
Հարկավոր է զգալ կա՛մքը լեռների, իսկ լեռները մեր, արդեն բյուր դարեր, գուպարի մեջ են՝ ընդդեմ հարևան անապատների, լեռնակույտերի, դաշտավայրերի. հրաբխո՛ւմ են, ժայռե՛ր գլորում, շղթաներ կազմում, նաև փուլ գալիս, ապա խոյանո՛ւմ ու բազկատարած՝ շարժվում են առաջ: ՈՒ հաղթակա՛ն են՝ հավերժ այդ կռվում, թեև միայնակ, բայց տարածվո՛ւմ են, աշխարհակալում, երբեք չե՛ն սեղմվում, երբեք չեն կծկվում ու չե՛ն նեղացնում՝ սահմանները մեր Հայրենի երկրի: Վերջ չկա՛ կռվին այդ հավերժական. մեր եզերքները շարժման մեջ են միշտ, ու ծավալվում են, ճանապա՛րհ հարթում Հայաստան երկրի տերերի համար: Մասնակցե՛լ է պետք լեռների կռվին, տարածվե՛լ է պետք, աշխարհակալե՛լ, քանզի ով չի զգում կամքը լեռների, ով չի ընթանում իր Հայրենիքի բնության կամքով, նա մի օր, ստիպված, օտարի կա՛մքն է բերելու այստեղ՝ մեր լեռներից ներս: Լսո՞ւմ եք կանչը Հայոց գետերի. ամեհի թափով, իրենց լեռներից հոսում են ներքև, խառնվում կռվին, պայթո՛ւմ մոլուցքով՝ դաշտերի գլխին, ու հորձանք տալիս, մխրճվում կո՛ւրծքը օտար հողերի, շարժվում առաջ ու... նվաղում են ավազներում՝ շեկ անապատների: Կանչո՛ւմ են գետերն՝ արդեն բյուր դարեր, լսո՞ւմ եք, շարժվեք նրանց օգնությա՛ն, նրանց հոսանքո՛վ: Մի՛ թողեք կորչեն մեր ջրերն՝ օտար հորիզոններում: Հետևե՛լ է պետք գետերի կանչին, տարածվել է պետք, աշխարհակալե՛լ. զի ով չի լսում կանչն իր գետերի, ով չի նավարկում նրանց հոսանքով, մի օր, օտարի նավակնե՛րն է ներս թողնելու՝ նրանց խեղճացած հունով: Հարազատ Ցեղի խոյա՛նքը զգացեք, ո՛ւժը ահարկու՝ ձեր մեջ խաղացող. ժայթքե՛լ է ուզում, աշխարհակալել՝ իր լեռների պես: Հետևե՛ք նրան, այդ զորեղ ուժին. զի ով զսպում է իր բարձունքներից՝ խոյանքը Ցեղի, մի օր՝ գահավեժ այդ բարձունքներից, դարե՛ր կմաշի նվաստության մեջ՝ ուժն այդ զգալու, նրա հայտնությանն արժանանալու հուսահատ տենչով: Լսեք, վերջապես, կա՛մքն աստվածների. Մեր նախնիները չարհամարհեցին օգնության կանչը հարևանների, ու չլքեցին աղետից փախչող, մեր դուռը բախող բնավերներին: Ներս թողին նրանց ու խնամեցին: ՈՒ նոր կյանք ստացան աղետյալները՝ Արի տոհմերի հովանու ներքո: Գիտելիքների ու արհեստների ջա՛հը տվեցինք մենք անտուններին, Հայոց հավատքի լո՛ւյսը կենարար, ու աստվածային, սուրբ օրենքների հմա՛յքը ստացան նրանք մեզանից: ՈՒ կազդուրվեցին, նաև՝ բազմացան: Եվ ժա՛մն է արդեն՝ ամոքված, կրթված նրանց զարմերին՝ ցույց տալ ճանապա՛րհն իրենց դաշտերի: Թող վերականգնե՛ն իրենց հյուղերը՝ ջրածածկ եղած, քրտինքո՛վ ջրեն անապատների շիկահողերը ու բարիք ստանան: Բանեցնեն բազում արհեստներն այնտեղ՝ մեզանից ստացած, ու երախտիքո՛վ հիշեն մեծ Ազգին՝ իրենց ձեռք մեկնած: Թող ապրեն լույսով մեր օրենքների ու թող չդրժե՛ն օրհասի պահին մեր պապերի հետ՝ իրենց պապերի կնքած սուրբ ՈՒխտը: Ճանապա՛րհ դրեք, քանզի վայել չէ՛, որ հյուրը իրեն զգա իբրև տանտեր, նաև արդար չէ՛, որ մեր սուրբ հողի բերք ու բարիքից գլուխը կորցրած՝ մոռանա՛ երկիրն իր նախնիների: Ընտրեք քաջարի ձեր զավակներից լավագույնների՛ն, զինավառ խմբե՛ր կազմեցեք իսկույն. թող առաջնորդե՛ն իրենց վստահված ընտանիքներին դեպի հեռուներ՝ այնտեղ, ուր Հայոց խրոխտ լեռնե՛րն են կարկառում իրենց բազուկներն հուժկու, այնտեղ, ուր Հայոց չքնաղ գետե՛րն են դարերով սպասում Հայ զինվորներին: Թող լեռների հետ, հեռվի՛ց ետ վանեն՝ դեպի Հայաստան սուրացող հովերն, ու թող տարածեն Հայոց հավատքի լույսը ամենո՛ւր, որ հաստատ պահվի ՈՒխտը՝ մեծազոր աստվածների հետ, որ հարատևի՛ հողը Հայրենի, ու ազա՛տ ապրի իր Հայրենիքում՝ ազգն Արիների: Վճիռ կայացրեք, դյուցազո՛ւնք Հայոց, ու մի՛ մոռացեք, որ ով չի լսում ձայնն իր դիցերի, օրերից մեկ օր, ծնկաչոք ու թույլ, կատարելու է քմայքներն՝ օտար, նենգ աստվածների: Լռեց Թորգոմը: Զիլ կռնչոցով, սլացավ վերև՝ արծիվը ճերմակ. վերջին պտույտով՝ հրաժեշտ տվեց Հայոց Տերերին, ու կորավ՝ երկնի կապույտ անհունում: Ցեղի թռի՞չքն էր արդյոք ավետում՝ թռչունը ճերմակ. որտեղի՞ց եկավ, ո՞ւր կորավ հանկարծ: Այսպես, թռիչքով մի վեհատեսիլ, իրե՜նք էլ կանցնեն աշխարհից աշխարհ. հետ կգա՞ն արդյոք, կվերադառնա՞ն, թե՞ լուռ կմարեն՝ օտար ափերի հորիզոններում...
Գևորգ Հովհաննիսյանի "Հավերժական Արքայատոհմ" գրքից... (գիրքը դեռ անավարտ է)
Комментариев нет:
Отправить комментарий