20.01.2013

ՎԵՀԱՐԱՆ: ԳԱՐՆԱՆ ԱՎԵՏԱԲԵՐ՝ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ



   Բնությունն իր ինքնանորոգման ամեն մի բուռն երկունքի շրջանում դրա արտահայտությունն է արտացոլում բնական Տեսակների մեջ: ԵՎ ամենազորավոր անհատներն են առաջինը զգում դա և դառնում բնական օրինաչափությունների արտահայտությունը իրենց Տեսակի մեջ:
   Տիեզերական Գարնան հաղթարշավը իր առաջին արտահայտությունը ստացել է Արի Տեսակի ամենազորավոր անհատի՝ Նժդեհի մեջ: ԵՎ Նժդեհից ճառագելով, այն ընդգրկելու է ամբողջ Ցեղը և ապա՝ մարդկությունը:
   Այնպես որ Նժդեհը պիտի լիներ. նա չէր կարող չլինել: Դա Բնության պահանջն էր, դա բնականի պահանջն էր

   Բոլոր նրա՜նց, ովքեր իրենց Արի են զգում. բոլոր նրա՜նց, ովքեր իրենց Աստվածամարդ են զգում. բոլոր նրա՜նց, ովքեր իրենց Արարչի որդիներ են զգում. բոլոր նրա՜նց, ովքեր զգում են իրենց արմատը Մայր Արարատում. բոլոր նրա՜նց, ովքեր նայում են Արեգին և զգում են Վահագնին - բոլոր նրա՜նց ավետում ենք Տիեզերական Գարնան մոտալուտ գալուստը:
   Հազարավոր տարիներ են անցել Վահագնի ծնունդից և Համաշխարհային վերջին Ջրհեղեղից: Հազարավոր տարիների ընթացքում Արիները ապրել են Տիեզերական Գարուն, ապա՝ Ամառ, հետո՝ Աշուն և... հիմա Ձմեռ է՝ Երկրի հարաբերական մահը:
   Վաղուց արդեն մահաշունչ Ձմեռն է իշխում Երկրի վրա և Արարատում: Ցուրտն է պատել Արիների մարմիններն ու հոգիները: Սառել է Արիների կարոտը, սառել է արարումը, սառել է սերը, սառել է ժպիտը: ԵՎ Արիները այդ սառնությամբ տկարացել են:
   ԵՎ տկարացած Արիները վաղուց արդեն իրենք իրենց մեջ ժխտել են աստվածայնությունը, ուրացել են Հայր Արային ու Անմահ Աստվածներին: ԵՎ մահաշունչ Վիշապը բազմել է Արարատում ու պղծում է Արարատը, պղծում է Արիների սառած հոգիները:
   Բայց Ձմեռից հետո գալու է Գարուն...
   Երկնի ու Երկրի մի նոր երկունքից հենց Արարատում ծնվելու է Զորության Աստված Վահագնը՝ Վիշապին սպանելու և Երկիրը լվալու Վիշապի պղծությունից Մեծ Ջրհեղեղով: Վահագնը ծնվելու է պահպանելու իր Արի Աստվածամարդերի Ցեղը և նորից հաստատելու արարումը Երկրի վրա:
   ԵՎ մոտ է Տիեզերական Գարունը, մոտ է Վահագնի ծնունդը: ԵՎ ինչպես ամեն մի գարուն, Տիեզերական Գարունն էլ իր ավետաբերն ունի, որ իրենից առաջ հայտնվում է Երկրի վրա և մարդկանց հոգիները լցնում Գարնան սպասումով:
   ԵՎ Հայր Արայի կամքով, Գարնան Ավետաբերը՝ Գարեգինը, ծագեց հենց Արարատում, Վահագնի ծնունդի  9472 թվին: Նա ծագեց որպես հրեղեն ոգի՝ նյութական մարմին առած, որպես սուրբ նախնիների երջանկաբեր պարգև և որպես ըմբոստ զորություն տկարության դեմ: Գարեգինը ծագեց մանկան ծնունդով: ԵՎ ծնվեց նա որպես սովորական մի Հայ մանուկ, բոլոր Հայ մանուկների պես՝ սովորական Արի Հայ հորից ու մորից: ԵՎ նա ուներ այն ամենը, ինչ ունեին բոլոր Հայ մանուկները՝ և՜ հայր, և՜ մայր, և՜ քույր, եղբայր, և՜ հորեղբայր, հորաքույր, մորեղբայր, մորաքույր և բազում-բազում մոտ ու հեռու ազգականներ: Նա ուներ նաև բոլոր Հայ մանուկների համար ամենամեծ սրբությունները՝ պապ ու տատ: ԵՎ ինչպես բոլոր Հայ մանուկները, նա էլ իր տոհմն ուներ՝ տոհմական էր նա:
   ԵՎ արև ուներ նա իր աչքերում, ու արեգն էր սիրում նրան: Իր կյանքի առաջին լույսը նա դիմավորեց արևով՝ սևեռուն աչքերը հառած արեգին: ԵՎ ինչպես էլ շրջում էին նրան, նա արևածաղկի պես իր դեմքը դարձնում էր արեգին և իր աչքերի մեջ ձուլում արևի հուրը:
   Նա ծնվեց որպես Գարեգին, որպես Գարնան աստվածային Ավետաբեր՝ Վահագնի մոտալուտ ծնունդի խորհուրդը հաղորդելու Արիներին և սպասումի զորությամբ սնելու նրանց հոգիները:
   ԵՎ այն Արիները, ովքեր կհավատան Գարեգինին ու կսպասեն Վահագնին, կզորանան իրենց աստվածայնության զգացողությամբ: ԵՎ միայն իրենց աստվածայնությունը զգացող զորավորները ընդառաջ կգնան Վահագնին: ԵՎ միայն նրանց կհովանավորի Ամենազոր Վահագնը: ԵՎ միայն զորավորները կվերապրեն Ջրհեղեղը: Իսկ նրանք, որ չեն հավատա Գարեգինին ու չեն սպասի Վահագնին, կմնան իրենց երանելի տկարության մեջ ու երբեք չեն զորանա: ԵՎ իրենց տկարությամբ նրանք չեն կարող դիմավորել Վահագնին ու չեն կարող վերապրել Ջրհեղեղը: Վահագնը չի հովանավորի տկարներին, և տկարները կկործանվեն, քանզի Վահագնը պահպանելու է Աստվածամարդերի Ցեղը, իսկ տկարներից աստվածներ չեն ծնվի:

Комментариев нет:

Отправить комментарий