24.05.2013

ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ


Հայոց պատմական տոհմերից մեկի՝ Բագրատունիներին մեծ առաքելություն վիճարկվեց: 9-րդ դարի 50-ական թվականների կեսին Արաբական խալիֆայությանը ենթակա Հայաստանի կառավարիչ նշանակված Աշոտ Բագրատունին, հենվելով իր տոհմի ռազմական ուժի վրա, համախմբելով ազատատենչ իշխանական տները՝ 3 տասնամյակում քայլ առ քայլ գնաց դեպի անկախություն: Եվ վերջապես՝ 885 թ. վերականգնեց 428թ. կորսված Հայաստանի անկախությունը և մեծ շուքով օծվեց Հայաստանի թագավոր:
      Բագրատունիների հայոց թագավորությունն իր հզորության գագաթնակետին հասավ Գագիկ Ա թագավորի օրոք՝ 989-1020 թվականներին, երբ կրկին վերանվաճվեցին Դվինն ու Նախճավանը, և Երասխը կրկին սահման դարձավ Հայաստանի և Ատրպատականի միջև:
    Սակայն 11-րդ դարի 20-ական թվականներից հետո իրադրությունը փոխվեց: Արևելքից եկել ու սպառնում էին սելջուկների հրոսակները, արևմուտքից նվաճողական առաջխաղացումն էին համառորեն շարունակում անահեռատես բյուզանդական կայսրերը, որոնք, փոստորեն, իրենց ձեռքով ավերում էին արևմուտքի ճանապարհը պաշտպանող վահանը՝ Հայաստանը: 1045թ. բյուզանդական կայսրը խաբեությամբ Կ.Պոլիս է հրավիրում Գագիկ Բ թագավորին, որ դիմագրավում ու հետ էր մղում բյուզանդական բանակներին, և գերում է նրան: Ընկնում է Բագրատունիների 160-ամյա թագավորությունը:
   Բագրատունիների թագավորության տարիներին առաջացան Վասպուրականի, Կարսի, Սյունիքի, Լոռու թագավորությունները, Խաչեն-Փառիսոսի, Տարոնի իշխանությունները, որոնք ենթական էին Բագրատունիների կենտրոնական թագավորությանը:
     Բագրատունյաց Հայաստանը Միջին Արևելքի ամենածաղկուն երկրներից մեկն էր, առևտրական կապերի մեջ էր հայտնի գրեթե բոլոր երկրների հետ: Այստեղ կառուցվում էին նոր ու ամուր քաղաքներ, մշակույթի ու հոգևոր համալիրներ: 961թ-ին մայրաքաղաք հռչակված Անին այդ ժամանակի աշխարհի ամենահզոր ու ամենաբազմամարդ քաղաքներից էր:
      Հայտնի չէ, թե հնում, երբ Բագրատունիները հայոց Արշակունի թագավորների թագադիրներն էին կամ Մարզպանական Հայաստանի կառավարիչները, ինչ զինանշան ունեին, բայց Հայաստանի թագավոր եղած ժամանակ նրանց զինանշանի վրա առկա են թե՝ առյուծի, թե՝ արծվի պատկերներ:
    Բագրատունիների առյուծի պատկերով հնագույն զինանշանը գտնվում է Կարսի Առաքելոց եկեղեցու հարավային ճակատին: Առաքելոց եկեղեցին կառուցվել է Աշոտ Երկաթի եղբոր՝ Աբաս Բագրատունի թագավորի օրոք՝ 930-943 թվականներին: Առյուծի պատկերն իրականացված է հարթաքանդակի եղանակով քարի վրա փորված քառակուսու ներսում: Առյուծը գլխով ուղղված է դեպի աջ և նայում է դիտողին: Որպես իշխանության նշան՝ առջևի աջ թաթը բարձրացրած է վեր,պոչը՝ վեր տնկված: Թեև պատկերն իրականացված է առանց մանրամասների ընգծման, այնուամենայնիվ, խոսուն է: Փաստորեն, լինելով Առաքելոց եկեղեցու պատին, ամենայն հավանակությամբ, զինանշանը պատկանում է Աբաս թագավորին: 
    Անիում գտնված սալաքարի վրա առյուծի պատկերը իրականացված է քանդակային եղանակով: Առյուծը գլխով ուղղված է դեպի աջ և բացարձակապես կրկնում է Կարսի քանդակը: Առավել մանրամասնորեն են քանդակված կենդանու կուրծքը, վիզը, դեմքը: Կուրծքը ուռցրած է, բաշը հարթ է, հոնքը հաստ ու ընդգծուն է: Ճակատին ռումբիկ է փորագրված, որը խորհրդանշում է իշխանապետ լինելը:
     Հենց այս առյուծապատկերն է որպես Բագրատունիների խորհրդանիշ պատկերվել է Հայաստանի Առաջին Հանրապետության և Հայաստանի Երրորդ Հանրապետության զինանշաններին՝ վահանի առակողմյան վերին հատվածում: 
    Անիում գտնվել են գլխով դեպի աջ ուղղված ևս երկու զինանշանային քանդակներ:
   
Վստահորեն կարելի է փաստել, որ Բագրատունիների կենտրոնական իշխանության զինանշանը ևս գտնվում է Կարսի Առաքելոց եկեղեցու գմբեթի խորշերից մեկում:
      Զինանշան-արծիվը քանդակված է արձանային եղանակով և ունի ուղղահայաց կառուցվածք: Թռչնի թևերը հպված են մարմնին, կուրծքը դուրս ցցված է, վիզը թեքված է մի փոքր ձախ, գլուխը ցավոք, ջարդված է: Հզոր ճանկերի մեջ պոչին սեղմած պահում է ինչ-որ անորոշ կենդանու: Քանդակն իրականացված է թեփուկաքանդակային եղանակով:
     Բագրատունիների անիական շրջանից հայտնի է զինանշանային մեկ այլ տարբերակ, որը գտնվում է Անիի Մայր տաճարի արևմտյան ճակատին: Այստեղ՝ կենտրոնական մասում, իրար զուգահեռ, երկու խորշերի գլխին , գրեթե նույն ոճով քանդակված են զինանշան-արծվի պատկերներ: Թռչունն ունի հորիզոնական կառուցվածք, պատկերված է այն պահին, երբ երկնքից, թևաբախումով, բացված պոչով իջնում ու ճանկում է զոհին: Ամբողջ պատկերը շարժման մեջ է. հզոր թևերը ալիքաձև, ոլորուն ճախրում են օդում, մագիլները խրվել են աննշան ու անորոշ զոհի մարմնի մեջ ու սեղմվել են հզոր պոչին: Թռչնի գլուխը մի փոքր ձախ է թեքված եղել, որով որոշվում է նաև կրծքի ձախ ուղղվածությունը: Ինչպես և Կարսում, Անիի Մայր տաճարի երկու արծիվների գլուխներն էլ կոտրված են, որով զինանշանային այս անզուգական պատկերները որոշ չափով խամրում են: Զինանշանային արծվաքանդակները թեև զուրկ են մանրամասների ընգծումից և ընդհանրապես մշակված չեն, սակայն լավագույնս են արտահայտում հզոր թագավորների՝ Բագրատունիների կարգավիճակը. նրանք այնքան հզոր էին, որ նրանց դեմ թշնամիներն աննշան ոչնչություն են: Բագրատունիների այս զինանշանը կերտվել է Գագիկ Ա թագավորի օրոք, երբ Բագրատունիները գտնվում էին փառքի գագաթնակետին, և նրանց զինանշանն էլ այդ է ապացուցում:
    Անիի մայր տաճարի զինանշանային պատկերի նմանությամբ՝ երկու նույնատիպ արծվապատկերներ են փորագրված Անիի միջնաբերդի պալատական եկեղեցու ներսում: Եկեղեցին կառուցվել են Բագրատունիները՝ 10-11-րդ դարերում:
    Ավելի ուշ Բագրատունիների զինանշանային պատկերները որդեգրեցին իրենց Բագրատունյաց տոհմից սերված համարող՝ նրանց իրավահաջորդ Զաքարյանները: Զաքարե Բ-ի և Իվանե Աճի համար որոշ փոփոխություններով օգտագործվեց Կարսի Առաքելոց եկեղեցու արծվապատկերները, իսկ Վահրամյանները որդեգրեցին Անիի Մայր տաճարին գտնվող զինանշանը՝ դրանում որոշ հավելում կատարելով:

<<Հայկական իշխանական զինանշանները>> գրքից, էջ 16, Տիգրան Հայազն 


Комментариев нет:

Отправить комментарий