20.07.2013

ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԽՈՌԽՈՌՅԱՆ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆԸ


ԱՐԳԻՇՏՅԱՆ ՏԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Վանի հայկական թագավորությունը հզորության գագաթնակետին է հասնում հայոց մեծ տիրակալ Արգիտշի Ա-ի գահակալության տարիներին (Ք.ա. 786-764թթ.) Նկատենք, որ այս արքայի գործունեությունը վերականգնվում է ճշգրիտ ժամանակագրությամբ՝ շնորհիվ <<Խոռխոռյան տարեգրության>> (Խոռխոռյան տարեգրությունը փորագրված է Վանի ժայռի հարավարևմտյան կողմում, որի ոչ լրիվ պահպանված մասերը, գրված ութ սյունակով կազմում են 380 տող: Խոռխոռյան տարեգրության կրկնօրինակի Վանի Սուրբ Սահակ եկեղեցուց գտնված երկու հատվածները պարունակում են 138 տողեր, որոնք չեն պահպանվել ժայռի վրա: Ուստի տարեգրության սկզբնական բնագիրը պետք է անցներ 500 տողից: Բազմաթիվ ուսումնասիրողների ջանքերով տարեգրության վերականգնված սկզբնօրինակը տե՛ս ՀԺՊՔ, էջ  57-69; КУКН էջ 155-199), որում իրադարձությունները ներկայացվում են հանգամանորեն:

Ք.ա. 785-782 թթ.. արշավանքները
   Արգիշթի Ա-ից մեզ հասած սեպագիր արձանագրությունների համաձայն՝ նրա գահակալության հենց երկրորդ տարին (Ք.ա. 785թ.) խիստ հագեցած էր հայկական երկրամասերի միավորման գործի շարունակմանն ուղղված ձեռնարկումներով: Այդ նպատակով նախ նա իր թագավորությանն է միավորում Դիաուխի՝ Տայքը, որը հարուստ էր մետաղահանքերով: Կենտրոնական իշխանությանը հարկատվության և պատերազմի ժամանակ զորքերի տրամադրման պայմանավորվածություն է կայանում Արգիշտի Ա-ն նմանապես Արարատյան թագավորության սահմանների մեջ է ներառում Էթիունյան դաշնության երկրամասերը և հարևան տարածքները: Ի թիվս մնացած երկրամասերի հիշատակվում են Լուշա, Կատարզա և Վիտերուխի միությունը, Էրիախին, Աբունին (հետագայում՝ Հավնունիք): Կարսի սարահարթով Արգիշտին անցնում է Զաբախա (Ջավախք)՝ այնտեղ հասնելով Հզոր Սիրիմու լեռանը (հետագայում՝ Սուրամի լեռներ): Նա վերադառնում է Վիտերուխիի ճանապարհով: Տարեգության մեջ Արգիշթին հայտնում է, որ <<այս մեծագործությունները կատարեց մեկ տարում>>:
      Արգիշտի Ա-ի հյուսիսային արշավանքները շարունակվեցին հաջորդ տարի: Նա իր տերությանն է միացնում նաև Աբիլիանի երկիրը (հետագայի Աբեղեանք գավառը) էթիունյան միության մաս կազմող Ուդուրի-Էթիունի (<<Ջրային Էթիունի>>) երկրամասը Սևանա լճի հյուսիսային ավազանում, նաև այլ փոքր իշխանություններ:
   Հարավային հաղթարշավով Արգիշտի Ա-ն ամրապնդում է Վանի թագավորության դիրքերը, Ուրիմիո լճից հարավ-արևմուտք, Մեծ Զաբի միջին հոսանքի շրջանում (Ուրյանի Թարրա[բա], Արտարմու և Իրկիունի երկրներ) և վերահսկողության տակ է վերցնում Ասորեստանից դեպի մերձուրմյան ավազան և Հայկական լեռնաշխարհ տանող ճանապարհները:
   Իր թագավորության չորրորդ տարում (Ք.ա. 783թ.) Արգիշտին խոշոր արշավանք է ձեռնարկում դեպի արևմուտք՝ Փոքր Ասիայի տարածք: Նա (Մենուայից հետո) կրկին գրավում է Մելիտեան (Մալաթիա), Խաթինիլին, Թաբալը (Աստվածաշնչում՝ Թոբէլ)՝ վերջինս անջատելով Մելիտեայի թագավորությունից: Արևմտյան արշավանքներից արքան վերադառնում է տասնյակ հազարավոր ռազմագերիներով և այլ ավարով: Այս արշավանքով Ասորեստանի առջև փակվում են Փոքր Ասիայի հումքի աղբյուրներ տանող ճանապարհները:


Պատմական տեղեկանք. <<Խալդին արշավեց, սեփական զենքին ենթարկեց Խաթի (երկիրը), ենթարկեց Խիլարուադային, զգետնեց Արգիշտիի առջև: Խալդին իմ զորեղ (է), Խալդյան զենքն (?) իմ զորեղ (է): Խալդյան մեծությամբ Արգիշտի Մինուաորդին ասում է. - Աղոթում էի, Խալդի տիրոջը, Թեյշեբային, Շիվինիին (և)  աստվածներին Բիաինիլի (երկրի) ... վերևում լսում էին ինձ աստվածները: Արգիշտի Մինուաորդին ասում է. - Առաջնորդում (?) էր Խալդին: Հենց այդ նույն օրը (=ժամանակ) արշավեցի Խաթի (երկրի) վրա, գրավեցի Նիրիբայի դաշտը [...], Ուրմանի (քաղաքի) երկիրը, (որ) ամրացված էր, կռվում գրավեցի, [...]ադա քաղաքն արքայական գրավեցի: Խալդյան մեծությամբ արշավեցի Խաթի (երկրի) վրա: Տուատեխիի ողջ երկրը (=Թաբալ երկրը) անջատեցի (?), բուն (?) Մելիտեայից: Կտրում էի Պիթեյրա քաղաք (քաղաքի) տակ, մինչև ավազանը (?), Մելիա գետի, Մարմուա (և) Կալայա (երկրները): Մարդ, կին (այնտեղից) հանեցի, ամրոցները ավերեցի, քաղաքները այրեցի: Երկու հազար հինգ հարյուր երեսունինը պատանի (քշեցի), ութ հազար վեց հարյուր իննսունութ երիտասարդ (?) , տասնութ հազար քառասունյոթ կին, ընդհամենը քսանինն հազար երկու հարյուր ութսունչորս մարդ (մեկ) տարում: Ոմանց սպանեցի, ոմանց կենդանի տարա: [...] ձի, տասյոթ հազար ինն հարյուր վաթսուներկու անասուն քշեցի, երկու բյուր [...] ոչխար: Արգիշտի Մինուաորդին ասում է. - Խալդիի շնորհիվ այս մեծագործությունները մեկ տարում կատարեցի>>: 

ՀԺՊՔ, էջ 59-60; КУКН с. 161-162

Տրամաբանորեն, հաջորդ հարվածը սպասվում էր Ասորեստանին, սակայն մինչև այդ լիովին պետք էր ամրապնդել թիկունքը հյուսիսում, ուստի Արգիշթի Ա-ի իշխանության հինգերորդ տարին լիովին նվիրվում է այդ խնդրի լուծմանը: Ք.ա. 782 թ.-ին Վանի զորքերը նախ գրավում են Էթիունյան միության մաս կազմող Կեխունի (Գեղունի), <<ծովային գավառը>> Սևանա լճի ավազանի հյուսիսում, ապա շարունակում հաղթարշավը դեպի Ալիշտու՝ Աղստևի հովիտ: Այդ նույն տարում հիմնադրվում է Էրեբունի (Երևան) ամրոցը՝ <<ի հզորություն Բիայնիլի երկրի և ի սարսափ թշնամյաց>>, որտեղ տեղակայվում են անդրեփրատյան Խաթի երկրից և Հայկական լեռնաշխարհի արևմտյան Ծուփանի (Ծոփք) երկրամասից բերված 6000 ռազմիկներ: Այնուհետև արշավանքը շարունակավում է դեպի հյուսիս-արևելք, մինչև Գուգարաց աշխարհի Տաշիր գավառի տարածքը:

Մեծ հաղթանակները
Վանի թագավորությունը պատրաստ էր դեպի հարավ մեծ արշավանքի, երբ, հավանաբար, կանխելու նպատակով հայաստանյան զորքի հաջողությունը, Ասորեստանը նախահարձակ եղավ Ք.ա. 781 թ.: Այդ մասին վկայում են նաև ասորեստանյան սկզբնաղբյուրները: Արգիշտին ոչ միայն պարտության է մատնում ասորեստանյան զորքին, այլև շարունակում է հարձակումը դեպի հարավ՝ Զագրոսյան լեռներով հասնելով մինչև Պարսուա (հետագայի Պարսք) և Բաբելոնյա (բնագրում՝ Բաբիլու երկիր):  Դրանով Արգիշտին շրջափակման մեջ է վերցնում Ասորեստանը երեք կողմից՝ հյուսիսից (որտեղ Վանի տերությունն էր), արևելքից և հարավից: Ընդ որում, նա հաջորդ տարի ևս արշավում է դեպի Զագրոս՝ ամրապնդելու իր ձեռքբերումները:

Պատմական տեղեկանք. <<Խալդին արշավեց, սեփական զենքին (?)  ենթարկեց Ասորեստանի զորքը, ենթարկեց Արսիթա երկիրը, զգետնեց նրանց Արգիշտիի առջև: Արգիշտի Մինուաորդին ասում է. - Ասորեստանյան զորքին ջախջախեցի իմ երկրում:  Զինվորներ գնդեցի: Աղոթում էի Խալդի տիրոջը, Թեյշեբային, Շիվինիին (և) աստվածներին Բիայնիլի երկրի: ... վերևում լսում էին ինձ աստվածները: Արգիշտին ասում է. - խալդին իմ զորեղ (է) , Խալդյան զենքն (?) իմ զորեղ ... Ասորեստանցիներին վռնդեցի, սպանեցի, հանեցի երկրիցս: Հենց նույն տարում արշավեցի Մենաբշու (քաղաքի) վրա, Դուքամա (քաղաքի) վրա: [...] քաղաքն արքայական (և) գրավեցի: [...] Շաարա-Ռաա (քաղաքը) Բուշտու (երկրի) [...]: Արշավեցի Բաբիլու (քաղաքի) երկրի վրա, [...] Բարուաթա (երկրի) վրա, Պարշուա (երկրի) վրա: Պարշուայի երկիրը յուրացրեցի... Արգիշտին ասում է. - Խալդիի շնորհիվ սույն մեծագործությունները մեկ տարում կատարեցի:
   Խալդին արշավեց սեփական զենքին (?) ենթարկեց Ասորեստանյան զորքը, ենթարկեց Բուշտու (երկիրը), Թարիունի (երկիրը), զգետնեց նրանց Արգիշտիի առջև>>: 
ՀԺՊՔ, էջ 61: КУКН с. 162-167
Այսպիսով, Ք.ա. 782-781թթ. Արգիշթի Ա-ի առաջնորդությամբ ստեղծվում է Վանի (Բիայնիլի-Ուրարտու-Արարատ) հայկական տերությունը, որն արևմուտքում մուտք էր գործել Փոքր Ասիա, հարավ-արևելքում իր իշխանությունն էր տարածել Զագրոսյան լեռնազանգվածի հյուսիսային կեսում, իսկ հարավում նվաճել Բաբելոնյան: Դրա հիմքերը դրվել էին Արգիշտի Ա-ի հոր՝ Մենուա արքայի օրոք, որն արդեն մուտք էր գործել Զագրոսի խորքերը և անցել Եփրատից արևմուտք:
   Դրանից հետո ևս շարունակվեցին Արգիշտի Ա-ի հաղթարշավները, որոնք ներկայացված են Խորխոռյան տարեգրության մեջ: Մասնավորապես, այնտեղ պատմվում է Ք.ա. 779-777թթ. Ուրմիո լճից հարավ (Մանա, Իրկիունի, Բուշտու, Ասորեստան և այլն) տեղի ունեցած ռազմական բախումների մասին: Թագավորության ութերորդ դարում (Ք.ա.778թ.) տարեգրությունը պատմում է ընդդեմ Ասորեստանի տեղի ունեցած պատերազմների մասին: Ասորեստանյան աղբյուրներն իրենց հերթին տեղեկացնում են Ք.ա. 781-778թթ. չորս տարի անընդմեջ Ուրարտուի դեմ մղած պատերազմների մասին, ինչից կարելի է եզրակացնել, որ Ք.ա. 779 թ. Ուրմիո լճից հարավ ընկած երկրներին Վանի թագավորության դեմ էր հրահրել Ասորեստանը, որի ծրագրերը կատարյալ անհաջողության մատնվեցին:
   Նույն Ք.ա. 779թ. Արգիշտին մի հեռավոր արշավանք է կատարում տրամագծորեն հակառակ ուղղությամբ՝ հասնելով Իգանի (Իյանի) երկիր, որը գտնվում էր Հյուսիսային ծովակի (այժմ՝ Չլդըր լիճ) ավազանում:
    Բազմաթիվ արշավանքներով ուղեկցվող ակտիվ արտաքին քաղաքականությունը Արգիշտին շարունակեց վարել նաև Ք.ա. 775-773թվականներին, որոնց ընթացքում նա լիակատար կերպով ոչնչացրեց Ասորեստանի հետ համագործակցող ուժերին՝ վերջնականապես իր դիրքերը հաստատելով Ուրմիո լճից հարավ տարածվող շրջաններում:  Վանի հայկական թագավորության սահմանները ամրապնդելու նպատակով նա կատարեց մի շարք նոր արշավանքներ դեպի հյուսիս (Էթիունյան միություն, Էրիախի, Կատարզա, Վիտերուխի, Տարիունի, որը, թերևս, Դարույքն է Բասենի դաշտում) և դեպի արևմուտք (Ուրմե, Արմե-Շուբրիա):

Եզրակացություն
Հայոց մեծ տիրակալ Արգիշտի Ա-ի օրոք Բիայնիլի-Ուրարտու-Արարատ թագավորությունը հասավ աննախադեպ հաջողությունների՝ վերածվելով աշխարհակալության, Առաջավոր Ասիայի հզորագույն ուժի: Այս փառահեղ ժամանակաշրջանի մեծ հաղթարշավի քարագիր վկան է Խորխոռյան արձանագրությունը:
    Վանի տերությունը վերանշյալ հաջողություններին  հասնում է ուժերի մեծ լարումով, որից հետո միառժամանակ սահմանափակվում են ռազմական գործողությունները, և Արգիշտին որոշում է զբաղվել տերության ներքին հզորության ամրապնդմամբ և նվաճված տարածքների յուրացմամբ: Զարկ տրվեց քաղաքաշինությանը՝ հիմնելով այնպիսի խոշոր վարչատնտեսական կենտրոններ, ինչպիսիք էին Էրեբունին (Ք.ա. 782թ.), և Արգիշտիխինիլին (Ք.ա. 776թ.)՝ Արարատյան դաշտավայրում, մեկ այլ Արգիշտիխինիլի՝ Մուշի շրջանում: Անցկացվում են նոր ջրանցնքեր, ընդլայնվում մշակովի հողատարածքները, այս միջոցառումները կոչված էին բավարարելու տերության աճող կարիքները:
   Խորխոռյան տարեգորության այսօր մեզ հասած մասերը պարունակում էին միայն Արգիշտի Ա-ի կառավարման մինչև տասնչորսերորդ տարվա պատմությունը (Ք.ա. 773թ.), մինչդեռ այլ աղբյուրներից մեզ հայտնի է, որ Վանի տիրակալը իշխել է մինչև Ք.ա. 764թ.



“Մեր Հաղթանակները” ժողովածուի Ա հատոր. Արտակ Մովսիսյան, Սուրեն Մարտիկյան:

Комментариев нет:

Отправить комментарий