28.06.2013

ԿՅԱՆՔԻ ՕՐԵՆՔԸ


Ճիշտ է, որ մարդկային ցեղը շատ ուշ սկսեց իմաստասիրել, թե պայքարն է կյանքի օրենքը, պայքարը որպես միջոց անհատի և ցեղերի ինքնակատերալագործության: Նա ուշ ըմբռնեց, թե ապրել, ասել է՝ առաջադիմել պայքարի ճամբով, բայց իրապես նրա կյանքը եղել է անվերջ նպատակադրություն և ձգտում , իր մոտավոր կամ հեռակա նպատակներին հասնելու համար:
   Նա - անհատ թե հավաքական մարդը - իր գոյության ընթացքում չի ապրել մի վիճակ, որի մեջ իրեն դժգոհ չզգար և չձգտեր դեպի ավելի լավը:
   Բավական չէ միայն նպատակադրվել. պետք է նաև իմաստությամբ ընտրել կարողանալ դեպի նպատակը տանող ճամբան: Վասնզի որքան բնական ու ճիշտ է այս կամ այն նպատակի ընտրությունը, այդքան դժվար է այդ նպատակի իրականացման համար անհրաժեշտ միջոցների անսխալ ընտրությունը: Առաջին դեպքում, անհատը թե հավաքականությունը թելադրվում է իր կարիքներից՝ ունենալու ավելին, քան ունի, լինելու ավելին, քան է:
    Երկրորդ դեպքում՝ նպատակադրողը պետք է առաջնորդվի իմաստությամբ - քաղաքական թե կենցաղական - եթե չի ուզում իր բովանդակ կյանքը սպառել անվերջ թափառումների ու պրպտումների, փորձերի ու փորձանքների մեջ:
   Ժողովուրդներ ու անհատներ կան, որոնք Մետերլինգի Կոյրերի պես, մոլորված տգիտության անտառում, կլշարունակեն խարխափել մթության և անստուգության մեջ, բազում ճամբաների վրա:
   Մոլորանք ու խարխափում - ահա՝ թե ե՞րբ է ծնունդ առնում տառապանքը և հսկայական սև թռչունի պես իր ցուրտ թևերը տարածում իրենց նպատակի ճամբին մոլորված, ճամբից դուրս ընկածների հոգու վրա: Չեմ ուզում ասել, թե տառապանքը հետևանք է ամեն տեսակ պայքարի, որ ենթադրում է նպատակը: Երբե՛ք: Հաջող պայքարի դեպքում՝ մարդկային հոգեկան ուժերը աճում են հաղթահարվելիք դժվարության համեմատ: Անսխալ պայքարի ընթացքում մարտնչողի հոգին լցվում է հաղթական ուրախությամբ՝ զորեղացնելով աշխարհի հետ կռվի բռնվածի թևն ու թափը:

    Տառապանքը - հուսո և ներքին ուրախության չգոյությունը - հետևանքն է ընդունայն անիմաստ պայքարի, որի վախճանը չի տեսնում, որի ընթացքում  գլուխ է բարձրանում հուսահատությունը և հարվածում մարտնչողի ոգին: Այո՛, անհուսությունը ծնում, իսկ տկարությունը դիեցնում է, սնուցանում տառապանքը: Ասել է՝ տառապանքը հետևանք է ո՛չ թե նպատակադրության, նպատակի, որքան էլ մեծ և հեռավոր լինի դա, այլ՝ նպատակի համար ընտրված սխալ ճանապարհի:
   Ի՞նչն է, սակայն, աղետալի սխալների մատնում անհատին և ժողովուրդներին իրենց նպատակներն իրականացնելու միջոցների ընտրության գործում:
   Ըստ իս՝ մարդկային անիմաստությունն է:
   Ժողովուրդները տառապել են և կտառապեն իրենց առաջնորդող տարրերի անիմաստությունից: Իսկ իմաստուն չեն, ասել է՝ անզոր են և դժբախտ այն բոլոր ժողովուրդները, որոնց գաղափարախոսական և վարիչ առաջնորդությունը չգիտե, թե ի՞նչ է և ինչո՞ւմ է կայանում կյանքի օրենքը:
   Դա, այդ օրենքը, արտահայատվում է այն անսկիզբ և անվախճան պայքարի մեջ, որին վկա են աշխարհն ու մարդը: Պայքար, որ արդիական բացատրությամբ կոչում ենք գոյության կռիվ:
   Ապրելով՝ մարդկությունը անուղղակի կերպով նպաստում է իր թվական աճման, ինչպես և ցեղամիջյան մրցումին՝ գոյության կռիվը դարձնելով ավելի ներուժ և բորբոքուն: Այդ կռիվը ենթադրում է երկու անփոփոխ իրողություններ.
   ա) Որ երկիրը սահմանափակ է, իսկ մարդկային ցեղը աճում է և աճում - մի պարագա, որը ստիպում է մարդկության՝ իր քանակը հարմարացնել իր գոյության իրական միջոցներին:
   բ) Որ բոլոր պարագաներում էլ, մոտավորապես թե ֆիզիկապես զորավորները, ավելի ընդունակ հարմարվելու միջավայրին, զբաղեցնում են ավելի բարվոք դիրք, կացություն, չեզոքացնում տկարներին և թողնում ավելի կենսունակ սերունդներ:
    Իսկ դա, այլ խոսքերով, ասել է՝ անողոք և անվերջանալի կռիվ ուժեղի և թույլի միջև, որը միշտ էլ պսակվում է ուժեղի հաղթանակով և թույլի ոչնչացմամբ: Եվ այդ՝ որպես բարեշրջության օրենք, և այդ՝ հանուն անհատի և ցեղերի զարգացման և կատարելագործության: Այդ է Դարվինի տեսության կմախքը:
    Գոյության կռվի մասին կան և այլ տեսություններ, օրինակ՝ կրապոտկինյանը, ըստ որի՝ գոյության կռիվը մի փաստական համագործակցություն է: Ապրում են այն տարրերը միայն, իսկ առանձին մնացածները, թող որ ուժեղ , կորչում են: Ամեն ցեղ ճգնում է հարմարվելու իր շրջապատին՝ գոյության կռվում չկորչելու համար, իսկ դա ենթադրում է երկու բան - զինակցություն և բախում:
   Ինչպես տեսնում եք, սա էլ Դարվինի պես շեշտում է գոյության, իմա ցեղամիջյան կռվի փաստը, որ պիտի շարունակվի, քանի դեռ մարդը մարդու, ինչպես և ազգը ազգի համար միջոց է և ոչ թե նպատակ: Կա և պիտի մնա ցեղամիջյան պայքարը: Ի՞նչ է սակայն, նրա նպատակը:
   -Ժամանակի ընթացքում անկարելի դարձնել կռիվը մարդկային ցեղերի միջև, ինչպես անհատամիջյան կռիվը: Այո՛, պայքար և պատերազմ - և այդ՝ հանուն ցեղերի կատարելագործության, խաղաղության և եղբայրության:
   Առանց այդ պայքարին՝ չկա և չի կարող ստեղծվել ցեղերի և անհատների կատարելություն, վտանգի պայքարում կորչելու վախն է ստիպում անհատին և ցեղերին՝ զարգացնելու իրենց կարողությունները, կատարելագործելու:
   Ուր չկա պայքար՝ վտանգ չկա, իսկ ուր վտանգ չկա ու գոյության կռիվը ոչնչով չի զբաղեցնում մարդկանց, այնտեղ կա տկարություն և անկատարելիություն: <<Ուր կան գայլեր, այնտեղ ոչխարներն ավելի նվազ տխմար են>>: Բնությունը դիտմամբ է դրել պայքարի բնազդը  անհատի և ցեղերի մեջ, որպեսզի կատարելագործության մղե նրանց: Մրցումը երբեմն վախի, երբեմն ամոթի, երբեմն մեր դիմացինին գերազանցելու ցանկության ձևերի տակ՝ խթանում է հետ չմնալ, կանգ չառնել, այլ՝ առաջադիմել անվերջ, իսկ դա նպաստում է մեր զարգացման և կատարելագործումին:
   Մարդս կարող է և տկար լինել, բայց նա չի սիրում տկարությունը և հարվածում է նրան, երբ երևան է գալիս մարդու պատկերով:
   Եղի՛ր այնպիսին, որ արհամարհելու փոխարեն քեզ հարգել կարողանամ - այսպես, այս իմաստով պիտի թարգմանել հարձակվողի հոգեբանությունը:
   Ահա՛ մի շատ սովորական օրինակ:
   Երբ որ երկու հոգի առաջին անգամ լինելով  հանդիպում են կյանքում, նրանք մեծ ուշադրությամբ սկսում են դիտել ու զննել իրար: Ի՞նչ է նպատակը այդ փոխադարձ զննության: Ըստ դարուինիստների՝ դա արվում է իրար տկարությունները պարզելու և նրանցից օգտվելու նպատակով: Դիտված է, որ երբ մեկի մոտ տկարություն նկատվեց, դիտողը գիտակցորեն թե բնազդաբար օգտվում է նրանից, առնվազն բարոյապես վնասելով տկարին (առնվազն ծաղրելով տկարությունը): Սրան զուգահեռաբար, մարդկային կյանքում նմատում ենք մի այլ երևույթ: Ամեն անգամ, երբ որ մեկը մի ուրիշի մեջ գտնում է այն, որ կատարելանման է, անմիջապես դառնում է հարգալից դեպի դիմացինը, և ոչ թե ստրկականությունից մղված, այլ՝ հիացումից: Ընդհակառակը, տրամագծորեն տարբեր վերաբերմունք ենք ցույց տալիս թույլին: Սրա նկատմամբ, ամեն բանից առաջ, մարդս զգում է արհամարանքախառն հուսախաբություն: Կուզեիր դիմացինիդ մեջ իդեալ հատկություններ գտնել, որ մղվեր նմանվելու  նրան, որ հոգեպես կաղապարվեիր նրանով, և, հանկարծ... տկարություն: Ահա՛ արհամարանքի և հաճախ բնազդական թշնամանքի պատճառը:
   Առաջին հայացքից անիմաստ է թվում նման վերաբերմունքը: Ինչո՞ւ է քննադատական մարդ արարածի վերաբերմունքը դեպի իր շրջապատը: Ինչո՞ւ հիանալ կամ թե պարսավել անպայման: Որովհետև մարդը - որպեսզի իրեն զգա ու տեսնի մի իդեալ միջավայրում փնտրում է կատարյալը, նա հիանում է գեղեցիկին, վսեմին, զորեղության վրա, ցանկանալով նրանց հավերժացնել կյանքում: Իսկ պարսավում է տկարը, տգետն ու անկատարյալը, ձգտելով նրանց վերացնել, արտաքսել կյանքից:
   Մարդս ավելի հակամետ է գրավելու, քան թե քննադատական վերաբերմունք ցույց տալու: Եվ հենց դրանումն է հոգևոր մշակույթի ինչպես և պաշտամունքի գաղտնիքը:
   Այժմ մեր հայացքը դարձնենք ազգերի կյանքին: Այդտեղ էլ նույն օրենքն է գործում: Անհատների պես, ազգերն էլ հիանում են հզորներից և արժանավորներից, և մղվում արհամարհելու, շահագործելու և հարվածելու տկարներին: Ուր կա տկարություն՝ այնտեղ հարձակում և հարված կա: Գիտենք, թե ինչպե՛ս փոքր և անզոր ազգերը աճապարում են յուրացնելով լեզուն, գրականությունը, սովորույթները այն ազգի, որի ձեռքում տվյալ ժամանակամիջոցում գտնվում է առաջնորդության դափնին: Գիտենք նաև, թե ինչպե՛ս է արհամարվում լեզուն, անունը, երկիրը տկար և անպայքարունակ ժողովրդի: Ուժեղ ժողովուրդը հաճախ ակամայից արհամարում է թույլին: Բայց երբ այդ վերջինն ուժեղացավ, անգամ միայն բարոյապես, միայն արժանապատվությամբ - և ոչ անպայման թվապես - երկու ժողովուրդների միջև ստեղծվում է փոխադարձ հարգանք: Նմանները այլևս չեն պատերազմում ամեն առթիվ. նրանք կարողանում են հասկացողության գալ և առանց զինյալ բախումների:
     Եվ հենց այդ է պատճառը, որ ժողովուրդները, քաղաքականապես ազատագրվելուց առաջ, մարդկության արհամարհանքից ազատագրվելու ճիգեր է կատարում: Ահա՛ այսպես, ցեղամիջյան պայքարի ճամբով, աստիճանական հոգևոր հավասարեցմամբ, ազգերը մի օր - շատ հեռավոր ապագայում - պիտի իրականացնեն տիեզերական եղբայրության իդեալը:
   Արդյոք այսօր հնարավո՞ր է աշխարհը լցնող <<ազգ և ազինք>>- ների համաշխարհային եղբայրությունը: Մարդկությունը որպես <<մի հոտ, մի հովիվ>>, որպես <<Ազգերի Դաշնակցություն>>: Հնարավո՞ր է դա այսօր, վաղը, մոտիկ ապագայում: Ո՛չ, իհարկե:
    Թող այդ <<ոչ>>-ը չսարսափեցնե, այլ՝ զգաստացնե, խրատե մեզ: Կա դարերի փորձը, կա անցյալը, կա մարդկային ցեղի պատմությունը, որոնք վճռական <<ոչ>>-ով են պատասխանում այդ հարցին: Այդ հարցի պատասխանը փնտրենք և կգտնենք նաև Հռոմի պատմության մեջ: Համաշխարհային թագավորությունը չի կարող հաստատվել հավասարապես չհարգված ժողովուրդների վրա: Հռոմի ճակատագիրը կբաժանի բոլշևիկների երազած տիեզերական հասարակապետությունը, եթե նրա մեջ մտնեն նաև այնպիսի ժողովուրդներ, որոնք իրենց բարոյա-մտավոր անչափահասության պատճառով պիտի չդիտվեն որպես հավասարապես հարգված և հավասարազոր (հոգևոր իմաստով) անդամը ամբողջության: Կան դեռ ժողովուրդներ, որոնք կարող են կույր աղիքի դերը կատարել մարդկային ցեղի հոգևոր օրգանիզմում: Այդ է պատճառը, որ համամարդկային եղբայրության երազը շարունակում է մնալ այդպիսին, և դա պիտի չիրականանա, քանի դեռ կան և կմնան հավասարապես չհարգված ժողովուրդներ:
   Ահա՛ թե ինչո՞ւմն է մարդկային ցեղի տարբեր խմբերի բաժանման գաղտնիքը:
    Խմբավորումներ, որոնք գտնվում են մշտատև մրցման պրոցեսի մեջ և այսպիսով մղում տալիս և մղում ստանում՝ դեպի կատարելիություն և հոգևոր հավասարեցում, դեպի գալիք համաշխարհային եղբայրացում:
   Այդ մրցումը երբեմն հասնում է իր ամենաբարձր կետին՝ պատերազմի ձևի տակ, և ունի մի հատիկ նպատակ - կենսունակ ազգերը բարձրացնել, հզորացնել, հավասարացնել նմանների հետ, իսկ անպայքարունակներին, իսկ կորչելու դատապարտվածներին օր առաջ դուրս շպրտել աշխարհից:
   Որպես ամփոփում՝ կրկնենք մեկ էլ, թե ցեղամիջյան պայքարը մեծ և անողոք օրենքն է կյանքի, անփոփոխ օրենքը անհատի և ցեղերի զարգացման և կատարելագործման - պայքար, որի նպատակն է՝ թույլ չտալ մարդկային անհատին և հավաքականություններին կանգ առնելու, քարանալու մի որոշ կետի վրա, այլ՝ նրանց մտրակել ու մղել առաջ, մինչև որ պայքարող կողմերը կհասնեն մարդկային իդեալի մի վիճակի, երբ այլևս պայքարն սպանած կլինի պայքարին, երբ կդադարի պատերազմը՝ տեղի տալով կատարելագործված ազգերի եղբայրության և համատարած խաղաղության առջև:
    Իսկ մինչև այդ երանելի օրը՝ պատերազմը պարբերաբար կփոխի իր պատմական տարազները միայն, բայց ոչ և էությունը:
    Եվ ազգերը կշարունակեն զինվել ու վերազինվել նորանոր արնոտ բախումների համար:
   Մինչև այդ հեռավոր օրը՝ մարդկությունը կծաղրե և կ՛ընդոտե իր ընտրանիի խաղաղասիրական ցնորքները:
    Մինչև այդ՝ վա՜յ պարտվածին:
<<Արաքս>>, 1930թ., թիվ 1,2


Комментариев нет:

Отправить комментарий