31.07.2013

ՑԵ՞Ղ, ԹԷ՞ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԻՒՆ


Կէս դար առաջ, Թրքահայաստանի պայմաններում գոյութեան իրաւունք եւ յաջողութիւն կարող էին ունենալ գերազանցօրէն ազգային շարժումներ - նմաննե՜րը միայն: Աշխարհածանօթ իրողութիւն է, որ հայութիւնը վտանգուած էր ազգովին, եւ կ ակնկալուէր, որ Հայոց յեղափոխութիւնը ծնունդ առնէ մեր վտանգուած Ցեղի խռովքէն ու գործէ ողջ ազգի անունով, ողջ ազգի համար, ազգի բովանդակ ոյժերով: Ցեղօրէն անխաթար ժողովուրդների մէջ ինքնապաշտպանութեան բնազդը ուժեղանում է իրեն սպառնացող վտանգի համեմատութեամբ: Բացարձակ է ե՜ւ հետեւեալ ճշմարտութիւնը. - Վտանգի ժամանակ զանգուածների մէջ երեւան է գալիս ընդհանրականը, ցեղայինը, որի առջեւ տեղի են տալիս անհատականն ու հատուածականը: Ուզում եմ ասել - Ցեղի՜ն է ու Ցեղի՜ց է ինքնապաշտպանութեան բնազդը: Ժողովուրդը Ցեղո՜վ է արթուն, զօրաւոր, ինքնապաշտպանունակ - ահա՜ թէ ինչո՜ւ ֆիզիքական գոյութիւնը վտանգուած, որով եւ՜ ինքնապաշտպանութեան կարօտ հայութեան մէջ երեւան պիտի գային զուտ ցեղա-ազգային կազմակերպութիւններ, եւ ո՜չ թէ քաղաքական կուսակցութիւններ: Միայն խորապէս ցեղա-ազգային յեղափոխութիւնը կարող էր գլուխ հանել դարերով օտար լծերի տակ իր տոհմիկ առաքինութեանց մէջ տկարացած մեր ժողովրդի ազգային ինքնագիտակցութեան վերազարթնումը, միայն դա՜ կարող էր համախմբել ու ակտիւացնել հայութեան ոյժերը - անհրաժեշտ նախապայմանը ազգային ամեն պայքարի յաջողութեան:
Վերածնունդ-յեղափոխութիւն այդպիսի՜ն պիտի լինէր մեր յեղափոխական շարժը: Հայոց շարժումների վարիչները, դժբախտաբար, չեղան ամեն բանից առաջ համահայկականութեան, ցեղային ամենամիութեան, քաղաքական միակրօնութեան (ա՜յն, որ այսօր մենք դաւանում ենք իբրեւ ցեղակրօնութիւն) գաղափարախօսներ: Ազգային կուռ գաղափարախոսության պակասի պատճառով, օտար փոխառիկ գաղափարները եկան խռովելու, շարժելու, բայց ո՜չ եւ յեղափոխելու մեր ժողովուրդը, նա՜խ նրա մտածողութիւնը: Այդ իսկ պատճառով ունեցանք շարժում, աւելի ճիշտը շարժումներ, բայց ո՜չ ազգային վերանորոգիչ յեղափոխութիւն:
* * *
Պէտք է ենթադրել, որ Հայոց յեղափոխութեան ձեռնարկողները լաւապէս ճանաչում էին երեք բան -իրենց ժողովրդի հոգեւոր ժառանգականութիւնը, նրա դարաւոր թշնամու հոգեբանութիւնը եւ արտաքին աշխարհի պայմանները: Մեր պատմական անցեալը, մեր Ցեղի մշակութային փառքը - այդ կը պարտադրէր լինել հոգեւորապէս աւելի անկախ եւ ծունկ չծռել օտար - յաճախ խաբուսիկ - արժէքների առջեւ: Արտաքին ազդեցութիւնները, սակայն - որոնց դեռ այսօր էլ առատ տուրք են տալիս հայ կուսակցութիւնները - պատճառ դարձան, որ հայ մտաւորականութիւնը խզէ հայութեան զարգացման գիծը, որ հրամայաբար պիտի պահուէր մեր նախայեղափոխական անցեալի եւ յեղափոխականութեան շրջանի միջեւ: Աղէտալի եղաւ հայ վարիչ մտաւորականութեան ցեղային անլիակշռութիւնը - իմա՜ նրա նուաստութեան զգացումը - դա նրան դարձրեց անուղղայ ընդօրինակող: Կէս դար է, ինչ գոյութիւն ունին հայ կուսակցութիւնները, բայց եւ այնպէս նրանցից եւ ո՜չ մէկը դեռ ձեւաւորուած չէ՜ ծրագրօրէն, նրանք դեռ չունի՜ն հիմնաւորուած աշխարհայեցողութիւն: Նրանց ծրագիրները - մէկը միւսից մոդայիկ - մի քիչ ռուսական, մի քիչ եւրոպական - միայն անունով են հայկական: Նմանուելու այդ ախտից - արդիւնք ազգային տկար ինքնագիտակցութեան - դեռ այսօր էլ զերծ չեն հայ կուսակցութիւնները: Այս կամ այն ժողովուրդը քաղաքականապէս ազատագրուելուց առաջ պէտք է - իբրեւ նախապայման - նախ ազատագրել նրա մտածողութիւնը օտար կապանքներից: Այդ չհասկացաւ հայ մտաւորականութեան մի մասը: Լծուելով լիբերալիզմի, սոցիալիզմի, անկրոնութեան կառքերին նա չհասկացաւ, որ Հայոց յեղափոխութեան առաջին գործը պիտի լինէր այնպէս դաստիարակել հայութիւնը, որ նրա հասարակական խաւերը զօրութենապէս լրացնեն եւ օժանդակեն իրար, եւ ո՜չ թէ կատաղի պայքար բանան իրար դէմ: Արդի՞ւնքը - ժողովուրդը հոգեբանօրէն, մտածումով ու ապրումով միատարրելու փոխարէն, պառակտեցին կասեցնելով մինչեւ այդ սկսուած նրա վերածնունդը, մի բան, առանց որի ո՜չ միայն ձախողւում են յեղափոխական փորձերը, այլեւ յաճախ լրջօրէն վտանգում են ազգերի ապագան: Հայ կուսակցութիւնները լաւապէս չէին ճանաչել նաե՜ւ թուրքը: Այլապէս մեր ազատագրական գործոննէութիւնը պիտի ունենար տարբեր տարողութիւն ու մեթոդ:
Իսկ արտաքին պայմաննե՞րը, Եւրոպա՞ն, որը Հայկական հարցը ծառայեցրեց իբրեւ առիթ Թուրքիոյ ներքին գործերին միջամտելու եւ սակարկելու նրա հետ - ճանաչո՞ւմ էին Եւրոպան, որի խաչին եւ մարդկայնութեան այնքան սին յոյսեր էին կապել: Ի զուր անցան Հայոց վերածնունդի ռահվիրաների կանչերը յոյս չդնե՜լ Եւրոպայի վրայ. ՙՀայաստանի մէջ է բո՜ւն հայկական խնդիրը, եւ մենք Բերլինի մէջ կ որոնենք զայն՚: Հայ ցեղաշունչ գրողի - Սրուանձտեանցի - համար Հայաստանը դա Հայ ցեղն ու Հողն է, որոնց պաշտամունքից պիտի քաղեն իրենց նուիրումին ոյժը հայութեան ճակատագրով ապրող մեր բոլոր սերունդները:
 Հայաստանի մէջ է բո՜ւն հայկական խնդիրը՚ - դա ասել է դարերով իր գոյութեան թշնամուն եւ մահուան հպատակ մեր ժողովուրդը ի՜ր մէջ, միայն իր Ցեղի մէ՜ջ պիտի փնտռէ իր փրկութիւնը: Դա ասել է հայութիւնը պիտի առաջնորդուի էաբանակա՜ն հրամայականով նա՜խ ինքդ օգնիր քեզ: Հայ մտաւորականութեան մի մասը, մեղանչելով այդ հրամայականի դէմ, սոցիալիստացաւ եւ իր յոյսը դրեց արտաքին ոյժերի - Երկրորդ, Երրորդ Ինտերնացիոնալների, ՙքսան միլիոննոց միջազգ. բանւոր. բանակի՚ եւ նման այլ յիմարութիւնների վրայ: Մեր մտաւորականութիւնը չհասկացաւ, որ ինքն - իբրեւ ազգի գիտակցութեան օրօրանը - կուսակցականանալով, դադարում է ծառայել ազգին: Այո՜, հատւածականացած մտաւորականութիւնը ճշմարիտ մտաւորականութիւն չէ. նմանը մեղանչում է իր կոչումի դէմ: Հայութեան ու Հայաստանի թշնամիների, ինչպես եւ օտար, վատասերիչ միջավայրի դէմ յաջողաբար գործել կարող է միայն ցեղային համամիութիւնը եւ ո՜չ թէ քաղաքական այս կամ այն փոխառիկ գաղափարի շուրջը հատուածական շահերի նոյնութեամբ ժամանակաւորապէս միացած անհատների խմբակցութիւնը: Մեր մտաւորականութեան անցեղապաշտ մասի թեթեւամտութեան համար դժուար թէ մեղմացուցիչ պարագաներ գտնեն օրուայ հասարակագէտն ու վաղուայ պատմաբանը  ՙԲուն հայկական խնդիրը՚ - դա օտար լծերի տակ ուծացած հայկական զանգուածները վերստին ազգի վերածելու մէջ է: Հասկանա՜նք այս: Իսկ դա հնարաւոր է միայն քաղաքական միակրօնութեամբ, մի բան, որ կ՜ընձեռնէ մեզ ցեղը, Ցեղակրօնութիւնը: Հայը դեռ անհայրենատէր, կուսակցականացաւ, հատւածականացաւ - մի պարագայ, որի պատճառով թերի մնաց Նազարեանների օրով սկուած այնքան խոստմնալի իր վերածնունդը: Այդ իսկ պատճառով հայութիւնը չկարողացաւ յաղթահարել իր ներքին տկարութիւնները - չկարողացաւ թարմանալ ցեղօրէն, վերանորոգուել, ամբողջանալ իբրեւ ազգ: Սրանո՜վ - բնաւ չանգիտանալով արտաքին պատճառները - նաե՜ւ սրանով պիտի բացատրել մեր ժողովրդի կրած թէ՜ աղէտները եւ թէ օրուայ անզօր ու անկար վիճակը:

ՙՌազմիկ՚, 1942 թ., թիւ 3
Գարեգին Նժդեհ, <<ՄԵԾ ԳԱՂԱՓԱՐ>>, 
ՀՀԿ, 2003թ.

Комментариев нет:

Отправить комментарий