01.08.2013

ՑԵՂԱԿՐՈՆՈւԹՅՈւՆԸ ԵՎ ՕՏԱՐ ՑԵՂԱՊԱՇՏՈՒԹՅՈւՆՆԵՐԸ


Հաճախ, միամիտ կամ միտումնավոր կերպով, Ցեղակրոնությունը որակվում է որպես փոխառյալ ֆաշիզմ կամ նացիզմ:
  Երբ 1933 թ.-ին, Հ.Յ.Դ. Ընդհանուր ժողովում Նժդեհին հարցրին՝ արդյոք իր քարոզածը ֆաշի՞զմ է, թե՞ հիտլերիզմ, նա պատասխանեց. ՙԻմ քարոզածը այդ վարդապետություններից ո՜չ մեկն է. ես կփափաքիմ ի հայտ բերել մեր պատմական հին հերոսությունները եւ հայ մշակույթի ծալքերը, որոնք փոշիներու տակ մնացած են՚: 
   Ֆաշիզմը ազգայնականության, ցեղապաշտության իտալական դրսեւորումն է, նացիզմը՝ գերմանական: ՙԳերազանցորեն հայկական է ցեղակրոնության գաղափարը: Այդ շարժումը կաղապարված է մեր ցեղի էության վրա: Դեռ խոսք չկար ֆաշիզմի եւ հիտլերականության մասին, երբ ցեղակրոնության գաղափարը 1919-ին ոտքի էր հանել մեր Դավիթբեկյան Ուխտերը Սյունյաց աշխարհում...՚: Երբ Նժդեհի ուխտյալները արշավների ժամանակ սեւ պատանքներ էին կրում (ՙպատանակրաց՚ արշավանք) եւ ցեղային առյուծացման ու հպարտության դասեր առնում իրենց սպարապետից, Մուսոլինին դեռ նոր էր նախաձեռնում ՙՍեւ շապիկավորների՚ իր շարժումը: 

  Նժդեհի ուսմունքի եւ հիտլերականության ընդհանրությունը հիմնականում միայն նրանումն է, որ երկու դեպքում էլ, իբրեւ գերակա արժեք, հռչակված է տեսակը (ցեղը), ինչը բնորոշ է ցանկացած ազգայնական կամ ցեղապաշտական ուսմունքի: Սակայն, էականը դրանց միջեւ առկա սկզբունքային տարբերություններն են, որոնցից կթվարկենք մի քանիսը: 
    Հիտլերը Արիական ցեղը (որի բնորոշումը նրա մոտ անստույգ է) հռչակում է միակ մշակութաստեղծ ռասա, իսկ մնացած ազգերին՝ իբրեւ ստորադաս տեսակներ: Նժդեհը զերծ է ընտրյալության կամ բացառիկության քարոզներից: 
    Հիտլերը, այսպես կոչված ՙկենսական տարածքների՚ անհրաժեշտությամբ, փորձում է հիմնավորել ծավալապաշտությունը, որը, անբնականորեն, դուրս է գալիս նաեւ հայրենիքի սահմաններից: Նժդեհը խնդիր է դնում մեր բո՜ւն հայրենիքի՝ Հայկական Բարձրավանդակի վերատիրումը: 

    Հիտլերը հրեաներին դիտում է իբրեւ մարդկության չարիք, մշակութակործան տեսակ, եւ հակահրեականությունը նրա ուսմունքի մեջ գրավում է առանցքային տեղ: Նժդեհի մոտ այն իսպառ բացակայում է: Նա Ցեղի թշնամի է հռչակում թուրքին, քանզի վերջինս, հայության մի մասի ոչնչացմամբ, տիրել է մեր հայրենիքի մեծ մասին:
   Թերեւս, այսքանն էլ բավարար է՝ նկատելու Ցեղակրոնության եւ նացիզմի ակնհայտ սկզբունքային տարբերությունները:
    Համոզիչ չեն նաեւ Համաստեղի այն խոսքերը, թե ՙիր (իմա՜ Նժդեհի,- Մ. Լ.) ցեղային ըմբռնումն ու ներշնչումը առավելապես հրեա ժողովուրդեն կուգար՚ : Թեեւ Նժդեհը հարգալից էր արտահայտվում Սիոնականության (ինչպես եւ այլ հայրենատիրական, ազգայնական շարժումների) մասին, սակայն միանշանակ պնդում ենք, որ նրա ներշնչման աղբյուրը Հայ ցեղն է՝ իր ողբերգականով ու հերոսականով: 
   ՙՑեղակրոն շարժումը ո՜չ մի ընդհանուր բան չունի եւ չէ՜ր էլ կարող ունենալ օտար վարդապետությունների հետ, քանզի նա, նախ եւ առաջ, բարեփոխիչ շարժում-վերածնունդ է, որը հնարավոր է միայն սեփական, այլ ոչ փոխառնված արժեքներով՚ : 
    Չկա՜ հայկական ֆաշիզմ կամ նացիզմ, կա՝ իտալական ֆաշիզմ, գերմանական նացիզմ, հրեական սիոնիզմ, կա՜ հայկական Ցեղակրոնություն: 

* * * 

Հաճախ, միանգամայն անհիմն, պնդվում է, թե իբր Նժդեհի ուսմունքը ձեւավորվել է Ֆ.Նիցշեի գաղափարների ազդեցությամբ: Նժդեհի ուժապաշտ մտածումները, նրա խոսքի վճռակային ոճը, իրոք, որոշ նմանություններ ունեն Նիցշեի իմաստասիրության հետ, սակայն կան աշխարհընկալման եւ բարոյախոսության սկզբունքային տարբերություններ: 
     Օրինակ, Նիցշեի փիլիսոփայության առանցքը անհատ-գերմարդն է, որը հանդես է գալիս իբրեւ նպատակ: Նժդեհի ուսմունքի հիմքը Ցեղն է, եւ ցեղամարդը միջոց է Ցեղի համար: Նիցշեն հակաքրիստոնյա է, մերժում է որեւէ զիջում քրիստոնեությանը եւ չի ընդունում որեւէ բարեփոխում նրանում: Նժդեհը քրիստոնեամերժ չէ եւ խնդիր է դնում Հայ եկեղեցու վերագնահատման: Նիցշեն նաեւ Աստվածամերժ է, իսկ Նժդեհն ընդունում է Աստծո գոյությունը: 
- Հրի՜ր ընկնողին,- ասում է Նիցշեն: 
- Չարժե եւ չի՜ կարելի օգնել ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը,- ասում է Նժդեհը: 
Կարծում ենք, ասվածը բավական է՝ զերծ մնալու անհիմն եզրակացություններից:


<<Ցեղակրոն և Տարոնական շարժումները>>
Մուշեղ Լալայան, Եր., 2011

Комментариев нет:

Отправить комментарий