու նաև տվել քեզ երաշխիք, որ անվնաս կհեռանաս Հայոց Աշխարհից:
    Տրայանոսն առժամանակ մտածեց նրա խոսքերի վրա, ապա արյունոտ սուրը մի կողմ դնելով՝ դիմեց իր զինվորներին.
   - Նա, որ ավարտը գիտի, թող սկիզբն էլ իմանա. դրանից մենք միայն կշահենք, ու մեր մեղքն էլ կթեթևանա: Եվ հետո, եթե նա հաջողի ոչնչացնել ոջիլներին, դրանից երկրի քորը կպակասի:

<<Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ>>, էջ 140-146, Արծրուն Պեպանյան
   

Комментариев нет:

Отправить комментарий