23.03.2013

ՏՐԴԱՏ ԹԱԳԱՎՈՐԸ ԵՎ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


-Այն ինչ կասեմ ձեզ, անհավատալի կթվա, քանի որ ձեր դայակներն ու ուսուցիչները ձեզ բոլորովին ուրիշ պատմություն են մատուցել: Դուք կընդդիմանաք իմ ասածների և չեք ընդունի, բայց ես հիմա կասեմ ձեզ այն, ինչը եղել է իրականում, և որի ականատեսն եմ եղել ես: Նոր կրոնը մենք չենք ընդունել սիրահոժար. այն պարտադրվել է մեզ օտարի դավի արդյունքում: Մենք էլ, իհարկե, մեր վրիպումներն ունեցանք, որ դա տեղի ունեցավ: Տրդատը՝ առավել ևս: Նա վրիպեց Հայաստան գալու առաջին իսկ օրերին: Պատանդությունից նա եկավ հռոմեական բանակի հետ և սխալմունք գործեց՝ ճնշելով բոլոր այն նախարարներին, ովքեր իր հայր Խոսրովի մահից հետո պարսիկների կողմն էին բռնել: Բայց այդ նախարարները երկիրը պահելու համար այլ ուղի չունեին: Եվ հետո, նրանք բոլորը մեր հավատքի կրողներն էին, ճշմարիտ հայկազուններ: Հեռացնելով նրանց՝ Տրդատը նրանց փոխարեն պաշտոնի բերեց ծագումով ոչ հայ տոհմերին, ինչը թե՛ իր, թե՛ երկրի համար բախտորոշ եղավ: Նա հետո զղջաց դրա համար, բայց ուշ էր արդեն:
    <....>  Տրդատը հաստատվեց որպես Հայոց Աշխարհի տիրակալ, բայց միայն քրմերին ճանաչելուց հետո հասկացավ, թե որպիսի երկրի արքա է ինքը և որն է այդ երկրի արքայի պարտականությունը: Դրանից հետո նա դարձավ շրջահայաց և հոգաց մեր հավատքն ամրապնդելու համար: Այդ մասին լուր հասցրին կայսրին: Ու քանի որ մեր հավատքը ընդհանրություններ ուներ զրադաշտականությանհ ետ, Տարսոնում կարծեցին, թե Տրդատը մոլորեցնում է իրենց և միտք ունի դաշն կնքել պարսիկների հետ: Եվ խորհեցին նրան սաստելու մասին: Արքայի ուժը երկրի ուժն է, իսկ երկրի ուժը նրա հավատքի մեջ է: Ահա և Տարսոնում որոշեցին Տրդատի երկրի հավատքը վերացնել ու փոխարինել այն նոր կրոնով: Դա անելու համար նրանք Հայաստանում զգալի աջակիցներ ունեին. հռոմեական զորակայանները, երկիր թափանցած ծպտյալ քրիստոնյաները, այլազգի ավագանիները՝ Կամսարականներ, Ամատունիներ, Մամիկոնյաններ, նաև՝ այլ ժողովուրդների մեծամարդ համայնքներ....

    ....Հայոց աշխարհի հավատափոխությունը հաջողելու համար Տարսոնը ընտրել էր Տրդատի գրագիր Գրիգորիսին, ով իր ափեափ լցված անձնական ու տոհմական վրեժն ուներ Տրդատի ու նրա երկրի հանդեպ: Իսկ Տրդատն անտեղյակ էր նրա ով լինելուց: Այնպես որ, ինչպես հետո պարզվեց, Հայաստանում Տրդատի, նրա երկրի ու հավատքի դեմ ձևավորվել էր օտարականների ապստամբական մի մեծ բանակ՝  հարյուր հիսուն հազարի հասնող: Եվ մի օր նրանք հաջողեցրին գերել ամբողջ արքունիքն ու թագավորի հետ որսի դուրս եկած շատ ու շատ նախարարների և իշխանների: Ու մեզ հարկադրեցին ընդունել նոր կրոնը: Սա՛ է ամենը:
    Թանձր լռություն տիրեց քարայրում: Հույրերը միմյանց երեսի էին նայում, իսկ Երեմյան վարշամակով սրբում էր ճակատի քրտինքը:
   -Ավագներից լսել եմ, թե քանի որ Տրդատը Տարսոնում է հասակ առել, դրա համար էլ մեր հավատքը պակաս կարևոր էր նրա համար, - ասաց Բաթ իշխանը՝ երկաթե ձողով խառնելով կրակը:: - Նաև լսել եմ, որ մեր թագաժառանգներին այդ ժամանակներում քրմերը հատուկ ուսում էին տալիս, որը Տրդատը, օտարության մեջ գտնվելով, չի ստացել: Գուցե նաև սա՞ է պատճառը, պատվարժան Շահաբ, որ նա, ինչպես ինքդ ես ասում, տեղի է տվել:
    Շահաբը զննող հայացքով նայեց արքայական հեծելազորի պետին, ապա արձագանքեց.
    -Հայոց Աշխարհում հասակ առած թագաժառանգը, անշուշտ, այլ կերպ էր դաստիրակավում, որը նա ստանալ չեր կարող Արևի տակ ուրիշ որևէ այլ վայրում: Նա մանուկ հասակից մեկուսացվում էր ու հանձնվում քուրմ դաստիարակի խնամակալությանը, ով Բագրատունիներից էր: Քուրմը նրան ներգործական ծիսակարգով էր անցկացնում, որը հույժ գաղտնի էր, քանզի դրա մեջ զորություն կար, և օտար մեկը չպիտի յուրացներ այն,. որպեսզի օգտագործեր ի չարս և կամ հնար գտներ խափանելու երկնային ուժերի աջակցությունը: Ես գիտեմ ընդհամենը, որ նվիրագործական ծիսակարգի նախավերջին փուլը կոչվում էր Հայ, քանի որ այդ փուլից հետո մարդ դառնում էր իր ազգին անմնացորդ նվիրված մի էակ: Դրա համար էլ Տիգրան Հայ, Արտաշես Հայ: Իր ազգի անունով կոչվող թագավորների համար չկային արդեն սեփական հոգսեր. նա մի խնդիր ուներ Աստծո առաջ. ապահովել իր ազգի ճանապարհը դեպի կատարելություն: Նա երկրի փաստացի տերն էր, ողջ երկիրն իր սեփական հարստությունն էր, քանզի այն ձեռք էր բերվել և պահվում էր իր սեփական հարստությունն էր, քանզի այն ձեռք էր բերվել և պահվում էր իր նիզակի զորությամբ: Եվ քրմերի սրբազան պարտքն էր ձևավորել այնպիսի արքա, ով այդ ահռելի սեփականությանը տրորելով՝ միաժամանակ զերծ պիտի լիներ մանր կրքերից: Այլապես աղետ կլիներ: Դե՛ , հաջորդ փուլն արդեն արարչականն էր, որն անցած արքան համարվում էր իր ժողովրդի ոգեղեն օրենքը: Նա կիսադից էր՝ անթերի, անաչառ, անկաշառ, սիրառատ, իմաստուն:
    -Արքայի կենցաղային նվիրագործությունն անցնում էր կյանքի երեք շրջանով՝ հովվություն, զինվորություն և նոր միայն արքայություն: Նկատել եք, անշուշտ, այդպես է նաև մեր էպոսում: Չէ՛ր կարելի մարդուն թագավոր կարգել, եթե նա չգիտեր մյուս խավերի խնդիրներն ու մտածումները: Հանրության մեջ կար երեք դաս՝ արտադրողներ, զինվորներ, կառավարիչներ: Արքայի պարտքն էր համերաշխություն ապահովել նրանց միջև: Այսպիսի արքան բարիք էր բերում իր հպատակներին, և նրան շատ դեպքերում երկրպագում էին որպես դիցի: Եթե դատենք այսպես, ապա Տրդատ արքան, կարելի է ասել, այնքան էլ մեր մարդը չէր: Բայց սա նոր կրոնի ընդունման մեջ այնքան էլ վճռորոշ չի եղել:


<<Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ>>, էջ 59-62, Արծրուն Պեպանյան

Комментариев нет:

Отправить комментарий