և արթուն առաջնորդ մը, որ լա՛վ կը
ճանչնար իր շրջապատը՚։
Երվանդ Քասունի
Հայոց արգանդը բազում հանճարներ է ծնել` օժտված մարմնական ու ոգեղեն ահռելի ներուժով, սակայն նրանց մի մասն է միայն այդ ուժը ծառայեցրել իր ազգին ու պետականությանը։ Այդ ցուցակում առաջին տեղերից մեկը պատկանում է Մլեհ Ռուբինյանին։ Մլեհը մեր պատմության ամենամութ ու չհասկացված դեմքերից մեկն է։ Բավական է ասել, որ նրա կյանքի ուսումնասիրողներից Սմբատ Գունդստաբլը նրան բնութագրում է ՙանօրեն՚, ՙուրացյալ՚, ՙմարդասպան՚ և այլ հիրավի ամոթալի պիտակներով, սակայն նույն հեղինակը Մլեհի սպանությունը անվանում Է ամոթալի երևույթ։
Մլեհի հայր Լևոն Ա-ն Դաշտային Կիլիկիայից վռնդելով բյու-զանդացիներին ու խաչակիրներին` այն միավորեց հայկական իշխանությանը։ Հարկ Է ասել, որ Լևոն Ա-ի բոլոր որդիներն Էլ հայրենանվեր գործիչներ էին։ Իր եղբայր Թորոս իշխանի օրոք (1145-1168), երբ մյուս եղբայր Ստեփանեին հավատակից հույները վայրագորեն սպանում են (կենդանի ընկղմեցին կաթսայում եռացող ջրի մեջ), Մլեհը զորքի գլուխ անցած մի գիշերվա մեջ կոտորում ու գերեվարում է մի քանի հազար հույնի։ Շատ հեշտ Է այստեղ անձնական վրեժխնդրություն տեսնել, սակայն իր իշխանության տարիներին (1169-1175) Մլեհը վարեց ազգակերտման քաղաքականություն և անողոք գտնվեց օտարազգիների հանդեպ։ Միայն արաբ Աբուլֆարաջ պատմիչը հիշյալ դեպքի կապակցությամբ 16.000 հոգու անուն Է տալիս։ Ազգակերտում` այսօրվա համար միգուցե կոշտ Է հնչում, սակայն հարկ Է նշել, որ նոր էին հայերը Կիլիկիայում թվական գերակշռություն ստացել և օտարածին ցանկացած երևույթ կարող էր սասանել Կիլիկիայի հայ-կական իշխանական գահը։ Արժե հիշատակել, որ Մլեհի կինը հայուհի էր, մի բան, որ այնքան Էլ հատուկ չէր կիլիկյան հայ իշխաններին կամ թագավորներին։
Մլեհի մեղադրականներից մեկը ՙուրացյալն՚ է։ Սրա առիթն ու պատճառը Հալեպի սուլթան Նուր-ադ-Դինի հետ դաշինքն Էր: Մինչև Մլեհը Կիլիկիայի հայ իշխանները Բյուզանդիայի դեմ մղվող պայքարում հիմնականում դաշնակցում էին խաչակիրների հետ։ Եվ առհասարակ, քրիստոնեության ընդունումից հետո եզակի հայ գործիչներ փորձեցին առաջնորդվել ոչ թե կրոնակցության, այլ շահերի ընդհանրության սկզբունքով։ Նուր-ադ-Դինի հետ համագործակցությունը խոսում է Մլեհի դիվանագիտական փայլուն տաղանդի մասին։ Մլեհն արեց այն, ինչը մեր զենքի ու քաղաքականության մեծերից շատ քչերին էր հաջողվել` ուժեղ հարևանի մեջ նա տեսավ ոչ թե հովանավորի, այլ` դաշնակցի։ Մլեհը երբեք չդարձավ ո՜չ քրիստոնեամետ, ո՜չ մահմեդամետ, նա իր դաշնակցի ուժը շատ խելացի կերպով օգտագործեց հօգուտ սեփականի։ Թշնամիների դեմ հաղթանակներ տանելով Մլեհը ձեռք բերեց խոշոր նավահանգիստներ, նա վերաշինեց Սիս քաղաքը, որը դարձավ Կիլիկիայի հայկական իշխանության կենտրոնը։ Առևտուրը զարգացնելու համար Մլեհը Հալեպի սուլթանի հետ միասին դրամ կտրեց և կարգավորեց երկրի դրամաշրջանառությունը։
Մլեհի ՙուրացյալ՚ պիտակը հաճախ փորձվել է հիմնավորվել իբր նրա մահմեդական դարձած լինելու հանգամանքով։ Նրան ժամանակակից ոչ մի պատմագիր չի հիշատակում Մլեհի մահմեդական լինելու փաստը։ Դա կարող էին հաճույքով նշել արաբ պատմիչները, սակայն նույնիսկ նրանց մոտ հիշատակություն չկա այդ մասին։ Սմբատ պատմիչը Մլեհին մեղադրում Է հակաեկեղեցական մի շարք ՙամոթալի արարքներում՚, սակայն Գրիգոր Տղա կաթողիկոսի մասին գրում Է. ՙԵւ... տէր Գրիգորիս... զարդարեաց զաթոռն սուրբ` պանծալի տաճարաւն... և զարդարեալ պայծառացոյց անօթիւք պատուականօք յոսկւոյ և արծաթոյ...՚։ Բավական է միայն նշել, որ Գրիգոր Տղայի հայրապետությունը համընկել է Մլեհի գահակալման հետ, այսինքն այս բարեգործությունները Գրիգոր Տղան կատարել է հենց Մլեհի օրոք։ Մլեհը միաժամանակ կառուցել Է տվել Մեծ Քարի վանքը` մի՞թե դա ՙուրացյալի՚ կամ ՙանհավատի՚ գործ Է։ Որոշ պատմաբաններ Մլեհի դաշնակցությունը Հալեպի սուլթանի հետ բացատրում են իբր նրա մահմեդական միջավայրում դաստիարակված լինելով (Մլեհը երկար ժամանակ եղել է Հալեպում)։ Սակայն արժե հիշատակել, որ Մլեհը եղել Է նաև Տաճարական Ասպետների շարքերում, որոնցից այնուհետև հրաժարվել է։ Ինչպես իր կյանքի բոլոր ասպարեզներում` Մլեհը վճռական Էր նաև իշխանության կենտրոնացման գործում։ Նա մեկը մյուսի ետևից շնորհազրկում ու աքսորում Էր կենտրոնախույս բոլոր ազնվականներին։ Դա սովորական դաժանություն չէր, այլ հեռատեսություն ու սառը դատողություն։ Մլեհն իր այս քաղաքականության շնորհիվ երկար պայքարից հետո ստիպեց Բյուզանդիայի կայսրին խաղաղություն առաջարկել։
Այո՜, Մլեհը դաժան էր վարվում այն եպիսկոպոսի հետ, որը ապազգային էր, նույնը և հայ իշխանների հետ։ Իսկ դաժանությունը միշտ ուղեկցվում է ուժով։ Մլեհի դեպքում ուժն ու դաժանությունը արդարացվում են։ Հիշենք միայն. Մլեհը դաժան էր Կիլիկիայի օտար բնակչության հետ, սակայն կիլիկյան գահը կործանվեց ֆրանսիացի Լուսինյաններով, նա դաժան էր հոգևորականության նկատմամբ, սակայն Կիլիկիայի անկման գործում իր ուրույն դերն ունեցավ ունիթորական շարժումները։
Ինչպես և պետք Էր սպասել` Մլեհի մահը ծրագրված էր ազնվականության և եկեղեցու կողմից։ - ՙԵրկրի քաղաքական շահերը բարձրաբարբառ հրամայում են ձեռք վերցնել կրոնակցության թշվառ հենարանից և փոխադարձ լեզու գտնել հարևան ուժեղ, տիրապետող, բայց ոչ քրիստոնյա պետությունների հետ, գրում Է Լեոն,- բայց այդպիսի մի երևույթ չի կարող տանել հայ կղերական դիվանագիտությունը և Մլեհը սպանվեց իրայինների ձեռքով՚:
Մլեհը դավադրաբար սպանվեց իր որդու ծննդյան տոնի ժամանակ 1175թ. դեկտեմբերի 21-ին։ Նրա դիակը մասնատեցին և նետեցին աղբանոցը։ Սակայն հետո Մլեհի ՙդին՚ ամփոփում են ոսկե դագաղի մեջ ու թաղում։
Մլեհին հաջորդած եղբորորդի Ռուբեն Բ-ն հավատարիմ մնաց հորեղբոր քաղաքականությանը և համագործակցելով Իկոնիայի սելջուկյան սուլթանության հետ Կիլիկիան վերջնականապես մաքրեց բյուզանդացիներից։
Կանցնեն երկար տարիներ, մի քանի հայ երիտասարդներ կփորձեն փախցնել Մլեհի դագաղը։ Թուրքական իշխանությունները նրանց կձերբակալեն, կտանջեն, սակայն ճիշտ խոստովանություն նրանք երբեք չեն տա։ Մլեհի խնկելի աճյունը առ այսօր հեծեծում Է օտարների ոտքերի տակ, բայց հույսով սպասում, որ նոր Մլեհները այն կդարձնեն Հայոց ուխտատեղի։
Սարգիս Սաքանյան
ՙՀանրապետական՚, 1994, դեկտեմբեր, թ. 12:
Ազգային պետական գործիչներ,
<<ՀԱՅՐԵՆԻՔ>> ակումբ, Եր., 2008
<<ՀԱՅՐԵՆԻՔ>> ակումբ, Եր., 2008
Комментариев нет:
Отправить комментарий