10.11.2012

Իմ Նժդեհը



Ամեն մարդ կյանքում ունի իր իդեալը, կերպարը, որին միշտ երազում է նմանվել, կերպար, որը միշտ ուղեկցում է նրան:
Ես արդեն շատ մեծ էի,երբ առաջին անգամ ձեռքս վերցրի "Նժդեհյան վերադարձը" գիրքը, և մեծ հետաքրքրություն ունենալով գաղտնիքների և վտանգավոր արկածների նկատմամբ` կարդացի: Կարդացի ու անհանգստացնող հարցեր ծնվեցին մեջս` ո՞վ է նա, որ անգամ գերհզոր խարհրդային պետության համար վտանգ էր ներկայացնում, ո՞վ է եղել նա, որի համար մարդիկ պատրաստ էին իրենց կյանքը վտանգել: Վերջապես ո՞վ էր նա, որի անունը ջնջել չկարողացավ անգամ գերհզոր "ժամանակ"-ը:

     
      Գարեգին Նժդեհ
 Ես սկսեցի փնտրել նրան ամենուրեք` գրքերի մեջ, մարդկանց հուշերում: Շատ, շատ կարդացի նրա մասին, նրա գրվածքները, կենսագրությունը:
Հետզհետե նա դուրս եկավ գրքերի էջերից և տարածվեց իմ շուրջը: Ես շարունակեցի փնտրել նրան, բայց բավարարվեցի միայն այն ժամանակ, երբ գտա նրա մեջ ինձ` մաս-մաս և ամբողջությամբ......
Մի անգամ գործի բերումով մեր գրասենյակ եկավ բուսաբան Սամվել Բաբլոյանը, իմ գլխավերևում տեսնելով Նժդեհի նկարը, հարցրեց.
-Հավատո՞ւմ եք Նժդեհին.
Ես անհոգ պատասխանեցի.
-Չգիտեմ, բայց իրենով եմ ես չափում իմ յուրաքանչյուր քայլը:
-Օրինա՞կ
-Օրինակ, երբ ինչ-որ բան չի ստացվում երբ ընկճվում եմ,,,, հիշում եմ նրան` Խուստուփի քարանձավում փակված, զինակիցներից լքված, վիրավոր, անհաց, անջուր, սյունյաց սառնամանիքին դիմակայելով...բայց գրիչը ձեռքին` ղափանցիներին կռվի կոչ գրելիս:  Եվ իմ դժվարությունները փոքրանում են, դառնում են ծիծաղելի: Նժդեհին դավաճանել էին, իսկ նա նորից էր փորձում օգնել իրեն դավաճանածներին....   և փրկեց: Հիշում եմ ու ինքս իմ աչքերին  փոքրանում եմ, ինքս ինձ հարցնում` իսկ ես ինչերից եմ խեղճանում: Ինչ մեղք եմ ես, ինչ ճղճիմ եմ ես: Հետո լսում եմ նրա ձայնը` -Վե'ր կաց, մի նվնվա, դու ամեն ինչ կարող ես: Կանչի'ր քո միջի գերմարդուն... ու, գիտե՞ք, համարյա միշտ հաղթում եմ ....   ու առաջին հերթին` իմ միջի փոքրոգուն եմ հաղթում:
Բաբլոյանը դեմքի խորհրդավոր ժպիտով հարցրեց.
Իսկ նրա ներկայությունը զգացե՞լ եք երբևէ:
Ես զարմացած ու վախեցած նայեցի նրան` բոլորից թաքցրել էի իմ նման զգացողությունները....
Բաբլոյանը պատասխանեց ինքն իր հարցին.
-Ես հաճախ եմ միայնակ արշավում Հայաստանի տարբեր վայրեր` բնություն ուսումնասիրելու, բույսերի եզակի տեսակներ հայտնաբերելու և այլ նպատակներով: Մի անգամ բարձրացել էի Խուստուփ և որոշեցի այցելել Նժդեհի քարանձավ: Այս ճանապարհը շատ դժվար էր, իսկ քարանձավ հասնելու համար պիտի անցնեի զառիթափի ժայռի նեղ, շատ նեղ ծերպով, որով կարելի էր անցնել միայն դեմքով դեպի ժայռը և ձեռքերով կառչած: Երևի գաղափարով տարված չէի նկատել, որ ուսապարկս չեմ հանել, իսկ այն շատ ծանր էր:
Երբ հասել էի արդեն ամենանեղ հատվածին, հանկարծ ուսապարկի ծանրությունը պոկեց ինձ պատից և ես պարզ գիտակցեցի, որ գլորվում եմ անդունդը: Աչքերս փակեցի ու փորձեցի վերջին անգամ  տեսնել  երեխաներիս դեմքը, մեր տունը...   հանկարծ ցնցվեցի` ինչ-որ  մեկի ձեռքը ամուր սեղմեց  արդեն օդի մեջ հայտնված թեք մեջքիս ու ամբողջ ուժով` երկաթե ամրությամբ հրեց ինձ դեպի ժայռը....
Ես կառչեցի ժայռից ու վայրկյաններ անց քարանձավում էի: Քիչ հետո հասկացա, որ քարանձավում էլ մենակ չեմ, թեև շուրջս ոչ ոք չկար....
Մենք երկար ժամանակ լուռ էինք:

Ես համոզված եմ, որ նրա նմանները պատահական չեն ծնվում ու անհետ կորչում...
Նրանք հոգու պես ապրում են բնության մեջ, և ինչպես տիեզերական փոշու խտացումից առաջանում են աստղերն ու մոլորակները, այնպես էլ ոգու խտացումից ծնվում են նրանք` հերոսներն ու մարգարեները` անհրաժեշտ պահին ու անհրաժեշտ ժամին: Ես համոզված եմ` նա մասնակցում էր նաև արցախյան պատերազմին ...
Գուցե Մոնթեի կամ Վարդանի տեսքով, գուցե ուրիշների տեսքով....   Չգիտեմ, բայց նա կար, նա շարունակում էր կռվել:

Հիշենք Հայաստանից հեռանալիս նրա վերջին խոսքերը.

Հնչեց արցախյան ռազմակոչը, և նա եկավ.....  ու էլի կգա:




                                                                                       Կարին Տոնոյան

Комментариев нет:

Отправить комментарий