01.08.2013

ՏԵՐՈւԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԸՆԴԱՐՁԱԿՈւՄԸ ԱՐԳԻՇՏԻ Ա-Ի ԳԱՀԱԿԱԼՈւԹՅԱՆ ՎԵՐՋՈւՄ



<<ԱՐԳԻՇՏԻՆ, ՈՐԻ ԱՆՈւՆՆ ԱՆԳԱՄ ԱՀԱՐԿՈւ ԷՐ>>


Վանի տերությունը Արգիշտի Ա-ի օրոք (Ք.ա. 786-764թթ.) հասնում է աննախադեպ հաջողությունների: Նրա թագավորությունը ձգվում էր Ուրմիայի ավազանի հարավից մինչև Ջավախքը ներառյալ, Սևանա լճի ավազանից և Կուր գետից մինչև անդրեփրատյան աջափնյա շրջաններ (ներառյալ Մելտեա և Թաբալ երկրները), Մասիուս և Կորդվաց լեռներից մինչև Ճորոխի ավազան: Արգիշտի Ա-ի գերիշխանության սահմաններն ավելի լայնածավալ էին. դրանք ընդգրկում էին Փոքր Ասիայի արևելյան պետությունները և մերձուրմյան մի քանի երկրներ, իսկ հարավում` մինչև Բաբելոնիան ներառյալ:


Հազվադեպ խոստովանություններ

Արգիշտի Ա-ի հեռավոր արշավանքներից, ամենանշանավորը, թերևս, Բաբելոնիայի (Բաբիլու երկրի) նվաճումն էր` Զագրոսյան լեռներով դեպի հարավ հաղթարշավով: Արգիշտի Ա-ի օրոք Վանի թագավորության` Առաջավոր Ասիայի հզորագույն տերություն դառնալը փաստագրված է նաև նրա գլխավոր մրցակից Ասորեստանի զորքերի գերագույն հրամանատարի խոստովանության մեջ, համաձայն որի հայոց մեծ տիրակալի անունն ՙանգամ ահարկու է՚: Հայտնի է, որ պարտվողները հազվադեպ են խոստովանում իրենց պարտությունները: Սակայն Արգիշտիի պարագայում պատկերն այլ է: Ասորեստանյան էպոնիմների (անվանադիրների) ցանկը Ք.ա. 780թ. գլխավոր զորահրամանատար Շամշիիլուի էպոնիմատի դիմաց նշում է այդ տարում Ուրարտուի դեմ պատերազմի մասին: Ահա այսպես է Արգիշտիին ներկայացնում ասորեստանցի զորավարը.

Պատմական տեղեկանք. ՙԱյդ նույն ժամանակ ուրարտացի Արգիշտին, որի անունն անգամ ահարկու է որպես ծանր հողմ, նրա ուժերը մեծաքանակ են, որն իր ձեռքը չէր մեկնել նախորդ արքաներից և ոչ մեկին, (նա) ընդվզեց և ժողովեց մեկտեղ Գուտի երկրի( ՙԳուտի՚ կամ ՙԿուտի՚ երկրանունը Հայկական լեռնաշխարհին տրված ընդհանրական անվանումներից մեկն է, որը գալիս է Ք.ա. XXIII-XXII դարերից և կապվում է լեռնաշխարհի հարավային Կորդվաց աշխարհի հետ: Այդ անվամբ է Վանի թագավորությունը հիշատակվում նաև Ասորեստանի արքա Սարգոն II-ի արձանագրություններից մեկում ևս:) բոլոր մարդկանց: Նա կազմակերպեց իր (ուժերը) ճակատամարտի (համար), առաջացան նրա զորքերը դեպի լեռները` պատերազմելու՚:
АВИИУ, N 38

Մեկ այլ նման խոստովանություն մենք ունենք Ռուսա Ա-ի գահակալության շրջանից: Այս դեպքում մենք գործ ունենք ի պաշտոնե պարտադիր անկեղծության հետ, քանի որ մեզ հասած բնագիրը հետախույզի զեկուցագիր է, որը պարտավոր էր իր արքային ներկայացնել ճշգրիտ իրավիճակը: Այն վերաբերում է Սարգոն Բ արքայի գահակալության շրջանին (Ք.ա. 721-705թթ.):


Պատմական տեղեկանք. ՙԱրքային` տիրոջս, քո ծառա [... (ասում է)]: ՙԳլխավոր մատռվակը՚, երբ հարձակման անցավ (իր) զինված ուժերով, Ուրսան (= Ռուսա Ա-ն) եկավ (և) հաղթեց նրան: Նրանցից (= ասորեստանյան զինվորներից) ոչ մեկը չփրկվեց: Նա (շարունակում է) առաջանալ և (այժմ) ճամբար է դնում ՙգլխավոր մատռվակի՚ ամրոցների դիմաց: Նա պատրաստվում է ճակատամարտ տալ: Թող արքան իմանա (և) գործի (ըստ այդմ)՚:
H. W. F. Saggs, The Nimrud Letters, 1952,
“Cuneiform Texts from Nimrud”, vol. V, London, 2001, ND 2463

Տերության սահմանները

Արգիշտի Ա-ի ստեղծած տերության ազդեցության ոլորտների պատկերը համալրվում է հնագիտական պեղումներից հայտնաբերված փաստերի ուսումնասիրության շնորհիվ: Դրանք մասամբ համընկնում են գրավոր աղբյուրների հետ, մասամբ ուրվագծում նոր սահմաններ: Գրավոր աղբյուրների հետ չհամընկնող հնագիտական հայտնագործությունների մի շարք է ուրվագծվում հյուսիսային ուղղությամբ: Մասնավորապես, Արգիշտի Ա-ի անվամբ սեպագիր արձանագրությամբ սաղավարտ է գտնվել Հյուսիսային Կովկասից (Վերին Ռուտկա ավան), որը ներկայումս պահվում է Բեռլինի Առաջավորասիական թանգարանում: Համանման սաղավարտներ են հայտնաբերվել նաև Աբխազիայից (Պրիմորսկոյե ավան), Օսիայից (Ֆասկաու ավան), Թռեղքից (Գուգարաց աշխարհի ամենահյուսիսային գավառը, Ջավախքի հարևանությամբ), որոնք կարծես լրացնում են գրավոր աղբյուրներից հայտնի Արգիշտի Ա-ի տերության ընդգրկած ամենահյուսիսային երկրամասից (Ջավախք-Զաբախա) մինչև
Հյուսիսային Կովկաս տարածությունը:  Խորխոռյան տարեգրությունից կամ Արգիշտի Ա-ից մեզ հասած այլ արձանագրություններից հայտնի չեն այդպիսի մեծ հեռավորության հյուսիսային արշավանք(ներ)ի մասին տեղեկություններ: Հնարավոր է, որ այդպիսիք եղել են տարեգրության մեզ չհասած հատվածներում կամ առանձին արձանագրություններում, որոնք նույնպես չեն պահպանվել: Հնագիտական այդ գտածոները կարող են վկայել ոչ թե արքայական մեծ արշավանքների (որոնց մասին թողնվում էին կոթողային արձանագրություններ), այլ արքայի առանձին զորագնդերի կատարած ռազմերթերի, որոնք խնդիր են ունեցել լուծելու ռազմաքաղաքական (ռազմավարական) զանազան հանձնարարություններ: Հնագիտական նյութերն անակնկալներ են մատուցում նաև Վանի տերությունից դեպի հարավ և արևելք ձգվող ուղղություններում: Հարավում մինչև Բաբելոնիա կատարած մեծ արշավանքի (որը մեզ հայտնի է Խորխոռյան տարեգրությունից) հնագիտական հիմնավորումներից կարելի է համարել Լուրիստանից (Քերմանշահ) հայտնաբերված Վանի թագավորության դարաշրջանի սաղավարտը (պահվում է Էսսենի թանգարանում): Իսկ արևելքում` Իրանի հյուսիս-արևելյան շրջանում, մեզ սպասում է մեկ այլ հետաքրքիր անակնկալ. այնտեղից հայտնաբերվել է համանման սաղավարտ` Իշպուինի արքայի անունը կրող սեպագիր արձանագրությամբ, որն այժմ պահվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում: Իշպուինիի ժամանակ (Ք.ա. մոտ 825-810թթ.) դեռևս միայն հարավային Հայաստանն ընդգրկող թագավորությունն իր համեստ ուժերով ի վիճակի չէր նման հեռահար գործողությունների, ուստի պետք է ենթադրել, որ գրակիր սաղավարտը Իրանի հյուսիսարևելյան շրջան է հասել Իշպուինիի փառավոր թոռան` Արգիշտի Ա-ի օրոք:

Այստեղ պետք է նկատի ունենալ, որ արքայի անվան գրությամբ սաղավարտ կրելը հատուկ պատվո նշան էր, որը կրում էին զորավարներն ու քաջությամբ աչքի ընկած տաղանդավոր զորականները:
    Ընդ որում, միանգամայն հավանական է, որ Արգիշտի Ա-ի բանակում իրենց տաղանդով ու փորձառությամբ փայլում էին Իշպուինիի ժամանակ իրենց ռազմական կենսագրությունը սկսած և արդեն 30-40 տարվա փորձ կուտակած զինվորականները, որոնցից մեկին էլ կարող էր պատկանել հիշյալ սաղավարտը:

Եզրակացություն
Արգիշտի Ա-ի գերիշխանությունը տարածվել է բուն թագավորության սահմաններից շատ հեռու` մինչև Փոքր Ասիա և Բաբելոնիան ներառյալ, իսկ քաղաքական ազդեցության և հետաքրքրությունների ոլորտները ձգվել են մինչև Հյուսիսային Կովկաս և Իրանի հյուսիսարևելյան շրջաններ: Սա է իրական պատկերը հայոց մեծ տիրակալի ստեղծած տերության, որի գործը պետք է շարունակեր նրա տաղանդավոր հաջորդը` Սարդուրի Բ-ն:


“Մեր Հաղթանակները” ժողովածուի Ա հատոր. 
Արտակ Մովսիսյան, Սուրեն Մարտիկյան:

Комментариев нет:

Отправить комментарий