25.01.2013

ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ: ՆՈՐԱՀԱՅՏ ՓԱՍՏԵՐ: ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ




Իմ զորամասին էր վիճարկված առաջինը վերադառնալ Ղարաքիլիսա:
      Հայ կորպուսի հրամանատարը հրամայում է ձեզ՝ հենց այսօր ձեր զորամասով վերադառնալ Ղարաքիլիսա, շփման մեջ մտնել թշնամու ուժերի հետ և սպասել օգնության: Հեծյալ գնդի պետ՝ Ղորղանյան, 24 մայիս, Դիլիջան:
      Ստանալով այդ հրամանագիրը՝ զորամասս կենտրոնացավ հայոց եկեղեցու բակում: Վայրկյանների ընթացքում տարածվեց Ղարաքիլիսա վերադառնալու լուրը, և եկեղեցու շուրջը խռնվեց ժողովուրդը: Եկել էին ճամփու դնել մեզ: Սպայակույտի համհարզը կարդաց Երևանից ստացված հեռախոսագիրը՝ Սարդարապատում հայ զենքի ունեցած հաջողության մասին:
Քիչ անց՝ հայտնվեց Զորավար Նազարբեկյանը, խոր հուզումով հաղորդեց ազգի պահանջը՝ երեք օր ժամանակ տալ Երևանին, որ կարողանա հաշտություն կնքել թուրք հրամանատարության հետ, ապա մի քանի խոսքով օրհնեց մեր զորքին: Գնալով հուզումը կխորանար: Եկեղեցում վաղուց էր սկսվել ժամերգությունը- զանգերի ղողանջը, միացած երգեցողության, տխրորեն կարձագանքեր հեռուները:
      Պետք էր երկու խոսք ասել մեկնելու պատրաստ զորամասին, և հատկապես ժողովրդին: Դեռ խոսքս չեի վերջացրել, երբ հայացքս հանդիպեց ծերունի զորավարի հայացքին- արցունք կար նրա աչքերի մեջ: Լալի՛ս էին, լալիս էին բոլորը: Ինձ էլ խեղդել սկսեց արցունքը.... կամավորները բռնեցին դեպի Ղարաքիլիսա երկարող ճամփան:
     Մայիսի 24-ն էր:
      Զորամասս՝ իր առջևի և թևերի ուղղությամբ պարագետներ արձակած՝ կառաջանար անխռով: Արդեն անցել էինք Սիմեոնովկա գյուղը, երբ մեր ձախ թևի ուղղությամբ ընդհատ գոռացին մի քանի հրացաններ: Թշնամու լրտեսներն էին՝ դարանամուտ եղած անտառում: Քառորդ ժամի չափ կանգ առեց զորասյունը, մինչև որ առաջապահները կմաքրեին ճամփան: Գիշերվա ժամը 2-ի մոտերը հասանք ավեր և անմարդաբնակ Վարդանլու գյուղը, ուր թողնելով մեր ուժերը, մի հիսունյակ ձիավորներով առաջացա դեպի Ղարաքիլիսա: Հայ ամառանոցի վրա տիրող մեռելային լռությունը և լույսերի չգոյությունը շատ շուտ մատնեց, որ թշնամին դեռ ոտք չի կոխել այդ տեղը: Տուն չկար, որ սպիտակ դրոշակ պարզած չլիներ: Ճերմակ էր հագել մեր այնքան գեղեցիկ ավանը, որ շուտով պիտի կարմրեր մեր և թշնամու արյունով: Մի տասնյակ ձիավորներ որոշ հանձնարարությամբ ուղղելով Ղշլաղ՝ ձիս քշեցի դեպի այն տունը, ուր գիշերել էի ընդհամենը 5 օր առաջ: Բախեցի դուռը և մնացի անպատասխան: Մոտեցա պատուհանին՝ նորից լռություն: Խեղճերը չեին պատասխանում, կարծելով թե գիշերանց թուրքն է հայտնվել: Սկսեցի անուններ տալ, բացվեց դուռը և դուրս նետվեց ինձ ծանոթ, Ալեքսանդրապոլից գաղթած Հակոբ Էհրամճյանի ընտանիքը: Բոլորի դեմքին թե՛ ուրախության կար, թե՛ սարսափ: Ավետելով Սարդարապատի մեր հաջողության լուրը, որոշ տեղեկություններ ուզեցի թուրք ուժերի և շրջանի հայ ազգաբնակչության տրամադրության մասին: Պարզվեց, որ թուրք զորքը գտնվում է Արջուտում և որ լուսաբացին տանուտերի գլխավորությամբ մի պատվիրակություն էր մեկնելու՝ աղուհաց մատուցելու թուրք զորահրամանատարությանը: Ուղարկեցի կանչել իշխանության ներկայացուցչին: Եկան: Երկու խոսքով փարատեցի նրանց տարակուսանքը և ապա պահանջեցի հրաժարվել Ղարաքիլիսան առանց կռվի թշնամուն հանձնելու հանցավոր մտքից: Խոստացան հայոց զորքին մատաղ անել ամեն ինչ՝ և՛ հաց, և՛ հարստություն, և՛ կյանք: Պահանջեցի սուրհանդակներ և նրանց միջոցով գրություններ ուղղեցի շրջակա գյուղերին՝ հայտարարելով զենք կրելու ընդունակ գյուղացիներին մի քանի օրվա հացի պաշարով և ունեցած ռազմամթերքով մինչև կեսօր, ներկայանալ ինձ, Ղշլաղում: Առանձին գրությամբ պահանջեցի ներկայանալ քահանաներին և ուսուցիչներին: Այդ կարգադրություններից հետո, համհարզիս՝ Մխիթար Տեր-Աբրահամյանին հետ ուղարկեցի Ղարաքիլիսա՝ առաջնորդելու մեր զորամասը, իսկ ես անցա Ղշլաղ: Պետք էր հարմար դիրքեր ընտրել և դեռ լույսը չբացված զետեղել իմ ուժերը՝ զորամասիս թվական սակավությունը չմատնելու համար: Ղշլաղում գյուղացիությունը գտա ոտքի վրա և անհանգիստ: Զորամասս ցանցառակի բռնեց նախապես ճշտած կրակի գիծը- կենտրոնը՝ զուգահեռ Ղշլաղին, նրանից մեկ ու կես վերստ առաջ, ձախ թևը՝ դեպի հարավ ընկած անտառապատ բարձունքները, իսկ աջը՝ մոտ 2 վերստ, երկաթուղագծից դեպի հյուսիս ձգվող բաց դաշտը: Բնանակ է, որ պահեստի ուժի չգոյությունը, ինչպես նաև ռազմամթերքի պակասը պիտի թելադրեին ինձ ցանցեր փռել թշնամու ռազմագործողությունների ուղղության վրա, դիմել ռազմադավերի:
      Բոնապարտի հստակատեսություն պետք չէր գիտակցելու համար, թե այդ օրվա ամենաթեթև հաջողությունն անգամ գինովցելու աստիճան պիտի խանդավառեր մեր զորքն ու ժողովուրդը, քանզի Էրզրումից մինչև Գուգարք միայն տխուր պարտությունն էր եղել մեր բաժինը, իսկ չնչին անհաջողությունը բացարձակապես անկարելի պիտի դարձներ մեր հետագա դիմադրությունը:
      Գիտեի, որ թուրքը, հավատարիմ իրեն, մեր Ղարաքիլիսա վերադառնալու հանդգնությունը պատժելու համար քինաթափ պիտի լիներ խաղաղ ազգաբնակչությունից:
      Ուրեմն, պետք էր գործի  լծել հայ մարդու և՛ արիությունը, և՛ հնարամտությունը, որպեսզի քմահաճ պատերազմի աստվածը այդ օրը առաջին անգամ մեզ ժպտար: Այդ մտահոգությամբ՝ մեր կռվագծից մոտավորապես 1000 քայլ առաջ, երեք կետերի վրա, դարաններ դրի- հետևակներից՝ անտառակների մեջ, ռմբագծերից՝ երկաթուղագծային կամուրջի տակ, իսկ հեծյալներից՝ բաց դաշտի մեջ ընկած մի հնօրյա վանքի ավերակներում: Դարանամուտ այդ խմբակները, առանց մատնելու իրենց ներկայությունը, թույլ պիտի տային թշնամուն առաջանալու մինչև դարանների գծերը, ապա խաչաձև կրակի տակ առնելով՝ պիտի խորտակեին վերջինը: Նրանք պիտ սպասեին ազդանշանի, որ տրվել էր հրթիռի միջոցով: Լույսը նոր էր բացվել և արդեն վերադարձել էին Արջուտի ուղղությամբ ուղարկված հետախույզները: Այլևս վայրկյանե վայրկյան կսպասեի թշնամու երևալուն: Շրջագայելով մեր առաջադիրքերը՝ կխրախուսեի զինվորներին՝ նրանց մինչև վերջը հոգեպես գոտեպինդ պահելու համար:
      Կենտրոնական դարանից նշանացի հասկացրին թշնամու գետերի երևալու մասին: Մի քանի վայրկյան անց՝ մենք այլևս աչքի և կրակի հաղորդակցության մեջ էինք թշնամու հետ: Նա կառաջանար հաղթհաղթ, տողաձև և խորությամբ բռնած երկաթուղագծի երկու կողմերը: Ժամը 9-ի մոտերը թշնամու կողմից սկսվեց նախակռիվը՝  թեթև հրաձգությամբ՝ մեր դիրքերը և ուժերը շոշափելու նպատակով: Թշնամին կդանդաղեր: Հասկանալի էր դա. չէ՞ որ մենք առանց կռվի լքել էինք Ղարաքիլիսան և այսօր թուրք զորահրամանատարությունը կսպասեր հայ ու ու հացին:
      Բացի այդ՝ մեր վերին հրամանատարությունը թույլ էր տվել սխալներից ամենաաղետալին- հինգ որ առաջ նա արձակել էր մոտ 6.000 թուրք պատերազմական գերիներ, մի արարք, որ թշնամին իրավամբ պիտի բացատրեր հայոց շվարած վիճակով: Այսօր, սակայն, նա ստիպված էր զոհեր և ժամանակ վատնելու՝ մեր ֆիզիկական և բարոյական ողնաշարը ջարդելու համար: Ժամը տասն անց էր, երբ սկսվեց ընդհարումը, դարձյալ աննշան ուժերի միջև: Մեր դարանները կշարունակեին իրենց մահառիթ լռությունը: Ղուշլաղ կհասնեին կամավորները՝ հայ գյուղերից և կուղարկվեին խտացնելու մեր շղթաները: Թշնամու առաջապահ զորամասը այլևս կմոտենային մեր դարանների գծին, մերոնք սկսել էին ջղայնություն ցույց տալ: Արձակվեց սպասված հրթիռը, որին կայծակի արագությամբ հաջորդեց մեր դարանակալ խմբերի փոթորկային կրակը: Ծուղակված թշնամին ուժերի մի մասը խուճապով հետսախաղացություն փորձեց, իսկ մյուսը՝ խառնախռիվ թափվեց երկաթուղագծի վրա: Մեր դարանները կշարունակեին իրենց ռումբերի, գնդացիրների և համազարկերի տարափի տակ պահել հանկարծակիի եկած թշնամուն: Օգտվելով թուրքերի փափուկ վիճակից՝ իմ ռազմամուտ ուժերը քաշեցի առաջ:
       Փանբակի ձորը սկսեց դողալ ռումբերի որոտից: Թշնամին դժվարանում էր ուշքի գալ և հնձվում էր՝ անխնա:
      Տրվեց գրոհի հրամանը և սկսվեց հարձակումը: Կռիվը արքան տարերային, այնքան էլ կարճատև եղավ: Թշնամին տագնապով փախչում էր դեպի Արջուտ: Նա ժամանակ չունեցավ անգա՛մ իր վիրավորներին փրկելու: Մենք կշարունակեինք մեր մարտավարական ճռաքաղը: Այդ ժամին՝ հայ մարտիկն արժանի էր իր ցեղի անունին: Ճակատամարտի առաջին օրն սկսվել էր հայ ոգու փայլուն գերազանցությամբ: Այլևս կար համոզումը, թե պիտի հաջողենք Ղարաքիլիսայում կրկնել Ավարայրը և տալ Երևանին իր ուզած երեք օրը՝ Բաթումի մեր պատգամավորության գործը հեշտացնելու համար:

   Այդ օրը մայիսի 25-ն էր:

                                                 Ռազմիկ, 1939թ., թիվ 121

Комментариев нет:

Отправить комментарий