07.09.2013

ՏԻԳՐԱՆ ԵՐՎԱՆԴՅԱՆ


Մովսես Խորենացին ներկայացնելով Հայկազուններին` ըստ մեծագործության, Տիգրան
Երվանդյանին համարում է մեր պատմության երրորդ խոշորագույն դեմքը (Հայկից և Արամից հետո): Նա ապրել և գործել է Ք.ա. VI դարում` լինելով ժամանակի պատմության առավել ակնառու գործիչներից մեկը:



Տիգրան և Աժդահակ

Հույն պատմիչ Քսենոփոնի (Ք.ա. V-IV դդ.) համաձայն` Տիգրանի հայրը (որի անունը չի նշում) պատերազմել է Մարաստանի արքա Կիաքսար-Վարբակեսի (Ք.ա. 625-585թթ.) դեմ: Տիգրանը աշակերտել է մի իմաստասերի (փիլիսոփայի) և ինքն էլ հայտնի էր իր իմաստությամբ ու տաղանդով: Նա մտերիմ հարաբերություններ ուներ պարսից հետագա արքա Կյուրոս Բ Մեծի հետ, որի հետ որսընկերներ էին եղել դեռ պատանի հասակում, իսկ ապա դառնում է նրա գլխավոր զինակիցը:

Ըստ Մովսես Խորենացու` Տիգրան Երվանդյանը որդին էր Երվանդ Սակավակյացի:


Պատմական  տեղեկանք. ՙՆա տղամարդկանց գլուխ կանգնեց և ցույց տալով քաջություն՝ մեր ազգը բարձրացրեց, և մեզ, որ լծի տակ էինք, դարձրեց շատերին լուծ դնողներ և հարկապահանջներ... Հետևակ կռվողները ձիավոր դարձան, պարսերով կռվողները` հաջող աղեղնավորներ, լախտերով կռվողները զինվեցին սրերով ու տեգավոր նիզակներով, մերկերը պատվեցին վահաններով ու երկաթե զգեստներով։ Եվ երբ նրանք մի տեղ հավաքվեին, միայն նրանց արտաքին տեսքն ու նրանց պահպանակների ու զենքերի փայլն ու շողքն բավական էին թշնամիներին հալածելու և վանելու։ 
Այս և այսպիսի ուրիշ շատ բաներ բերեց մեր երկրին այս խարտյաշ և մազերի ծայրը գանգուր Երվանդյան Տիգրանը՝ գունեղ երեսով, քաղցր նայվածքով, ուժեղ սրունքներով, գեղեցիկ ոտներով, վայելչակազմ և թիկնավետ, կերակուրների և ըմպելիքների մեջ պարկեշտ, ուրախությունների մեջ օրինավոր, որի մասին մեր հները, որոնք փանդիռներով երգում էին, ասում էին, թե մարմնի ցանկությունների մեջ էլ չափավոր է եղել, մեծիմաստ և պերճախոս և լի բոլոր (հատկություններով), որ պիտանի են մարդուն... Նա ամեն բանի մեջ արդարադատ և
հավասարասեր կշեռք ունենալով՝ ամեն մեկի կյանքը կշռում էր իր մտքի լծակով, չէր նախանձում լավագույններին, չէր արհամարհում նվաստներին, այլ աշխատում էր ընդհանրապես ամենքի վրա տարածել իր խնամքի զգեստը՚։

Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, գիրք Ա, գլ. ԻԴ


Տիգրանը սկզբում դաշնակցային հարաբերություններ ուներ Մարաստանի արքա Աժդահակի (Աստիագեսի) հետ և կնության էր տվել նրան իր քույր Տիգրանուհուն: Հետագայում, երբ պարզ է դառնում, որ Աժդահակը փորձում է նրա քրոջն օգտագործել քաղաքական նկատառումներով, Տիգրանը պատերազմի է ելնում Մարաստանի դեմ` դաշնակից ունենալով պարսից արքա Կյուրոսին, որը ապստամբել էր Աժդահակի դեմ և ձգտում էր խորտակել մարական թագավորությունը: Սպասվում էր երկարատև ու ծանր պատերազմ:



Պատմական տեղեկանք. ՙԵվ Հայոց թագավորը (զորք) է ժողովում Կապադովկիայի սահմաններից, Վրաց և Աղվանից ընտիրները՝ որքան որ կային, և Մեծ ու Փոքր Հայքի բոլոր ընտիրները, և ամբողջ զորությամբ դիմում է Մեդացիների (մարերի) կողմերը։ Վտանգը հարկադրում է Աժդահակին Հայկազունի դեմ ելնել պատերազմելով ոչ փոքր բազմությամբ։ Հակառակության գործը ձգձգվում է մինչև հինգ ամիս, որովհետև արագ ու առողջ գործը թուլանում է, քանի որ Տիգրանը մտածում էր իր սիրելի քրոջ (Տիգրանուհու) մասին։ Նա աշխատում էր այնպիսի մի հնար գտնել, որ Տիգրանուհին փրկվելու ճար գտնի։ Երբ այս հաջողվում է, մոտենում է և կռվի ժամը։ 
... Կռվի ժամանակ Աժդահակի երկաթե ամուր զրահը ինչպես ջուր ճեղքելով՝ Աժդահակին շամփրում է իր նիզակի ընդարձակ տեգին, և ձեռքը ետ քաշելիս՝ նրա թոքերի կեսն էլ զենքի հետ դուրս է բերում։ Բայց կռիվն սքանչելի էր, որովհետև՝ ոչ մեկը մյուսին շուտով թիկունք չէր դարձնում, ուստի պատերազմը երկարում է բավական ժամեր, մինչև գործին վերջ է դնում Աժդահակի մահը՚։

Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, գիրք Ա, գլ. ԻԹ

Տիգրան և Կյուրոս

Հայկական ավանդության համաձայն` հինգ ամիս տևած պատերազմում Տիգրանը հաղթանակ է տանում Աժդահակի դեմ` մենամարտում սպանելով վերջինիս: Այլ աղbյուրներում հաղորդվում է, որ Աժդահակին գերել էր Կյուրոսը, որը սկսել էր ապստամbությունն Աժդահակի դեմ դեռևս Ք.ա. 553թ.: Ինչպիսին էլ լիներ Աժդահակի վախճանը, միանշանակ է, որ Տիգրան Երվանդյանի միջամտությունը ճակատագրական է լինում. Կյուրոսը ստեղծում է Աքեմենյան աշխարհակալությունը` գլխավոր դաշնակից ունենալով Տիգրան Երվանդյանին: Քսենոփոնի ՙԿյուրոպեդիայի՚ և Մովսես Խորենացու ՙՀայոց պատմության՚ հաղորդումները միաbերան վկայում են Կյուրոսի և Տիգրանի դաշնակից ու զինակից լինելու մասին: 


Պատերազմները

Աքեմենյան տերության ստեղծումից հետո Կյուրոսի դեմ կազմավորվում է հզոր դաշինք` Լյուդիայի (Փոքր Ասիայում), Բաբելոնի և Եգիպտոսի մասնակցությամբ: Ք.ա. 546թ. Կյուրոսին հաջողվում է հաղթել Լյուդիային, իսկ 538թ. նվաճել Բաբելոնը: Փոքր Ասիա հասնելու համար Կյուրոսը պետք է անցնի Հայաստանով, ուստի անհիմն կերպով ենթադրվել է, թե Հայաստանը Ք.ա. 550-546թթ. ընթացքում նվաճվել է Կյուրոս Բ-ի կողմից: Մի կողմից` Կյուրոսն անշուշտ պետք է անցներ Հայաստանով (Հայաստանից հարավ թշնամի բաբելոնյան պետությունն էր), մյուս կողմից, սակայն, գրավոր աղբյուրներում բացակայում է Հայաստանը (Արմենիա, Ուրարտու, Արարատ/դ կամ այլ հայտնի անվամբ): 
Ք.ա. VI դ. բնագրերում հաղորդվում է, որ Կյուրոսի պետության գլխավոր դաշնակիցը Կուտիական երկիրն էր, այսինքն` Հայաստանը, ինչը լիովին համապատասխանում է Քսենոփոնի և Խորենացու տվյալներին: Դեռ ավելին, դրանցում պատմվում է, որ Կուտիումի, այսինքն` Հայաստանի արքան է առաջնորդել դաշնակից բանակները Բաբելոնի դեմ և գրավել այն Ք.ա. 538 թվին, որից հետո դարձել է ՙԲաբելոնի փոխարքա՚ - երկրորդ դեմքը Աքեմենյան կայսրության մեջ, դաշնակցային սկզբունքով պահպանելով իր երկրի անկախությունը:

   Ուստի միանգամայն պարզ է, որ Ք.ա. 550-546թթ. ընթացքում Կյուրոսի կողմից Հայաստանի նվաճում չի եղել և չէր կարող լինել, քանի որ Հայաստանը Աքեմենյան Պարսկաստանի գլխավոր դաշնակիցն էր, իսկ դաշնակից զորքերը Լիդիա էին մտել Հայաստանի տարածքից:





Պատմական տեղեկանք. ՙՍա մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր և նրանց բոլորից քաջ։ Նա Կյուրոսին աջակից եղավ Մարաց իշխանությունը տապալելու, հույներին  էլ  ոչ  քիչ  ժամանակ նվաճելով իրեն հնազանդեցրեց և մեր բնակության սահմաններն ընդարձակելով հասցրեց մինչև հին բնակության սահմանների ծայրերը.
բոլոր իր ժամանակակիցներին նախանձելի եղավ, իսկ հետո եկողներիս ցանկալի թե՜ ինքը և թե՜ իր ժամանակը՚։

Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, գիրք Ա, գլ. ԻԴ


Բաբելոնում Աքեմենյան տերության փոխարքա հռչակվելուց հետո Տիգրան Երվանդյանն իսկապես տիրել է Փոքր Ասիայի հունական շրջաններին: Ինչ վերաբերում է մեր ՙհին բնակության սահմաններին՚, դրանցում հստակ նշվում է նաև Կապադովկիան: Այս առումով հիշենք` հետագայում Բյուզանդիայի (Արևելյան Հռոմեական կայսրության) կայսրին Պապ թագավորի (370-374թթ.) գրած նամակը, որի մասին հիշատակում է Փավստոս Բուզանդը: 


Պատմական տեղեկանք. ՙՀետո պատգամավորներ էր ուղարկում Հունաց թագավորի մոտ, թե Կեսարիայի հետ ուրիշ տասը քաղաքները մերն են եղել, ետ տուր. Ուռհա քաղաքն էլ մեր նախնիք են շինել, ուստի եթե չես ուզում, որ խռովություն ծագի, ետ տուր, հակառակ դեպքում

մեծ պատերազմով կպատերազմենք՚:

Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, դպրություն Ե, գլ. ԼԲ

Եզրակացություն
Մովսես Խորենացու կողմից իր քաջագործությամբ Հայկից ու Արամից հետո դասված, Ք.ա. VI դ. գահակալած Տիգրան Երվանդյանը հզորացրեց մեր երկիրը։ Նրա անունով հետագա դարերում կոչվեցին հայոց վեց արքաներ, որոնցից հզորագույնն էր Արտաշեսյան Տիգրան Բ Մեծը...



“Մեր Հաղթանակները” ժողովածուի Ա հատոր. 
Արտակ Մովսիսյան, Սուրեն Մարտիկյան:

Комментариев нет:

Отправить комментарий