30.08.2013

ԴԱՎԻԹ ԴԵԼՅԱՆՈՎ


Ռուսական բանակի գեներալ-մայոր (1813թ.)

Դավիթ Արտեմի Դելյանովը (Դավիթ Հարությունի Դելանյան) (ծն. 1761 թ., Սանկտ-Պետերբուրգ - 1837թ.)  ռուսական բանակի ռազմական գործիչ է: Սերում է Պարսկաստանի Նոր Ջուղա քաղաքից Սանկտ-Պետերբուրգ փոխադրված հայկական Դալլաքյանների ազնվական տոհմից: Սովորել է Պետերբուրգի կադետական կորպոսում: Ծառայությունը Նարվայի հրաձգային գնդում սկսել է 1780 թ-ին: 1807 թ. արժանացել է գնդապետի կոչման: 1812 թ-ին եղել է Սումիական հուսարական գնդի հրամանատար, 1812-1815 թթ-ին՝ 2-րդ դրագունյան դիվիզիայի 2-րդ բրիգադի հրամանատար, 1815-1823 թթ-ին՝ 2-րդ հուսարական դիվիզիայի 2-րդ բրիգադի հրամանատար: 1792-1793 թթ-ին մասնակցել է ռուսական բանակի լեհական արշավանքին, 1805-1807 թթ-ին Սումիական հուսարական գնդի կազմում Պրուսիայում կռվել է Նապոլեոնի զորքերի դեմ, աչքի է ընկել 1807 թ. Ֆրիդլանդի ճակատամարտում: 1812 թ. Հայրենական պատերազմի ժամանակ մասնակցել է ռուսական բանակի Բորոդինոյի և Մոժայսկի ճակատամարտերին: Մասնակցել է ռուսական բանակի 1813-1814 թթ. արտասահմանյան արշավանքներին, իր զորամասով մտել Փարիզ, աչքի է ընկել  Բար-Սյուր-Օբի կռիվներին ժամանակ: Պարգևատրվել է Սուրբ Գևորգիի 4-րդ (1813թ.), Սուրբ Վլադիմիրի 3-րդ (1814թ.), Սուրբ Աննայի 3-րդ, 2-րդ (02.07.1807թ.), Սուրբ Աննայի ադամանդազարդ 2-րդ (26.08.1818թ.), 1-ին (1819թ.) աստիճանի, պրուսական՝ <<Արժանապատվության համար>> շքանշաններով: Որդին՝ կոմս Իվան Դավիթի Դելյանովը (1818-1897թթ.) 1874-1897 թթ-ին եղել է Ռուսաստանի Պետական խորհուրդի անդամ, 1882-1897 թթ-ին՝ Ռուսաստանի լուսավորության նախարար:


<<1000 հայազգի գեներալներ-ծովակալներ>> էջ 290,  Տիգրան Հայազն

Комментариев нет:

Отправить комментарий