05.01.2013

ԿԵՆՍԱՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ



1886թ. հունվարի 20` նոր տոմարով` փետրվարի 2
----- Ծնունդ Նախիջևանի Կզնուտ գյուղում:
.
Մոտ 1894-1895թթ.
-----Ուսումնառություն Կզնուտի ծխական դպրոցում:
.
1896թ.
-----հայկական դպրոցները փակելու պատճառով սովորել է նորաբաց պետական` ռուսական ծխական դպրոցում:
.
Մոտ 1896-1902թթ.
-----սովորել է Նախիջևանի <<բարձրագույն տարրական>> կոչվող յոթնամյա ռուսական դպրոցում:
.
Մոտ 1902-1903թթ.
-----սովորել է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում:
.
1906-1907թթ.
-----սովորել է նախ` ՀՅԴ հիմնած` Սոֆիայի պահեստի սպայից Կնյաժևոյի, ապա Սոֆիայի ռազմական վարժարաններում:
.
1906թ.սեպտեմբերի 27
-----ՆԺԴԵՀ ծածկանվան առաջին հիշատակությունը:
.
1907թ.
-----վերադարձել է Կովկաս` Սեբաստացի Մուրատի հայդուկային խմբի հետ Հայաստան անցնելու համար:
.
1907թ.նոյեմբեր
-----Ընդունվել է ՀՅԴ շարքերը:
.
1908թ.օգոստոս
-----Որպես սպա ուղարկվել է Պարսկաստան` պարսկական հեղափոխությանը մասնակցելու համար:
.
1908թ. օգոստոսի վերջ
-----Վերադարձել է հայրենի գյուղ, տեղում կազմակերպել ՀՅԴ խումբ:
.
1908թ. սեպտեմբերի 6
-----Վերին Ազա գյուղում ձերբակալվում, արգելափակվում է Ջուղայում:
.
1909թ. ապրիլ-1910թ.
-----Եղել է Նախիջևանի բանտում:
.
1910թ.հոկտենբերի կեսից մինչև հոկտենբերի 22
-----Հարցաքննվել է Նովոչերկասկի բանտում, ապա կարճ ժամանակով` նաև Պետերբուրգի բանտում:
.
Մոտ 1912թ մարտ
-----ազատվում է բանտից, անցնում Բուլղարիա:
.
1912թ. սեպտեմբերի 23
-----անդամագրվում է բուլղար կամավորական բանակին:
.
1912թ. հոկտեմբերի 8
-----կազմում է հայ կամավորների 229 հոգիանոց վաշտը, որը հետագայում համալրվում է ևս 42 կամավորներով` ներառյալ Նժդեհն ու Անդրանիկը:
.
1912թ. հոկտեմբերի 20
-----Պաշտոնական հրամանով նշանակվում է <<Երկրորդ (հայկական)>> վաշտի հրամանատար:
.
1912թ. Նոյեմբերի 4
-----Հայկական վաշտի հետ հերոսանում է Ուզուն Համիդլերի կռվում:
.
1912թ. Նոյեմբերի 15, Մեհրամլի գյուղ
-----Անդրանիկի և հայ կամավորական վաշտի հետ կատարում է մեծ սխրագործություն` վճռելով ճակատամարտի ելքը:
.
1912թ. Հավանաբար նոյեմբերի 16
-----Մեհրամլիի հաղթանակի առթիվ պարգևատրվում է <<Սպայական քաջության խաչ>>-ով, արտասանում մի հուզիչ ճառ:
.
1912թ. Հավանաբար դեկտեմբերի վերջից
-----Կարգվում է մակեդոնացիներից բաղկացած կամավորական վաշտի հրամանատար:
.
1913թ. Հավանաբար ամառ
-----Սոֆիայում նշանվում է Էքիմե Սուքիասյանի հետ:
.
1913թ. Հավաբար աշուն
-----Մեկնում է Ռումինիա:
.
1914թ. Հոկտեմբերի սկիզբ
-----Անդրանիկի և բազմաթիվ կամավորների հետ Բուլղարիայից ժամանում է Թիֆլիս:
.
1914թ.հոկտեմբերի 13
-----Զորագնդի հրամանատարի օգնականի պաշտոնով անդամագրվում է հայկական կամավորությանը:
1915թ.ապրիլի 15
-----300 հոգանոց ջոկատով միացել է կամավորական 2-րդ գնդին, նշանակվել հրամանատար Դրոյի օգնական, ապա նույն պաշտոնով ընդգրկվել է Վարդանի գլխավորած Արարատյան զորաջոկատ:
.
1915թ.մայիսի 2
-----Բերկրիի կիրճում ցուցաբերած խիզախության համար ներկայացվել է սբ. Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշանի:
.
1915թ.մայիսի 5
-----Շեյխ-Կարայի ճակատամարտում դրսևորած անօրինակ քաջության համար ներկայացվում է Աննայի 4-րդ աստիճանի շքանշանի;
.
1915թ. Մայիսի 6
-----Կամավորական 2-րդ գնդի հետ մտնում է Վան:
.
1915թ. Ապրիլի 27-հունիսի 8
-----մասնակցել է Վանի նահանգի Գեալարաշի, Բերկրիի, Շատախի, Մոկսի, Սպարկերտի և այլ վայրերի արշավանքներին ու ճակատամարտերին:
.
1915թ.հուլիսի 19
-----Ռուսական հրամանատարությունը պոդպորուչիկ Նժդեհին շնորհում է պորուչիկի աստիճան:
.
1916թ.մայիսի 14
-----Որպես հրամանատարի օգնական տեղափոխվել է հայկական կամավորական 1-ին խումբ, որի ժամանակավոր հրամանատարն այդ ժամանակ Սմբատն էր:
.
1916թ.հուլիսի 23, հուլիսի 25
-----Զորավար Նազարբեկյանի ջոկատի կազմում մասնակցել է մարտերին, Մագրեադի կիրճում ցուցաբերած <<առանձնահատուկ հերոսության>> և <<անօրինակ սառնասրտության ու անվեհերության համար>> ներկայացվել Գեորգիևյան 3-րդ և 2-րդ աստիճանի խաչերի:
.
1917թ.մայիսի 12-ին
-----Եղել է Ալեքսանդրապոլի  գործադիր կոմիտեի անդամ և քաղաքային կոմիսար:
.
1917թ.վերջ
-----Երբ ռուսական զորքը թալանում էր Գյումրիի բերդի զենքն ու զինամթերքը, իր շուրջը հավաքելով մոտ 60 ուսանողների, ռուսներից գրավում է բերդը, զինամթերքը հանձնում հայոց զորքին:
.
1917թ.
-----Գյումրիում հրատարակում է ազատամարտի հերոսներին նվիրած իր արձակ գեղոնների հավաքածուն` <<Դաշնակցության պանթեոն>> վերնագրով:

1917թ.մայիսի 14
-----Ընտրվել է ՀՅԴ Գյումրիի Կեդրոնական կոմիտեի անդամ:
.
1917թ.հունիսի 1
-----Գյումրիի գուսանների համար դասախոսություն է կարդացել, որից հետո ամբողջ դահլիճը անդամագրվել է ՀՅԴ-ին, և հենց դահլիճում էլ հիմնվել է Գյումրիի <<Աշուղ>> կառույցը, որի մեջ մտել են բազմաթիվ նշանավոր գուսաններ:
.
1917թ.հունիսի 9
-----Գողթանի Վերին Ազա գյուղում վարել է Վերին Ազայի, Ներքին Ազայի ու Դեր գյուղերի ընդհանուր ժողովը` բնակչությանը կոչ անելով կազմակերպվել ու պատրաստվել ինքնապաշտպանությանը:
.
1917թ.հունիսի 19
-----Նույնանման ժողով է անցկացրել Ազայի ծխական դպրոցում:
.
1917թ.հունիսի 29
-----Նույնանման ժողով` Ջուղայում:
.
1917թ.հավանաբար ամառ
-----Ախալքալաքում կազմավորել է կամավորական ջոկատ:
.
1917թ.աշուն
-----ընտրվել է 1917թ.սեպտեմբերի 29-հոկտեմբերի 13-ը Թիֆլիսում կայացած Հայոց ազգային համախորհրդակցության 228 պատգամավորներից մեկը, ապա ընդգրկվել <<Ճակատի պահպանության և վտանգված վայրերի ապահովության>> ՀՅԴ 15 հոգանոց հանձնաժողովում` Անդրանիկի, Աբրահամ Գյուլխադանյանի, Արսեն Շահմազյանի, Դրոյի, Ռուբեն Տեր-Մինասյանի և այլոց հետ:
.
1917թ.
-----Սակավաթիվ ուժերով օգնության է փութում պաշարված Կողբին, կոտորածից փրկում այդ շրջանի հայությանը:
.
1918թ.հունվարի 30
-----Ելույթ է ունենում Երևանի քաղաքային դահլիճում նախիջևանցիների և գողթանցիների գումարած ժողովում:
.
1918թ.
-----Շերամի համահեղինակությամբ Երևանում տպագրում է <<Զորաշարժային կանոնադրություն>> գրքույկը` նվիրված <<հայ քաջարի զինվորին>>:
.
1917-1918թթ.
-----Շրջելով հայկական բազմաթիվ գյուղերում` ժողովրդին հավաքում էր եկեղեցիների բակերում, ազդեցիկ ու սրտաբուխ ճառերով կոչ անում ինքնապաշտպանության:

1918թ.մայիս
-----Վարել է Ալաջայի կռիվները, որոնցով կարելիություն է <<Էրզրում-Սարիղամիշ-Ղարսեն նահանջող հայկական զորամասերին` անկորուստ անցնելու Գյումրի>>:
.
1918թ.մայիսի 24
-----Ճակատ հարդարելու նախաձեռնությունը վերցնելով ձեռքը` ոգեշնչել ու վարել է Ղարաքիլիսայի ճակատամարտը, ներկայացվել ամենաբարձր քաջության շքանշանի:
.
1918թ.նոյեմբերի 30
-----ՀՀ կառավարության հրամանով նշանակվում է Նախիջևանի գավառական կոմիսար:
.
1918թ.դեկտեմբերի 20
-----Օգնության է հասնում մինչև Արարատ նահանջած հայկական զորքին, կռվի ամբողջ նախաձեռնությունը վերցնում է ձեռքը, փրկում հայոց բանակի 4-րդ գունդը, ճնշում Վեդիի թրքության ապստամբությունը, անօրինակ խիզախության համար պարգևատրվում Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշանով:
.
1919թ.փետրվար-օգոստոս
-----Ծառայել է հայոց բանակում, մասնակցել տարբեր կռիվների:
.
1919թ.մարտի 30-օգոստոսի 5
-----Եղել է Գառնիի գումարտակի հրամանատար:
.
1919թ.օգոստոսի 5
-----ՀՀ զինվորական նախարարը նրան շնորհում է կապիտանի կոչում:
.
1919թ.սեպտեմբերի 4
-----ՀՅԴ Բյուրոյի միջնորդությամբ և իր խնդրանքով ՀՀ կառավարությունը նրան Ղազար Քոչարյանի` Քաչալի հետ ուղարկում է Զանգեզուր` Գողթան անցնելու առաջադրանքով: Նա Զանգեզուր է մտնում 180 սվինով:
.
1919թ.սեպտեմբերի առաջին կես
-----Զանգեզուրի տեղական իշխանությունների խնդրանքով կապիտան Նժդեհը ստանձնում է Կապարգողթի` Կապանի, Արևիքի (Գենվազ, Մեղրի) և Գողթանի ընդհանուր և Սյունյաց հարավարևելյան ռազմաճակատի հրամանատարությունը:
.
1919թ.հոկտեմբեր
-----Վերացնում է Գողթանը Գենվազին կապող թաթարական սեպը: Հիմնում է <<Դավիթբեկյան ուխտերը>>, որոնց ռազմակոչն էր` <<Հանուն հայրենիքի` Դավիթբեկաբար>>:
.
1919թ.նոյեմբերի 15
-----Առանց բավարար ռազմամթերքի, փամփուշտի ու թնդանոթի, գիշերային հանդուգն գրոհով գրավում է Օխչիի ձորի թրքաբնակ գյուղերը` տալով ընդամենը 1 վիրավոր: 1-ին անգամ այստեղ է գործի դնում պայթուցիկ տակառներով թշնամուն ահաբեկելու ռազմավարությունը:
.
1919թ.դեկտեմբերի 1-8
-----Գեղվաձորում վնասազերծում է 33 թաթարական գյուղեր, որոնք պատուհաս էին դարձել Գենվազի, Ղափանի և Գողթանի համար:
.
1920թ.հունվարի 19
-----Թեև դեմ էր Շուռնուխի գործողությանը, բայց ենթարկվելով ընդհանուր հրամանատարության պահանջին` զանգեզուրյան զորքերի Շարուրի գործողության ժամանակ անձամբ առաջնորդելով վաշտերը` գրոհում է թուրքերի գրաված բարձունքները, նպաստում ընդհանուր հաղթանակին, որի շնորհիվ մարտագրով նախատեսված 6 գյուղի փոխարեն վնասազերծում է ավելի քան 30թաթարական գյուղ, բացվում է Գորիս-Ղափան խճուղին:
.
1920թ.փետրվարի 14
-----Այս անօրինակ սխրագործությունների համար Զանգեզուրյան ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ղազարովը Նժդեհին շնորհում է փոխգնդապետի աստիճան` ՀՀ կառավարությանը միջնորդելով նրան շնորհել գնդապետի աստիճան:
.
1920թ.մարտի 9-21
-----Սկսում և հաջողությամբ ավարտում է Գողթանին օգնելու 2-րդ` <<Պատանակրաց>> արշավանքը, որի ընթացքում ազատագրում է Գողթանի հայկական գյուղերը, գրավում Գողթանի բոլոր թաթարական բնակավայրերը, բացի Եայջիից և Դաստակից:
.
1920թ.մարտի 25
-----Գողթանում 2 նամակ է ստանում` օգնության փութալու Կապարգողթը թուրք-թաթար-բոլշևիկ գրավումից փրկելու համար: Հետաձգելով Ագուլիսների և Օրդուբադի գրավումը` շտապ վերադառնում է Ղափան:
.
1920թ.ապրիլի 1-13
-----Սկսում է հակահարձակումը: Զեյվայից` այժմյան Դավիթ Բեկ գյուղից սկսած` թշնամուն ետ է շպրտում Հարթիզի և Սուսանի բարձունքներից, մաքրում Որոտանի թաթարական գյուղերը, գրավում 80-ից ավելի գյուղեր:
.
1920թ.ապրիլի 6
-----Վարում է Ասկյուլումի ճակատամարտը, գրավում գյուղը և շրջակա բարձունքները:
.
1920թ.ապրիլի 13
-----Ջախջախելով Ջիբրայելի թաթարներից և Ղարադաղի պարսիկներից օգնություն ստացած թշնամու գերակշիռ ուժերը` մաքրում է նաև Չավնդուրի` Բարթաղի շրջանը:



1920թ.ապրիլի մոտ 15-26
-----Բարգուշատ-Հաքյառուի` Զանգեզուրի և Արցախի միջև ընկած թուրքական սեպի շրջանում մոտ 1 ամիս հաղթական կռիվներ մղելուց հետո Ղափանի իր վաշտերով մտնում է Արցախ, ստանձնում Դիզակի պաշտպանությունը, չեզոքացնում Դրոյի զորքերի աջ թևին սպառնացող վտանգը:
.
1919թ.դեկտեմբեր-1920թ.ապրիլ
-----Կազմակերպում է Օխչիի, Գեղվաձորի, Շուռնուխի, Ասկյուլումի, Չավնդուրի և այլ վայրերի փառահեղ հաղթանակները` մեծ մասամբ անձամբ ղեկավարելով կռիվները:
.
1920թ.մայիսի վերջ-օգոստոսի 10
-----Երբ ՀՀ զորամասերը լքում են Արցախն ու Զանգեզուրը, տարածքները հարկադրաբար հանձնում Ադրբեջանին, ստանձնում է բովանդակ Սյունիքի ինքնապաշտպանությունը:
.
1920թ.մոտավորապես հունիս-հուլիս
-----ՀՀ կառավորությունը նրան շնորհում է գնդապետի աստիճան:
.
1920թ.օգոստոսի 25
-----Ղափանի Կավարտ գյուղի եկեղեցում օծվում է  <<Ղափանի, Գենվազի, Գողթանի ու Բաղաբերդի ռազմական ուժերի դիկտատոր-հրամանատար>>, 45 օրում ազատում Սյունիքը:
.
1920թ.հոկտեմբերի 9-ի գիշերը, 10
-----7 ձիավորներով Խուստուփից իջնելով Ղափան` Գյուտկում գյուղից իրեն միացած ևս 40 հոգիանոց ջոկատով, առանց որևէ զոհ տալու, վերագրավում է Ղափանը` գերելով ավելի քան 650 ռուս զինվորի:
.
1920թ.նոյեմբերի 21-22
-----վերագրավում է Գորիսը:
.
1920թ.դեկտեմբերի 25
-----Տաթևի 1-ին համագումարում հռչակում է <<Ինքնավար Սյունիքը>>, Զանգեզուրը ժամանակավորապես հայտարարում է ինքնավար: Համագումարը Նժդեհին <<Հրավիրում է որպես <<Սյունյաց սպարապետ>>, ինքնապաշտպանության ամբողջ ղեկավարությունը հանձնում նրան:
.
1920թ.սեպտեմբերի 6-նոյեմբերի 21
-----Ղափանի Կալեր գյուղից վերսկսելով Զանգեզուրի ազատամարտը` երկրամասը մաքրում է ռուս և թուրք զավթիչներից, ըստ էության շարքից հանում ռուսական 11-րդ կարմիր բանակը` ոչնչացնելով մոտ 12000, գերեվարելով 4000-ից ավելի բոլշևիկ զինվոր ու սպա:




1921թ.հունվարի 25
-----11-րդ կարմիր բանակի հրամանատարին ուղղած <<բաց նամակում>> պահանջում է Հայաստանի բանտերից ազատել կուսակցական ու ազգային գործիչներին, քեմալականների կողմից գրավված հայկական տարածքները մաքրել, հրաժարվել Զանգեզուրի հայության մեջ քայքայիչ գործունեություն կատարելուց:
.
1921թ.հունվարի 25
-----Շուշիի մոտ գտնվող Քարինտակ (թուրքերեն Դաշալտը) գյուղում հանդիպում է Թևան Ստեփանյանին, նրա հետ կազմում Արցախի ազատագրության պլանը:
.
1921թ.փետրվարի 2-5
----Խորհրդային իշխանությունները Նժդեհին առաջարկում են Սյունիքը հայտարարել խորհրդային, ստանձնել 11-րդ բանակի հրամանատարությունը:
.
1921թ.փետրվարի 15-17
-----Զանգեզուրյան ուժերի հրամանատար Յապոնի միջոցով բոլշևիկներից ազատագրում, Սյունիքին է միացնում Վայոց Ձորը, ջարդում է Արևիքի վրա հարձակված թշնամուն, հպատակեցնում է Բարգուշատի թաթարներին:
.
1921թ.փետրվարի 21
-----Գորիսի սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում օծվում  է Նժդեհի սպարապետական գոտին և եռագույնը:
.
1921թ.փետրվարի 28-մարտի 8
-----Թևանին օգնության ուղարկած Գորիսի հրամանատար Տեր-Պետրոսյանի աջակցությամբ ազատագրում է Դիզակը և Արցախի մեծ մասը, միացնում Լեռնահայաստանին:
.
1921թ.ապրիլի 26
-----Տաթևի 2-րդ համագումարը հռչակեց Լեռնահայաստանի Հանրապետությունը, Նժդեհին շնորհեց զորավարի աստիճան, պարգևատրեց <<Խուստուփյան արծիվ>> երկաթե շքանշանով և ընտրեց Լեռնահայաստանի վարչապետ, արտգործնախարար ու զինվորական նախարար:
.
1921թ.
-----Գորիսում հրատարակում է իր զինվորներին հղած <<Խուստոիփյան կանչեր>> հրամանների ժողովածուն:
.
1921թ.մայիսի 31-հունիսի 1
-----Գորիսում կայացած` <<Հայրենիքի փրկության կոմիտեի>> և Լեռնահայաստանի Հանրապետության համատեղ նիստը Լեռնահայաստանը հայտարարեց Հայաստան, Վրացյանն Ընտրվեց վարչապետ, Նժդեհը` <<զինվորական նախարար>>:




1921թ.հունիսի 7
-----Նամակ է հղում Խորհրդային Հայաստանի ղեկավարությանը` Սյունիքը պարպելու դիմաց պահանջելով Լեռնահայաստանի (Զանգեզուր, Լեռնային Ղարաբաղ, Գողթան, Վայոց Ձոր) միացումը Խորհրդային Հայաստանին:
.
1921թ.հունիսի 15-17
-----Յապոնի (Հովհաննես զանգեզուրցի Պարոնյան) և Կուռոյի (Սուրեն շուշեցի Թարխանյան) միջոցով ետ է գրավում Վայոց Ձորը, վերցնում մոտ 900 գերի, հարուստ ռազմավար:
.
1921թ.հուլիսի 12
-----Հայաստանի Հեղկոմի կողմից Լեռնահայաստանը Հայաստանի կազմում թողնելու պաշտոնական հայտարարությունը մամուլում հրապարակելուց հետո, համոզվելով, որ Զանգեզուրը մնալու է Խորհրդային Հայաստանի կազմում, Մեղրիից անցնում է Արաքսը, պատսպարվում նախ` Մուժամբար գյուղում, ապա` Թավրիզում:
.
1921թ.հուլիսի 24-սեպտեմբերի 28
-----Թավրիզում կանգնում է ՀՅԴ Գերագույն ատյանի առաջ` մեղադրվելով Սյունիքը բոլշևիկներին հանձնելու և այլ անհեթեթ մեղքերի մեջ:
.
1921թ.սեպտեմբերի 29
-----Դատական ատյանի դատավճռով առաջարկվում է Նժդեհին հեռացնել Դաշնակցությունից` <<ներկայացնելով նրա գործը կուսակցության 10-րդ ընդհանուր ժողովին>>:
.
1922թ.մարտի վերջ
-----Կոստանդնուպոլսի վրայով ժամանում է Սոֆիա, մշտական բնակություն հաստատում Ցար Բորիսի փ.թիվ 92 տանը:
.
1923թ.ապրիլի 7-մայիսի 19,
1924թ.նոյեմբերի 17- 1925թ.հունվարի 17
-----ՀՅԴ Վիեննայի խորհրդաժողովը, ապա ՀՅԴ 10-րդ ընդհանուր ժողովը Նժդեհին վերականգնում  է Դաշնակցության մեջ:
.
1924թ.մայիս
-----Ժամանում է Թավրիզ:
.
1925թ.
-----Ընտրվում է ՀՅԴ Բալկանյան Կեդրոնական կոմիտեի անդամ:
.
1926թ.
-----Բուլղարիայի Դաշնակցական կազմակերպությունը բաժանվում է Նժդեհի և Բյուրոյի կողմնակիցների միջև:



1926թ.,1941թ.,1943թ.
-----Այցելել է Ռումինիա:
.
1932թ.վերջ
-----ԱՄՆ մեկնելուց առաջ 2 ամիս գտնվել է Փարիզում, մասնակցել ՀՅԴ ընդհանուր ժողովին:
.
1933թ.սկիզբ- 1934թ.սեպտեմբեր
-----Եղել է ԱՄՆ-ում: 1933թ.հունվարի 14-ին հիմնել է Ցեղակրոն ուխտերը, հուլիսի 16-ին նախագահել Բոսթոնում գումարված Ցեղակրոն ուխտերի 1-ին համագումարը: Ոգեշնչել ու ամրացրել է ԱՄՆ ՀՅԴ գործող կոմիտեները, հիմնել նորերը, վերակազմավորել խարխլված մասնաճյուղերը, աշխատել <<Կարմիր Խաչի>> կառույցներում:
.
1933թ.հոկտեմբերի 17
-----Այցելում է ԱՄՆ Սեյսին քաղաք` ցեղակրոնների հրավիրելիք ժողովին բանախոսելու համար, սակայն տեղի հայ կոմունիստների մատնություններով ու խարդավանքներով դահլիճը չի տրամադրվում ժողովականներին:
.
1934թ.հունիսի 1-3
-----Նախագահել է Ցեղակրոն ուխտերի Բ համագումարը` Բոսթոնում:
.
1934թ.օգոստոս
-----Մասնակցել է ՀՅԴ Ամերիկայի շրջանի 41-րդ պատգամավորական ժողովին:
.
1934թ.սեպտեմբերի 29
-----Վերադառնում է Սոֆիա:
.
1935թ.
-----Ամուսնանում է իր նշանածի` Էփիմե Սուքիասյանի հետ:
.
1935-1937թթ.
-----Աշխատել է Սոֆիայի <<Արաքս>> թերթում:
.
1937թ.
-----Ռուբենի հետ հաշտեցնելու նպատակով ՀՅԴ Բյուրոն նրան հրավիրում է Կահիրե, ուր մնում է մոտ 2 ամիս:
.
1937թ.
-----Իր բուլղարացի բարեկամների միջոցով կապ է հաստատում գերմանացիների հետ` այդ երկրի ռազմական ու հետախուզական մարմիններին ներշնչելով պատերազմի բռնկման դեպքում հարձակվել Թուրքիայի վրա:
.
1937թ.
-----Հեռանում է ՀՅԴ շարքերից: Հայկ Ասատրյանի հետ Սոֆիայում հիմնում է <<Ռազմիկ>> թերթը:
1937թ.դեկտեմբերի սկիզբ
-----Ֆիլիպեում մասնակցում և ելույթ է ունենում Բալկանյան պատերազմին մասնակցած հայ կամավորների կազմակերպած հանդիպմանը  Բուլղարիայի Մակեդոնո-օրդինյան կամավորական կազմակերպության փոխնախագահի և  այլ անդամների հետ: Նույն օրը այդ կազմակերպության Ֆիլիպեի մասնաճյուղի նախագահի հրավերով հյուրընկալվում  է այդ կազմակերպության գրասենյակում և Մակեդոնո-օրդինյան մարտիկների անունից պարգևատրվում այդ կազմակերպության շքանշանով:
.
1938թ.
-----ՀՅԴ 13-րդ ընդհանուր ժողովը նրան արտաքսում է կուսակցությունից:
.
1938թ.ապրիլ
-----Հ.Ասատրյանի և Ն.Ասվածատրյանի հետ հիմնում է <<Տարոնի արծիվ>> շաբաթաթերթը, որով պաշտոնապես սկսվում է Տարոնական շարժումը:
.
1938թ.սեպտեմբերի 3-5
-----ԱՄՆ Օհայո նահանգի Էքրըն քաղաքում կայացած Տարոն-Տուրուբերան հայրենակցական միության համագումարը վավերացնում է ու հաստատում տարոնական շարժումը:
.
1939թ.
-----2-րդ աշխարհամարտը բռնկվելուց հետո նամակ է հղում ՀՅԴ Գերագույն մարմին` իր կարողությունները Դաշնակցության  տրամադրության տակ դնելու առաջարկով:
.
1941թ.
-----Վիեննայում հանդիպել է բանաստեղծուհի Ադրինե Տատրյանի հետ:
.
1942թ.
-----Կազմակերպում է <<Հայաստանը և Հայերը>> գերմաներեն ժողովածուի լույս ընծայումը, որով հակահարված է տրվում հայերին ոչ արիական ժողովուրդների շարքը դասող քարոզչությանը:
.
1942թ.
-----Հիմնում է <<Բուլղարա-հայկական կոմիտեն>>, ընտրվում կոմիտեի համանախագահ:
.
1942թ.դեկտեմբերի 15
-----Բեռլինում մասնակցում է Հայոց Ազգային խորհրդի հիմնադիր նիստին` նախագահ` Ա.Աբեղյան, փոխնախագահ` Ա.Գյուլխադանյան, քարտուղար` Յ.Բաղդասարյան, անդամներ` Գ.Նժդեհ, Դ.Դավիթխանյան, Ա.Մուրադյան:
.
1943թ.
-----Սոֆիայում հիմնում և գլխավորում է <<Ռուսահայերի բարեգործական եղբայրություն>> հասարակական կազմակերպությունը:
1942-43թթ.
-----Հայաստանի ազատությունն ու անկախությունը վերականգնելու խնդրի շուրջ համագործակցում է գերման ռազմական իշխանությունների և հետախուզական կառույցների հետ:
.
1943թ.հունվարի 7
-----Բեռլինի հալոց գաղութի ղեկավարությունը նամակով Նժդեհին խնդրում է ստանձնել գաղութը առաջնորդելու պարտականությունը` նշանակելով վարչության նոր կազմ:
.
1943թ.հունվարի 9, Բեռլին
-----Խորհրդային բանակից գերմանացիների մոտ գերի ընկած 60-70 հայ ռազմիկների ու Բեռլինի գաղութի ներկայացուցիչների համար բանախոսում է մոտ 2 ժամ:
.
1943թ.հունվարի 10
-----Բեռլինի եկեղեցում Հ.Ասատրյանի հետ ներկա է լինում հայ ռազմագերիների համար տրված պատարագին: Պատարագից հետո տրված ճաշկերույթին արտասանում է իր հորդորող ճառերից հերթականը, մեջբերում.<<Հայաստանում եկվոր բոլշևիկներ կան, բայց բոլշևիզմ չկա>>:
.
1943թ.հունվարի սկիզբ
-----Դրոյի նախաձեռնությամբ և դոկտոր Էնգելհաուպտի միջնորդությամբ Բեռլինի <<Էդեն>> հյուրանոցում 2 անգամ հանդիպում է Դրոյի հետ:
.
1943թ.հունվարի 16
-----Ա.Աբեղյանի ուղեկցությամբ 6 օրով ժամանում է Վիեննա, ուր Հայաստանյայց եկեղեցու Ս.Փրկիչ մատուռում և Մխիթարյան միաբանության սրահում 55-ից ավելի ներկաների առաջ ճառ է արտասանում` Բեռլինում Հայոց Ազգային խորհրդի հիմնադրման առթիվ:
.
1943թ.փետրվարի 14
-----Բանախոսում է Բեռլինի <<Մետրոպոլիս>> սրահում կազմակերպված ժողովում, ուր ասում է.<<ՉԷԿԱ-ն մահվան պար է բռնած Հայաստանի մեջ>>:
.
1943թ.ձմեռ-ամառ
-----Ելույթներ տարբեր վայրերում:
.
1943թ.հունիսի 12
-----Առավոտյան Սոֆիայից օդանավով մեկնում է Բեռլին:
.
1943թ.օգոստոսի 6
-----Իր զինվորներին գերմանա-ռուս ճակատում  օգտագործելը կանխելու, այն է` Բեռլինի զինվորական դպրոցի Ղրիմ ուղարկած հայ ուսանողների նամակին ընթացք տալու համար մեկնում է Յալթայի Սիմեզ քաղաք:


1943թ.հոկտեմբեր-նոյեմբեր
-----Հայոց Ազգային խորհրդի հանձնարարությամբ մեկնել է Վիեննա:
.
1943թ.
-----Մակեդոնիայի քաղաքական կազմակերպության հիմնադրման 50-ամյակի առթիվ, այդ կազմակերպության հրավերով մեկնում է Խորվաթիա:
.
1944թ.
-----Եղել է Վիեննայում:
.
1944թ.սեպտեմբերի 9
-----Նամակ է հղում Բուլղարիա մտած 3-րդ ուկրաինական ռազմաճակատի հրամանատարին` Թուրքիայի դեմ սովետների ձեռնարկելիք ռազմական գործողություններին իր ծառայությունները մատուցելու առաջարկով:

1944թ.հոկտեմբերի 10
-----Հայտարարելով, թե իբր Նժդեհը իր առաջարկները ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարությանը պետք է անձամբ ներկայացնի, խորհրդային հակահետախուզական ՍՄԵՐՇ կառույցի կողմից օդանավով Բուխարեստի վրայով հասցվում է Մոսկվա, ձերբակալվում և տարվում Լյուբյանկա բանտը:
.
1944թ.հոկտեմբերի 11-1946թ.նոյեմբերի 6
-----Պահվել է Մոսկվայի բանտերում:
.
1944թ.հոկտեմբեր-1954թ.մայիս
-----<<Ողջ-ողջ թաղված, պատի մեջ շարված-զնդանված>> մնացել է բանտում, ոչ մի նամակ չեն թողել գրի կամ ստանա:
.
1944թ.հոկտեմբերի 11
-----Նրա հետ զրուցում է ԽՍՀՄ պետանվտանգության ժողկոմը` նախարարը:
.
1944թ.հոկտեմբերի 12
-----Բանտում կատարվու է նրա 1-ին հարցաքննությունը:
.
1945թ.
-----Սոֆիայից Պլովդիվ են աքսորում ընտանիքին` տիկին Էփիմեին, 8-ամյա որդեգիր զավակին` Վրեժ-Սուքիասին և զոքանչին:
.
1946թ.նոյեմբերի 6
-----Մոսկվայի բանտից տեղափոխում են Երևանի բանտ:
.
1946թ.նոյեմբերի 14-1948թ.մարտ
-----Գտնվել է Երևանի բանտում:


1946թ.նոյեմբերի 15
-----Երևանում կայանում է նրա 1-ին հարցաքննությունը:
.
1946թ.նոյեմբեր
-----Հարցաքննության ընթացքում և հետաքննությանն ուղղած հատուկ դիմումներում իր ծառայություններն է առաջարկում Թուրքահայաստանը Հայաստանին վերամիավորելու գործողություններում` պատրաստակամություն հայտնելով ներկայացնելռազմական գործողությունների մանրամասն ծրագիր:
.
1946-1947թթ.ձմեռ
-----ԽՍՀՄ անվտանգության մարմինների առաջարկով պատրաստում է Թուրքիայի դեմ ռազմական գործողությունների մի քանի նախագիծ, առաջարկում է Սփյուռքում ստեղծել համագաղութային ռազմաքաղաքական կազմակերպություն` իռեդենտա:
.
1947թ.դեկտեմբերի 20
-----Հարցաքննվում է վերջին անգամ:
.
1948թ.հունվարի 10
-----Ստալինին հղած նամակում առաջարկում է իր մասնակցությունը Թուրքիայի դեմ սովետների ձեռնարկելիք  արշավանքին:
.
1948թ.ապրիլի 24
-----Դատապարտվում է 25 տարվա բանտարկության:
.
1948թ.օգոստոսի սկիզբ-1952թ.մարտի 6
-----Գտնվել է Վլադիմիրի բանտում:
.
1952թ.մարտի 16-1953թ.ամառ
-----Գտնվել է Երևանի բանտում:
.
1952թ.մարտի 25
-----ՀԽՍՀ պետանվտանգության կոմիտեի հրապարակած բժշկական եզրակացության մեջ նշվում է, որ նա տառապում է հիպերտոնիայով, ընդհանուր արտեսկլերոզով, միոկարդիսկլերոզով, փայծախի ու լեղապարկի քրոնիկական ռևմատիզմով և կոլիտով:
.
1952թ.մարտի 12
-----Խորհրդային պետանվտանգության կոմիտեի ղեկավարության գիտությամբ Հ.Տևեճյանի հետ Երևանի բանտից նամակ է գրում Ս.Վրացյանին, որը պետանվտանգության մարմինները չեն ուղարկում հասցեատիրոջը:
.
1952թ.դեկտեմբերի 25
-----ՀԽՍՀ պետանվտանգության նախարարին հղած նամակում սովետներին առաջարկում է Արևմտահայաստանը ազատագրելու խնդրում իր ծառայությունները` ըստ վաղօրոք ներկայացրած իր ծրագրի:

1953թ.սեպտեմբերի 1-ին կես
-----Վլադիմիր տանելուց առաջ Մոնումենտի բարձունքից Նժդեհին ցույց են տալիս Երևանը, հետո քաղաքի` գլխավոր փողոցները:
.
1954թ.մայիսի 5
-----Այս օրվանից նրան թույլատրում են նամակներ հղել հարազատներին:
.
1953թ.ամառ-1954թ.սեպտեմբեր
-----Դարձյալ գտվել է Վլադիմիրի բանտում:
.
1954թ.
-----Բանտային հիվանդանոցում որոշում է կայացվում նրան որպես առողջությունը քայքայված հիվանդի, բանտից վաղաժամկետ ազատելու մասին:
.
1954թ.սեպտեմբեր-1955թ.սեպտեմբեր
-----Գտնվել է Տաշքենդի բանտում, ապա` բանտային հիվանդանոցում:
.
1955թ.մայիսի 19-մայիսի 25
-----Տաշքենդում հանդիպում է տեսակցության եկած եղբոր` Լևոնին:
.
1955թ.օգոստոսի 24-ի դրությամբ
-----Տառապել է 2-րդ կարգի հիպերտոնիայով, 2-րդ կարգի սկլերոզով, թոքերի էնֆիզեմայով ու սրտի միոկարդով:
.
1955թ.սեպտեմբերի 12
-----Վերադարձվել է Վլադիմիրի բանտ:
.
1955թ.նոյեմբերի 30
-----Բանտախցից շատ ծանր վիճակում տեղափոխվում է Վլադիմիրի բանտային հիվանդանոց:
.
1955թ.դեկտեմբերի 1
-----Հարազատներին գրում է մեզ հասած վերջին նամակը:
.
1955թ.դեկտեմբերի 21
-----Վախճանվում է Վլադիմիրի բանտում:

1955թ.դեկտեմբերի մոտ 25
-----Եղբայրը` Լևոն Տեր-Հարությունյանը, Վլադիմիրի բանտին կից գերեզմանատանը կատարում է Նժդեհի հուղարկավորությունը, գերեզմանը ցանկապատել է տալիս:
.
1958թ.փետրվարի 24
-----թոքախտից մահանում է տիկին Էփիմեն, որդին` Սուքիաս-Վրեժը, մնում է որբ:


1983թ.օգոստոսի 31
-----Հայ մի խումբ մտավորականների նախաձեռնությամբ Նժդեհի աճյունը գաղտնի փոխադրվում է Երևան:
.
1983թ.հոկտեմբերի 7
-----Նույն անձինք աճյունից 2 մասունք`ողնաշարի մի ողը և աջ ճկույթը, ամփոփում են Խուստուփի լանջին` <<Կոզնի>> կոչվող աղբյուրի մոտ:
.
1987թ.մայիսի 8
-----Աճյունը ամփոփվում է Վայքի սբ. Աստվածածին եկեղեցու պատի տակ:
.
1989թ.հունիսի 17
-----Շիրիմին դրվում է տապանաքար:
.
1989թ.նոյեմբերի 25
-----Աճյունին կանգնեցվում է նաև խաչքար, հեղինակ` Գեղամ Սահակյան:
.
2000թ.սեպտեմբերի 29
-----Ազգային միասնության ուխտի գործադիր մարմնի և Նախիջևանահայոց Ազգային խորհրդի միացյալ նիստը Ռաֆայել Համբարձումյանի նախաձեռնությամբ կազմում է Նժդեհի ծննդյան 115 և Լեռնահայաստանի Հանրապետության հռչակման 80-ամյակները տոնելու հասարակական հանձնաժողով:
.
2000թ.դեկտեմբերի 21
-----Հանձնաժողովը Հայաստանում 1-ին անգամ նշում է Նժդեհի մահվան տարելիցը, անցկացնում նրա կյանքին ու գործունեությանը վերաբերող 1-ին գիտաժողովը հայրենիքում: Մտավորականությունը նույն օրը Ռ.Համբարձումյանի նախագահությամբ հիմնում է Նժդեհի ծննդյան 115 և Լեռնահայաստանի Հանրապետության հռչակման 80-ամյա հոբելյանները նշելու համահայկական հասարակական հանձնաժողով:
.
2001թ.փետրվարի վերջ
-----ՀՀ կառավարությունը կազմում է Նժդեհի ծննդյան 115 և Լեռնահայաստանի հռչակման 80-ամյակները նշելու կառավարական հանձնաժողով:
.
2001թ.ապրիլի 28
-----ՀՀ կառավարությունը 1-ին անգամ նշում է Նժդեհի 115 և Լեռնահայաստանի 80-ամյակները:
.
2005թ.ապրիլ
-----ՀՀ կառավարության գիտությամբ Սպիտակավորում ամփոփված Նժդեհի աճյունից 2 մասունք` աջ ձեռքը և 2 փոքրիկ ոսկոր, վերցվում, ապրիլի 26-ին թաղվում է Ղափանում կառուցված նրա հուշահամալիրում:
.


2005թ.դեկտեմբեր-2006թ.հուլիս
-----ՀՀ-ում և Արցախում ստորագրահավաքներ են կատարվում Ամենայն Հայոց և մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսներին ուղղած նամակների տակ, որոնցով առաջարկվում է Գարեգին Նժդեհին դասել Հայաստանյայց եկեղեցու սրբերի շարքը:

Комментариев нет:

Отправить комментарий