26.02.2013

ՏՈՒՇՊԱ



Ք.ա. IX դարից Հայկական լեռնաշխարհում ասպարեզ իջավ մի պետություն, որին ասորեստանցիները կոչում էին Ուրարտու, իսկ այդ պետության թագավորներն իրենց երկիրն անվանում էին Բիայնիլի: Ուրարտուն Արարատի աղավաղված ձեւն է, իսկ Բիայնիլիից ծագում է Վան անունը: Այդ պատճառով էլ ընդունված է այդ պետությունը կոչել Վանի կամ Արարատյան թագավորություն: Այս թագավորությունը ձգտում էր մեկ միասնական պետության մեջ միավորել լեռնաշխարհի բոլոր իշխանություններին: Միասնական պետություն անհրաժեշտությունը ստեղծվել էր արտաքին թշնամիների, առաջին հերթին Ասորեստանի ավերիչ արշավանքներին դիմակայելու համար: Այս պետության առաջին թագավորը Արամեն էր (Ք.ա. 859-843թթ.), որը երկարատեւ պայքար էր մղում Ասորեստանի նվաճողական քաղաքականության դեմ: Սարդուր I-ը (Ք.ա. 835-825թթ.) կառուցեց մայրաքաղաք Տուշպան (Վան): Նա իրեն անվանում է. «Մեծ արքա, հզոր արքա, բազմությունների արքա, Նաիրի երկրների արքա, արքա, որին ոչ մի թշնամի չի հաղթել»: Նրան հաջորդեց Իշպուինին (Ք.ա. 825-810թթ.), որն իր պետությանը միացրեց Եփրատից մինչեւ Վանա եւ Ուրմիա լիճ ընկած տարածքները, այդ թվում Մուսասիրը, որը դարձավ թագավորության կրոնական կենտրոնը, քանի որ այդտեղ էր գլխավոր աստծո` Խալդիի տաճարը: Նրա օրոք երկրի հյուսիսային սահմանը դարձավ Հայկական պար լեռնաշղթան: Իշպուինիի օրոք ասորեստանյան գրային համակարգի փոխարեն սկսեցին օգտագործել նորաստեղծ ուրարտական սեպագիրը: Մենուայի օրոք (Ք.ա. 810-786թթ.) սկսվեց թագավորության վերելքը, որը տեւեց մոտ 70 տարի: Վանի թագավորությունը դարձավ Առաջավոր Ասիայի ամենահզոր պետությունը, իսկ Ասորեստանը այդ ընթացքում ժամանակավորապես կորցրեց իր նախկին ազդեցությունը:
Մենուան գրավեց Ծուփանին (Ծոփքը), Եփրատից արեւմուտք ընկած Մելիդը (Մալաթիա) եւ Արարատյան դաշտավայրը, ուր կառուցեց Մենուախինիլի ամրոցը: Վանում կառուցեց 72 կմ երկարությամբ ջրանցք, որը հայտնի է «Շամիրամի ջրանցք» անունով: Նա նվաճեց Ասորեստանին ենթակա Մանա, Բուշտու, Պարսուա երկրները եւ անմիջական սպառնալիք ստեղծեց Ասորեստանի համար: Իր կառավարման վերջին տարիներին նա արշավեց հյուսիս եւ իրեն ենթարկեց Դիաուխին (Տայքը): Մենուային հաջորդեց որդին` Արգիշտի I-ը (Ք.ա. 786-764թթ.), որի օրոք երկիրը հասավ իր քաղաքական ու ռազմական հզորության գագաթնակետին: Նա ճնշեց Ծոփքում, Մելիդում, Տայքում եւ այլ վայրերում ծագած ապստամբությունները, գրավեց Շիրակը (Էրիախի), ապա ներխուժեց Ասորեստան, որտեղից վերադարձավ հարուստ ավարով եւ տասնյակ հազարավոր գերիներով: Արարատյան դաշտում Ք.ա. 782թ. նա կառուցեց Էրեբունի քաղաքը, իսկ Ք.ա. 776թ.` նաեւ Արգիշտիխինիլի քաղաքը` հետագա Արմավիրը: Արգիշտի I-ի օրոք Վանի թագավորությունը դարձել էր Առաջավոր Ասիայի ամենահզոր տերությունը, որի ազդեցության ոլորտում էին հայտնվել բազմաթիվ երկրներ, իսկ Ասորեստանը դժվարությամբ էր դիմակայում ուրարտական բանակների ներխուժմանը: Արգիշտիին հաջորդեց Սարդուրի II-ը (Ք.ա. 764-735թթ.): Նա գրավեց Սեւանա լճի ավազանը, Կումմուխը (Կոմմագենը), հյուսիսում հասավ մինչեւ Կոլխա, իսկ հարավում` Բաբելոն: Միաժամանակ նա հակաասորեստանյան երկրների դաշինք ստեղծեց: Այս շրջանում Ասորեստանը կրկին բռնել էր հզորացման ու վերելքի ուղին: Ք.ա 743թ. Ասորեստանի Թիգլաթպալասար III թագավորը Հյուսիսային Ասորիքի Արպադ քաղաքի մոտ ջախջախեց Սարդուրիի բանակը եւ մեծ ավար վերցրեց: Ք.ա. 735թ. Կոմմագենում Թիգլաթպալասարը երկրորդ անգամ հաղթեց Սարդուրիին եւ ներխուժեց Վանի թագավորության տարածք, պաշարեց մայրաքաղաք Տուշպան, սակայն գրավել չկարողացավ: Այդ պարտությունից հետո Ուրարտուն կորցրեց քաղաքական գերիշխանությունը Առաջավոր Ասիայում: Ռուսա I թագավորը (Ք.ա. 735-713թթ.) կարողացավ կարճ ժամանակում ամրապնդել երկիրը, նվաճումներ կատարեց Սեւանից արեւելք, Ուրմիա լճի հյուսիսային ու արեւելյան շրջաններում: Նա խոշոր շինարարական աշխատանքներ կատարեց` կառուցեց Ռուսախինիլի քաղաքը, Ռուսայի ջրանցքը եւ այլն: Ռուսան նույնպես ստեղծեց հակաասորեստանյան երկրների դաշինք եւ փորձեց Առաջավոր Ասիայում վերականգնել Ուրարտուի գերիշխանությունը: Ք.ա. 715թ. նա ետ մղեց հյուսիսից ներխուժած կիմերներին, ճնշեց կենտրոնախույս ուժերի ըմբոստությունները, սակայն դրանք թուլացրին երկիրը: Ք.ա. 714թ. Ուրմիա լճի մոտ Ասորեստանի Սարգոն II թագավորը պարտության մատնեց Ռուսայի զորքերին, ներխուժեց Վանի թագավորության կենտրոնական շրջանները եւ մեծ ավերածություններ կատարեց: Սարգոնը գրավեց Մուսասիր քաղաքը եւ թալանեց Խալդի աստծո գլխավոր տաճարում պահվող հսկայական հարստությունները: Սարգոնի արշավանքից հետո երկիրը այլեւս նախկին հզորությունը չվերականգնեց: Վերջին հզոր թագավորն էր Ռուսա II-ը (Ք.ա. 685-645թթ.), որը արեւմուտքում արշավեց Փռյուգիա, Խաթթի եւ Խալիտու երկրներ, կառուցեց Թեյշեբաինի քաղաքը եւ բազմաթիվ հզոր բերդեր: Ք.ա VII դարի 2-րդ կեսից հզորացավ Մարաստանը, որը Ք.ա. 612թ. գրավեց Նինվեն եւ կործանեց Ասորեստանը: Ք.ա. 609թ. մարերը գրավեցին եւ ավերեցին Տուշպան: Սակայն Վանի թագավորությունը գոյատեւեց մինչեւ Ք.ա. 590թ. եւ վերջին թագավորն էր Ռուսա IV-ը (Ք.ա. 609-590թթ.): Վանի թագավորությունը վաղ ստրկատիրական պետություն էր, որը ղեկավարում էր արքան` անսահմանափակ իշխանությամբ: Նրա ձեռքում էին կենտրոնացված երկրի գերագույն իշխանությունը, դատավարությունը, զինված ուժերի հրամանատարությունը, հողն ու ընդերքի հարստությունները եւ այլն: Արքան համարվում էր գլխավոր աստծու` Խալդիի ներկայացուցիչը երկրի վրա: Արքայի գահը ժառանգում էր ավագ որդին: Արտաքին թշնամիներին դիմակայելու, արշավանքներ ձեռնարկելու, միջազգային հեղինակությունն ապահովելու, կենտրոնախույս ուժերին ընկճելու, երկրում կարգ ու կանոն հաստատելու համար անհրաժեշտ էր ունենալ հզոր զինված ուժեր: Տարեգրություններում հիշատակվում է, որ երկրում զինվորական ծառայության ենթակա այրերի թիվը հասել է մոտ 350.000-ի: Զինված ուժերի կորիզը կազմում էր արքունի 50.000-ոց մշտական բանակը, որը խաղաղ պայմաններում տեղակայվում էր արքունի բերդերում, ամրոցներում եւ սահմանային զորակայաններում: Բանակի սպառազինության մեջ մտել են մարտակառքեր, երկաթե սրեր ու դաշույններ, նիզակներ, տեգեր, սակրեր, երկաթե կեռ դանակներ, լայնալիճ աղեղներ: Վահանները, արմնկակալները, սաղավարտները բրոնզից էին, օգտագործվում էին նաեւ երկաթե թերթավոր զրահներ, ձիու բրոնզե լանջապանակներ ու ճակատակալներ: Վանի թագավորները հետեւողականորեն զբաղվել են ամրաշինությամբ, երկրի պաշտպանական համակարգի եւ ռազմական տեխնիկայի կատարելագործմամբ: Հարյուրավոր բերդեր ու ամրոցներ են հիմնվել տերության կենտրոնական եւ սահմանային շրջաններում: Վանի թագավորության հզորությունը եւ ռազմաքաղաքական հաջողությունները մեծապես պայմանավորվել են նրա տնտեսական զարգացման բարձր մակարդակով: Տնտեսության վերելքը զգալիորեն խթանվեց երկրի հարուստ մետաղահանքերի շահագործմամբ եւ երկաթե գործիքների օգտագործմամբ: Մետաղագործության հիման վրա ծավալվեցին արհեստները (դարբնություն, զինագործություն, ոսկերչություն, քարագործություն, փայտամշակություն, ոսկորի մշակում եւ այլն), ընդլայնվեց առեւտուրը, կատարելագործվեց շինարարական տեխնիկան: Երկաթյա գործիքների կիրառությունը եւ պետական հիմքերի վրա դրված ջրանցքաշինությունը (Շամիրամի ջրանցք, Ռուսայի ջրանցք եւ այլն) խթանեց երկրագործության առաջընթացին, յուրացվեցին նոր ցանքադաշտեր, բարելավվեց հողամշակումը: Լեռնային եւ նախալեռնային շրջաններում զարգացած էին անասնապահությունը եւ անասնաբուծությունը: Զարգացած է եղել հատիկավոր բույսերի մշակումը, խաղողագործությունը, գինու եւ գարեջրի արտադրությունը, ձիթագործությունը:


Комментариев нет:

Отправить комментарий