06.02.2013

ՊԱՏՃԱՌ և ՀԵՏԵՎԱՆՔ



Մի՛ լինիր ստվերը, արձագանքը, նմանությունը ուրիշների, որ հարկադրված չլինես ծիծաղելիորեն կրելու այլոց գաղափարներն ու տեսակները, ինչպես կրում ես ուրիշների ձեռքով պարտադրված զգեստներդ: Ամենաէականը, որպեսզի արթնանան հոգուդ հեքիաթային ուժերը և ծառայեն քեզ:
      Այդ մասին խոսել եմ քեզ հետ: Ավելացնեմ, թե բավական չէ դեռ սեփական խոկում ու խորհրդածություններ ունենալը: Պետք է, որ այդ վերջինները լինեն մաքուր, վեհ, արդար: Քանզի մեր նկարագիրն այլ բան չէ, եթե ոչ գումարը մեր մտածումների: Մեր արարքները ծնունդ են առնում և կազմակերպվում նախ մեր ուղեղի և հոգու մեջ: Անհատի և ազգի ճակատագիրը բնորոշվում և դարբնվում է այն մտածումնեով, որ այդ վերջինները երկարորեն սնուցել են իրեն մեջ: Տկարություն, թե հզորություն, պարտություն, թե հաղթանակ, տառապանք, թե երջանկություն, այդ բոլորի հեղինակը ի՛նքը՝ անհա՛տն է, ժողովո՛ւրդը, և ոչ սրանց թշնամիները, և ոչ դիպվածը:
Պատճառ ու հետևանք՝ միևնույն փոխհարաբերությունն ունեն ինչպես նյութական, այնպես էլ՝ մտաբարոյական աշխարհում: Ահա թե ինչո՛ւ մեր պայքարը պարագաների և հետևանքների դեմ չպիտի ուղղված լինի, որ դուրս են մեզանից, այլ՝ պատճառների դեմ, որ մեր մեջ են: Մտածումներից ծնունդ է առնում ցանկությունը, սրանից՝ ձգտումը, իսկ այդ վերջինը ունենում է իր այս կամ այն առարկան, որով և անհատը մատնում է իր մտածումների բնույթը: Պարբերաբար ընդունված ներքին ներշնչումներից մենք մշակում ենք մեզ համար հատկություններ, պայմաններ, և որպես արդյունք այդ բոլորի՝ մեր ճակատագիրը: Հսկի՛ր մտածումներիդ մաքրության ու վսեմության վրա:
Հաճախ քաղհանքի ենթարկիր մտքերդ, զտի՛ր: Ամեն մտածում, հենց որ տեղ գրավեց գլխիդ մեջ, պիտ ձգտի արտահայտվել: Չար, ստոր, եսական մտածումները քեզ պիտ մղեն համապատասխան քայլեր առնելու: Արդար, անձնվեր, ասպետական մտածումներն, ընդհակառակը, քեզ պիտ դարձնեն հեղինակը ազնիվ գործերի: Սովորի՛ր ղեկավարել ուղեղդ: Դժվար չէ դա, քանզի մարդս իշխանություն ունի իր մտածումների վրա:
     Մենք, մենք չենք կարող արգելել թռչուններին անցնելու մեր գլխի վրայով, բայց իշխանություն ունենք թույլ չտալու նրանց, որ իրենց բույնը շինեն մեր գլխի վրա: Այս ձևով վարվիր մտածումներիդ հետ: Թույլ մի տուր, որ վատերը իրենց բույնը հյուսեն ուղեղիդ մեջ: Ամրացի՛ր վսեմ մտածումներիդ մեջ, և դու կտիրես ներքին խաղաղության: Իսկ գիտե՞ս, որ որքան հոգեպես անդորր է մարդը, այնքան ուժեղ և ազդեցիկ է նա: Քո կյանքի արտաքին պայմանները, ինչպես և քո ժողովրդի, հարազատ ծնունդն են քո հոգեկան վիճակի, իսկ այդ վերջինը՝ քո մտածումների: Այդարև, մեզնից ամեն մեկը, մի հոգեբանի պատկերավոր արտահայտությամբ, հավաքում է քաղցր ու դառն պտուղները իր մտքի տնտեսության: Տանջանքն ու տխրությունը միշտ էլ հետևանք են վատառողջ մտքերի, որոնք ցույց են տալիս, թե անհատը հաշտ ու համերաշխ չէ իր խղճի հետ:
      Հեռո՛ւ նվաստ երկչոտ խոհերից, որոնք սնուցում են մեր վարանոտ ու անվճռական հատկությունները՝ դարձնելով մեզ հոգևոր ստրուկ, միշտ ենթակա նվաստացումի և զրկանքների: Միշտ վեհ, ազնիվ, արիական մտածումներ, որոնք բյուրեղանում են որպես ուրախություն, ներքին հանգիստ, քաղցրություն՝ դարձնելով մեր հոգին թարմ, պայծառ ու կորովի: Երկաթը մաշվում է իր ծնած ժանգից: Մարդ տառապում է իր անկատարելիությունից, որ արդյունք է իր անմաքուր, իր ժանգոտ մտածումների: Մտածումը, նայած իր բնույթին, և՛ սպանիչ է, և՛ հարուցիչ, փրկիչ:
      Հրաշագործ է մտքի ուժը: Դո՛ւ, երիտասարդ զրուցընկեր, դո՛ւ, որ հրամայողաբար պիտ լինես ուժեղ, դու ևս ապավինիր վսեմ մտածումի փրկարար ուժին: Եվ որովհետև ուխտիդ բերումով քեզ վիճակված է և ղեկավարի պատասխանատու դեր, սովորի՛ր իմաստորեն ղեկավարել նա՛խ սեփական մտածումներդ ու ցանկություններդ:

Комментариев нет:

Отправить комментарий