08.01.2013

ՀԱՅԿԻ և ԲԵԼԻ ՄԵՆԱՄԱՐՏԸ (Ասք Հայկ Նահապետի մասին)



Հայկը, իր սակավաթիվ հսկաներով, հասավ մանր ձկներով հարուստ աղի լճին և ապա դիրք գրավեց բարձր լեռների արանքում գտնվող մի բարձունքի վրա: Այդտեղից պարզ երևում էր Բելի բանակը: Երկնքի աստղերին հաշիվ կար, տիտան զինվորներին հաշիվ չկար:
   Հայկը հավաքեց իր զորականներին  և այսպես դիմեց նրանց.
   - Ո՛վ, իմ քաջ զինակիցնե՜ր, թե մենք մեր Հողում պարտվենք Չարիին և մենք մեր Հողում ստրուկ լինենք նրան՝ աններելի է դա, ամոթի խարան: Բա Աստվածները դա մեզ կներե՞ն, մեր նախնիները չե՞ն անիծի մեզ: Ի՞նչ փույթ, թե Բելը անթիվ-անհամար զորք է կուտակել, ի՞նչ փույթ, թե նրան Վիշապն է օծել:
Չէ՞ որ Մայր Հողի ուժն է առկայծում մեր սրտերի մեջ, սուրբ նախնիների անմահ ոգիները՝ անպարտելի ուժ, մեզ են զորակցում, մեզ հետ են Արայի հայրական Օրհնանքը, Վահագնի Զորությունը, մեր երկրի Արևը: Էլ ի՞նչ թշնամի, էլ ի՞նչ բազմություն՝ պարզապես փքված ձյունե մեծություն, որ ջուր է դառնում զորության բոցից:
   Ապա Հայկը հայացքով որոնեց Բելին տիտանյան զինված ամբոխի մեջ: ԵՎ նկատեց բանակի թիկունքում, բլրի վրա կանգնած ընտրյալ հսկաների խումբը, որ բավական երկար տարածությամբ անջատված էր զինված ամբոխից: ԵՎ այդ հսկաների մեջ նա ճանաչեց Բելին, որ գլխին կրում էր երկաթե սաղավարտ՝ արքայական տարբերանշանով, թիկունքի ու լանջի վրա ուներ պղնձե զրահ, սրունքների ու թևերի վրա՝ պահպանակներ, մեջքին կապել էր գոտի՝ ձախ կողմից կախված կեռ սրով.  աջ  ձեռքում բռնել էր հսկայական նիզակ, իսկ ձախում՝ վահան:
   ԵՎ Հայկը իր հուժկու ձայնով կանչեց.
   - Հե՛յ, տիտանյան Բել, ո՞ւր  ես հավաքել այս ամբոխը եկել մեր Հողի վրա բազմել: Վերցրու՜ քո բանակը և չքվի՜ր այստեղից, քանի դեռ սուրս չեմ հանել պատյանից:
   Ծիծաղեց Բելը և ասաց.
   - Ո՛վ, Հայգ Արմենների արքա՜, մի խումբ որսորդներով որսի՞ ես ելել, թե՞ հնազանդության ուխտավորներով եկել ես ինձանից խաղաղություն աղերսելու:
   Բարկացավ Հայկը Բելի ամբարտավանության վրա և ասաց.
   - Տիտանյան Բե՜լ, նվազ է իմ զորախումբը, բայց աստվածների զորախումբ է: ԵՎ աստվածները ՙԽաղաղություն՚ բառը սրի ծայրով են փորագրում:
   Ասաց, պատյանից հանեց թուր-կեծակին ու կանչեց Վահագնին: ԵՎ ինչպես կատաղի լեռնային գետակ, Հայկի քաջերի զորախումբը մխրճվեց տիտանների մեջ:
   Երբ երկու կողմերի հսկաները իրար են հասնում, և սկսում է ահեղ ճակատամարտը, երկրի վրա սարսափելի դղրդյուն է բարձրանում: Հսկաները իրենց ահռելի գրոհի թափից միմյանց վրա ահ ու սարսափ էին տարածում: Երկու կողմից հաղթանդամ զինվորներ էին սրահարվում ու գետին տապալվում: Ինչ տիտաններինն էր՝ ամեն ընկածի փոխարեն տասը նորերն էին գալիս: Ինչ աստվածներինն էր՝ ամեն ընկած զինվորի լիզում էին երկու արալեզները ու կենդանացնում, և նրանք առավել զորացած, մարտի էին նետվում:
   Վիշապն էր հովանավորում տիտաններին: Վահագն էր շարժում բազուկն աստվածների ու նրանց աչքերում արևներ վառում:
   Հայկը հնձում էր տիտաններին իր թուր-կեծակիով, հազար-հազար մարդ մի սայրն էր սպանում, հազար-հազար մարդ մյուս սայրն էր սպանում, հազար-հազար մարդ ճառագումն էր այրում: ԵՎ տիտանները սարսափած փախչում էին Հայկի առջևից: ԵՎ Հայկը եկավ կանգնեց Բելի դիմաց ու ասաց.
   - Հե՛յ, տիտանյան նենգ արքա՜, քո ամբոխին աստվածների սրի բաժին ես արել, իսկ ինքդ թաքնվել ես թիկունքո՞ւմ: Սուրդ հանի՜ր պատյանից և դո՜ւրս եկ ասպարեզ մենամարտելու ինձ հետ:
   Բելը սարսափեց Հայկին տեսնելով և քծնական ժպիտով դիմեց նրան.
   - Ո՛վ, Արյաց արքա՜, մեծդ աստվածների մեջ, մեղմիր քո ցասումը և սուրդ դիր պատյան. եկ հյուրասիրվիր իմ վրանում, հանգստացիր և հետո, եթե կամքն է իմ ու քո Աստվածների, կմենամարտենք:
   - Ո՜չ,- մերժեց Հայկը,- պատյանից հանված սուրը ետ պատյան չի դրվի, դա է բնույթը աստվածների:
   ԵՎ սկսվեց մենամարտը աստված Հայկի և տիտան Բելի միջև: Ահեղ կռիվ էր: Երկիրն էր դղրդում նրանց ոտքերի տակ. սրերի զարկից կայծեր էին թռչում և մինչև երկինք հասնում, միախառնվում արևի բոցին. նրանց գոռոցից օդն էր թունդ առնում:
   Երկար էին կռվում, բայց ոչ մեկը չէր հաղթում: Հայկը հեշտությամբ կասեցնում էր Բելի զարկերը: Ահեղ էին Հայկի զարկերը: Հայկի զարկից Բելը ընկնում էր, բայց նորից ոտքի էր կանգնում և շարունակում կռիվը: Զարմանում էր Հայկը, թե ինչո՞ւ իր թուր-կեծակին չի վնասում Բելին, ինչո՞վ է կախարդված Բելը:
   Նրանք կռվեցին մինչև մութն ընկնելը: Մութին երկու բանակները բաժանվեցին իրարից, գնացին հանգստանալու, որ առավոտյան լույսով նոր մարտի ելնեն: Երկու կողմի հոգնած զինվորները խոր քուն մտան: ԵՎ միայն երկուսը քնած չէին: Բելը զոհ էր մատուցում իր Աստված Վիշապին, աղոթում էր նրան, խնդրելով պահպանել իրեն Հայկի զարկերից: Իսկ Հայկը զոհ էր մատուցում իր Աստված Վահագնին և դիմում նրան.
   - Ո՛վ, Ամենազոր Վահա՜գն, ասա ինձ՝ ինչո՞վ է կախարդված Բելը, որ իմ թուր-կեծակին խոցում է նրան, բայց չի վնասում:
   ԵՎ Վահագնը ասաց.
   - Ո՛վ, երկրային աստված Արիի արժանավոր ժառա՜նգ, Բելը չի կախարդված, քո սուրն է կախարդված: Հայր Արայի կամքով քո թուր-կեծակին քո արյան դեմ կորցնում է իր զորությունը, իսկ Բելի մեջ քո հոր արյունն է: Բելին միայն մի կայծ-նետով կարող ես սպանել:
   ԵՎ Վահագնը մի կայծ-նետ տվեց Հայկին:
   Առավոտյան հենց որ արևը ծագեց, երկու կողմի հսկաները նորից կպան իրար: ԵՎ նորից հողը դղրդաց հսկաների ոտքերի տակ: Բելը, վախենալով Հայկից, ավելի մեծաքանակ հսկաների խմբի մեջ էր թաքնվել:
   Հայկը տիտան զինվորներին աջ ու ձախ կոտորելով, մոտենում է Բելին: Հսկաների խմբի մեջ նկատում է թաքնված Բելին. մինչև վերջ ձգում է իր լայնալիճ, հզոր մայրափայտյա աղեղը և կայծ-նետն արձակելով՝ ուղիղ հարվածում է Բելի կուրծքը զրահավորող պղնձե տախտակին: Նետասլաքը շեշտակի թափով անցնում է զրահը, Բելի թիկունքից դուրս գալիս և խրվում հողի մեջ: Ամբարտավան Բելը մսե արձանի նման տապալվում է գետին և շունչը փչում:
   Բելի զինվորները, տեսնելով իրենց արքայի կործանումը, խուճապահար դիմում են փախուստի: Հայկը դիմում է տիտաններին և ասում.
   - Լսե՜ք ինձ, տիտաննե՜ր: Հայր Արան աստվածներին իրենց Հողն է տվել, տիտաններին՝ իրենց Հողը: Ապրեք խաղաղությամբ ձեր Հողի վրա: Բայց թե մեկ էլ սրով Արարատ եկաք՝ նայեք ձեր արքային և խղճացեք ձեր օրը:
   Փառահեղ հաղթությամբ վերադառնում էին պատերազմից Հայկյան քաջերը: Ամենուր նրանց գովքն էին անում, ամենուր  երգ ու պարով էին դիմավորում նրանց:
   Հայկյան զինվորները ամեն տեղ մեծ պատվի էին արժանանում, և ամենքը նրանց Հայկյան քաջեր էին անվանում: ԵՎ այրերը երազում էին Հայկյան զինվոր լինել: ԵՎ ամեն տարի մեծ Նավասարդ էին սարքում, հույս ունենալով իրենց հաղթությամբ Վահագն Աստծո օծումը ստանալ և դառնալ Հայկյան զինվոր: ԵՎ ամեն կին երազում էր Հայկյան զինվորի մայր լինել:
   ԵՎ Հայկը ամուսնացավ գեղեցիկ Նանեի հետ և շատ զավակներ ունեցավ: ԵՎ ամեն ծնվող զավակի համար մի ծնունդի ծառ էր տնկում: Հետևելով Հայկին, Արիները սկսեցին նույնպես ծնունդի ծառեր տնկել իրենց նորածին որդիների համար

   Երկար, շատ երկար էր կառավարում Հայկը Արարատյան Արիներին՝ Հայգ Արմեններին: Հայրական հոգատարությամբ և աստվածադիր օրենքներով էր կառավարում նա: Հայկը սիրում էր ամենքին և ամենը: ԵՎ նրա սիրտն ու տան դուռը միշտ բաց էին բոլորի համար: Արմեններն էլ սիրում ու պաշտում էին Հայկին և Արմենների հայր անվանում: ԵՎ այնքան մեծ էր Արմենների պաշտամունքը Հայկի նկատմամբ, որ ամեն զոհ մատուցելիս, Անմահ Աստվածների հետ մեկտեղ փառաբանում էին նաև Հայկին, որ Հայգ Արիի պատկերը ուներ:
   ԵՎ ահա մի օր Հայկը հրովարտակ է ուղարկում Արարատի բոլոր կողմերը և բոլոր տոհմերի նահապետներին կանչում իր մոտ: Հավաքվեցին Արմենական բոլոր մեծ ու փոքր տոհմերի նահապետները: Հայկի հրավերով եկան նաև Արարատից դուրս Արի Ազգերի առաջնորդներ Արևելքից ու Արևմուտքից, Հյուսիսից ու Հարավից: Երբ բոլորը հավաքվեցին, ներկայացավ նաև ինքը՝ Հայկը, տոնական հագուստով և հանդիսավոր բազմեց իր գահի վրա:
   Հայկի այդ տոնական հագուստը և ընդգծված հանդիսավորությունը զարմանք ու երկյուղ էին առաջացնում հավաքվածների մեջ: Բոլորը զգում էին՝ կա՜մ շատ ուրախալի լուր են լսելու, կա՜մ շատ ողբերգական: Ո՞րն է լինելու: Փորձում էին կռահել. չէին կարողանում և անհամբեր սպասում էին Հայկի խոսքին: Իսկ Հայկը լուռ էր: Նա չէր շտապում խոսել: Նա հայրական ժպիտով և կարոտալի հայացքով շոյում էր ամեն մեկին առանձին-առանձին: Տագնապալի սպասումը տանջում էր բոլորին: Նրանք պատրաստ էին լսել թեկուզ ամենավատ լուրը, միայն թե ազատվեին այդ տագնապալի սպասումից:    Վերջապես Հայկը դիմելով բոլորին, ասաց.
   - Ո՛վ, սիրելինե՜րդ իմ, ես կանչել եմ ձեզ հրաժեշտ տալու: Ես գնում եմ միանալու իմ նախնիներին:
   Մի պահ բոլորը պապանձվեցին. ամեն ինչ կսպասեին, բայց ո՜չ այդ հայտարարությունը: Շուտով ըմբռնեցին Հայկի ասածի էությունը և խոր երկյուղով խառնվեցին իրար: Առաջին անգամ ըդվզեցին Հայկի դեմ: Ոչ ոք չէր ընդունում նրա հրաժեշտը: Տխրեց Հայկը, ձեռքով սաստեց բոլորին և ասաց.
   - Ո՛վ, Արմեննե՜ր, մի՞թե ես այնքան անարժան առաջնորդ եմ եղել, որ դուք այսօր զլանում եք նույնիսկ հրաժեշտի երջանկություն պարգևել ինձ:
   Լռեցին բոլորը, և ամեն մեկն իր շփոթված մտքով խորացավ ինքն իր մեջ: Ծանր, շատ ծանր լռություն էր տիրում, բայց ամենքի մեջ փոթորիկ էր ու պատերազմ՝ անելանելի շփոթ: Տոհմապետերից ամենաիմաստունը վերջապես դիմեց Հայկին ու ասաց.
   - Ո՛վ, Մե՜ծդ Արի Հայկ, դու շատ լավ գիտես, որ բոլոր Հայգ Արմենները սիրում ու պաշտում են քեզ և քեզ Արմենների հայր են անվանում: Դու չես կարող կասկածել մեր սիրուն և նվիրվածությանը: ՈՒստի ես նույն հարցը կտամ քեզ. մի՞թե մենք այնքան անարժան զավակներ ենք եղել քեզ համար, որ վաղաժամ ուզում ես հեռանալ մեզանից:
   Պայծառացավ Հայկը, գոհունակությամբ ժպտաց և ասաց.
   - Ո՛վ, իմ սիրելի Արմեննե՜ր, դուք էլ գիտեք, որ իմ ամբողջ սերը ձեզ եմ տվել: Բայց գիտցեք, որ հրաժեշտի պահը ինձանից չի կախված: ԵՎ ընդհանրապես վաղաժամ կամ ետնաժամ մահեր չեն լինում: Բոլոր մահերը ճիշտ ժամանակին են լինում: Չէ՞ որ մարդ, որ ծնվում է, անպայման իր որոշակի բնական դերն ունի, որ իր ամբողջ կյանքում պիտի կատարի: Դեր չունեցող մարդը՝ կենդանի վիժվածք է. իր դերը չկատարող մարդը՝ կենդանի դիակ է: ԵՎ նույնիսկ նրանց մարմնավոր գոյությունը կյանքի հետ ոչ մի կապ չունի: ԵՎ մարդու ամեն մի կյանքի տևողությունը համապատասխանում է նրա դերի կատարմանը: Ես կատարել և ավարտել եմ իմ դերն այս կյանքում, ուստի իմ այս կյանքի սահմանն ավարտված է: ԵՎ եթե ես աննպատակ կառչեմ այս  կյանքին, ապա կհավասարվեմ կենդանի վիժվածքներին ու կենդանի դիակներին և չարիք կլինեմ կյանքի համար: ԵՎ Հայր Արայի կամքով ես հրաժեշտ եմ տալիս ձեզ: Առավոտյան Արագածի լանջին մի կիզախարույկ կպատրաստեք, որ նախնյաց ավանդույթի համաձայն այրեք իմ մարմինը, և ես, որ հուր էի, նորից հուր դառնամ:
Զարմացան բոլորը, և նահապետներից մեկը տարակուսանքով ասաց.
   - Ո՛վ, Արմենների հա՜յր, մեզ համար սուրբ է քո կամքը, բայց մեր նախնյաց ավանդույթով այրում են անկենդան մարմինը, իսկ դու ողջ ես:
   - Ո՜չ, սիրելի՜ս, - պատասխանեց Հայկը, - ես արդեն ոգի եմ, և իմ մարմինը այլևս պայմանական է: Հայր Արայի կամքով ես ինքս պիտի տեսնեմ իմ կիզումը խարույկի վրա, որն ուղեկցվելու է ճոխ և ուրախ տոնախմբությամբ:
   Առավոտյան արևի առաջին ճառագայթների հետ Հայկը նստեց իր սպիտակ նժույգը և շարժվեց դեպի Արագած: Նրան հետևում էին Արմենական տոհմերի նահապետները և եղբայրական Ազգերի առաջնորդները: Հազար ու հազար Արմեններ ամեն կողմից շտապում էին Արագած, հրաժեշտ տալու իրենց սիրելի առաջնորդին: ԵՎ ամբողջ ճանապարհին բազմագույն և բազմաբույր ծաղիկներ էին շաղ տալիս Հայկի նժույգի ոտքերի տակ: Ամբողջ ճանապարհին փառերգերն ու պարերը ուղեկցում էին Հայկին, երջանկացնելով նրա հրաժեշտը:
   Բազմահազարանոց թափորը հասավ Արագած, որի լանջին կիզախարույկի փայտեր էին դիզված: Կիզախարույկից մի փոքր ներքև Հայկը մի խարույկ վառեց, զոհ մատուցեց, փառաբանեց Հայր Արային ու Անմահ Աստվածներին և ապա դիմեց իր նախնիներին.
   - Ո՛վ, իմ անմահ նախնինե՜ր, ես իմ դերը այս կյանքում ավարտել եմ ու ձեզ մոտ եմ գալիս. թե ես արժանի եմ՝ ընդունեք ինձ:
   ԵՎ ապա շրջվեց իրեն ուղեկցող առաջնորդներին և ասաց.
   - Ո՛վ, Արմենական տոհմերի նահապետնե՜ր, ո՛վ, Արի ազգերի առաջնորդնե՜ր, լսեք իմ վերջին պատգամը: Գիտցեք, որ Թորգոմի ուխտին որպես հետևանք, Տիտանները Երկրային Աստվածներից սերմ գողանալով, աստծո որդիներ կծնեն՝ սարսափելի գենախեղվածներ: ԵՎ այդ աստծո որդիները՝        գենախեղվածները,     արիական    զորությամբ     և   տիտանյան չարությամբ, ձեր դեմ կառաջնորդեն Տիտաններին և շատ չարիքներ կգործեն: ՈՒստի Հայր Արայի կամքով պատվիրում եմ ձեզ՝ Արի արյունով ճանաչեք իրար և հենց այդ արյունով միայն երկրպագեք ձեր աստվածայնությունը: ԵՎ գիտցեք՝ երբեք վայել չէ, որ աստվածները երկրպագեն աստծո որդիներին:
   Ասաց, վերցրեց ջահը և խարույկի բոցից վառեց այն: Ապա իր մոտ կանչեց ավագ որդուն և ջահը հանձնեց նրան: ԵՎ ինքը դանդաղ ու հանդիսավոր քայլքով գնաց ու բարձրացավ կիզախարույկի վրա:
   Հազարավոր թմբուկներ խփեցին, հազարավոր շեփորներ հնչեցին, հազարավոր ձեռքեր բարձրացան՝ փառաբանելու Հայկին: ԵՎ այդ բոլորի ներքո Հայկի ավագ որդին մոտեցավ և իր ձեռքի ջահով վառեց կիզախարույկը: Խարույկը բոցավառվեց, և կրակը բոլոր կողմերից իր մեջ առավ Հայկին:
   ԵՎ հանկարծ, ի զարմանս բոլորի, բոցավառվող Հայկը պոկվեց խարույկից ու դանդաղ սկսեց բարձրանալ երկինք: Նրա մարմինը ձուլվել էր կրակին և մի ամբողջություն կազմել: ԵՎ Արմեններն արդեն բարձունքից լսեցին Հայկի ձայնը.
   - Ո՛վ, Արմեննե՜ր, ամեն աշնանը բոլոր տոհմերի նախնիների հետ ես էլ կիջնեմ Արարատ: Թող բոլոր տոհմերը հավաքվեն իրենք իրենց մեջ, հանդիպելու իրենց նախնյաց ոգիների հետ: ԵՎ գիտցե՜ք, Արմեննե՜ր, միայն ձեր նախնիների հետ հարաբերվելով դուք կամբողջացնեք ձեր տոհմերը և կզորանաք ինքներդ: Մոռանալով ձեր նախնիներին, դուք կքայքայեք ձեր տոհմերը և ինքներդ էլ կստրկանաք:
   Թմբուկների ձայնը, Արմենների երգն ու պարը երկար ուղեկցում էին համբարձվող հրեղեն Հայկին, մինչև որ Հայկը ձուլվեց երկնի կապույտին:

   ԵՎ այնուհետև Արմենական տոհմերը աշնան Արեգօրերից մեկը նվիրում էին իրենց նախնիներին: Ամեն տոհմի զավակները ամենահեռավոր վայրերից անգամ հավաքվում էին իրար գլխի: Զոհ էին մատուցում, խնջույք սարքում, երգում, պարում և նախնիների հովանավորությամբ նորոգում էին իրենց տոհմային զգացողությունը և առավել հարազատանում իրար:   

Комментариев нет:

Отправить комментарий