28.07.2013

ԱՐԻՆԵՐԻ ԲՆՕՐՐԱՆԸ


Որ Հայկական բարձրավանդակն արիների բնօրանն է, հայտնի էր հնագույն ժողովուրդներին:

Հնդկական ավանդույթների համաձայն, արիները Հնդկաստան են եկել արևմուտքից, եվրոպական ցեղերի կարծիքով՝ արևելքից, հյուսիսային ժողովուրդների համար՝ հարավից, Միջագետքում իրար հաջորդող ժողովուրդների կարծիքով՝ հյուսիսից: Բազմաթիվ փաստերը՝ մարդաբանական, լեզվաբանական, աշխարհագրական, պատմական և այլն, ինչպես նաև հնադարյան ավանդույթներն ու առասպելներն իրար հետ համադրելով՝ այդ կարծիքին են հանգել ոչ-հայ մասնագետները: Բայց ահա համընդհանուր ընդունումը հանդիպում է մեծ դիմադրության: Այդ փաստերի դեմ պայքարում են բազմաթիվ մեթոդներով, բազում դարերով, անընդհատ և հիմնականում տվյալ ժամանակաշրջանի հզոր պետությունների, տվյալ պահին միջազգային քաղաքականությանը տոն տվող դիվանագետ-քաղաքագետների նախաձեռնությամբ: Նախ, ինչպես վերևում նշվեց, ՙարի՚ անվանումը խուսափողաբար փոխարինելով ՙհնդեվրոպացի՚ անորոշ անվամբ և, հզորների ազգային մեծամոլությունից ելնելով, հետո այդ ՙհնդեվրոպացիների՚ բնօրրանը տեղափոխել են սեփական երկրի տարածք, կամ հեռացնելով, տանելով՝ է՜լ Հիմալայներ, է՜լ Հարավային Ուրալ, է՜լ Բալկաններ, այսինքն՝ հնարավորին չափով հեռու Հայկական բարձրավանդակից: Իսկ Հայկական բարձրավանդակը որպես արիների բնօրրան հաստատող գիտնականները փաստերը բերելիս ՙխոհեմաբար՚ օգտագործում են Հարավային Կովկաս կամ Անդրկովկաս, նույնիսկ Թուրքիա, Միջագետքից հյուսիս կամ Արևելյան Անատոլիա անվանումները: Եթե հազարամյակներ շարունակ այդ տարածքն ամբողջ աշխարհը անվանում էր Հայաստան, ապա վերջին տարիների քարտեզներում, մամուլում, դիվանագիտական փաստաթղթերում խորիմաստորեն հիմնավորվել է Արևելյան Անատոլիա արտահայտությունը (այդ օգտագործողների մակարդակին բնորոշ անվանում. հունարեն Անատոլիա նշանակում է արևածագի երկիր, այսինքն Արևելյան Անատոլիա՝ արևելյան արևածագի երկիր: Երևի այդ նորամուծության հեղինակները կարծում են, թե գոյություն ունի նաև արևմտյան արևածագ. հիրավի, չափազանց ջանասիրությունը երբեմն հասցնում է զավեշտի): Այստեղ, իհարկե, չի կարելի չնշել Տ. Գամկրելիձեի և Վ. Իվանովի 80-ական թվականներին հրատարակված ՙՀնդեվրոպական լեզուն և հնդեվրոպեցիները՚ ծավալուն աշխատության մասին, որտեղ տարաբնույթ փաստերի համակողմանի վերլուծության շնորհիվ ապացուցվել է հնդեվրոպացիների (արիների) նախահայրենիքը Քուռ-Արաքսի միջակայքում, այսինքն Հայկական բարձրավանդակում տեղադրված լինելը:

- Մեկ ուրիշ երևույթի մասին ևս: Ներկայիս պոպուլիստական (ոչմասնագիտական, մարդկանց՝ գիտության նվաճումները քարոզելու և հետաքրքրասիրությունը բավարարելու միտում ունեցող) գրականության մեջ սկսել են հպանցիկ հիշատակել արիների մասին: Սկսել են ՙարի՚ բառի հետ, միանգամայն իրավացիորեն, կապել ալանների (օսերի) անվան ծագումը (այստեղից էլ Ալամանիա՝ Գերմանիայի ֆրանսերեն անվանումը), գալլերի՝ ֆրանսիացիների նախնիների անվանումը և այլն), Իրան երկրի անունը, Իռլանդիա (նախկին Էյրե) անունը, նույնիսկ Ալլահ անվանումը և այլն, բայց ոչ երբեք Արմենիան (ամենաշատ կույր է նա, ով չի ուզում տեսնել): Ըստ հռոմեացի, հույն, ինչպես նաև հայ պատմիչների՝ Հայաստանի՝ Նախիջևան (առաջին Իջևան), Ակոռի (ուռի բառից, որտեղ Նոյը ուռի ծառ է տնկել) և այլ շատ տեղանուններ կապված են Նոյան տապանի առասպելի հետ: Այդ տեղանունների անվանումները եղել են Աստվածաշունչը գրելուց դեռ շատ առաջ, այսինքն՝ այդ առասպելը Հայկական բարձրավանդակում հայտնի է եղել խորը հնադարից, իսկ անվանումները, կապված առասպելին առնչվող այս կամ այն երևույթի հետ, հուշում են Նոյի գործածած լեզվի ու արիների լեզվի մոտ ազգակցության մասին:
- Հետաքրքիր եզրակացությունների կարելի է հանգել նաև որոշ
հայկական քաղաքների անունների վերլուծությունից: Այսպես, որոշ հնագույն պատմիչներ Երևանի անունը կապում են Նոյի պատմության հետ. երբ ջրհեղեղից հետո առաջին անգամ երևաց ցամաքը, Նոյը բացականչեց՝ ՙերևաց՚, այստեղից էլ երևացող ցամաքի անվանումը՝ Երևան: Սակայն նման բան Աստվածաշնչում գրված չէ, և դա միայն գեղեցիկ ենթադրություն է, որը չի համատեղվում Նոյի բաց թողած աղավնու պատմության հետ: Նոյը, փակված լինելով տապանում, ջրերը հետ քաշվելու մասին իմացավ իր բաց թողած աղավնու միջոցով և չէր կարող նման բացականչություն անել: Ավելի հավանական է Երևան անվան պատմական վերլուծությունը: Հնագույն պատմիչների աշխատություններում Երևան տեղավայրի անվանումը գրվել էր նաև Էրիվան, Արիվան, Այրիվան: Եթե նկատի ունենանք, որ ՙվան՚ արմատը հայերենում նշանակում է շեն, քաղաք, ավան, ապա բառի սկզբնամասը հայերեն ՙարի՚ բառն է ա-է տառափոխությամբ, կամ առանց դրա: Այսինքն, Երևան պարզապես նշանակում է արիների ավան կամ քաղաք: Մյուս կողմից, այն բլուրը, որի վրա վերջին ժամանակներս հայտնաբերվեց այսպես կոչված ՙուրարտական՚ Էրեբունի ամրոցը, շրջակայքի ժողովուրդը հնագույն ժամանակներից անվանում էր Արինբերդ, այսինքն արիների բերդ (ն-սեռական վերջավորություն է, որը մինչև հիմա պահպանվել է արևմտահայերենում): Երևանի՝ հին և կարևոր բնակավայր լինելու մասին վկայում է թեկուզև այն, որ նա անհիշելի ժամանակներից շրջապատված է եղել հզոր ամրոցներով՝ Ծիծեռնակաբերդը (որի տեղը, հայտնի է, բայց առայժմ չի ուսումնասիրված, Աղվեսաբերդը, որի տեղը ենթադրվում է միայն, հետագայում կառուցվեց նաև Թեյշենբանիի ամրոցը): Իսկ Էրեբունի ամրոցը, որի կառուցման վերաբերյալ արձանագրություն է պահպանված, հավանական է հնագույն վերանորոգված Արինբերդն է: Այսինքն, Երևանը շատ անգամ ավելի հին, արիական բնակավայր է, քան նշված արձանագրությունն է: 
   Վերը նշվածներից հետևում է, թե արիները ինչպիսի մեծ դեր են կատարել մարդկային քաղաքակրթությունը իրոք մարդկային դարձնելու գործում և ինչպիսի դարավոր ու համառ պայքար է մղվում այդ դերը լռության մատնելու, առհասարակ, նրանց վերաբերյալ ամեն ինչ նենգափոխելու, փաստերն աղավաղելու ուղղությամբ: Այդ փորձերը մի նպատակ են հետապնդում՝ թույլ չտալ մարդկությանը ծանոթանալու իր քաղաքակրթության արմատներին, մարդկության զարգացումը տանել արհեստական հիմքերի վրա խարսխված, մարդկանց, բայց ոչ Արարչի կողմից նախանշված միտումնավոր ուղղությամբ, որը պատերազմներից ու թշնամանքից, կոտորածներից ու արյունահեղությունից բացի, այսօր մարդկությանը հասցրել է կործանման եզրին՝ նստեցնելով միջուկային ականների վրա:
- Սովորաբար որևէ ծրագիր իրագործելիս օգտագործվում է նախորդ փորձը: Խնդրեմ. Զիուսուտրան փոխարինվում է Ուտնափիշտիմով, Ուտնափիշտիմը՝ Նոյով, արիները փոխարինվում են ՙհնդեվրոպացիներով՚, Արարատյան պետությունը՝ Ուրարտուով, Հայկական բարձրավանդակը՝ Արևելյան Անատոլիայով, լռության է մատնվում Արմենիան… Իսկ նույն Աստվածաշնչում ոչինչ չի ասվում արիների արշավանքների մասին:
- Այդ նույն մեթոդը վաղուց կիրառվել էր հին Եգիպտոսում: Մարդկային պատմության ամբողջ ընթացքում իշխանության համար մշտական պայքար է մղվել աշխարհիկ և հոգևոր վերնախավի միջև (ինչպես, ասենք, կրոնական ղեկավարության և միապետների կամ ֆեոդալների միջև, ինչու չէ, նույն բանը կարելի էր նկատել նաև համայնավարական պետություններում՝ կուսակցական ղեկավարության և գործնական ղեկավարման ներկայացուցիչների միջև, նույն կերպ՝ նաև Եգիպտոսում՝ քրմերի ու փարավոնների միջև, և տարբեր ժամանակաշրջաններում հաղթել է այս կամ այն ոլորտի խմբավորումը):
Փարավոններն իրենց անունները հավերժացնելու, ինչպես նաև հանդերձյալ կյանքում իրենց իշխանությունը ապահովելու համար կառուցել են հսկայական բուրգեր ու նաև Սֆինքսը, որոնք իրենց ահռելիությամբ ստվեր էին գցում քրմական տաճարների հեղինակության վրա և գերակայություն ապահովում քրմերի նկատմամբ նույնիսկ հանդերձյալ կյանքում: Քրմերը աշխատում էին նվազեցնել այդ բուրգերի նշանակությունը, մոռացության մատնել փարավոնների անունները: Իշխանությունը գրավելուց հետո, դա նրանց հաջողվեց, և հույն պատմիչներին մնում էր միայն արձանագրել հսկա բուրգերի առկայությունը՝ առանց հասկանալու դրանց դերը: Նույնիսկ այն տարածքը, որտեղ կառուցված էին բուրգերը, վերանվանվեց պարզապես ՙոչխարների արոտավայր՚: Իսկ ահա Սֆինքսը՝ իր խորհրդավոր հայացքով ու ահռելիությամբ, շատ հնարավոր էր, մարդկանց մեջ կառաջացներ հետաքրքրություն, և ի վերջո կբացահայտվեր հնագույն փարավոնների առեղծվածները: Եվ քրմերը գտան լուծումը՝ այն ծածկեցին ավազով և վերածեցին ավազաբլուրի, այնպես, որ նույնիսկ մ. թ. ա. 5-րդ դարում Հերոդոտը այն չէր նկատել: Սֆինքսը բացվեց միայն 1-ին դարերում (իմիջայլոց նույն զավեշտական պատմությունը կրկնվեց նաև վերջերս. 80-ական թվականներին բացահայտվեց, որ Ադրբեջանի տարածքում, նույն ձևով, հողով ծածկել էին մի հնագույն հայկական եկեղեցի): 
   Բայց Արարատը Հայկական բարձրավանդակում է, Արարատ և արի անունների կապը այժմ դպրոցականն էլ կնկատի, իսկ դրան ավելանում են հայերեն Արարիչ ու Արև անունները: Ինչն է ավելի բնական, քան իրար հետ Արարչական կապով կապված անունների միևնույն՝ հիմքային արմատի առկայությունը…
 Ջրհեղեղը, սահմանափակված լինելով Միջագետքով, ջրի բարձրությունն էլ չէր կարող լինել այնքան, որ ջրից դուրս չմնային, այլ ավելի մոտ լեռնագագաթներ, ասենք Հայաստանի հարավում կամ Իրանում: Նշանակում է՝ Նոյի տապանի համար Արարատ լեռան հանգրվան ընտրելն այլ իմաստ ևս ուներ: Արարատն իր կառուցվածքով հսկա մեծ և փոքր բուրգերի զույգ է: Բուրգն իր ձևով ունի տիեզերական Արարչական խորհուրդ: Իզուր չէր, որ Հին Եգիպտոսում, որտեղ փարավոններին վերագրում էին աստվածային ծագում, նրանց գերեզման-կառույցները պատրաստում էին հսկայական բուրգի ձևով, նույնն է նաև Ամերիկայում՝ Մայաների մոտ: Եկեղեցիների ու մեջիտների գմբեթները, Կրեմլի աշտարակները և այլ կառույցներ ևս պատրաստում են բուրգի տեսքով: Միայն վերջերս են նկատել և ուշադրություն դարձրել բուրգ՝ երկրաչափական մարմնի անբացատրելի հատկություններին: Պարզվում է, բրգաձև շինության ներսում մարդիկ ինչ-որ խորհրդավոր ինքնազգացում են ունենում, առաջանում է ինչ-որ ոգեղենություն, ջերմեռանդություն: Բուրգի ներսում մարդը զգում է մտքի կենտրոնացում՝ ֆոկուսացում: Այն կարծես հավաքում, միավորում ու երկինք է հաղորդում հավատացյալների աղոթքները, մտքերը, ցանկությունները, ինչպես ոսպնյակը՝ լույսին: Իրենց ճանապարհին տեղաբնակ ցեղերին հեշտությամբ հաղթելով, խառնվելով պարտվածների հետ, նրանց փոխանցելով իրենց գիտելիքները, ոգեղեն ու արարչական կերպարը, հազարավոր կիլոմետրերով կտրված լինելով իրենց բնօրրանից և տեղաբնակների համեմատությամբ լինելով սակավաթիվ, արիները շուտով կորցրել են իրենց շատ սովորույթները, լեզուն, մարդաբանական տիպը և ձուլվելով անհետացել են՝ որպես ինքնուրույն ցեղախմբեր, տալով այդ ժողովուրդներին իրենց լեզվից շատ բառեր և իրենց ՙարիական՚ անվանումը:
- Բնական է, որ այդ արշավանքները ուղեկցվել են դիմադրող ու անհնազանդ ցեղերի ոչնչացումով: Հայտնի է, օրինակ (այդ մասին ասվում է հնդկական լեգենդներում և հաստատվում է մարդկային մնացորդների գտածոներով), որ Միջերկրական ծովի ամբողջ ավազանը և ներկայիս Հնդկաստանի տարածքը բնակեցված է եղել սևամորթ որսորդներով: Որսի առատությունը և փարթամ բնությունը այդ ցեղախմբերի զարգացման համար փաստորեն արգելակիչ դեր են կատարել և նրանց համար արիների բերած գիտելիքները պարզապես ավելորդ էին, իսկ իրենք՝ արիները, զավթիչներ: Այլ խոսքով՝ համամարդկային սկզբունքներին հաղորդակցվելը, որ մտնում էր արիների առաքելության մեջ (անկախ իրենց կամքից), այդ ցեղերի համար ավելորդ էր: Նորից, եթե անդրադառնանք հետագա մարդկային ցեղի պատմական զարգացման գործընթացին, կնկատենք, որ նրանք իրենց զարգացման մակարդակով փաստորեն հավասար էին Աֆրիկյան սևամորթներին, կամ ամերիկյան հնդիկներին, երբ սկսվեց Աֆրիկայի և Ամերիկայի գաղութացումը: Հիշենք, թե քանի հարյուրամյակ պահանջվեց և ինչքան ցեղեր ոչնչացվեցին, մինչև որ մնացածները հասան ժամանակակից մարդկային քաղաքակրթության մակարդակին: Սպիտակամորթ ցեղերը բնակվելիս են եղել ավելի հյուսիս, խստաշունչ պայմաններում, և արիների գիտելիքները իրենց գոյապահպանման համար գերազանց միջոց էին: Այդ հանգամանքը խթան հանդիսացավ նրանց հետ արիների ձուլվելուն և հզորանալով դեպի հարավ շարժվելուն: Այդ ձուլման և նոր ազգեր կազմավորվելու գործընթացին ևս կարելի է զուգահեռներ գտնել հետագա դարերում: Օրինակ, Ամերիկյան մայրցամաքը գաղութացվելուց և գաղութների անկախանալուց հետո, գաղութացնողները տեղաբնակների մշակույթից և սովորույթներից մեծ չափով ազդվելով ու նաև խառնվելով նրանց հետ, հեռացան իրենց նախնական ազգային կերպարից և նույնիսկ ազգագրագետները ստիպված են ընդունել, ասենք, արգենտինացու և մեքսիկացու տարբերությունը իսպանացուց, կամ ամերիկացու և կանադացու տարբերությունը անգլիացուց: Հավանական է, որ եթե ժամանակակից հաղորդակցման և տեղեկատվական միջոցները չլինեին, դարերի ընթացքում նրանք իրարից նույնքանով կտարբերվեին, որքանով ժամանակակից արիական (հնդեվրոպական) ազգերն իրարից: Արիների տարածման ձևը, թերևս, առավել նման է 10-րդ դարում ներկայիս Նորվեգիայի տարածքից դեպի Եվրոպա վիկինգների արշավանքներին: Նրանք էլ, չունենալով պետականություն, հարձակվելով ու գրավելով մեծ տարածքներ՝ Անգլիայից մինչև Կիևյան Ռուսիա, հիմնադրեցին տարբեր պետություններ և հետագայում ձուլվելով տեղացիների հետ և այդ տարածքներում վերացան որպես ազգ:
- Այստեղ պետք է նշել ժամանակակից որոշ ՙհումանիստների՚ բացասական վերաբերմունքը արիների անգթության վերաբերյալ: Այժմ ով կարող է նման հումանիստական մոտեցում ցուցաբերել մարդակերության կամ մարդկային զոհաբերության դեպքերի վերաբերյալ: Իսկ չէ՞ որ արիների արշավանքներից առաջ այդ բանը տարածված էր ամբողջ աշխարհում, և նման բաներ էին վերագրվում և հունական աստվածներին, և՜ Աստվածաշնչի մեջ գործող որոշ անձաց: Մյուս կողմից՝ այժմ ո՞վ է շեշտում՝ վիկինգների կամ մգաղութարարների անգթությունները: Արարիչը մարդկությանը պատժել էր՝ չարության, նրանց սրտի չար խորհուրդների, չար գաղափարների, անիրավության, այսինքն՝ օրինականության բացակայության համար: Ասել է, թե՝ նա գործել էր հանցագործին պատժելու սկզբունքով: Նույն սկզբունքով էին առաջնորդվում նաև արիները իրենց արշավանքների ժամանակ: Իսկ այն ցեղերին, որոնք ի վիճակի էին և ընդունեցին արիների գերազանցությունը, արիները սովորեցրեցին իրենց գիտելիքները (ինչպես հույներին), խառնվեցին նրանց հետ և հիմք դրեցին բազմաթիվ արիական ազգերի ձևավորմանը:
- Անդրադառնալով ներկայումս արիական համարվող գաղափարախոսություններում արծարծվող արիական, կիսաարիական, ոչարիական հատկանիշներ ազգերին վերագրելու ռասիստական միտումներին, պետք է նշել, որ արիականությունը հիմնված է ոգեղեն սկզբունքների վրա, այն ոչ մի աղերս չունի ազգության, ռասայի, ծագումի հետ:

Արիական իմաստություն,
Էդմոն Խուրշուդյան

Комментариев нет:

Отправить комментарий