Ք.ա. IX դարից Հայկական լեռնաշխարհում ասպարեզ իջավ մի պետություն, որին ասորեստանցիները կոչում էին Ուրարտու, իսկ այդ պետության թագավորներն իրենց երկիրն անվանում էին Բիայնիլի: Ուրարտուն Արարատի աղավաղված ձեւն է, իսկ Բիայնիլիից ծագում է Վան անունը: Այդ պատճառով էլ ընդունված է այդ պետությունը կոչել Վանի կամ Արարատյան թագավորություն: Այս թագավորությունը ձգտում էր մեկ միասնական պետության մեջ միավորել լեռնաշխարհի բոլոր իշխանություններին: Միասնական պետություն անհրաժեշտությունը ստեղծվել էր արտաքին թշնամիների, առաջին հերթին Ասորեստանի ավերիչ արշավանքներին դիմակայելու համար: Այս պետության առաջին թագավորը Արամեն էր (Ք.ա. 859-843թթ.), որը երկարատեւ պայքար էր մղում Ասորեստանի նվաճողական քաղաքականության դեմ: Սարդուր I-ը (Ք.ա. 835-825թթ.) կառուցեց մայրաքաղաք Տուշպան (Վան): Նա իրեն անվանում է. «Մեծ արքա, հզոր արքա, բազմությունների արքա, Նաիրի երկրների արքա, արքա, որին ոչ մի թշնամի չի հաղթել»: Նրան հաջորդեց Իշպուինին (Ք.ա. 825-810թթ.), որն իր պետությանը միացրեց Եփրատից մինչեւ Վանա եւ Ուրմիա լիճ ընկած տարածքները, այդ թվում Մուսասիրը, որը դարձավ թագավորության կրոնական կենտրոնը, քանի որ այդտեղ էր գլխավոր աստծո` Խալդիի տաճարը: Նրա օրոք երկրի հյուսիսային սահմանը դարձավ Հայկական պար լեռնաշղթան: Իշպուինիի օրոք ասորեստանյան գրային համակարգի փոխարեն սկսեցին օգտագործել նորաստեղծ ուրարտական սեպագիրը: Մենուայի օրոք (Ք.ա. 810-786թթ.) սկսվեց թագավորության վերելքը, որը տեւեց մոտ 70 տարի: Վանի թագավորությունը դարձավ Առաջավոր Ասիայի ամենահզոր պետությունը, իսկ Ասորեստանը այդ ընթացքում ժամանակավորապես կորցրեց իր նախկին ազդեցությունը:
