28.02.2013

ՀԱՅԿԱԶՈՒՆՅԱՑ ԴՊՐԱՆՈՑԸ


Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ գավառներից մեկում արքան ձորձերի մեջ կորած, միմյանց հետ խաղացող հողաշաղաղ մանուկների հանդիպեց; Երբ հետաքրքրվեց, թե ովքեր են, ասացին, որ հյուսիսային երկրներից բերված հայ որբեր են:
     Պապը Հայր Մարդպետին հանձնարարեց ժողովել բոլոր որբերին Դվինում:
      -Կերակրել է պետք նրանց, խնամել ու ապա ռազմի գործին ծանոթացնել, - ասաց: -  Ինձ զինվորներ են պետք:
       Եվ ավելացրեց.
    -Նրանց ծախսերը կհոգա արքունիքը: Դվինի զորամասի մի հատվածը տրամադրիր նրանց: Քաղաքին մերձակա արքունի հողերից հատկացրո՛ւ նրանց այնքան, որքան կկարողանան մշակել նրանց ավագները: Ես նրանց Միհրի զինվորներ եմ դարձնելու, և այդժամ ետ կբերեմ մեր նախնիների հին փառքը:
     Պալատ դառնալուն պես Հայր Մարդպետը բոլոր նախարարներին արքայի անունից հրաման ուղարկեց իրենց երկրների որբ երեխաներին Դվին ճանապարհել: Նաև դժվար ապրող ընտանիքների զավակներին՝ ծնողների համաձայնությամբ:
      Մեկ ամսից հինգ հազար երեխա հավաքվեց: Տեղավորելով նրանց զորանոցում՝ արքան վերածեց  այն հայկազունյան դպրանոցի:
       -Ես նրանցից անմահների գնդեր եմ ձուլելու, - ոգևորված ասում էր մտերիմներին, - հինգ հազար միհրական որ ունենա՜մ....

       Եվ տարված այդ նպատակով՝ նա Հայր Մարդպետի հետ ժամեր ու օրեր էր անցկացնում հայկազունների մոտ, բծախնդրորեն ընտրված դաստիարակ-սեպուհների հետ մշակում նրանց միհրանական դարձնելու կարգը: Նաև երկուսով այցի էին գնում Շահաբին (ծեր քուրմ) քանզի գիտեին, որ դրանք կարող են մոգական իրենց զորությամբ վերափոխել մարդկանց, նրանց մոտ առաջացնել իրենց զորությամբ վերափոխել մարդկանց, նրանց մոտ առաջացնել անկոտրում հավատ իրենց նպատակների հանդեպ: Հարյուրավոր դրոշներ գործել տվեցին Շահաբի նշած խորհրդանիշների պատկերով, որոնց մեջ գլխավորն Արևն էր, քանզի այն նախնյաց կողմից ընկալվել էր որպես կյանքի աղբյուր և նորացման ու բարձրագույն ուժերի խորհրդանիշ. Արևը ոչնչացնում է փտածությունը, ոչինչ հզոր չէ Արևից:
     Շատ չանցած Հայր Մարդպետն ինքն այնպես հմայվեց հայկազունյան դպրանոցով, որ սկսեց թերանալ արքունի գործերի մեջ: Պապը ներողմտաբար էր վերաբերվում նրա այդ թերացումներին:
     Մի օր Հայր Մարդպետը տրտնջաց, թե ծայրեծայր կարդացել է նոր կրոնի բոլոր գրքերը և ոգի բարձրացնող, հերոսանալու ձգտում առաջացնող շատ քիչ բան է գտել այնտեղ հայկազունների համար. ամենը հնազանդեցնող է:
      Հանդիպումներից մեկի ժամանակ Շահաբը նրանց մի գաղտնիք բացեց, լեռներում արևապաշտական գաղտնի մի համայնք է շարունակում գոյատևել: Հայր Մարդպետն արքայի կամոք ազատի հագուստների մեջ ծպտված գնաց այնտեղ և շաբաթներ անցկացնելով նրանց մեջ՝ յուրացրեց մոռացության տրված ռազմական ծիսակարգը:
      Հայր Մարդպետը վերադարձավ արմատապես վերափոխված: Արևապաշտներից նա իմացել էր, թե հատուկ մի ծիսակարգով Մասիս սարի տարածքից կարելի է առնչվել տիեզերքի տիրակալի հետ: <<Ու եթե մեզ հաջողվի վերականգնել այդ առնչությունը, ապա հազարավոր տարիներով կփոխենք կյանքը Երկրի վրա և իմաստ կհաղորդենք մարդկային ճակատագրին>>. - վստահեցնում էր նա:
    Նա գտնում էր, թե կարևորություն է հարկավոր տալ Արյանը, Հողին, արքային: <<Հայկազունը չի մեռնում, - ասում էր նա, - հայկազունն անմահ է>>, և նրա հրահանգով դաստիարակ-սեպուհներն ամեն երեկո հայկազունների շարքերի առջև կարդում էին հայրենիքին նվիրված զինվորականների անունները, իսկ շարքերը խրոխտ կանչում էին՝ <<Ներկա>>:
      Նա հատուկ պատվիրաններ էր մշակել, տասնհինգ տարին լրացած հայկազուններն ամառային արևադարձի գիշերը բոցկլտացող հազարավոր ջահելների ներքո երդվում էին հարգել թագավորին և Աստծուն, պահել արյունը մաքուր, իսկ պատիվը՝ անեղծ, պատրաստ լինել զոհել անձը հանուն այլոց, վստահել Արարչին ողջ սրտով և լինել խոնարհ նրա առաջ, պահպանել ազգի ժառանգությունը և ջանալ բազմապատկել այն, օգնել ներել, հարգել հորը և մորը, լինել լավ օրինակ զավակների համար, կյանքում կարևորել ազնվությունն ու հավատարմությունը:
     <<Մենք պիտի ստեղծենք մի նոր, մնացյալ աշխարհից տարբերվող մի քաղաքակրթություն, որպիսին հայտնի չէ պատմությանը: Մենք պիտի ունենանք արքային, ազգին, հայրենիքին անմնացորդ նվիրված, անգամ զոհաբերվելու պատրաստ մի հանրություն>>, - ասում էր նա առարկություն չհանդուրժող տոնով, և արքան դժվարությամբ էր մեղմում նրա ծայրահեղությունն Արաչի առաջ:
     Բայց օրեցօր ավելի ու ավելի դժվար էր դառնում Հայր Մարդպետին շրջանակի մեջ պահել. անտեսանելի մի տարերք կլանում էր նրան: Հետզհետե դառնում էր անճանաչելի: <<Ես ընտանիքի մարդ չեմ, ինձ համար խորթ է տոհմային զգացողությունը, ես բացառապես իմ ժողովրդին եմ պատկանում, - ասում էր նա: - Եթե ես կարողանայի ընկալել Արարչի պատգամը, ապա այն ըստ ամենայնի կլիներ հետևյալը. <<Պահպանի՛ր քո ազգը>>:  Երազում եմ այն ժամանակների մասին, երբ մարդ կգիտակցի, որ ապրում և մեռնում է հանուն ազգի պահպանության: Ու մեր պարտքն է խրախուսել այդ գաղափարը, թույլ տալ ազգի պահպանության գործում աչքի ընկած մարդուն արժանանալ բարձր պատիվների>>:
     <<Հայկազունյաց դպրանոցում մենք կաճեցնենք նոր երիտասարդություն, որը կլինի խիզախ և ուժեղ: Իսկ դրա համար հարկավոր է կրակ վառել նրանց սրտում և նրանց բանականության մեջ մտցնել պատկերացում ազգի մասին: Մեր երիտասարդությունը պիտի պատրաստ լինի հաղթել կամ մեռնել: Եվ հայկազունյաց դպրանոցի նպատակը պիտի լինի ձևավորել այնպիսի մարդու, ով կգիտակցի երկրի փառքը և անկասելիորեն նվիրված կլինի ազգային նպատակներին: Հայկազունները պիտի վարժվեն ինքնատիրապետման: Խիստ փորձությունների միջոցով նրանք կսովորեն հաղթահարել մահվան վախը: Սա հերոսական սերունդ է, որից կստացվի դիցամարդ:>>
     Արքան հայկազունյաց դպրանոցին մերձ <<Ժառանգ>> անունով մի կառույց հիմնեց՝ ուսումնասիրելու ազգի մոռացված պատմությունը: Կրթված երիտասարդներ գործուղեց բոլոր երկրները՝ այնտեղի գրադարաններում եղած, հայերին առնչվող գրքերն արտագրելու նպատակով: Մի քանի խմբեր մեկնեցին Պարսկաստանի հյուսիսային երկրների հայկական արևապաշտական գաղթօջախները՝ մոռացված թաքնագիտությունն ուսումնասիրելու: Նա նպատակ ուներ նախ այդ կերպ ազգը պաշտպանել հեռակա բացասական ազդեցություններից, ապա և վերականգնել Արարչի հետ առնչության բանալին:
     Նա դժգոհ էր, որ մայրաքաղաքն Արտաշատից տեղափոխվել է Դվին. Դվինի միակ առավելությունն այն էր, որ ճահիճներից հեռու էր, օդը մաքուր էր, սակայն այն ջահել մարդու մարդու պես կենսագրություն չուներ ու խանդավառող ոչինչ կապված չէր նրա անվան հետ: Մինչդեռ Արտաշատը ռազմական փառք էր խորհրդանշում, այն նպատակային կերպով կառուցված էր եռանկյունաձև տարածքի վրա, իսկ դա քաղաքին սրբազնագիտական էություն էր հաղորդում:
      Արքունիքն Արտաշատ ետ դարձնելը մեծ ծախսերի հետ էր կապված, որը նա իրեն այդ պահին թույլ տալ չեր կարող, և Հայր  Մարդպետին հանձնարարեց Հայկազունյաց դպրանոցի համար նոր զորանոց կառտուցել Արտաշատում, որպեսզի սաներն առնչվեն հերոս նախնիների ոգիների հետ:
     Հայկազունյաց դպրանոցում ընդգրկված երեխաներին բաժանեց տարիքային խմբերի: Մինչև տասնչորս տարեկաններին առանձնացրեց <<Մանուկ>> խմբում: Նրանց սովորեցնում էին հայոց պատմություն, զորաշար, մասնակից դարձնում գիշերումով արշավների: Նրանք դաստիարակվում էին արքային հավատարմության ոգով: <<Մանուկ>> խմբի սանը պիտի լիներ տոկուն, ոչնիչ արցունք չպիտի բերեր նրա աչքերից: Նա պիտի պատրաստ լիներ հանուն խմբի գնալ փորձության:
     Տասնչորսից տասնութ տարեկաններին, որ <<Մարտիկ>>  խմբում էին, դաստիարակում էին զինվորական ոգով, վարժեցնում կարգապահություն , մարմնամարզություն և ռազմի գործ:
 Դաստիարակության նպատակն էր՝ նպաստել նախնիների երբեմնի հզորության վերականգնմանը: Ցանկացած պատանի կարող էր իրեն հետաքրքրող որևէ զբաղմունք գտնել իր խմբի գործունեության մեջ, կրում էր համազգեստ և նշաններ, որոնք հնարավորություն էին տալիս իրեն զգալ որպես հզոր մի կառույցի մասնիկ: 
     <<Մարտիկ>> խումբն ավարտած հայկազունները զինվորագրվում էին բանակին՝ կազմելով հատուկ գնդեր: Իսկ նրանք, ովքեր ունեին  բավարար կամային հատկանիշներ, ամուր կազմվածք, մաքուր հայեցի արտաքին, ընդգրկվում էին  <<Սանասար>> կառույցի մեջ. այստեղ պատրաստվում էր ազգի նոր ընտրախավը:
      Սանասարականը հավատարմության և բացարձակ հնազադության երդում էր տալիս անմիջապես արքային, որը պարտավորեցնում էր անհրաժեշտության դեպքում չխնայել անգամ հարազատ եղբայրներին: Երդումը տրվում էր կեսգիշերին, հերոսների սրահում, որի սրբարանում կրակ էր վառվում բարձր պատվանդանի վրա: Ապա նորընծա սանասարականը կնքվում էր արյամբ, որը խորհրդանշում էր թշնամու դեմ պայքարի հաստատակամությունը և ազգի գոյատևման հավերժությունը: Սանասարականի համար տրված երդումը բացարձակ էր. երդմնազանցի միակ ելքը ինքնախողխողումն էր:
     Սանասար խմբում խստագույնս կանոններ էին, սովորում էին տալ և ընդունել մահ: <<Այստեղից դուրս կգա մարդ, ով կլինի Երկրի չափն ու կենտրոնը, ով Երկրի վրա կփոխի հոգևոր ուժերի հարաբերակցությունը>>, ոգևորված ասում էր արքան:
     Սանասարականներից ամենաշնորհալիները դառնում էին միհրապաշտ զինվորներ, ովքեր երկու ճակատում էին մարտնչում: Նախ՝ ընտանիքի, հայրենի հողի պաշտպանության համար և ապա՝ չարի դեմ: Միհրական դառնալու համար պետք է դժվարին քննություններով անցնեին: Զնդանի մեջ գայլի հետ պետք է կռվեին: Ձեռքները մեջքին կապած՝ պիտի ջուրը նետվեին և ի զորու լինեին իրենց ազատել: Ոտաբոբիկ ձյան վրա քայլեին և դիմանային քաղցի ու ծարավի: Վերջին փորձությունը գերեզմանափոսում քնելն էր. մի գերեզմանանման փոս էր քանդվում, որի մեջ ապագա միհրականը վերցնում էր սուրը, իսկ թագը դնում էին ուսերի վրա, այլ ոչ թե գլխին և ասում. <<Միհրն է իմ թագը>>: Դա Միհրի զինվորի երդումն էր: Այդպիսով նրանք դառնում էին միհրական և ապա ջրով մկրտվելով՝ վերածնվում էին: Նրանց անցյալը մահանում և ջնջվումէր, և Միհրի զինվոր էր ծնվում:
     Արքունի հրովարտակով նա հայկազունյաց դպրանոցում ընգրկեց երեխաներ նախարարական և իշխանական տներից: <<Երկրի կարևորագույն պաշտոնները, - ասում էր արքան, - պետք է զբաղեցնեն սանասարականները, ու քանի որ նրանք բոլորը երդումով անցած և նաև գաղափարին նվիրված այրեր են, ապա չեն տրվի մահկանացուներին հատուկ գայթակղություններին, չեն թեքվի որևէ օտարի կողմը>>:
      Հայր Մարդպետն արքային համոզում էր հատուկ հրովարտակ ընդունել՝ խթանելու համար ծնելիությունը: <<Եթե այն լավ արյունը, որը կա մեր ժողովրդի հիմքում, չբազմապատկվի, ապա մենք չենք կարող կատարել մեր առաքելությունը: Ժողովուրդը, որի ընտանիքը ունի միջինում չորս տղա, կարող է համարձակվել պատերազմի, քանի որ երկուսը կզոհվեն, ապա մնացած երկուսը կշարունակեն իրենց տոհմը: Մեկ կամ երկու տղա ունեցող նախարարները  ցանկացած որոշում ընդունելիս կտատանվեն: Մենք չենք կարող մեզ թույլ տալ նման իրավիճակ>>. - պնդում էր նա ու նախարարներին և իշխաններին հորդորում առնվազն չորս տղա ունենալ ու նույնն էլ հարկադրել հպատակներին:
     Սանասարականները դա անել պարտավորված էին երդումով:
     -Դու էլ, արքա, գործ ունես անելու, - ասաց մի օր կատակախառն հանդիմանանքով, -  Երկու տղան բավարար չէ:
     -Նոր է քսաներկուսս բոլորել, - արդարացավ արքան ժպտալով, - դեռ կհասցնեմ խորհրդիդ հետևել:
       Հայր Մարդպետն անվերջ բողոքում էր հազարավոր աղջիկներին կուսանոցներում փակելու դեմ, ասելով, թե լավ կլիներ նրանք իրենց կյանքը մենախցերում անիմաստ մաշելու փոխարեն զավակներ ծնեն հայրենիքի համար: Ի վերջո նա հասավ իր նպատակին. արքայական հրովարտակով փակվեցին կուսանոցները: Ազատ կյանքի վերադարձրած աղջիկներին նա ամուսնացրեց և խրախուսեց շատ երեխաներ ունենալ:
      Մի օր Բաթ իշխանը Հայր Մարդպետին լուր բերեց, թե վանականները խոժոռված են իր պահվածքից ու նաև դպրանոցի գոյությունից:
      -Լավ է նրանք խոժոռվեն, քան Հայրենիքը մնա այդպես խոժոռված, - եղավ պատասխանը:


Հատված՝ Պապ թագավորը կամ մայրամուտից առաջ գրքից, 94-100 էջ, Արծրուն Պեպանյան

      

Комментариев нет:

Отправить комментарий