29.12.2013

ՏԱՐՈՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


ՙՄենք տեսանք գաղութի բարոյական
զարհուրանքը, հայրենազուրկ մարդու
հոգու չարչարանքով դիմեցինք մեր
հայրերու աստվածների խորհուրդին
եւ գտանք տարոնականությունը՚:






ՑԵՂԸ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԸ՝  ՏԱՐՈՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԵՑՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՔ

Տարոնական աշխարհայեցողության էաբանական խորքը Ցեղն է՝ տեսակը, որը կենսաբանական (բնական) ըմբռնում է եւ ո՜չ պատմական՝ ինչպես ազգությունը, կամ ընկերային՝ ինչպես ժողովուրդը: Ցեղի (տեսակի) հավերժացումը Տարոնականության սահմանած ընդհանուր գերնպատակն է, իսկ Ցեղի կենսաբանական որակները՝ Արյունը եւ Ոգին, որոնք ժառանգականության օրենքով շարունակելի են, կազմում են Տարոնական կենսահայեցողության շաղախը: Ցեղը արյան (նյութի) եւ ոգու՝ մարմնականի ու հոգեկանի բնական ներդաշնակությունն է, եւ Տարոնականությունը ցեղի մարմնական ու հոգեկան հատկանիշների (արյան եւ ոգու) փոխադարձ ազդեցությունն ընդունում է որպես բնածին ճշմարտություն:
  ՙՈրոշ որակի արյունը կարող է միայն ծնունդ տալ որոշ որակի ոգու: Ոգու եւ ոգու միջեւ այնքա՜ն տարբերություն կա, որքան՝ արյունի եւ արյունի: Տարբեր են  ո՜չ  միայն սպիտակների եւ  դեղինների  մարմնական հատկանիշները, այլեւ՝ նրանց հոգեգծությունը՚,- պարզաբանում է Հայկ Ասատրյանը: Այսպիսով, Տարոնականությունը հաստատում է ցեղի ոգու (որով պայմանավորված են նրա հոգեկան հատկանիշները)  եւ  արյան (որը պայմանավորում է ցեղի մարմնական գծերը)  փոխադարձ կապը, դրանց անկրկնելիությունը, ինքնատիպությունը:
Որպես ՙԱստծո կամքի արտահայտություն՚, ցե՜ղն է, որ ապահովում է բնական կապը մարդու եւ աստվածայինի՝ անցավորի եւ հավիտենականության միջեւ: Այլ խոսքով, անհատն անցավոր է, իսկ տեսակը՝ ենթակա մշտնջենացման, եւ  մարդը հաղորդակցվում է  հավիտենականի հետ՝ Աստծո կամոք արարված իր տեսակը (ցեղը) հավերժացնելու ճանապարհով:
  Ըստ Տարոնականության, տեսակը ո՜չ թե Աստծուց  կանխորոշված է հավերժելու, այլ՝ ենթակա է ինչպես հավիտենացման, այնպես էլ վերացման՝ կախված գոյության կռվում նրա կենսունակությունից եւ Աստծո հետ կենդանի կապից: Այստեղ տեղին է բերել Նժդեհի արտահայտած անհանգստությունը ճակատագրապաշտական ծուլության վերաբերյալ, որով համակվածները կարծում են, թե Հայ տեսակը երբեւէ վերանալ չի կարող. ՙԵս հարցնում եմ այնպես, ինչպես ո՜չ ոք դեռ չի հարցրել. ո՞ւր ենք գնում: Մեզ համար տեղ կա՞ պատմության մեջ... Գիտե՞ մեկը, որ եթե դադարենք գոյություն ունենալե՝ տիեզերաշենքի մեջ մի հատիկ հյուլե իսկ պիտի  չշարժվի՚:
Այսպիսով, Տարոնականության մեջ առկա է Աստվածահաղորդության խորհուրդը: Աստվածահաղորդություն - դա զգացումն է մեր մեջ գործող բացարձակ Ուժի՝ պատմակերտ Ոգու, առանց որի ճանաչման կարելի չէ հասկանալ պատմությունը, քանզի պատմությունը սոսկ դեպքերի արձանագրություն չէ, այլ՝ Ոգու հայտնություն:
  ՙԱզգային ոգի - ահա՜ գերագույն հերոսը, միա՜կը, մեր պատմության անիվը դարձնող, մեր հավաքական ճակատագիրը վարող հերոսը:
Էապես միայն դա՜ է գործում պատմության մեջ եւ պատմության համար: Անհատ հերոսները ո՜չ այլ ինչ են, եթե ոչ միայն անձնավորողներն այդ ոգու: Մեռնում են հերոսները - Մանվելները, Մուշեղները, Վարդանները՝ մնում է, սակայն, նրանց ոգին, որն իր մարմնավորումը գտնելով այլ հայերի մեջ՝ շարունակում է ապրել ու ներգործել՚ :
Իսկ  Ոգին  հնարավոր  չէ  հասկանալ  առանց բնազանցության  եւ էաբանության: Նա, ընդհանրապես, զգայարաններով ընկալելի չէ. այնտեղ գործում է տիեզերաստեղծ Ուժի (իմա՜ Աստծո) կամքը, ու շատ բան պատմության մեջ լինում է հենց ա՜յդ կամքով: Եվ պատմության մեջ հաղթում է նա՜, ով հաղորդակից է այդ Բացարձակին, Աստվածայինին՝ պատմաստեղծ Ոգուն: Վկա՜ եւ Հայոց պատմությունը. ՙՄեր ժողովրդի ամենազորավոր զենքը միշտ էլ եղել է ոգին՚ :
   Տարոնականությունը այդ Ոգու տարերքի, ասել է՝ մեր պատմության անգիտակցականի (իռացիոնալի) իմացության փորձ է, առանց որի անհնար է խոսել ճակատագրի հետ: Այն պատմական ոգու ուսմունք է:
ՙԴա՜րձ դեպի ոգին՚. ահա՜ Տարոնականության առաջադրած նախապայմանը: Ցեղի դրսեւորման բնական միջավայրը Հայրենիքն է, երկրագնդի վրա այն հողակտորը, ՙորին միայն հարազատ ու բնիկ են մեր մարմինն ու ոգին...՚ : Նա Ցեղի համար ո՜չ թե շահագործելի հող է, այլ՝ էության պահանջ, որ ՙմի բան է ոգուց եւ ոգու համար՚. ահա՜ թե ինչո՜ւ Ցեղի առաջին  հրամայականն է  -  հայրենատիրությո՜ւն:
   Տարոնականության մեջ առկա է հստակ ըմբռնումը ամբողջական Հայրենիքի,  ինչպես նաեւ տարբերակումը՝ պատմական եւ  բնական Հայաստանի: Հ. Ասատրյանի բնորոշումներով, առաջինը պատմա-ազգագրական հասկացություն է, որով՝ հարափոփոխ, ենթակա սեղմումի կամ ընդլայնումի՝ կախված պատմական ժամանակաշրջանից: Պատմական Հայաստանի սահմանները մերթ հասել են Հրեաստան (Տիգրան Մեծի օրոք), մերթ դուրս եկել Կիլիկիա, մերթ ամփոփվել Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արեւելքում (Զաքարյանների ժամանակ) եւ այլն... Կա, սակայն, բնական Հայաստանը՝ որպես բնաշխարհագրական ըմբռնում, խիստ որոշակի բնական սահմաններով, որով եւ անփոփոխ: Դա Հայկական Բարձրավանդակ կոչվող, բնորեն ամբողջական աշխարհագրական տարածքն է՝ Հայ ցեղի արարման կամ կազմավորման բնական միջավայրը: Հայոց հավիտենական հայրենիքն է այդ՝ անկախ ազգագրական պայմաններից եւ ժամանակների քաղաքական սահմանագծումներից: Հայկական Բարձրավանդակից դուրս հայրենիք չկա՜, եւ նրա ամբողջական սահմաններում (իմա՜, ողջ բարձրավանդակին տիրելով) միայն հայերս կարող ենք իբրեւ ազգություն եւ պետություն օրգանապես զարգանալ ու հարատեւել:

*  *  *

Տարոնականությունը հայապահպանումի՝ օտարության մեջ հային հայ պահելու ինքնանպատակ ճիգ չէր, այլ՝ կորսված Հայրենիքը վերատիրելու եւ Հայաստանում ապրելու անդրդվելի կամք: ՙՀայը ՙմիջազգային՚ ասպարեզի էակ չէ... Նա իր Արշակ թագավորի նման հզոր եւ ազատահոգի է միայն ի՜ր հողի վրա: Հայրենի՜քն է նրա ինքնապաշտպանության միակ զենքը՚,- ասում է Հայկ Ասատրյանը: Այլ խոսքով, գաղթահայության ինքնապահպանման, նրա հավիտենորեն հայ մնալու երաշխիքը, ըստ Տարոնականության, ո՜չ թե պայքարն է այլասերման դեմ, այլ՝ պայքարը Հայրենիքի՜ համար:
Եվ, այս առումով, Տարոնականությունն ունի դարձի ուխտ՝ դեպի հայոց հավիտենական Հայրենիքը:

Տարոնական շարժում,
ՀՀԿ, Եր., 2002

Комментариев нет:

Отправить комментарий