Մուսա լերան հայերը գաղթեցին` վառելով
իրանց գիւղերը եւ գերեզմաններից
առնելով նահատակների աճիւնները:
իրանց գիւղերը եւ գերեզմաններից
առնելով նահատակների աճիւնները:
Ողբերգութիւնները ցաւ պատճառելով` լուծում են նաեւ առեղծւածներ: Ինքը` ցաւը որպէս անցումի տանջանք թէ երանութիւն, յիշատակի վառ մի մոմ է` մեր էութեան անծանօթի առաջ:
Շա՜տ եմ մտածել ա՜յն մասին, թէ ինչո՞ւ վերապրող տարօնցիները ստեղծեցին ցաւի երդումը - նրանք էութեան սարսուռով երդւում են ՙիրիցուկ մեռելներով՚:
Ո՞վ է չափել հայ ոգու տարողութիւնը: Մեր սիրտը խորհուրդների ոստայն է եւ մեր ոյժը` հակասութեան մէջ: Մեր բոլոր յաղթանակները ոգու ողբերգական աքտեր են եւ մեր կամքն օծւած է աւելի այրւած մեռելների ցաւով, քան երկաթի շառաչի կարօտով: Ի՞նչ ցեղ էր այն, որ հարաւային Ռուսաստանում, Թրակիայում, մեր Տարօնում, Բագրեւանդում, Այրարատում արւեստական բլուրներ է կառուցել` իր մեռելների համար եւ դրանք դարձրել նաեւ ինքնապաշտպանութեան բերդեր: Ի՞նչն է ժառանգւել մեզ այդ ցեղից, որ չէր կարողանում առա՜նց գերեզմանների իշխանութեան ապրել, առա՜նց հայրերի ոգու եւ աճիւնների առաջնորդութեան` կռիւ վարել: Պատկերեցէ՜ք Հայաստանը եւ կարդացէ՜ք մեր կեանքի խորհուրդների գիրքը - մեր գերեզմանոցները, սովորաբար, հաստատւած էին բարձունքների վրա, որ ասել է` ողջերն ապրում են մեռած հայրերի հսկողութեան տակ: Մեր էութիւնը անբաժան է հայրերի գերեզմանից. դրանից էր հայն ստանում սրբութեան կրակը: Հռովմայեցին ասում էր ՙփա՜ռք՚, հայը` ՙլո՜յս՚: Ո՜չ մի ժողովրդի լեզւի ոգուն այնպէս հարազատ չեն ՙլուսահոգի՚, ՙլոյս իջնէ հօրդ հոգուն, գերեզմանին՚ դարձւածքները եւ ո՜չ ոք է ՙարեւ՚-ը, ՙլոյս՚-ը, ՙկենդանի կրակ՚-ը այնպէս խանդով երգել, որպէս մեր Շնորհալին, Նարեկացին: Վահագնի ուրւականը կրակի խորհուրդով դեռ յածում է հայ հողի վրայ: Լուսաւորիչը (այլ ո՜չ մի ազգ իր առաքեալին այսպիսի տիտղոսով է օծել. այս մակդիրն էլ իր հերթին արդիւնք է հայոց խոր լուսապաշտութեան) մեր առաջին մկրտութիւնը կատարում է Թոնդրակի հրաբուխներից իջնող Արածանու ջրերում: Մամիկոնեանների դամբարան Ս.Կարապետը դառնում է հայոց աշխարհի ամենահզոր սուրբը: Հայն իր ոյժի, լոյսի, ձիրքի աղբիւրն համարել է մեծ նախահայրերի գերեզմանը: Աշխարհածանօթ է հայ լարախաղացների երկիւղած պաշտանքը դէպի իրանց հովանաւոր եւ ձիրքատու Ս.Կարապետը: Սայեաթ-Նովան ասում է, որ ՙՍ.Կարապետի կարողութիւնով՚ է ձեռք բերել նւագողական իր վարպետութիւնը: Հայոց սրբերի ՙսուլթան՚-ի հմայքով իշխում էր Մամիկոնեանների դամբարանի խորհուրդը - տարօնական ոգու խորհուրդը: Տեսնողներից ո՞վ չի յիշում լոյսի պսակը գնդապետ Սամարցեւի - մոլեռանդ այն հայը, որ իր գնդի անունը դրեց ՙՍուրբ Կարապետսկի պոլկ՚ - ճակատին, երբ դա Ս.Կարապետի անունով խաչ էր հանում: Այսօր, ո՞վ չի սարսռում, երբ լսում է տարօնցի մայրերի ցասումնախառն բարեպաշտութեամբ օծւած երդումը. ՙէն իրիցուկ սուրբ մեռելները վկայ՚...: Վկա՜յ ամբողջ Հայոց Աշխարհը, հայ ցեղը, որի խորհուրդները այնքան կենդանի կերպով դեռ ներազդում են հեռաւոր Մուսա լերան իր որդիների ոգում:
Օրհասական մի վայրկեանում նրանք թաղեցին խորհուրդների զանգը եւ կրօնական խանդով բարձրացան իրանց լեռը` աշխարհը զարմացնող հերոսական ստեղծելու: Այսօր, երկու պետութիւնների քաղաքական սակարկութիւնների հետեւանքով հարկադրւում են լքել իրանց հնամեայ գիւղերը, բայց վառում են տները եւ գերեզմաններից վերցնում նահատակների աճիւնները. ՙԹուրքը չի կարող շնչել մեր հայրերի բնակարաններում, ո՜չ էլ պիղծ իր ոտքը դնել նրանց գերեզմաններին՚:
Հիացէ՜ք որքան ուզում էք. երկու աքտերով էլ Մուսա լերան հայերը փրկեցին մեր ցեղի պատիւը: Բայց ո՞ւր է գաղտնիքը կրօնականութեան հասնող այդ ցեղազգացութեան: Գաղտնիքը նրանում է, որ աշխարհագրական եւ ազգագրական պայմանների բերումով, հայկական այդ գիւղախումբը, պատմական յիշողութեամբ թէ կեանքի առօրեայով, ապրել է որպէս ինքնամփոփ ցեղ եւ ո՜չ թէ իր էութիւնից դուրս եկած ժողովուրդ: Մուսա լերան հայերն իրանց համարում են Տիգրան Մեծի հայկական աշխարհակալութեան առաջամարտիկ ոյժի յետնորդները: Պատրանք լինի դա թէ իրականութիւն. միեւնո՜յն է, այս հաւատը կենսաբանական խորք ունի եւ ըստինքեան բարոյական անխորտակելի ոյժ է: Փաստ է, որ Մուսա լերան հայերը ոգու խորհուրդի եւ հայրերի աճիւնների պատւով ապրող մարդիկ են: Դա նշանակում է, որ նրանք հին, շա՜տ հին հայեր են եւ Հայաստանից հեռացած դեռ ա՜յն օրերին, երբ մենք տարօնական ոգով ու բարքով ապրող ցեղ էինք եւ ո՜չ թէ ՙհայ ժողովուրդ՚: Ահա՜ պատճառը, որ յիշատակները Մուսա լերան շուրջ հայ ոգու ամենահուժկու շանթը արձակեցին - պատմական ծաւալով փոքր, սրտի տարողութեամբ` անչափելի:
Ինչե՜ր կարող էր անել Տարօնը Նեմրութի վրայ, ուր Խորենացին Բէլն է թաղել եւ մեր նոր պատմութիւնը` Սերոբներու տիտանացումը արձանագրել: Բայց ժողովրդական բարոյականի ռազմավարութիւնը այստեղ կոտրեց ցեղի սուրը: Մուսա լերան հայերի բնազդն անկաշկանդ մնաց. այնտեղ չկային ժողովրդի նախապաշարումներով առաջնորդւող ղեկավարներ:
Նրանք, որ դեռ ՙչեն հասկանում՚, թէ ցեղ, տարօնականութիւն, հայրերի ոգի քարոզելով ի՜նչ ենք ասում, թո՜ղ իրանց կարճաշունչ զննութիւնը մի պահ ուղղեն դէպի անցեալը, ապա դէպի օրւայ հայկական Պոլիսը կամ ժողովրդի բարքով ու տենչերով ապրող միւս գաղութները, եւ ՙկ’այլասերինք՚, ՙկ’ուծանանք՚ իրենց աղաղակներով ծունկի գան Մուսա լերան հայկական ցեղախմբի առաջ: Ուր ժողովրդի հոգեվիճակն է իշխում, այնտեղ կայ ՙայլասերումի՚ երանութիւն, ամօթանքի ողբերգութիւն: Մօտ մէկ միլիոն հայեր կան ՙսփիւռք՚-ում, բայց այս քսան տարւայ ընթացքում հպարտանքի ողբերգութիւն ստեղծեցին Մուսա լերան հինգ հազար հայերը:
Մարդկային ամէն նախիր բարոյական ոյժ չէ, ո՜չ էլ ՙկ’ուծանանք՚ աղաղակը` քաղաքական գործ: Բարոյական ոյժ է միայն ցեղը եւ քաղաքական գործ` միայն հայրերի պատիւն ու ոգին յաւերժացնելու ճիգը: Զէնքի շառաչով յաղթանակ չտարաւ Մուսա լեռը, բայց իր գիւղերը հրկիզելով եւ նահատակների աճիւնները հետն առնելով` ապացուցեց, որ հայրենի հողի մրմուռի չափ խոր է աններողութեան զգացումը` թուրքի հանդէպ: Թո՜ղ ժողովրդի ոգու ներկայացուցիչները հաշտւողականութիւն քարոզեն, թո՜ղ նրանք Մեծ Հայաստանը ցնորք համարեն եւ մեր հայրերի գերեզմանները հայոց երկրի հետ` անդառնալիօրէն կորած: Կորած են միայն իրանք, որ չեն հասկանում ժամանակների շարժը: Ազգերի պատմութիւնը գրւում է ցեղի արիւնով եւ ոգու տանջանքով, բայց ո՜չ ժողովրդի քրտինքով եւ հացի ժխորով: Եւ գրում են նրանք, որոնք յաւիտենականութեան համար աւելի՜ կենդանի զգացում ունեն, քան` անցաւորի, լինի դա դժբախտութիւն թէ հաճոյքի երանութիւն:
Թո՜ղ գիտնան նաեւ մակերեսայինները, որ մեր ճակատագիրը վարում են յաւիտենական ոյժերը, որ Մուսա լերան հայերի ներկայ աքտը նրանով է մեծ եւ պատմական, որ դա վկայութիւն է այն մասին, թէ մեզ ձգող ոյժերից ամենազօրութենաւորը ցեղն է - ցեղը` հողի իր կսկիծով, կարօտով, աններողութեան իր բարոյականով, ցասումով եւ կենդանիները մեռելներին շաղկապող խորհուրդներով:
Այդ խորհուրդների ոյժով մենք ոգեկոչում ենք Մամիկոնեաններին եւ նրանց ՙմեռնելու կամք՚-ի հրամայականը իմաստաւորելով ՙայրւածների կտակ՚-ով` ձգտում ենք հայրենադարձումի կրօնախանդ ցեղաշարժ ստեղծել - տարօնականութի՜ւն:
Ո՜վ կարողացաւ խորքով ապրել Մուսա լերան հայերի գործի խորհուրդը - ապրեց տարօնականութիւնը: Ո՜վ հասկացաւ դա - հասկացաւ, որ ո՜չ միայն երկնային, այլեւ երկրային յաւիտենականութեան ճանապարհին` հայրերի գերեզմանն է ճակատագրի ամենախորհրդաւոր նշանաքարը:
Օրւայ պայմաններում հայ չկայ Արեւմտեան Հայաստանում, բայց դա մեր հոգեւոր սեփականութիւնն է: Այդ սեփականութեան զգացումը հիմնաւորւում է յիշատակների ձգողականութեամբ:
Մեզ քաշում է յաւիտենականութիւնը. քաշում է այրւածների ցաւի ծանրութեամբ, սրբազան այն մոլեգնութեամբ, որով Մուսա լերան հայերը մի օր իրանց խորհուրդների զանգը թաղեցին, այլ մի օր իրանց հայրերի տունը վառեցին, քաշում է էութեան ա՜յն սարսուռով, որ ապրում է տարօնցի հայը օտարութեան մէջ, երբ երդւում է. ՙԻրիցուկ մեռելները վկայ՚:
ՙՏարօնի Արծիւ՚, 1939թ., թիվ 11
Հայկ Ասատրյան, <<ՀԱՏԸՆՏԻՐ>
Комментариев нет:
Отправить комментарий