<<Զինվորները կռվում են պարտականությունից կամ պարտադրանքից մղված, բայց հաղթում են այն հարգանքի և հավատարմության շնորհիվ, որ տածում են դեպի իրենց պետերը>>:
Խոր ճշմարտություն կա Գարիբալդիի այս իմաստավոր խոսքերի մեջ:
Այդ կարծիքը չբաժանող զինվորականը կա՛մ վառոդի հոտ առած չէ, կա՛մ տգետ է մահացիորեն:
Համաշխարհային պատմությունն իրենց անվան շռինդով լցրած հսկաները ոչ միայն սիրվում էին իրենց բանակների կողմից, այլև պաշտվում էին որպես պատերազմի աստված:
Անձնական հմայքը երկնքի շունչն է, աստվածների գաղտնի ազդեցությունը, որով հոգեկան ռազմավարը կախարդում է իր ղեկավարությանը հանձնված զանգվածները և հրաշագործությունների մղում նրանց:
Մտավոր Արիություն
Օրերը և ժամերը նախապատրաստում, իսկ վայրկյանները վճռում են ռազմական գործողության բախտը:
Ճակատագրական դեր են խաղում տագնապի վայրկյանները կռվում, երբ ղեկավարը պիտի կարողանա գնահատել վայրկյանները, չափել հավանականությունները, վճռել, և անհապաղորեն գործի անցնել: Սրա համար ղեկավարը պետք է օժտված լինի մտավոր արիությամբ:
Քիչ բան արժե հանճարեղ միտքը, իդեալական մարտագիրը, պարզատեսության հասնող շրջահայեցությունը, եթե ղեկավարին պակասում է մտքի արիությունը՝ ամենաանհրաժեշտը զորականի բարձր հատկություններից:
Արագ վճիռ և կորովի գործողություն, - ահա՝ հաջողության գլխավոր գաղտնիքներից մեկը: Դժվարանո՞ւմ ես կանգ առնել այս կամ այն վճռիդ վրա, տատանվո՞ւմ ես՝ նշանակում է փախցրիր վայրկյանը, սրա հետ և հաղթությունը:
Չկա ավելի աղետալի հատկություն քան ղեկավարի մտավոր թուլությունը և երկչոտությունը:
Չկա ավելի ձախող ղեկավար քան տատանվողը:
Եղի՛ր արի և՛ մտքով, և՛ մի մոռանար, որ կա ավելի վատը քան վճիռը՝ որոշ և հաստատ վճռի չգոյությունը, տատանումը և՝ որպես հետևանք՝ պարտությունը:
Նախաձեռնության ոգի
Ղեկավարի բարձր հատկությունը՝ մտավոր արիությունը ունի իր հարազատ քույրը՝ նախաձեռնության ստեղծագործ ոգին: Այս երկուսը փոխադարձաբար լրացնում և ուժեղացնում են իրար: Չի կարելի ասել, թե ո՞րն է ավելի արժեքավոր. անհրաժեշտ են երկուսն էլ:
Ռազմարվեստի հին ձևերը և միջոցները, որոնք երեկ և՛ նպատակահարմար էին, և՛ արդյունաբեր և՛ զորաքվոր, այսօր այդպես չեն:
Կան շատ ծանոթ և ծեծված ճամբաներ, որոնք այսօր չեն տանում դեպի հաղթանակ: Տհաս և ծույլ միտքն է կուրորեն ընդունում այս կամ այն դասականացած հեղինակությունը, կարծիքը, ձևը: Այսօր կռվում տեղ չունեն մեռյալ մեթոդն ու տարրը:
Մի՛ հենվիր այս կամ այն քարացած կանոնին, ինչպես կույրը՝ իր ձեռնափայտին: Հեռո՛ւ կանոնամոլությունից: Եղի՛ր նախաձեռնող, կենդանի և ստեղծագործ:
Չկա ավելի խղճալի ղեկավար քան իր տերերի հրամանները մեքանայաբար գործադրողը: Այդպիսիններից փախչում է հաջողությունը:
Ուզո՞ւմ ես հաղթել, եղիր կռվում նախաձեռնող, ստեղծագործ և արի:
<<Յիշի՛ր պատերազմը>>
Գարեգին Նժդեհ,
<<ՀԱՅՐԵՆԻՔ>> Ակումբ, 2013
<<ՀԱՅՐԵՆԻՔ>> Ակումբ, 2013
Комментариев нет:
Отправить комментарий