Թուրք, քուրդ, բոշա, ջուլո և ավելի քան քսան հազար խառնիճաղանճ բաշիբոզուկներ, խառն
տաճկաց կանոնավոր զորքերի հետ, շրջապատել էին կիսավեր քաղաքը: Նա ծխում էր կրակի
մեջ, որպես մի ընդարձակ խարույկի տարածություն: Քրիստոնյա հայերի տները դատարկվել էին բնակիչներից: Բարբարոսի սուրը և գերությունը սպառել էր նրանց: Հայերից մի փոքրիկ մաս միայն ազատվել էր, կանխապես փախչելով սահմանակից Մագու քաղաքի կողմերը, որ պարսից հողի վրա է գտնվում:
Բայազեդի միջնաբերդը դեռ մնացել էր անառիկ: Փոքրաթիվ ռուս զինվորներ, հայ և թուրք
կամավոր միլիցիայի հետ, ամրացել էին այնտեղ, և օրհասական հուսահատությամբ, սպասում էին մի սարսափելի վախճանի: Բերդը չորեք կողմից սեղմված էր, կարծես, մի երկաթի օղակի մեջ, որը հետզհետե նեղանալով, կամենում էր միանգամից խեղդել և մահացնել հուսաբեկ պաշարվածներին: Հարաբերությունը դրսի հետ բոլորովին կտրված էր:
Պաշարումը պատահեց 1877 թվի հունիսի 6-ին և տևեց ամբողջ 23 օր: Դա այն ժամանակն էր,երբ ռուսաց հաջողակ սրի բախտը Հայաստանում հանկարծ փոխվեցավ: Տեղային մահմեդականությունը, որ սկզբում այնքան հոժարությամբ ընդունեց ռուսաց տիրապետությունը, կրկին ապստամբվեցավ և միացավ Սմայիլ Փաշայի զորքերի հետ: Գեներալ Տեր-Ղուկասովը, երևանյան զորաբաժնի հրամանատարը, այդ միջոցում գտնվում էր Զեյդեգանի և Դալի-Բաբայի մեջ, և իր փոքրաթիվ գունդերով քաջությամբ պատերազմում էր Մուխթար փաշայի հինգ անգամ ավելի ուժի դեմ: Նա, երևի, տեղեկություն չուներ, թե ինչ էր պատահել դժբախտ Բայազեդի հետ, որին թողել էր բերդապահ (կոմենդանտ) Շտոկվիչի պահպանության ներքո:
Գիշեր էր:
Կիսալուսնի եղջյուրը դեռ նոր չքացել էր հորիզոնից, թողնելով իր ետևից մթին խավար: Կարծես, այդ խավարը, այդ մութը ավելի ախորժ լիներ պաշարվածների համար: Կարծես, լուսինը, տիեզերքի սիրելին, իր արծաթափայլ ճառագայթներով մատնում լիներ նրանց: Բայց գիշերի մթությունը դարձյալ չկարողացավ արգելք լինել բարբարոսների կատաղի հարձակմանը: Բայազեդի միջնաբերդը, որպես մի մռայլ կետ, անորոշ կերպով նկարված էր բլուրների բարձրավանդակի վրա: Եվ ամեն կողմից կրակը մաղվում էր այդ կետի վրա, և ամեն կողմից թնդանոթների ռումբերը և հրազենների գնդակները կարկտի նման թափվում էին այնտեղ: Բերդը մռնչում էր, որպես մի վիթխարի գազան, որին ամեն կողմից հարվածում էին: Նա դեռևս համառությամբ մաքառում էր օրհասի և մահվան դեմ: Նա վճռել էր մեռնել, բայց փառքով մեռնել:
Մոտ 1000 ռուս զինվորներ, նույն չափով հայ և թուրք կամավորների հետ, կռվում էին Սմայիլ
փաշայի քսան հազարի դեմ: Բերդից խիստ սակավ էին պատասխանում, որովհետև հրազենների պաշարը խնայում էին, որը սպառվելու մոտ էր: Միայն երբեմն արձակում էին մի կամ երկու թնդանոթ, որոնց բերանը դարձնում էին այն կողմը, ուսկից հայտնվում էր թշնամու կրակը:
Նույն գիշերը, բերդի խարխուլ շինվածքներից մեկի մեջ, որ մի ժամանակ ծառայում էր որպես զինվորանոց, և ռուսների տիրելուց հետո, օսմանցիները թողել էին կիսավեր և հեռացել, — նույն գիշերը այստեղ գետնի վրա տարածված էր մի բազմություն, մի ուժաթավփ, և ուշակորույս բազմություն, որ սարսափելի տագնապի մեջ ներկայացնում էր կատաղության բոլոր զարհուրանքը:
