19.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐՈՒՄ: ԴԵՌԵՎՍ Ք.Ա. 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵԻՆ ՇՏԱԲՆԵՐ ԵՎ ՄՇՏԱԿԱՆ ԲԱՆԱԿ


Ապիլլաշան ինքն իրեն զարդարել էր ոսկով, արծաթով, կարնեոլով ու լաջվարդով, և նա բազմել էր բարձր դրված գահին՝զարդարված ճոխ հագուստներով: Նա դրել էր ոտքը ոսկյա  աթոռակի (ոտքի պատվանդանի) վրա (և) չշարժեց ոտքը իմ ներկայությունից:
                                                                   Արադմու հետախույզի զեկույցից

Ութուխեգալի իշխանությունը կարճ է տևում: Նրա մահից հետո գերիշխանությունն Ուրուկից անցնում է Ուր-Նամմուին, որն էլ դառնում է Ուրի 3-րդի հարստության (Ք.ա. 2112(՞)-2003թթ.) հիմնադիրը: Ուր-Նամմուից մեզ է հասել այսօր աշխարհում հայտնի հնագույն օրենսգիրքը:
    Ուրի 3-րդ հարստության արքաները վերցնում են աքադական տիրակալների <<Շումերի և Աքադի արքա>> տիտղոսը: Ստեղծվում է հսկա բյուրոկրատական ապարատով պետական համակարգ, որը նպաստում է հինարևելյան տիպի բռնապետության վերջանական հաստատմանը:  Հարստության երկրորդ արքա Շուլգիից սկսած՝ բոլոր արքաները կրում են <<աստված>> տիտղոսը:
    Արտաքին քաղաքականության մեջ Ուրի 3-րդ հարստությունը զգալիորեն զիջում էր  աքադական արքաներին: Նրանց արձանագրություններում բազմիցս հիշատակվում են Տիգրիսի հոսանքով վեր կատարած արշավանքները, որոնց ընթացքում, սակայն, ավելի հյուսիս՝ դեպի հայկական լեռնաշխարհ, Ուրի 3-րդ հարստության արքաներին չի հաջողվել թափանցել:

    Եփրատի հոսանքով դեպի հյուսիս կատարած արշավանքներում Ուրի 3-րդ հարստության արքաները տիրելով Մարերին՝ կարճ ժամանակով իրենց իշխանությանն են ենթարկել Էբլան, ու Ուրշուն, շինարարություն են իրականացրել Թելլ Բրաք հնավայրի տարածքում: Վերջինս գտնվում էր Սուբուր-Արմանի հնավայրի սահմանի մոտ:
    Արմանը մնում է Ուրի 3-րդ հարստության արքաների վտանգավոր ախոյանը:
    Այդ են վկայում հարստության երկրորդ արքա Շուլգիի ժամանակվա հետախուզական փաստաթղթերը, որոնցում Արմանը ներկայանում է հզոր ու բարգավաճ երկիր: Նամակներից մեկում հետախույզ Արադմուն Շուգլի արքային հաղորդում է, որ Արմանի տիրակալն ուներ <<արշավանքի տուն>> (ներկայիս եզրաբանությամբ՝ <<գլխավոր շտաբ>>), որի պատերը զարդարված էին թանկարժեք մետաղներից ու քարերից պատրաստված զինատեսակներով: Այս նկարագրությունն ակնհայտորեն հիշեցնում է Վանի թագավորության (Բիայնիլի, Արարատ-Ուրարտու) պալատի ներքին հարդարանքը, որի ներսի պատերը ևս զարդարվում էին զանազան զինատեսակներով: 
 Պատմական տեղեկանք:  <<Իմ  արքային ասացեք. այսպես է ասում քո ծառա Արադմուն. 
           Դու հանձնարարել էիր ինձ, քանի որ ես ուղղություն էի վերցրել դեպի Սուբիր երկիր, ապահովել գավառային հարկերը, ճշգրիտ տեղեկացնել տարածքների վիճակի մասին և երաշխավորել դրանց հնազանդությունը՝ խորհրդակցելով Ապիլլաշայի՝ <<ժողովի իմաստունի>> հետ, որ նա կարողանա Սուբիրի ժողովրդին դարձնել հնազանդ:
    Երբ  ես մոտեցա պալատի դարպասին, ոչ ոք չհարցրեց ողջությունն իմ տիրոջ: Նրանք, որ նստած էին,  չկանգնեցին կամ չխոնարհվեցին:
    Երբ ես մոտեցա (ես տեսա, որ) նա ուներ... <<արշավանքի տուն>>, ուր կանգնեցված էին ոսկով, արծաթով, կարնեոլով ու լաջվարդով զարդարված քերոցներ և նիզակներ, որը բռնում էր մեկ հեկտար տարածք: Ապիլլաշան ինքն իրեն զարդարել էր ոսկով, արծաթով, կարնեոլով ու լաջվարդով, և նա բազմել էր բարձր դրված գահին՝ զարդարված ճոխ հագուստներով: Նա դրել էր ոտքը հսկա աթոռակի (ոտքի պատվանդանի) վրա (և) չշարժեց ոտքը իմ ներկայությունից:
    Աջ և ձախ կողմերում  զինվորները (?) տեղակայվել էին, ամեն կողմում հինգ հազար: Նա նրանց կերակուր էր հատկացրել 6 գիրացած ցուլ և 60 գիրացած խոյ...
    Դարպասի մոտ խիստ հարցաքնն
եալու հետո ոչ ոք անգամ չհրավիրեց ինձ ներս մտնել: Երբ ես վերջապես մտա, ինչ-որ մեկը բերեց ինձ կարմիր ոսկուց ճարմանդներով զարդարված աթոռ և ասաց ինձ՝ <<նստի՛ր>>: Ես պատասխանեցի. <<Ես այստեղ եմ՝ կատարելու իմ արքայի հանձնարարությունը, ուստի չեմ նստի>>:
    ...իմ տիրակալի զինվորները շրջեցին իմ սեղանը, ես սարսափեցի, և իմ մարմինը սարսռեց>>:

Հատվածներ Արամդու հետախույզից Շուգլի արքային ուղղված զեկույցից 

Հայոց աշխարհի տիրակալը նստում էր ոսկե գահի վրա՝ ոտքերը դնելով ոսկե աթոռին: Հետաքրքրական է, որ նամակը պահպանել է հայոց արքունիքում դիվանագիտական էթիկայի պահպանման ուշագրավ մի տեղեկություն, որը հետևյալն է. Երբ կատարվում էր օտարերկրյա դեսպանի ընդունելիություն, չնայած վերջինս՝ թշնամի երիրի ներկայացուցիչ լինելուն, նրան առաջարկվում է ոսկե աթոռ...
    Չափազանց կարևոր է, որ միջագետքյան հետախույզը հաղորդում է Սուբուր (Արման)  երկրում Ք.ա. 21-րդ դարում սեփական մշտական արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի գոյության մասին: Թերևս հենց <<արշավանքի տան>> հարևանությամբ տեղակայված էր տասը հազար զինվորներով մեծ զորակայան: Նշվում է նույնիսկ արքունիքից տրամադրվող օրական պարտադիր կերակրաչափը. <<6 գիրացրած ցուլ և 60 գիրացած խոյ>> ... Հիշենք, որ Սարգոն Աքադացու մշտական բանակի դեմ ի զորու էր եղել մարտնչել միայն Արմանի բանակը. դա նշանակում է, որ Հայկական Լեռնաշխարհում մշտական բանակը կարող էր ստեղծված լինել դեռևս Ք.ա 24-րդ դարում:
    Պատասխան նամակում Շուգլի արքան հանձնարարում է Արմանի <<մեծ մարդկանից>>, այսինքն՝ Ավագների ժողովի անդամներից  <<իմանալ նրանց խոսքը>>, ինչը ցույց է տալիս, որ պետական կառավարման մեջ դեռևս Ք.ա. 28-27-րդ դարերից (Արատտա) հայտնի արքային կից բարձրագույն խորհրդակցական մարմինը (Ավագների ժողովը) շարունակում էր գոյություն ունենալ նաև հազարամյակի վերջում: Ընդ որում, մարտադաշտում իրենց զորքի զինական ուժը ցույց տված ավագները (մեծ մարդիկ), վաստակել էին իրենց <<խոսքը>> լսելի դարձնելու իրավունքը: Այդ ուժի դեմ չէր կարելի պատասխանել մյուս՝ կազմակերպչական առումով ցածր մակարդակ ունեցող զորքերի դեմ նախատեսված պայքարի եղանակով:
   Ք.ա. 21-րդ դարում ևս Արմանը շարունակում է մնալ հզոր տերություն: Այդ մասին ևս վկայում են միջազգային հնագույն բնագրերը: Դարավերջին, երբ Ուրի 3-րդ հարստության բռնակալական իշխանությունը չարիք չէր դարձել Միջագետքի և շրջակա տարածքների ժողովուրդների համար, ապստամբ ժողովուրդներին կրկին օգնության են գալիս Արման զորքերը, որոնք, դաշնակցած Էլամի  (հարավարևմտյան Իրան) բանակների հետ, կործանում են Ուրի 3-րդ հարստության բռնապետությունը՝ հավատարիմ մնալով բարեպաշտ ազատարարի իրենց վեհ առաքելությունը...:
    Ք.ա. 21-րդ դարում Հայկական լեռնաշխարհում վկայված են և՛ ռազմական գործողությունները համակարգող յուրօրինակ շտաբի,  և՛ մշտական կանոնավոր բանակի գոյության փաստերը: Դրանցով հասկանալի են դառնում ինչպես Ք.ա. 3-րդ հազարամյակի երկրորդ կեսում, այնպես էլ Ք.ա. 2-րդ հազարամյակում Հայոց զինուժի բացառիկ հաղթանակները:

“Մեր Հաղթանակները” ժողովածուի Ա հատոր. Արտակ Մովսիսյան, Սուրեն Մարտիկյան:

Комментариев нет:

Отправить комментарий