27.03.2013

ՄԻ ՆԱԽԱԳԻԾ


Դժվար թե գտնվի դիտելու և տեսնելու ընդունակ մի հայ մարդ, որ չտեսներ Հայաստանի վրա
կախված և աղետալի գալիքի ստվերը:
     Գիտենք, որ օրվա Թուրքիո գոյության համար  ավելի քան անհրաժեշտ է մեր ժողովրդի չգոյությունը: Գիտակցում ենք, թե հանուն իր հանցավոր գոյության, թրքությունը դավել է և պիտ շարունակել դավել մեր ամբողջական գոյության դեմ: Որ նա առիթ պիտի չփախցնի՝ ոչնչացնելու և՛ Արարատյան դաշտում խճողված մի բուռ հայությանը՝ հայկական հարցը բացասական լուծումի հանգեցնելու համար: Այլևս միամիտ չենք կարծելու, թե մի փոքրիկ և անզոր Հայաստանի գոյությունը՝ որպես բուֆեր պետություն, անհրաժեշտ և ցանկալի է Տաճկահայաստանի համար, քանզի գիտենք, որ այդ վերջինի կողմից Հայաստանի անկախությունը ճանաչելը ժամանակավոր զիջում էր՝ արված հայությանը, մի բան, որ թելադրում էր հակառակորդին պատմական վայրկյանը: Ժամ առաջ թրքական զորամասերը պիտ նետվեին Բաքու՝ դաշնակցներին զրկելու այն անհրաժեշտ նյութերից, որոնք այնքան մեծ դեր են խաղացել համաշխարհային պատերազմում: Այդ զիջումը պահանջում էին նաև զինակիցների ռազմագիտական և քաղաքական հաշիվները: Բաքվին տեր դառնալու համար թրքական ուժերը պիտ ազատվեին հայկական ռազմաճակատներից, ահա՛ թե ինչի հետևանք էր տաճիկների կողմից մեզ արված ժամանակավոր և ակամա զիջումը: Դաշնակիցների համար պատերազմի անհաջող ելքի դեպքում, Տաճկահայաստանը՝ մեր տկար Անկախությունը ստորագրելու փոխարեն, պիտի չտատանվեր գրելու Անդրկովկասում փակված հայության տապանագիրը: Եվ մարդկության ծանոթ մասը, որ հաղթական լինելով հանդերձ, թրքության ներեց հայության կեսի բնաջնջումը, իր պարտության դեպքում գուցե և շնականություն ունենար ոչ միայն սեղմելու, այլև համբուրելու այն արնոտ ձեռքը, որ բռնամահ դարձրեց մեր ժողովրդի մի մասը:
    Տաճկահայաստանը, չարաչար խրատված բալկանյան ժողովուրդների ընթացքից, խորապես համոզված էր, որ Հայաստանը՝ ինչ աշխարհագրական սահմաններով էլ լինի դա, իրենն համար ցանկալի թումբ՝ պետության դերը չի կատարի:

     Տաճկաստանին պետք է հայկական գերեզմանատուն և ոչ մի դեպքում կենդանի թումբ: Վաղվա Ռուսիո սարսափից խթանված՝ իրերի թելադրանքով նա վերստին պիտ նետվի Անդրկովկաս, օգտվելով երրորդ Ռուսիո ժամանակավոր, բայց անխուսափելի խռովահույզ վիճակից: Նա պիտ առնի այդ քայլը, որովհետև նրա համար ավելի հեշտ է ռուսական վտանգից պաշտպանվել՝ հենված կովկասյան լեռնային զանգվածին և իսամ զանգվածներին, քան Արարատյան դաշտում, ուր հայ տարրը, հասկանալի պատճառներով, ո՛չ կզինակցի թուրքին, ոչ էլ կարող է հոգեբանորեն չեզոք մնալ նրա նկատմամբ: Պարզ է, ուրեմն, որ բացի քաղաքական ձգտումը, Թուրքիան ունի զուտ ռազմագիտական պատճառ՝ վաղն առաջանալու դեպի Հայաստան, կոխելու Երևանը և անցնելու հեռուները: Այդ բոլորին հետ գիտենք և այն, որ կովկասյան իսլամ հանրապետության մեջ քելամական ազդեցությունն ավելի մեծ է, քան խորհրդային իշխանության, որ Անդրկովկասի ռազմագիտական բոլոր բանալիները այսօր գտնվում են Թուրքիո ձեռքին՝ Նախիջևան, Ադրբեջան, Դաղստան, շրջաններ, ուր քեմալական սրի վաղվա հաջողության համար անաղմուկ գործի է լծված համաիսլամականների միտքն ու ձեռքը: Գիտենք այդ ամենը: Պարզ է մեզ համար և այն, որ գալիքն ավելի ահավոր պիտի լինի, քան այն, որ անցկացրինք 1918թ-ին: Թուրք-պարսիկ մերձեցմամբ Հայաստանը պիտ կորցնի դեպի արտաքին աշխարհը բացվող իր փոքրիկ դռնակը: Վաղը մեզ սպասում է անհավասար և դռնփակ գոյամարտը: Գիտենք այդ ամենը, տեսնում ենք, թե ինչպես աստիճանաբար բարձրանում է թրքական տապարը՝ մեր ցեղի գոյության ծառի արմատներին իջնելու համար: Գիտենք այդ ամենը, անհանգիստ ենք, բայց ոչի՛նչ, ոչինչ չենք անում գալիք վտանգը ժամանակին զինաթափել կարողանալու համար:
     Եթե դո՛ւ, հա՛յ երիտասարդություն, պիտ շարունակես ապրել փոքրիկ հարցերի, փոքրիկ գործերի և նունյքան փոքրիկ օգուտների սպանիչ մթնոլորտում, երբ կա մեր հավաքական գոյության սպառնացող մեծ վտանքը, եթե դու էլ՝ նման անցյալ սերունդների, պիտ շարունակես փորձել սովորական, փոքրիկ ճիգերով կամ արտաքին օգնության հույսերով լուծել մեր լինել - չլինելու ահավոր խնդիրը, գլխովին չկորչելու, ինչպես և մարդկության արգահատանքից մեկընդմիշտ ազատվելու խնդիրը, դու արդարացրած չես լինի ո՛չ քեզ, ո՛չ էլ քո ժողովրդի հույսերը: Եթե ցանկության դեպքում դու պիտի չկարողանաս լինել ավելին, քան այն ինչ որ ես, այդ դեպքում վա՜յ և՛ քեզ, և՛ քո ժողովրդին:  Ստեղծված հոգեբանական մթնոլորտում հավատավորների և վրիժակների սերունդ դառնալու փոխարեն, դու նորանոր զոհեր կհասցնես թրքական յաթաղանի համար: Սպասողական դրությունը ժողովուրդների կյանքում ժամանակավոր զինադադար է էապես և ոչ թե զինաթափություն՝ ինչպիսին մերը: Ժողովուրդ, բանակ, կուսակցություն, սրանք երբեք այնքան ուժականական և լարված չեն լինում, որքան իրենց սպասողական վիճակում, երբ այդ հավաքականությունների մեջ կուտակված կարողական ուժերի մի մասը դառնում է կենդանի, ներգործոն, գիտակցական, որի ընթացքում հոգեպես աճում են, հզորանում այդ վերջինները: Խորապես գիտակցված չէ մեր անցյալը, ստեղծագործ չէ մեր ներկան:
     Դու տկար ես և անպատրաստ - ահա թե ինչո՛ւմն է քո ժողովրդի դժբախտությունը:
      Դու այսօր այն չէ՛ս, ինչպիսին որ պիտ դառնաս հրամայողաբար:
     Տկարությունը միշտ էլ պատժվում է՝ վաղ թե ուշ: Եվ վաղը քո տկարությունների պատճառով չարաչար պիտ պատժվի մեր ժողովուրդը: Չէ՛, չէ՛, դու իրավունք չունես տկար լինելու, գոտելույծ վիճակում՝ երբե՛ք, որովհետև քե՛զ պիտ վիճակվի վաղը վարելու հայության ճակատագիրը: Դու պիտի լինես հզոր՝ հրաշագործելի աստիճան, որպիսին դառնալու համար իմաստությամբ օգտվել պիտի կարողանաս Գիտությունից և Դաստիարակությունից, որոնք շարունակում են մնալ վերջին խաղաթղթերը՝ մեզ նման ապագան վտանգված ժողովրդների համար: Դու պիտի առաջնորդվես ցեղային բարոյականով, որ պահանջում է զարգացումը որոշ հոգեկան հատկությունների և արվեստագիտական կարողությունների՝ էապես անհրաժեշտ մեր ժողովուրդի գոյության պահպանման համար: Թողած ներքին անփառունակ ճակատները, որոնց վրա հայրերդ տարիներ ի վեր ընդունայն կորովաթափ  կլինեին, դու բովանդակ ուժերդ գործի պիտ դնես՝ գլուխ հանելու մեր ժողովրդի կատարյալ հոգեբանական և տեխնիկական սպառազինությունները:  Գիտեմ, ընթերցո՛ղ, երկար ինձ լսելուց հետո, պիտ ուզեիր, որ քեզ տրվեր մի գործնական նախագիծ:
    Ահա՛ դա, ընդհանուր գծերով, որ գործի և փառքի ընդարձակ դաշտ պիտ բանա քո սերնդի առջև:
   1-Վտանգը: Ավելի քան հավանական է, վաղ թե ուշ, թուրքերի ներխուժումը Անդրկովկաս, որի դեպքում երկրի հայությունը դարձյալ պիտ ապավինի միայն իր ուժերին՝ չգաղթելու և չբնաջնջվելու համար: Ներխուժումը հնարավոր և հավանական է.
    ա) Ռուսիո մեջ մեծամասնականների պարտության դեպքում
  բ) Եվրոպական որոշ պետությունների կամ զինակցությունների կողմից Տաճկաստանը որպես գարծիք Խորհրդային Ռուսիո դեմ գործածվելու դեպքում.
  գ) Տաճկաստանի՝ իր արևելյան սահմանները ռազմագիտորեն ապահովելու փարձի դեպքում, որ ասել է՝ Երկրի հայության բնաջնջմամբ կամ տեղահանությամբ, թաթար Ադրբեջանին միանալու և այլ հավանական դեպքերում.
 2- Վաղվա մտահոգությունը: Վաղ թե ուշ հայութանը պիտ տրվի տաճկահայակական հողերի մի մասը, որի պաշտպանությունը կազմակերպելու և վարելու համար մեր ժողովուրդը պիտ հենվի նույնպես նախ իր սեփական ուժերին:
3-Փոխվրեժի անհրաժեշտությունը: Սարսափի և պարտվողականության հոգեբանությունից սրբագրվելու համար: Հետևանք՝ դարեր տևող օտար տիրապետության մեր հայրենիքում, և մասնավորապես, տաճիկների՝ Հայաստանում պարբերաբար սարքած կոտորածների և ունեցած զենքի հաջողության, հայությունը մենակ, թե զինակցաբար պիտ կազմակերպի իր փոխվրեժի պատմական գործը, հրամայականորեն պարտության պիտ մատնի Տաճկաստանը, որպեսզի հոգեփոխվի ու ապահովի իր ֆիզիկական և հոգևոր գոյությունը:
4- Նախապատրաստություն: Տաճկական վտանգը, արևելքի և արևմտյան իսլամների՝ Հայաստանի վրայով իրար միանալու քաղաքական ձգտումը, հայության երկրամասային պահանջը Տաճկաստանից, մեր փոխվրեժի հոգեբանական անհրաժեշտությունը. այդ պատճառներից ամեն մեկն առանձին պահանջում է անհապաղ և լրջորեն նախապատրաստվել վաղվա համար:
5- Վաղվա պատերազմը: Դա, ըստ ամենայնի, պիտ լինի գերազանցորեն քիմիական: Հոգեբանականից և տեխնիկականից զատ բոլոր տեսակի գերակշռությունները՝ թվական, քաղաքական, աշխարհագրական և այլն, պիտ դադարեն վաղը վճռական և բախտորոշ դեր կատարելուց: Վաղվա ճակատամարտերի բախտը պիտ վճռի մարդկային հնարագետ միտքը և ոչ կենդանի ուժը: Արվեստագիտության, տարրաբանության, էլեկտրոարվեստագիտության արագ և հրաշագործ առաջադիմության մեր օրերում, երբ այդ վերջինների օգտագործման կարելիությունները պատերազմում դառնում են անսպասելի, մահացու գործիքների և ռազմանյութերի հարաճուն ճոխացումն ու կատարելագործումը հնարավոր պիտ դարձնի մեզ նման տեխնիկապես տկար ժողովրդի գլխովին բնաջնջումը:
6- Գերազանցելու միջոցներ: Թրքության ծանոթ առավելությունները  կարելի է և պետք է արհամարելի դարձնել մեր հոգեբանական և տեխնիկական գերազանցությամբ, որպիսին հնարավոր է և պիտ ձեռք բերել՝
ա) մեր գոյության և բնաշխարհի առարկայական պայմաններին համապատասխանող դաստիարակությամբ: Վերադաստիարակությամբ պիտ սրբագրել մեր ժողովուրդի հոգեբանությունը՝ դարձնելով նրան իր ամբողջության մեջ ազգորեն ինքնագիտակից, կորովի և մարտունակ, և անհրաժեշտ մասնագիտություններով:
բ)  Մեր տեխնիկական գերակշռությունը պիտ ապահովենք՝ հասցնելով վաղվա համար անհրաժեշտ քանակությամբ հրարվեստագետներ, մեքենագետներ, քիմիագետներ, ռազմագետներ, հանքագետներ, օդաչուներ, ինչպես և արտադրության մասնագետներ:
7- Վարիչ մարմին: Հայ զանգվածների վերադաստիարակության և անհրաժեշտ մասնագետներ հասցնելու գործը վարում է Ազգային Ինքնապաշտպանության Վարիչ Մարմինը՝ ընտրված տեղական մարմինների կողմից:
8- Տեղական մարմին: Ստեղծվում է ամեն մի հայաբնակ վայրում՝ նպատակ ունենալով.
ա) ժողովրդականացնել ազգովին նախապատրաստելու անհրաժեշտության գաղափարը,
բ) հսկել տեղի հայ տարրի վերադաստիարակության գործին,
գ) հովանավորել իր վայրի խոստումնալի և հայրենապաշտ պատանի-երիտասարդներին,
դ) ստեղծել նյութական միջոցներ:
9- Զինվորական հանձնախումբ: Նշանակվում է վարիչ մարմնի կողմնից, որի գործը պիտ լինի.
ա) հայ և օտար ռազմագետների աջակցությամբ մշակել Երկրի հայության քիմիական ինքնապաշտպանության ծրագիրը,
բ) եվրոպական և ամերիկյան քիմիարաններում, բարձր տեխնիկական դպրոցներում, զինվորական ակադեմիաներում, հրարվեստագիտական գործարաններում հասցնել անհրաժեշտ թվով մասնագետներ.
գ) իրազեկ լինել այն բոլոր ռազմարվեստային գյուտերին և նորույթներին, որոնցով հարաճուն կերպով հարստանում է եվրոպական և նոր աշխարհի զինվորական միտքը.
դ) զինվորականացնել բոլոր տեսակի պատանի-երիտասարդական միությունները,
ե) ստեղծել զինվորական գրականություն:
10- Հրատարակչական հանձնախումբ: Ունենում է իր օրգանը, որով.
ա) հայ միտքը զբաղեցնում է մեր ժողովրդի գոյության պաշտպանության խնդրով,
բ) պայքարում է պարտվողականության ոգու, անգրագիտության և օտարացման դեմ:
11- Ազգային ուխտի դպրոց: Անսահմանորեն անձնվեր, հայրենապաշտ և գաղափարակամ երիտասարդ գործիչներ հասցնելու համար հաստատել ազգային ուխտի և ոգու դպրոց, որի կողմից մեր ցեղի նյութական և բարոյական ինքնապաշտպանության գործը դասավանդել և հռչակել որպես նոր կրոն:
12- Նյութական միջոցներ: Մեր ժողովրդի փրկության գործը վարելու համար անհրաժեշտ նյութական միջոցները պարտադրորեն հոգում է ի՛նքը՝ հայությունը հետևյալ ձևով. ամեն մի հայ մարդ՝ ազգային տուրքի անվան տակ, վճարում է գալիական մի ֆրանկ: Ամեն հայ ընտանիք՝ այնքան ֆրանկ, որքան անդամ ունի:
    Անտառներում նեղ ու դարձդարձիկ ճամփաների վրա երես առ երես իրար կհանդիպեն առյուծն ու վագրը: Նրանք կանգ կառնեն, գետնին մխվածի պես, մարմինները կծկված ետևի երկու ճկուն ոտների վրա՝ պատրաստ ոստույնի: Ճիրանները դուրս, մազերը փշաքաղ, բերանաբաց՝ ամեն մեկը կամենում է զարհուրելի ծամածռություններով ահաբեկել, սրտաթափ դարձնել հակառակորդին և խեղդել... Անսահման զգուշությամբ՝ մեկը, միաժամանակ և մյուսը, իր մի ոտը շարժում է քիչ ետ: Քիչ անց անաղմուկ և կամաց նույնն են կատարում մնացած ոտները: Եվ, գրեթե աննկատելի՝ հակառակորդի համար, միաժամանակ հեռանում են իրարից: Սակայն, միշտ երես առ երես, մինչև որ երկուստեք նահանջը նրանց միջի տարածությունը կդարձնի ավելի մեծ, քան պետք է մի հանկարծակի և դավադիր ոստույնի համար: Այլևս հակառակորդները դարձնում են իրենց թիկունքները, վերստանում իրենց բնական կեցվածքը, և, քաշվելով իրենց թագավորության սահմաններից ներս, կորչում են անտառի մեջ: Նույնը, գրեթե նույն բանն է կատարում և ազգերի կյանքում, երբ նրանք երես առ երես և սպառազեն հանդիպում են իրար, իրենց երկրի սահմանագլխին:
    Վա՜յ նրան, ով տկարություն ցույց տվեց. մա՛հ է:
    Վա՜յ նրան, ով անկարող եղավ անթարթափ ու շեշտակի նայելու հակառակորդի աչքի մեջ. մա՛հ է ստույգ:
    Կորած է այն կողմը, որ անզոր է սարսափ ազդելու, ավելին՝ ավելի սարսափելի լինելու, քան հակառակորդը: Հա՛յ երիտասարդություն, վաղը, երբ թրքությունը փորձեց պղծել Հայրենիքիդ սահմանների սրբությունը, պիտ կարողանա՞ս ավելի սարսափելի լինել, քան թշնամին: Պիտ կարողանա՞ս վագրային կեցվածք ցուցադրել:
    Պատասխանի՛ր, պիտ կարողանա՞ս.....

Комментариев нет:

Отправить комментарий