16.01.2013

ՁՈՆ ԱՆԱՀԻՏԻՆ



   Դատարկ կլիներ Աշխարհը արար, թե Մայր չլիներ: Էլ ո՞վ պիտի Աստվածներ ծներ, էլ ո՞վ պիտի Արիով երկներ, ո՞վ պիտի չափեր ցավը Աշխարհի, գութը Աշխարհի ո՞վ պիտի ցաներ, ո՞վ պիտի սներ Սերը Գարունքի... Բայց էլ ի՞նչ Գարուն, թե Մայր չլիներ: Թե Մայր չլիներ, Հայրը ի՞նչ աներ: Գուցե իսկապե՞ս հենց ինքը Արան Մայրն է արարել Անահիտի մեջ ու հենց Մայրությամբ կերտել է նրան ու Ինքն առաջինն է նրան Մայր անվանել: Գուցե իսկապե՞ս Մայրը մայր չէ լոկ. Մայրը՝ ծնումի խորհուրդ անձկալի, պտղաբերումի մի ամբողջ աշխարհ, գութի խնկարկում, հույսի պատարագ, սիրո մեղեդի, կարոտի խորան, երջանկության բույր: ԵՎ նրա Մայրությունը ինչի՞ց է կերտված՝ Աշխարհի բոլոր ցավերից մի փունջ, բոլոր սերերից մի ամբողջ հյուսվածք, հուզմունքից մի բուռ, երազներից սոսկումները լոկ, պատրանքների ծով... դա է Մայրությունը:
ԵՎ այդ Մայրությամբ է հենց Մայրը կերտված, որպես հրաշալիք, հրաշք աստվածային՝ լինել երջանիկ տառապանքի մեջ: ԵՎ Անահիտը՝ ինքը տառապանք, ինքը Մայրացում, Մայր Աստվածուհին ամեն երկունքի, ամեն ծնունդի, ամեն քնքշության ու նվիրումի: ԵՎ Անահիտը հենց իր Մայրությամբ ինքն է պարգևում բոլոր մայրերին Մայրացում որպես շնորհ աստվածային:
   Փա՛ռք Անահիտին,
   Փա՛ռք Մայրացումին:
   Առանց երկունքի էլ ի՞նչ մայրացում:  ԵՎ էլ ի՞նչ երկունք առանց ցավերի: ԵՎ այդ ցավերով Մայր Աստվածուհին հենց ինքն է երկնում, հենց ինքն էլ բոլոր մայրերի նման մանուկ է ծնում, հենց ինքն էլ բոլոր մայրերի նման երջանկանում է իր Մայրացումով
   ԵՎ Անահիտը՝ Մայրը բոլոր Արի մայրերի, իր Մայրացումով՝ մայրերի կողքին, ամեն երկունքին՝ անձամբ հովանի, անձամբ մասնակից՝ մոր ապրումներին, մոր երազներին: Ինքն է երազներ տալիս մայրերին, պատրանքներ հյուսում նրանց երազում, հուզումներ հղում դառն ու հաճելի և իր Աստվածային Մայրության լույսից մի շող է գցում նրանց հոգու մեջ, սնում է նրանց աստվածայնությամբ, հենց իր Մայրությամբ, իր տառապալի երևակայությամբ, որ ինքն է հյուսում նախ՝ իր իսկ հոգու մեջ իր մանկան համար: Որ ամեն մի մայր հենց իր մայրությամբ որդուն պարուրի սիրո կարոտով, տենչա, երազի, մտովի կորցնի, որոնի, ողբա, երկյուղած դողա և ապա գտնի, սեղմի իր կրծքին ու երջանկության արցունքներն առատ աչքերից թափի որդու մազերին ու ժպտա՛, ժպտա՛... Հենց դա է Մայրը, Մայրն Աստվածային: Այդքան տառապանք Աստվածներն, անգամ, չեն կարող տանել. լոկ Մայրն է տանում, ինքը՝ Տառապանք, ինքն՝ Աստվածային ընտանիքի Մայր:
   Փա՛ռք Անահիտին
   Փա՛ռք Ընտանիքին:
   Անահիտը՝ Մայրը բոլոր մայրերի, Տոհմի մայրերի մայրության պաշտպան:
   Ամեն ընտանիք՝ Տոհմի մի մասնիկ, մի օջախ Տոհմի սերնդատվության: Թե սերունդ չկա, մայրացում չկա՝ էլ ի՞նչ ընտանիք: ԵՎ էլ ի՞նչ սերունդ, էլ ի՞նչ մայրացում ընտանիքից դուրս: Ընտանիքից դուրս ամեն մի ծնունդ՝ մի որբ անտոհմիկ, ընտանիքից դուրս ամեն մայրացում՝ չարիքի ծնունդ:
   Մայրը մայրացումն է ընտանիքի մեջ՝ Տոհմածինն է մայրը: Տոհմը ծնող, Տոհմը սնող, Տոհմը պահող ու զորացնող մայրն է մայրը: Տոհմածառին սնունդ տվող ամենասուրբ հողն է մայրը: Մայր Անահիտը՝ հենց ինքն էլ մի Մայր, Տոհմի Մայր է նա՝ Արայի Տոհմի: Նա էլ է երկնում ու զավակ ծնում. բայց ծնում ո՜չ իր, այլ՝ Հո՜ր զավակին: Հայրը՝ սերմնացան. իր սերմի համար հող է որոնում՝ բերրի, պտղաբեր: Նա որդու համար մայր է որոնում
   Հայրն է պատասխանատու իր Տոհմի առաջ սերունդի համար: Հայրն է արարում սերունդն իր Տոհմի մոր արգանդի մեջ: ԵՎ մայրը իր մեջ սնում է, ապա ծնունդ է տալիս հենց հոր զավակին՝ Տոհմի զավակին: ԵՎ որդին երբեք ծնող մորը չէ, մայրն է լոկ մայր ծնվող զավակին: Տոհմինն է որդին, Տոհմինը միայն, քանզի իր ոգու արարումն է նա, և նրա ծնունդը՝ վերածնունդ է լոկ իր իսկ Տոհմի մեջ: ԵՎ մայրն այնքանով է սուրբ ու պաշտելի, քանի զավակին՝ Տոհմի  զավակին, Տոհմի մեջ ծնում, Տոհմով է սնում, Տոհմի զորությամբ որդուն զորացնում և որպես որդու հարազատ օրրան, հոր Տոհմն է սնում, պահում, պահպանում: ԵՎ աճում է որդին հպարտ և ուժեղ՝ իր տոհմը ունի, տոհմական է նա և աստվածային մորն է խնկարկում երանության մեջ:
   Փա՛ռք Անահիտին,
   Փա՛ռք Երանությանը:
   Մայր Անահիտը ամեն ծնվողին՝ ժպիտներ ունի, ամեն հերոսին՝ համբույրներ ունի, ամեն մեռնողին՝ արցունքներ ունի:
   Թե մանուկն իր անուշ քնի մեջ ժպտում է, ժպտում... այդ ո՞վ է նրա քունը օրորում, ո՞վ է սիրունիկ երազներ տալիս անմեղ մանուկին, այդ ո՞վ է նրան սիրալիր ժպտում, և ո՞ւմ է ժպտում մանուկը քնած: Մայր Անահիտը, հենց մոր կերպարով, ճոճում է նրան քաղցր երազում, համբույրներ դրոշմում, օրոր է ասում աստղերից քաղած անուշ երգերով, ժպտում է նրան արևից պոկած հրե ժպիտով: ԵՎ քնած մանուկը ժպտում է սիրով, ժպտում երջանիկ՝ իր մորն է ժպտում, ժպտում՝ աշխարհին:
   ԵՎ թե մայրերի որդիներն Արի մարտի են գնում Չարիի դիմաց, բոլոր մայրերի համբույրների հետ Մայր Անահիտի համբույրն է դրոշմվում նրանց ճակատին, բոլոր մայրերի օրհնանքների հետ Մայր Անահիտի օրհնանքն է ծփում:
   Իսկ թե պատանին ընկնի քաջաբար ահեղ մարտի մեջ, մահացու վերքի ցավերից տնքա... ի՞նչ է երազում հերոսը մեռնող: Նա մայր է ուզում, իր մորն է տենչում, որ փարվի նրան իր վերջին շնչով, մանկան պես կպչի մայրական կրծքին, մոր արցունքներով իր վերքը լվա ու իր մոր գրկում հանգիստ քուն մտնի, և մայրն օրորի իր քունը մահվան: ԵՎ Անահիտը՝ Մայր Աստվածուհին, որ ամեն Արի մոր կերպարը ունի, մեռնող հերոսի աղերսը լսում, մայրական սիրով հասնում է նրան, գրկում ջերմագին, սեղմում իր կրծքին, իր արցունքներով վերքը ողողում, համբույրով կնքում աչքերը նրա և մեռնող քաջի քունը օրորում: ԵՎ հերոսն Արի իր վերջին շնչով երջանիկ ժպտում՝ իր մորն է ժպտում Անահիտի մեջ ու երանելի մայրական գրկում աչքերը փակում, ոգիանում է սփոփված ժպիտով:
   Փա՛ռք Անահիտին,
   Փա՛ռք Սփոփումին:
   Մայր Անահիտը՝ ոգու պահապան, ոգիների մայր: Թե մանուկն անմեղ այս կյանքից սպառված, մահով է կնքվում և ոգիանում... ԵՎ գուցե իրո՞ք գիշերը ամբողջ նա լաց է լինում, կարոտ է շնչում՝ մորից խռոված: Մայրն ի՞նչ իմանա, որ իր որդին կա, մեռած է, այո, բայց և այնպես կա, կա որպես աննյութ, լուսեղեն ոգի: Մայրն ի՞նչ իմանա, որ մեռած որդին մանուկ է՝ նման բոլոր ողջերին  և ողջերի պես պահանջներ ունի: Որ նա էլ գիտի թախծել ու ժպտալ, նա էլ ողջի պես կարոտել գիտի, խռովել գիտի: Նա էլ ողջի պես խաղալ է ուզում, սիրվել է ուզում. նա էլ ողջի պես մայրիկ է ուզում... 
   ԵՎ Անահիտը իր գիրկն է առնում որբ ոգիներին, մայրական գութով գուրգուրում նրանց, որ էլ չլացեն կարոտի ցավից. իր իսկ ջերմությամբ սնում է նրանց, որ էլ չմրսեն ձմեռվա ցրտից. մայրական սիրով սիրում է նրանց, որ թեև ոգի՝ որբություն չզգան, մայրիկ ունենան, մայրական գգվանք, որ երջանկանան լուսափայլ ոգիք ու սիրեն, սիրեն բոլոր ողջերին, որ ժպտան սիրով մորը՝ երազում, գիշերը փարվեն հոր պարանոցին, խաղան հարազատ եղբայրների հետ: Իսկ թե սարսափած մայրը երազում վանում է նրան, որպես մահաշունչ աղետալի բոթ, Մայր Անահիտը, մանուկը գրկած, մոր մոտ է գալիս, որ մայրը տեսնի ժպտադեմ որդուն, համոզվի նրա լինելության մեջ, հավատա, որ նա շունչ չէ մահաբեր, այլ՝ անմեղ ոգի, որդին անմարմին՝ սիրո, կարոտի զգացմունքով լեցուն և... մայրը սթափվի, էլ չսարսափի ու սիրի նրան ողջ զավակի պես:
   Փա՛ռք Անահիտին,

   Փա՛ռք Սթափությանը


Ուխտագիրք
Սլակ կակոսյան

Комментариев нет:

Отправить комментарий