08.02.2013

ԱՆԲԱՐՈՅԱՎԵՏ ԽՈՍՔԸ



Ոչինչ այնքան հեշտությամբ չի մատնում մեր ապրումները, մտածումները, մեր նկարագիրը, որքան խոսքը: Դա միաժամանակ մեր բարոյական շունչն է: Մեկին մտերմորեն ճանաչելու համար, հարկավոր է լսել նրա խոսքը, անշուշտ, երբ որ չի կեղծում: Մի ընտանիք, մի հասարակություն, մի ժողովուրդ ճանաչելու համար պետք է լսել նրա մեջ հնչող խոսքը: Երբ որ դա գործածվում է որպես քող մտածումների համար, եթե դա ավելի արտաքին բարեկրթության է ծառայում քան բարոյականության, երբ որ դա լսվում է որպես ծաղր սրբության և սկզբունքների դեմ, երբ դա դառնում է ծառայական, օգտախնդիր ու թունավորիչ, և այդ ամենի պատճառով տարտամ, դա նշան է բարոյական անկման ու ապականության: Երբ մի ժողովրդի մեջ, ինչպես մեզանում, որոշ տարրեր ազատորեն ժխտում են և՛ սրբությունները, և՛ սկզբունքները, և՛ Հայրենիքը, առանց հասարակության ցասումը բորբոքելու իրենց դեմ, երբ դա կորցնում է լույսն ու ջերմությունը, դա նշան է, թե այդ ժողովուրդը նվաստացած է, ընկած՝ իր խոսքի հետ: Այսպիսին է, չնչին բացառությամբ, գաղութահայ խոսքն այսօր:
     Հետևա՞նքը: Հավասար չափով՝ կեղծիքի ահավորություն և ճշմարտության թշվառություն մեր կյանքում: Չարության թույն, կատաղության լորձունք և քացախ, ահա՛ թե ինչ են գործածում որոշ գրիչներ ու գրչակներ: Էլ ոչինչ է մնացել գռեհկացած իրականության մեջ, որ հայհոյված չլիներ: Պոռոտ, տգետ ու չար ճառատողներ: Կարծեք, պետք է հայհոյել համոզելու կամ տարհամոզելու համար, զրպարտել, անվանարկել:
Կարծեք, անհրաժեշտ է դաստիարակելու համար խոսքը լինի բարձր և հայհոյալից, որ կարողանան ընթերցողին խաբել, թե իրենք արդար են, ուժեղ, հեղինակավոր: Այնպես են խոսում և գրում մեր գաղութներում, որ կարծեք իրենք են տերը աշխարհի ողջ իմաստության և միակ տերը Հայաստանի, որ շատ շատերը գուցե չեն էլ տեսել նույնիսկ քարտեզի վրա:
     <<Ես էլ աքացի տվի նրան, առյուծին: Թող ավանակի սմբակի ուժն էլ զգա....>>: Այս է շատերի խոսքի իմաստը ու շեշտը՝ իրենց հակառակորդների մասին: Կատաղի՛ գրչամարտ: Գրում են, անձանձիր գրում, մրոտում անվերջ իրենց հակառակորդների մասին, առանց կարդացվելու նրանց կողմից, բայց և այնպես ոչ ոք է հուսահատվում: Տոլստոյի երրորդ որդին սկսել էր մամուլի մեջ քննադատել տոլստոյականությունը: Հայրը՝ դժգոհ որդու արարքից, գանգատվում է իր մի բարեկամին. <<Կատարվեց, ինչ որ պիտ կատարվեր: Լսեցի որդուս գրածների մասին և չկարողացա չկիտել հոնքերս: Սակայն, մի բան ուրախացնում է ինձ: Վեճը վարելու համար որդիս ստիպված պիտ լինի կարդալ իմ որոշ աշխատությունները և խորհրդածել նրանց մասին: Այդ ինձ հուսադրում է, թե մի օր նա էլ կհասկանա ինձ>>:
      Հայ գրիչ շարժողներն ունե՞ն այդ հույսը, թե իրենց հակառակորդները մի օր կհասկանան իրենց: Իհարկե՝ ոչ: Հասկանալու համար պետք է կարդալ հակառակորդի գրածները, մի բան, որ մեզանում չի արվում, իսկ չի արվում, որոհետև ծաղրով, հայհոյանքով խնկված հոդվածները գուցե և հաճույքով գրվում են, բայց ոչ կարդացվում: Ընկած է հայ տպագրական խոսքը, որից ամեն մեկն օգտվում է իր ցանկության համաձայն: Օրվա հայ խոսքը, երբեմն՝ մերկ սուսեր, երբեմն՝ բութ տապար, և միշտ էլ՝ անբարոյավետ:
       Բանակռվողներին ցավագինորեն պակասում է տարրական բարեկրթություն, պարկեշտություն, արդարություն: Ընդդիմախոսի մեջ ոչ ոք է ազնվություն ու շիտակություն տեսնում: Անխնա են, որպիսին չէին և վաղը չեն լինելու թուրքի հանդեպ: Պտույտի ժամանակ հանդիպակաց բլուրների վրա նշմարեցի մի հրեշտակային պատկեր: Երբ մի քիչ մոտեցա, նկատեցի, որ դա մարդ է: Հասնելով նրան՝ տեսա, որ դա իմ եղբայրներից մեկն է.... Որքա՜ն հարուստ հոգեբանություն և գեղեցկություն, եվրոպացի քարոզչի այդ անպաճույճ օրինակի մեջ: Դադարում է մարդկանց միջև գոյություն ունեցող սառնություն, երբ նրանք հաճախ են հանդիպում իրար: Տարակարծությունները տեղիք են տալիս հասկացողության: Մեր կասկածը, հակակրանքը, թշնամանքը շարունակվում են աճել, երբ դեռ հեռու են իրենց առարկաներից: Ընդհակառակը, մեր այդ զգացումները ամեն անգամ աստիճանական շոգիացումներ են կրում, երբ մոտենում են իրենց առարկային: Իմ կարծածը չէ այդ պարոնը - հաճախ ասում ենք այն մարդկանց մասին, որոնցից անիմաստ խուսափում էինք, որոնց թյուրիմացաբար չար էինք համարել; Իսկ մեզանում, Աստվա՜ծ իմ, մեր իրականությունն ավելի զարհուրելի է, քան երկու ցեղերի միջև բորբոքված պատերազմը: Պատերազմող կողմերի համար գոյություն ունեն զինադադարը, հաշտությունը, իսկ մեր կյանքում՝ անվերջ իրարակերությունը: Մենք չենք սիրում զինադադարը ներքին ճակատների վրա, որովհետև սովոր ենք ծունկի գալ արտաքին թշնամու առաջ: Մենք չենք ներում իրար, որովհետև ստրուկին հատուկ հոգեբանությամբ ներում ենք արտաքին թշնամուն:
      Ամեն օր տեսնում ենք, թե ինչպես մարդիկ, հանուն իրենց կուսակցության, կատարում են այն, որ չէին կատարի իրենց համար, եթե դրանով վտանգելու լինեին իրենց կյանքն իսկ: Ատելությունն ու ոխը, բոլորին, գրեթե բոլորին դարձրել են կրքից կուրացած և աչառու: Քչերն են այլևս տարբերություն դնում միջոցների մեջ, ոչ ոք է ուզում հասկանալ, թե կրքոտ վեճերի ժամանակ ի սպառ մոռացվում է ճշմարտությունը, որ հայկական վեճը ընդհանրապես թշնամացնում է և ոչ թե համոզում: Հետևա՞նքը: Կատարյալ բաբելոնյան աշտարակաշինություն, երբ այլևս մարդիկ իրար չեն հասկանում: Հետևա՞նքը: Բարոյական մի մեծ դժբախտություն: Հասկանա՛նք, սակայն, որ դրանք դեռ դժբախտության ծաղիկներն են, պտուղները կվայելենք վաղը, մոտիկ ապագայում, երբ մեր երկրի գլխին կպայթի թրքական վտանգը, մոտիկ ապագայում, երբ կարիք զգացվի միակամ, կուռ և միաիդեալ ժողովրդի: Խոսքը միաժամանակ մեր բարոյական պատկերն է, հասկանանք այդ: Ծնունդը մտքի՝ նա իր հերթին ազդում է մեր մտածումների վրա: Օրինակ՝ չի կարելի ծաղրել սրբությունը և շարունակել երկյուղած մնալ նրա նկատմամբ: Չի կարելի քամահրել մեկին ու շարունակել հարգալից լինել նրա անձի նկատմամբ:
     Մեր արտաբերած ամեն մի խոսքը, ուրիշներից ավելի մեզ է ազդում: Չի կարելի զազրախոս լինել և բարձր ու կիրթ նկարագիր ունենալ: Գռեհկաբանելով մարդս խրախուսում է և սնուցում  է իր ստոր մտածումները՝ ուժեղացնելով նրանց: Խուսափի՛ր վայրաբանությունից: Ազնվացրու լեզուդ, իսկ այդ անելու համար, նախ ազնվացրու մտավոր կյանքդ: Թույլ մի տուր, որ անկոչ հյուրերը տեղ գրավեն ուղեղիդ մեջ:
      Մտածումների խստաբարոյություն, ահա՛ թե ինչ պիտի լինի քո մտավոր կյանքը: Եղա՞ր այդպիսին, դու կլինես վսեմախոհ, ուժեղ և գրավիչ: Եղիր ճշմարտության քարոզիչը, առավել՝ ճշմարտության ուսուցումը մեր կյանքում: Երկու դեպքում էլ՝ եղի՛ր առաքյալ և ոչ անաղ ու անհամ դպիր: Երկու դեպքում էլ՝ վսեմաբան: Քարոզիչը բազմություններ է փնտրում և նրանց ուղղում իր խոսքը: Ուսուցիչը՝ քչերին: Առաջինին՝ զանգվածն է պետք, երկրորդին՝ աշակերտողներ, հետևորդներ: Ավելի՝ ուսուցի՛չ: Կեղծիքը զինաթափելուց հետո, եղի՛ր կարեկցող և ոչ դատավոր, կարեկցող ուսուցիչ և ոչ անսիրտ մերկացնող: Այդպիսի՛ն եղիր, որովհետև գրեթե անանձնական սխալանքների և հավաքական թերությունների արդյունքում է մեր ժողովրդի ապրած անլուր աղետը: Ավելի բարվոք վիճակ չեն ունենում չկատարված պարտականության կնիքը իրենց ճակատին կրող ժողովուրդները: Քո ժողովուրդի մեծ մասը միայն որպես Հայ և մարդ կատարեց իր պարտականությունները և այսօր հավասարապես կտառապի՝ մյուս մասի տկարության և անպարտաճանաչության երեսից: Մոտեցի՛ր բոլորին, բոլորին, բոլորի՛ն ուղղիր խոսքդ սիրո և այսուհետև մեր ժողովուրդը հեռու մնա նորանոր աղետներից, պատասխանիր անմահ Դեմոսթենեսի խոսքերով՝ <,ոչինչ այն ամենից, ինչ որ անում ենք>>: Երևա՛ բոլորին, կանչի՛ր, հորդորի՛ր բոլորին, որպես անհանգիստ հոգին վիրավոր հայրենիքիդ: Եվ թող գիտենան բոլորը, որ քեզ զբաղեցնողը ցեղիդ գոյությունն է, որ վտանգված է: Ասա՛ ամեն մեկին, մե՛կ էլ, հազար անգամ  կրկնիր բոլորին, մինչև որ հասկանան ու հարազատեն Ռնանի խոսքերի վսեմ իմաստը. <<Հոգևոր եղբայներ են մի ժողովրդի անդամները: Եվ որպեսզի համերաշխություն տիրի եղբայրների միջև, անհրաժեշտ է, որ ամեն մեկը որոշ բաներ մոռացության տա և մտահոգվի միայն ամենաէականով:
    Դարձի՛ր, ժամանակի պահանջն է դա, դարձի՛ր կենդանի արձագանքը ճակատագրի մարգարեի, որ վաղուց է քարոզում, <<Ժողովուրդնե՜ր, պատրաստվե՜ք արյան օրվա համար: Պատրաստվե՛ք երկոտասան ժամվա համար: Ձիթենու ճյուղի փոխարեն պատրաստե՛ք արյուն և արցունք....>>: Պատրա՞ստ ես դու, հա՛յ ժողովուրդ:
     Ես արդեն լսում եմ քո ձայնը: Հա՛յ երիտասարդ, քո խոսքը, որ ազդում է որպես ջահել գինի: Ոգևորության հեղեղ են առաջացնում քո հայրենապաշտ շրջունքները: Անցնում ես որպես կենդանի մագնիս, որ անդիմադրելիորեն դեպի իրեն է ձգում իր անցած ճանփաների ցանցնված երկաթի փշրանքները՝ հոգիները: Դու դառնում են այն հրաբերան պերճախոսը, որ դասական ժողովուրդների պատկերացմամբ իր շրթունքներից դուրս եկած ոսկե շղթաներով իր հետևից քարշ է տալիս ունկնդիր բազմություններ: Դու այդպիսին պիտ լինես, քանզի միտքն ու սիրտը թեև թռիչք են անում, երբ վեհ է իրենց առարկան, քանզի չի կարելի ողջ էությամբ նվիրված լինել մի վսեմ առաքելության և չդառնալ ոսկեբերան:

Комментариев нет:

Отправить комментарий