06.08.2013

ՇԱՀՈւՌՆԵՑՈՑ ԶԻՆԱՆՇԱՆԸ


Օրբելյանների իշխանատիրույթում ճանաչման է արժանացել Շահուռնեցոց տոհմը: Այս տոհմի նշանավոր ներկայացուցիչը Վահրամ Շահուռնեցին է, որ Օրբելյանների զորաբանակի սպարապետն էր: Հավատարիմ ծառայության համար այս քաջազուն զորավարը 13-րդ դարի 70-ական թվականներին Տարսայիճ Օրբելյանից որպես կալվածք ստացել է Վայոց Ձորի Հերհեր գյուղը՝ իր շրջակայքով:
    Վահրամ Շահուռնեցուց հետո նրա գործը շարունակել են որդիները՝ Ուքանը, Ամատը, Հասանը: Թե՛ Վահրամը, թե՛ որդիները նահատակվել են թշնամիների դեմ մղած մարտերում:
    1340-ական թվականներին իշխանատիրույթի գահերեց տերերից Բաշքեն Օրբելյանն իր որդի Կուկային ամուսնացնելով Ամատի միակ դուստր Նաթիլի հետ՝ տիրացավ պատմության թատերաբեմից հեռացած Շահուռնեցոց տիրույթներին:
   Հերհեր գյուղից մեկ կիլոմետր հյուսիս-արևելք, երկու ձորերով եզերվող  բլրի գագաթին գտնվող հնագույն Սուրբ Սիոն միանավ եկեղեցու հարավային պատին կից, Վահրամ Շահուռնեցու օրոք, 1282-83 թվականներին կառուցվել է Սուրբ Աստվածածին միանավ, թաղակապ եկեղեցին:
   Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային ճակատի միակ պատուհանի պարակալի գլխին տեղադրված է Շահուռնեցոց տոհմի զինանշանը:
   Դիմահայաց արծվի արձանային քանդակը հիմնականում կրկնում է գահերեց տերերի՝ Օրբելյանների զինանշանը: Արծիվը թևաբաց դիրքով, մարմնի միջնամասից սկսվող ամուր մագիլներով հենված պատուհանի պսակին: Մարմինը լիքն է, ծավալուն, ձևավորված պարուրաձև կլորացող շրջանակներով: Գլուխը կլոր է, հզոր կտուցը մի փոքր խոնարհված է, խոշոր աչքերով հետևում է իր մարմնի տակ սեղմված ու ողնաշարաջարդ արված խոյին: Արծվի բաց թևերը, ընդհանուր բացվածքին համապատասխան, ձևավորված են զուգահեռ ակոսներով: Գլխով դեպի ձախ ուղղված խոյի մարմինը չի երևում. արծվի մարմինն այն ամբողջովին ծածկել է, ձախ կողմի թևի բացվածքի վրա երևում է խոյի առավել մանրամասն մշակված գլուխը, որ ուղղված է դիտողին: Խոյի անպաշտպան ու տառապագին վիճակն արտահայտվում է վերջինիս դուրս ընկած աչքերով:
   Շահուռնեցոց զինանշանային արծիվը մատնանշում է վերջինիս ուժը, հզորությունը և թշնամիներին ճզմելու, ոչնչացնելու համոզմունքն ու վստահությունը: 


<<Հայկական իշխանական զինանշանները>> գրքից,  Տիգրան Հայազն

Комментариев нет:

Отправить комментарий