02.01.2013

ՀԱՅԿԸ ԽԱԹՈՒՆԻ ՄՈՏ



Հայկը, որ մնաց որբ, Արմեն նահապետները որոշեցին մի ծծմեր գտնել Հայկի համար: Հավերժական Քաղաքում ինչքան ծծմեր կար, տվին որ Հայկին կերակրի: Բայց Հայկը ոչ մեկի ծիծը չվերցրեց: ԵՎ շվարել էին նահապետները: Արարատի չորս կողմերը սուրհանդակներ ուղարկեցին, փորձելով գտնել գեթ մի ծծմեր, որի ծիծը վերցնի Հայկը:
   Լուրը հասավ մինչև Խավարի աշխարհ, թե Արիների նորածին արքան մեռնում է սովից: ՈՒրախացան Չարիները, որ Թորգոմից սերունդ չի մնա Արարատում: Բայց տիտանյան Խաթունը կանչեց իր բոլոր իշխաններին և ասաց.
   - Ես կվերցնեմ Հայկին և կկերակրեմ իմ կաթով:

   - Տիրուհի՜,- ասացին իշխանները,- ինչո՞ւ ես սնելու աստվածների թագավորին. չէ՞ որ նա կմեծանա, կզորանա: Լավ է, որ մեր թշնամին հիմա մեռնի:
   - Ո՜չ,- պատասխանեց Խաթունը,- մեր թշնամիք Արիներն են, այո, բայց ես մեր թշնամուն չեմ սնելու: Հայկը ո՜չ հայր գիտի, ոչ՜ մայր, ո՜չ Արի, ո՜չ Չարի: Նա որ աչքը բացի, ինձ է տեսնելու, ձեզ է տեսնելու, Բելին է տեսնելու և մեծանալու է որպես տիտան: Նա Բելին թիկունք կլինի և հենց իր զորությամբ կկործանի աստվածների թագավորությունը :
   ԵՎ Խաթունը մարդիկ ուղարկեց Արարատ և մի գիր տվեց, որ հանձնեն Արմեն նահապետներին: Խաթունը գրում էր. ՙԻմ մարդն ու Թորգոմը եղբայրության ուխտ են արել, և էլ չկա թշնամանք աստվածների ու տիտանների միջև: ԵՎ այդ ուխտի համաձայն ես ծծմեր կլինեմ Արի Հայկին: Ես կաթ ունեմ, և իմ կաթը Թորգոմից է՚:
   Միտք արին Արմեն նահապետները: Ոմանք խարդավանք էին տեսնում Խաթունի մտքում, մյուսները հավատում էին նրա անկեղծությանը: Երկար խորհեցին, երկար վիճեցին և վերջը դիմեցին Աստվածամայր Անահիտին: Անահիտը հայտնվեց նրանց առաջ և ասաց.
   - Ես եկել եմ հայտնելու, որ Թորգոմի կնքած ուխտը գործում է Հայկի վրա: ԵՎ Հայկը սովից կմեռնի, եթե նրան չուղարկեք Խաթունի մոտ: Բայց ես մշտապես կհսկեմ Հայկին և կպահպանեմ նրա մեջ Արիականությունը:
   ԵՎ նահապետները որոշեցին Հայկին ուղարկել Խաթունի մոտ մեկ տարի ժամանակով:
   Խաթունը շատ ուրախացավ, երբ տեսավ Հայկին: Գրկեց, ծիծ տվեց, և Հայկը վերցրեց նրա ծիծը:
   - Տիրուհի՜,- ասացին իշխանները,- Արիները մեկ տարով են Հայկին տվել քեզ: Մեկ տարին քիչ ժամանակ է, ի՞նչ պիտի անենք:
   ԵՎ Խաթունը պատասխանեց.
   - Մեկ տարին բավական ժամանակ է, մեր Աստծո կամքով, մի բան կանենք:
   Հայկը մնաց Խաթունի մոտ: Խաթունը կերակրում էր նրան: Նա շատ էր սիրում Հայկին և անընդհատ կրկնում էր. ՙԻմաստուն էր Մեսրայիմը, աստվածների դեմ մենք հենց իրենց արյունով կկռվենք, իրենց արյան դեմ նրանք անզոր կլինեն: Մեկն էր, երկուսը եղան: Հայկը կմեծանա որպես տիտան և ինքը կժխտի աստվածներին: ԵՎ եթե նա գնա Արարատ, ապա միայն սրով կգնա՚:
   Որոշ ժամանակ Հայկը վերցրեց Խաթունի ծիծը: Մի օր էլ, Մայր Անահիտի կամքով, Հայկը չվերցրեց ծիծը: Ինչ արեց-չարեց Խաթունը, չկարողացավ ծիծ տալ նրան: Շվարել էր Խաթունը: ԵՎ իշխանները խորհուրդ տվեցին.
-   Արարատում շատ մեղր ու կարագ կա և պես-պես անուշ պտուղներ: Մարդ ուղարկիր, թող բերի , և դրանցով կերակրիր Հայկին:

Իմաց տվեցին Արիներին, որ Արարատից մեղր ու կարագ ուղարկեն Հայկին կերակրելու: Իսկ Արիները մարդ ուղարկեցին Խաթունի մոտ, թե.
   - Հայկին մենք հանձնել ենք քեզ, որ ծիծ տաս նրան: Եթե նա այլևս ծիծ չի վերցնում, ապա վերադարձրու նրան մեզ, և մենք նրան կպահենք մեր մեղր ու կարագով:
   Բայց Խաթունը մերժեց, ասելով.
   - Հայգ Արմենները իրենց ուխտը չեն հարգում: Դուք Հայկին տվել եք ինձ մեկ տարով, իսկ տարին դեռ չի լրացել: Ես սիրում եմ Հայկին որպես մայր, և մոր ձեռքից երեխա վերցնելը աստվածավայել չէ: Երբ մեկ տարին լրանա, մեր ուխտի համաձայն ես ինքս Հայկին կուղարկեմ ձեզ:
   Արիները համաձայնվեցին և շատ ու շատ մեղր ու կարագ ուղարկեցին Հայկի համար: Հայկը ախորժակով ուտում էր արարատյան բարիքները, և եթե ուրիշ երեխաները տարով էին մեծանում, նա մեծանում էր օրով:
   Իսկ Խաթունը ելք էր որոնում՝ ինչպես անի, որ չտա Հայկին:
   Երբ տարին լրացավ, Արիները ճամփին էին նայում, դիմավորելու իրենց Հայկին: Բայց անցնում էին օրեր, իսկ Հայկին չէին բերում: Ճարահատյալ մի քանի իշխաններ ուղարկեցին Խաթունի մոտ, Հայկին բերելու:
   Արմեն իշխանները ամբողջ ճանապարհին տեսան սևեր և սուգ: Մոտեցան Խաթունի պալատին և տեսան, որ Խաթունը և նրա իշխանները բոլորը սև հագած, ողբում էին: ՈՒզեցին այս մեծ սուգի պատճառն իմանալ, և Խաթունը առատ արցունքներ թափելով ասաց.
   - Ո՛վ, մեր եղբայր աստվածներ, բա սուգ չանեմ ի՞նչ անեմ, դուք էլ ինձ հետ սուգ արեք: Անգութ մահը ինձանից և ձեզանից խլեց մեր Հայկին: ԵՎ այսօր մենք նրա քառասունքն ենք անում:
   Արի իշխաններն էլ սգացին Հայկի մահը ու վերադարձան Արարատ, տխուր լուր տանելով իրենց հետ:
   Արարատում մեծ սուգ սարքեցին, հոգեճաշ տվեցին Հայկի համար: ԵՎ միայն մի կիսախելագար կին վազվզում էր քաղաքով մեկ և գոռում.
   - Մի՜ հավատացեք, Արինե՜ր, մեր Հայկը ողջ է, և նա կգա:
   Իսկ Խաթունը գոհ էր իր արածից՝ Հայկը արդեն իրենն էր: ԵՎ նա ավելի էր կապվում Հայկին: ԵՎ Հայկը մեծանում էր Խաթունի մոտ:
   Բայց Հայկը մենակ էր: Նրա հասակակից տղաները չէին խաղում նրա հետ, չէին մոտենում նրան: ԵՎ երբ ինքն էր գնում նրանց մոտ, բոլորը փախչում էին, գոռալով՝ ՙՀայգ Արմե՜ն, Հայգ Արմե՜ն՚: ԵՎ տխրում էր Հայկը: Նա չէր հասկանում, թե ինչու էին տղաները խուսափում իրենից:
 ԵՎ նա բողոքեց Խաթունին.
   - Մարե՜, բոլոր տղաները ինձանից խուսափում են և ինձ անվանում են Հայգ Արմեն:
    Խաթունը իր մոտ կանչեց իշխաններին և հարցրեց.
   - Ինչո՞ւ ձեր որդիները չեն մոտենում Հայկին, ինչո՞ւ չեն խաղում նրա հետ:
   ԵՎ իշխանները ասացին.
   - Տիրուհի՜, Հայկի կրծքին մի Արևխաչ կա, որ ճառագում է Արարատյան արևով, և մեր որդիների աչքերը չեն դիմանում դրա ճառագումին:
   Խաթունը իր մոտ կանչեց Հայկին և ասաց.
   - Որդի՜ս, քո կրծքին փայլող այդ Արևխաչն է պատճառը, որ ոչ ոք չի մոտենում քեզ:
   - Մարե՜,- ասաց Հայկը,- իսկ ի՞նչ խորհուրդ ունի սա,  ինչո՞ւ է իմ կրծքին, և ինչո՞ւ են ինձ Հայգ Արմեն կոչում:
   - Օ՛, որդի՜ս,- ասաց Խաթունը,- Հայգ Արմենները հրեղեն աստվածամարդիկ են, Արիներն են, որ ապրում են Արարատում: Նրանք թշնամի են մեզ և մեր Աստված Վիշապին: Նրանք այդ Արևխաչով  նշան են արել քեզ, որ քեզ զոհեն իրենց Աստվածներին:
   ԵՎ Հայկը հարցրեց.
   -Իսկ ինչո՞ւ են ինձ ընտրել որպես զոհ:
   -Նրանք քեզ են ընտրել, որովհետև դու տիտանյան արքայի որդին ես,- պատասխանեց Խաթունը:
   Վրդովվեց Հայկը և ասաց.
   - Երբ մեծանամ, ես կգնամ Արարատ և կկոտորեմ այդ Արիներին հանուն մեր Աստծո: Իսկ հիմա ես այս Արևխաչը կպոկեմ և դեն կշպրտեմ:
   Հայկը ձեռքը տարավ, որ Արևխաչը պոկի, բայց հանկարծ Արևխաչը այրեց նրա ձեռքը: ԵՎ նա ցավից լաց եղավ: Խաթունը ինքը փորձեց պոկել, նրա ձեռքն էլ այրեց: Կանչեց Բելին, Բելն էլ չկարողացավ: Հասկացան, որ Արևխաչը չեն կարող հանել Հայկի վրայից:
   Հայկը զարմացել էր: Նա ամեն օր բռնում էր այդ Արևխաչը, խաղում էր հետը, և ոչ մի անգամ չի այրել նրա ձեռքը: Նա իր զարմանքը հայտնեց Խաթունին, և Խաթունը ասաց.
   - Կախարդել են Արիները, որ դու չազատվես այդ Արևխաչից: Բայց երբ դու գրավես Արարատը և խավարով պատես այն, Արևխաչը կկորցնի իր զորությունը:
   Ապա Խաթունը խորհրդի կանչեց իր իշխաններին և ասաց.
   - Քանի դեռ այդ Արևխաչը Հայկի աչքի առաջ է, դժվար կլինի նրան Չարի դարձնել, Արևխաչը միշտ սնելու է նրան արիականությամբ:
   Խորհուրդ արին, և Բելը ասաց.
   - Մարե՜, փշե շապիկ գործել տուր և հագցրու Հայկի մերկ մարմնին: Փշերը կմտնեն նրա մսի մեջ,  նա չի կարողանա հանել շապիկը, և Արևխաչը կծածկվի նրա աչքից:
   - Բայց այդ փշերը ցավ կպատճառեն նրա մարմնին,- առարկեց Խաթունը:
   ԵՎ Բելը ասաց.
   -Միայն ցավը նրան կչարացնի: ԵՎ այդ չարությամբ նա ինքը կհալածի արիությունն իր մեջ ու կչեզոքացնի Արևխաչի զորությունը:
   Այդպես էլ արին: Փշերից շապիկ գործեցին ու հագցրին Հայկի մերկ մարմնին: Արևխաչը ծածկվեց, իսկ փշերը մտան Հայկի մսի մեջ ու վերքեր բացեցին: ԵՎ Հայկը ցավից չարանում էր:

   Տիտան տղաները այլևս չէին խուսափում Հայկից և խաղում էին նրա հետ: Իսկ Խաթունը խստիվ պատվիրեց բոլոր դայակներին, ծառաներին ու իշխաններին, որ երբեք Հայկին լճափ չտանեն, որ նա իրեն չտեսնի ջրի հայելու մեջ և խստիվ արգելեց նրան Հայգ Արմեն անվանելը:


Ուխտագիրք
Սլակ Կակոսյան

Комментариев нет:

Отправить комментарий