05.11.2012

ԱՌԱՍՊԵԼԱԿԱՆ ՆԺԴԵՀ



1886թ. հունվարի 1: Եղիշե քահանան տուն էր շտապում: Նրան հենց նոր հայտնել էին, որ կնոջ

մոտ սկսվել են երկունքի ցավերը: Ահա երևաց համեստ խրճիթը, որի դռանը կանգնած էին մի քանի համագյուղացի: Քահանան շտապ քայլերով մոտեցավ նրանց և չեր հասցրել բարևել, երբ երկնքից հանկարծ լսվեց արծվային զիլ մարտական կռինչը:
Բոլորն ակամա բարձրացրին գլուխները: Օդում հանդարտ լող տվող ամպերից մեկի հետևից, թևերը լայն տարածված, հայտնվեց սպիտակ հրաշք մի թռչուն:

Շրջապատի ձյան պես ճերմակ թևերը մի քանի անգամ վեհորեն թափահարելով` վեհաշուք արծիվը դանդաղ իջավ Եղիշե քահանայի խրճիթի երդիկին: Թռչունների ճերմակափետուր արքան հպարտ հայացքն այս ու այն կողմ ուղղեց, ապա գլուխը բարձրացրեց դեպի երկինք: Մարտական կռինչը տարածվեց ձմեռային սառը օդում: Խրճիթից լսվեց նորածին երեխայի ճիչը: Բացվեց դուռը, և ժպտացող տատմերը բարձր ձայնեց:
-Աստված մանչ պարգևեց, Տեր Եղիշե:
-Փառքդ շատ, Տեր Աստված, - մրմնջացին քահանայի շուրթերը: Ասես այդ լուրին սպասող սպիտակաձյունի արծիվը լայն բացեց թևերը, ողջույնի մարտական կռինչ արձակեց, ապա հեքիաթից իջավ երազի նման վեր խոյացավ ու անհետացավ երկնքում. հանդարտ սահող ամպի մեջ:
-Օրհնվի ծնունդդ, Գարեգին, հազար օրհնվի, - նայելով երկնքին` խաչակնքվեց քահանան:
Այդ տարիներին Նախիջևանի երկրամասի կզնութ գյուղում անվանեցին "Սպիտակ Արծվի հայտնության" տարի:


1947թ. Երևան:
Ամառային այդ օրն ընդմիշտ տպավորվեց ՀԽՍՀ պետանվտանգության աշխատակից Աբովյանի հոգում: Հետախուզական գնդապետ Մելքումովի հետ նրանք զբոսանքի տարան Երևանի բանտում գտնվող սպարապետին: Մեքենան դուրս եկավ Պետ անվտանգության նախարարության շենքի բակից և ուղղություն վերցրեց դեպի Հաղթանակի զբոսայգի:
Պայծառ, արևոտ օր էր: Նժդեհն ագահորեն նայում էր Երևանի` իր համար հրաշք նմանվող փոփոխություններին: Գավառային, ավելի ճիշտ գյուղական բնույթի քաղաքը վերածվել էր տուֆակերտ իսկական քաղաքի: Մեքենան անցավ Աբովյանի պուրակով և սկսեց ծանրորեն բարձրանալ ճանապարհով: Առավոտյան ժամերն էին, և շրջապատում գրեթե մարդ չկար:
Նժդեհը հանդարտ իջավ մեքենայից և Մելքումովի եւ Աբովյանի ուղեկցությամբ շարժվեց դեպի Երևանին նայող պուրակի կողմը: Հանկարծ նրա տեսադաշտում բացվեց հրաշք քաղաքը, որին, ասես հեռվից սատարում էր երկգագաթանի` սուրբ Արարատը:
Ուղեկցողները մի քանի քայլ հետ մնացին: Սպարապետը չեր հավատում աչքերին: Նա երկար, շատ երկար նայեց քաղաքին,ապա շուռ եկավ, և նրա ուղեկիցները տեսան սպարապետի արցունքակալած աչքերը: Հազար ու մի արգելք, դժվարություն ու դաժանություններ տեսած ու հաղթահարած երկաթյա զինվորականը լաց էր լինում............
-Կարելի՞ է մի բուռ վերցնեմ այստեղից, - խնդրագին դիմեց սպարապետը:
-Իհարկե, - իսկույն պատասխանեց Մելքումովը:
Տարիքն առած զորավարը գրպանից հանեց թաշկինակը, կռացավ ու դողդողացող ձեռքերով ձեռքերով սկսեց հող լցնել թաշկինակի մեջ: Նրա չդադարող արցունքներն ընկնում էին թաշկինակի մեջ հավաքած հողի վրա: Կապելով իր թաշկինակի թանկագին գանձը,` Նժդեհը կրկին շրջվեց Երևանի կողմը.....
Մեքենան անցնում էր Նժդեհին ծանոթ ու անծանոթ փողոցներով:
-Հիշո՞ւմ եք այս ինչ շենք է, - կարծես միամտորեն հարցրեց Աբովյանը:
-Հիշում եմ, տղաս, հիշում, սա մեր պառլամենտի շենքն է, - պատասխանեց սպարապետը:
Այդ գիշեր Նժդեհը չկարողացավ քնել:
Մելքումովը տխուր հայացքով նայում էր շատ ծերացած սպարապետին:
Նա մեծ դժվարությամբ հայտնել էր, որ ԽՍՀՄ-ը փոխել է իր քաղաքակական կուրսը, և արտաքին գործերի նախարար Մոլոտովը համայն աշխարհին հայտարարել է, թե ԽՍՀՄ-ը որևէ տարածքային խնդիր չունի իր հարևանների հետ: Դա վերջն էր: Սակայն դժվարին , բայց և հեռանկարային գործունեության վերջը: Սակայն դա չէր, որ կրծում էր Մելքումովի հոգին: Փաստորեն նա, կամա թե ակամա, դարձել էր մեծ հայի, մեծ զորավարի ու մտավորականի ողբերգական վկան ու մասնակիցը:
-Գուցե, այնուամենայնիվ մնաք Հայաստանում,- կրկին փարձեց համոզել Մելքումովը:
-Հարկ չկա տանջվելու,- հայրաբար խոսեց սպարապետը,- հասկանում եմ, դուք ևս ծանր եք ապրում  այս անհեթեթ վերջաբանը, բայց ես չեմ կարող ուրախացնել իմ թշնամիներին: Ես արդեն ծեր եմ, այո, ծեր եմ և երկար չեմ դիմանա բանտային պայմաններին, իսկ մեռնել Հայաստանի բանտում` նշանակում է ուրախացնել թուքերին: Ոչ, Նժդեհը Հայաստանի բանտում չի մեռնի: Խնդրանքս մեկն է` մի անգամ էլ պտտվեմ Երևանի փողոցներում....

1955թ, դեկտեմբերի 21 Վլադիմիրի բանտ:
Երեկո էր: Կուզմենկոն մոտեցավ լուռ պառկած ծերունուն և ուղղեց նրա վրա գցած շորը: Հանկարծ լսեց ինչ-որ մեծ թռչունի թևերի թափահարման ձայն և զարմացած մոտեցավ բանտաճաղերով փակված պատուհանին: Ա՜յ քեզ հրաշք: Օդում սավառնում էր սպիտակ մի արծիվ: Պտտվում էր բանտի շուրջ, ապա ցած սլացավ և թևերը հավաքելով` նստեց պատուհանի մոտ: Ասես մարդկային աչքերով նայում էր ներս:
Կուզմենկոն  ակամա հետ քաշվեց: Արծիվը սուր հայացք նետեց լուռ պառկած ծերունուն, զիլ կռնչաց, ապա թևերը բացելով վեր խոյացավ: Կուզմենկոն նորից մոտեցավ պատուհանին և տեսավ, թե ինչպես արծիվն անհետացավ երկնքում:
Ուշքի գալով, նա արագ մոտեցավ ծերունուն: Սպարապետը վախճանվել էր:

Հավերժ ճամփորդ Գարեգին Նժդեհը, Սպիտակ արծվի սլացքով մխրճվեց ապագայի մեջ` դառնալով իր ազգի մշտական ուղեկիցն ու փարոսը:

2 комментария: