17.01.2013

ՀԱՅՐԵՆԱՊԱ՛ՇՏ, ԱՅԼ Ո՛Չ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ


Զորավար Նժդեհը հայրենիքի հանդեպ իր ունեցած խոր ու անսահման սերը արտահայտելու համար, չափազանց տկար ու անբավարար էր համարում լոկ <<հայրենասիրությունը>>: Սեր կարող է մարդ ունենալ ամեն բանի նկատմամբ՝ նյութի, վայելքի, հագուստի, զբոսնելու և այլ անարժեք ու անցավոր բաների նկատմամբ: Բայց այն, ինչ մարդ պետք է ունենա հայրենիքի հանդեպ, ոչ թե սեր, այլ՝ պաշտամունք է: Հայրենիքը կարիք ունի մոլեռանդ ու անձնվեր պաշտամունքի և ոչ թե միայն սիրո:
     Հայրենապաշտը պետք է խորապես գիտակցի, որ ինքը անցավոր էակ է, իսկ իր ցեղն ու հայրենիքը՝ հավիտենական ու մնայուն արժեքներ. ինքը վաղը հող պիտի դառնա , բայց պիտի մնան ու ապրեն իր ցեղն ու հայրենիքը: Եվ հայրենապաշտ անհատի համար ի՛նչ կա ավելի գեղեցիկ ու վսեմ, քան իր անցավորությունը խառնել - իր մե՛ծ զոհողություններով- հավիտենական հայրենիքին ու ցեղին:
     Ամեն անհատ կյանքի մեջ կոչում կունենա և հաճախ չի կարող խուսափել իր այդ ճակատագրից, շեղվել՝ իր համար նախագծած ճամփից:
      Գարեգին Տեր-Հարությունյանը, որը ծնվել է 1886թ-ին հունվարի 1-ին, Նախիջևանի Կզնութ գյուղում, Պետերբուրգի իրավաբանության համալսարանի ուսանող էր և կպատրաստվեր փաստաբան դառնալ, երբ 1905թ-ին հանդիպում է Դաշնակցության Լիժենյան դատավարությանը: 162 դատապարտյալների մեջ է նաև իրավաբանության երիտասարդ ուսանողը: 155 հոգի խոստովանում են իրենց հանցավոր լինելը և զղջություն են հայտնում դատավորին՝ իրենց հեղափոխական գործունեության համար: Միայն 7 հոգի են մնում անվեհեր և անդրդվելի: Այդ 7 հոգուց մեկը Նժդեհն էր, որը դատարանի առջև կանգնելով ասաց.
      -Ես չէի կարող հեղափոխական չլինել, քանզի  օտար լծի տակ հեծող հայրենիք ունեմ:
Միայն հայրենապաշտ և մոլեռանդ գաղափարական մարդու շուրթերից կարող էր պորթկալ այս խոսքերը, առանց նկատի ունենալով ցարական բանտն ու տառապանքները, առանց նկատի առնելով իր ուսումն ու ապագան:
     Նժդեհը թեև համալսարանական ուսանող էր, բայց արդեն ձգտում էր Հայաստանի ազատության և հայ ժողովրդի փրկության, ու կտառապեր՝ տեսնելով իր Հայրենիքը թրքական անարգ լծի տակ, իսկ ժողովուրդը՝ անլուր թշվառության մեջ: Թրքական կողոպուտները, բռնաբարումները, հրդեհումներն ու ջարդերը խորապես ազդում էին Նժդեհի հայրենապաշտ ու ցեղախռով հոգու վրա, և նա որոշում է ընդգրկվել զինվորական ծառայության մեջ՝ իր ցեղին ու հայրենիքին ծառայելու նպատակով:
    Զինվորական կրթությունՆ ավարտում է Սոֆիայում՝ ամենափայլուն հաջողությամբ: Իբրև հեղափոխական նա անվհատորեն գործեց ու միշտ հալածվեց, բանտարկվեց և աքսորվեց, բայց նրա հայրենապաշտական հոգին երբե՛ք չընկճվեց, քանզի գաղափարական մարդու կամքն ու նկարագիրը ամեն տեսակ հալածանքից ավելի է ամրանում ու զորանում: Զինվորական ասպարեզը Հայրենիքին ծառայելու համար իբրև միջոց ընտրած Նժդեհը պայքարեց Բալկանյան պատերազմում, հայ կամավորների գնդի գլուխ անցած Անդրանիկի հետ, որովհետև թշնամին մեկն էր՝ թուրքը: Նա բուլղար դրոշակը պատվով և հերոսականով օծեց: Երբ տարիներ հետո, բոլշևիկների օգնությամբ և գործակցությամբ թուրքերը կանգնած էին մեր նորաստեղծ հայրենիքի սահմանների վրա և սպառնում էին ավերել Հայաստանն ու բնաջնջել ժողովրդին, Նժդեհը վտանգի գծի վրա էր, դեմ հանդիման թշնամիներին և պատրաստ ակն ընդ ականի:
    Նժդեհը իր զորքը կռվի մղելուց առաջ սովորություն ուներ մի քանի խոսքով հոգեզինելու,  խանդավառելու և սրբազան խենթության մղելու, որոնցից էլ հրաշք կծնվեր պատերազմի դաշտի վրա:

Ազգային գիտակցություն, ՀԱՅՐԵՆԻՔ ակումբ, Եր., 2008

Комментариев нет:

Отправить комментарий