16.09.2013

ՉԽՐԱՏՎՈՂ ԺՈՂՈՎՈւՐԴ


<<Ոչ երիվարիս զրահ հագցուցի, ոչ էլ մարտիկներ
 սպառազինեցի, որ կարենայի ճակատ
 հարդարել>>:  Նարեկացի

Սողոմոն իմաստունը, ըստ Թալմուդի, մի մատանի էր կրում, որի վրա փորագրված էր Եհովայի անունը: Եվ ամեն մարդ, դեպի որը նա դարձնում էր մատանու խորագրությունը՝ հարկադրվում էր ասելու այն ամենը, ինչ-որ մտածում էր այդ վայրկյանին:

    Նման մի կախարդական մատանի ունի և պատերազմի գիշատիչ աստվածը, որով նա հարկադրվում է պատերազմի բռնված ժողովուրդներին ցուցահանելու իրենց հոգու լուսավոր թե ստվերային բոլոր կողմերը, իրենց ողջ էությունը իր բացարձակ մերկությամբ:
    Այո՛, ճիշտ է ասված, թե ճշմարտության օրեր են պատերազմի օրերը, երբ ժողովուրդները մատնում են իրենց ինչ և ինչպիսի լինելը, երբ անհատին ու հավաքականությանը չի հաջողվում կեղծել:
      Պատերազմը՝ քննություն է, դատաստանը ազգերի, երբ քննիչի և դատավորի անաչառանքը անկարելի է դարձնում խաբեությունն ու կաշառքը: Չբավարարեցի՞ր քննիչիդ՝ կորած ես, չկարողացա՞ր պաշտպանվել այդ անողոքելի դատավորի առջև՝ դատապարտված ես:
   ճակատամարտը չի շահվում հաջող ռազմարվեստով միայն, ոչ էլ զինվորի անձնվիրությամբ և ռազմավարի հանճարով միայն, չնայած որ այդ ազդակները կռվում կատարում են վճռական դեր:
   Արդիական պատերազմը, որն այլևս կոպիտ ուժերի բախում չէ, պահանջում է ժողովուրդների բովանդակ նյութա-բարոյական մշակույթը, ինչպես և նրանց մշտական ու չնվազող սպասարկությունը: Նա պահանջում է, որ մարտնչող ժողովրդի բովանդակ ուժերը լինեն խստորեն ներդաշնակված և առանց մնացորդի դրված ի սպաս բանակին: Կազմակերպչական ոգին է միավորող ու ներդաշնակող այդ կարողությունը, որն աճեցնելով ու անտեսելով ժողովուրդների ուժերը, հանդիսանում է որպես ամենավճռական ազդակը հաղթանակի:
   Այդ հրաշագործ ոգու շնորհիվ միայն Հռոմը ժամանակին հասավ իր հզորության ու փառքի գագաթնակետին: Կազմակերպչական տաղանդին կատարելապես տիրապետել են այն բոլոր ազգերը, որոնք հաջողել են պատմության մեջ անջնջելի հետքեր թողնել:
    Հայերս, ինչպես և երեկվա մեր բոլոր բախտակից ժողովուրդները ունենք ապստամբասեր հոգեբանություն՝ արգասիքը մեր հայդուկային ազատագրական շարժումների: Մեր հայրենասիրությունը տարիներով իր հոգևոր սնունդն առած է մեր նորագույն ապստամբական պատմությունից: Վիպապաշտական է և մեր ազատասիրությունը:

   Երեկ, մեր քաղաքական զարթոնքի արշալույսին դա հասկանալի էր և ներելի, իսկ այսօր դա չունի արդարացում: Դա վտանգավոր է մասամբ: Լավերի հետ դա ունի և իր վատ կողմերը: Դա պետք է սրբագրվի, լրացվի և ազնվանա: Վիպապաշտ հայդուկի ազատասիրությունը պետք է դառնա զինվորի և քաղաքացու զգաստ ազատասիրություն, զերծ անիշխանական գունավորումից՝ ստեղծագործ, խոհուն, կարգապահ:
    Կարգապահությունը ոչ ժխտում, ոչ էլ սահմանափակում է անհատի ազատությունը, ինչպես հասկացել է հայը: Դա կանոնավորիչն է ճշմարիտ ազատության: Առավելագույն ազատությունը, ինչպես և հասարակական մոտավոր արդարությունը, հնարավոր է առավելագույն կարգապահությամբ միայն:
    Հասարակության ամեն մի անդամ հարաբերորեն և՛ տեր և՛ ծառա է միաժամանակ, որին պետությունը - որպես այդպիսին - ոչ թե դիմազրկվում է, այլ՝ լրացվում: Այդ տեսակետից չափազանց ուսանելի է գերման ժողովրդի պատմությունը: Գիտենք, որ նախաբիսմարկյան գերմանը ամենաշեշտված ներկայացուցիչն էր անհատապաշտության: Սակայն, տունն ու դպրոցը, գործարանն ու զորանոցը տարիներ ճիգերով վերադաստիարակեցին գերման ժողովրդին՝ կարգի ու կարգապահության զգացումը դարձնելով գրեթե բնազդ նրա մեջ:
    Թո՛ղ չխաբի մեզ համաշխարհային պատերազմի ծանոթ վախճանը: Հաղթանակը  տարվեց հավաքական ճիգերով, և անարդար կլիներ պնդել, թե չափվող ժողովուրդներից ամենակենսունակը գերմանը չէ: Չի կարելի պարտություն բառով որակել գրեթե ամբողջ աշխարհի դեմ ճակատ հարդարած ժողովրդի անհաջողությունը:
   Հայության հավաքական գոյության  օրվա ամենամեծ չարիքը թրքական վտանգն է՝ երկրի մեջ, աստիճանական  ապազգայանացումը՝ արտասահմանի մեջ:
   Կա Մեծ Չարիքը, որ ճակատ է հարդարել հայության դեմ , և որ մահվամբ կսպանի մեզ: Չկա, սակայն, իր ամբողջության մեջ կազմակերպված, հաղթաշունչ, չարիքը դիմագրավելու պատրաստ և կարող հայությունը:
    Մեր շուրջն ազգերը - մեծ թե փոքր - տենդորեն զինվում, պատրաստվում են հավանական վտանգի դեմ, առանց հարցնելու՝ ո՞վ է թշնամիս, ո՞ւր է թշնամիս: Զրահներ է, որ փոխում են նրանք, առանց մի օր իսկ անզեն մնալու: Իսկ մե՞նք: Մոտալուտ վտանգի հանդեպ մենք միայն անզոր ճիչեր ենք արձակում, - ճիչը սարսափի ու շվարումի մատրված անզոր զոհի և ոչ թե ահազանգը կռվի պատրաստ ռազմիկի:
    Թմբկահարել գալիք վտանգի մասին և ոչինչ չանել ժամանակին այն չեզոքացնելու կամ կասեցնելու և կամ նրա հարվածը մեղմելու համար, կմնա ամենահայկականը հայ հատկություններից:
   <<Վա՜յն այն ժողովրդին, - ասել է Ժոմինին, - որը զինվորական գիտության վրա նայում է որպես ավելորդ բեռի և որը չի ըմբռնում նրա կարևորությունը: Այսպիսի ժողովուրդը պիտի հարկադրվի ուսումնասիրել այդ գիտությունը, եթե միայն այլևս ուշ չլինի>>:
   Այո, հայությունը ճակատագրորեն պիտի հարկադրվի հիշելու պատերազմի գործին ծառայող գիտությունների մասին, հենց որ հնչի ինքնապաշտպանության չարաշուք ժամը:
   Իմ կարծիքով, երեք են այն ուժերը, որ հայությունը պետք է լծի իր ինքնապաշտպանության ու բախտի կողքին՝ այսուահետև, որպես ազգ, ապրել կարողանալու համար: Այդ փրկարար ուժերն են՝ ռազմարվեստ, ցեղային ինքնաճանաչություն և ցեղային բարոյական:

<<Յիշի՛ր պատերազմը>>
Գարեգին Նժդեհ,
 <<ՀԱՅՐԵՆԻՔ>> Ակումբ, 2013

Комментариев нет:

Отправить комментарий