19.08.2013

ԿՈՄԻՏԱՍ (ՈւՇ ՇՐՋԱՆ)


Սակայն Պոլսում նույնպես Կոմիտասը չգտավ անշահախնդիր համախոհներ, որոնք կօգնեին իր ծրագրերն իրագործելու։ Այստեղ էլ նա հանդիպեց նույն սառն ու թշնամական վերաբերմունքին, ինչ Էջմիածնում։ Դեռ ավելին. եթե Էջմիածնում նա իր հարազատ ժողովրդի հետ էր, մոտ էր նրա կենցաղին ու արվեստին, Պոլսում զրկված էր նաև դրանից։
Այս տարիներին Կոմիտասի մոտ սկսում են ի հայտ գալ հոգնածության, հուսահատության, իր մենակությունը, անզորությունը գիտակցելու պահեր, ցավ, տարակուսանք։ Այդուհանդերձ, նա շարունակում է իր լարված աշխատանքը։
Կոմիտասն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում հոգևոր գործերի ստեղծմանը։ Այս բնագավառում նրա գլուխգործոցը Պատարագն է՝ գրված արական երգչախմբի համար, որտեղ կոմպոզիտորը բազմաձայնության միջոցներով ճշմարտացի և արտահայտիչ ներկայացրել է հոգևոր մոնոդիայի ոգին և բնույթը։ Պատարագի երաժշտությունն աչքի է ընկնում իր անկրկնելի գեղեցկությամբ, վեհությամբ, ազգային ոճով։
Գիտական խնդիրներից Կոմիտասին առանձնապես զբաղեցնում էր խազերի գաղտնիքը, որի բացահայտմանը նա նվիրեց իր կյանքի շուրջ քսան տարին։ Խազերի վերծանությունը Կոմիտասն համարում էր մեծ նշանակություն ունեցող խնդիր՝ գտնելով, որ այն հնարավորություն կընձեռի ուսումնասիրել հայ միջնադարյան երաժշտությունն ամբողջությամբ, որը դեռ թաքնված է դարերի խորքից եկող ծավալուն ձեռագրերի մեջ։ «Իրավ է, ես գտել եմ հայ խազերի բանալին և նույնիսկ կարդում եմ պարզ գրվածքները, բայց դեռ վերջնակետին չեմ հասել,,, Թող հայ հասարակությունը ներող, մանավանդ համբերող լինի, մինչև որ հնարավոր չափով, կատարելապես վերջացնեմ իմ տասնվեցամյակից ավելի տեւող տաժանագին ուսումնասիրություններս։ Հույս ունիմ, թե մոտիկ ապագայում, առանձին հատորներով, հասարակության սեփականություն պետք է դառնա>>։
Կոմիտասին հաջողվում է Լայպցիգում հրատարակել երկու ոչ մեծ ժողովածուներ, որտեղ տեղ էին գտել ժողովրդական երգերի մշակումները. տպագրության է պատրաստում իր երգերի երկու ժողովածուները «Հայ գեղջուկ երգեր>> խորագրով, իսկ Փարիզում՝ Միջազգային երաժշտական ընկերության համաժողովում նա կարդում է երկու զեկուցում՝ «Հայ ժողովրդական երաժշտություն>> և «Հայ հոգևոր երաժշտության մեջ հին և նոր նոտագրության մասին>> թեմաներով, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում համաժողովի մասնակիցների շրջանում։ Կոմիտասին առաջարկվում է կարդալ նաև չնախատեսված զեկուցում՝ «Հայ երաժշտության ժամանակի, կշռի, շեշտավորության և տաղաչափության Մասին>> թեմայով։ Այս առիթով նա գրում է. «...Իմ հայտնած տեղեկություններս հայ հոգևոր և գեղջուկ երաժշտության մասին՝ նորություն էին մանավանդ անոնց համար, որոնք դեռ տարի մ’առաջ կ’անգիտանային կամ կ’մերժեին հայ ինքնուրույն երաժշտության մը գոյությունը։ Ուրախ եմ, որ բոլոր այդ հայտնի վարպետները կրցան թափանցել, որքան հնար էր, հայ երաժշտության խորութեանց և բարձրաձայն հայտարարեցին անոր ուժն ու քնքշությունը՝ չվարանելով նույնիսկ «աստվածային>> կոչել զայն...>>։

Իր հետագա ծրագրերի մասին պատմելով Կոմիտասն ասում էր. «Ես տարիներու աշխատանքով շիներ եմ իմ ուղեգիծը, ուրկե ընթացեր եմ մինչև ցարդ և պիտի ընթանամ ասկե ետքն ալ, որքան ատեն որ ուժ զգամ երակներուս մեջ. ոչ մի խոչընդոտ չի կրնար կասեցնել զիս իմ առաքելությանս մեջ, որու նվիրականությանը համոզված եմ ես բոլոր սրտովս>>։
Սակայն Կոմիտասի մտքով իսկ չէր անցնում, որ իրեն բախտ չի վիճակվելու շարունակել իր ճամփան, և հայ ժողովրդի մի ստվար զանգվածի հետ մեկտեղ ինքն էլ թուրքական ջարդարարների զոհը պետք է դառնար։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքերի կառավարությունն սկսեց իրագործել հայ ժողովրդի մի հատվածի դաժան և անմարդկային բնաջնջման իր հրեշավոր ծրագիրը։ Առաջին հարվածն ուղղվեց հայ մտավորականության դեմ։ 1915 թվականի ապրիլին մի շարք նշանավոր հայ գրողների, հրապարակախոսների, բժիշկների, իրավաբանների հետ մեկտեղ ձերբակալվեց նաև Կոմիտասը։ Խոշտանգումներով ուղեկցվող բանտարկությունից հետո նա աքսորվեց Անատոլիայի խորքերը, ականատես դարձավ հայ ժողովրդի անգութ բնաջնջմանը։ Նրա աչքերի առաջ տանջամահ արվեցին հարազատ ընկերները՝ բանաստեղծներ և գրողներ Դ.Վարուժանը, Սիամանթոն, Գ.Զոհրապը։ Չխնայեցին նույնիսկ անպաշտպան կանանց, երեխաներին և ծերերին։ Ու թեև ազդեցիկ անձանց միջնորդությամբ Կոմիտասը վերադարձավ Պոլիս, բայց վերապրած սարսափներն անջնջելի հետք թողեցին նրա հոգեկան աշխարհի վրա։ Կոմիտասն առանձնացավ արտաքին աշխարհից, փակվեց միայն իր մռայլ ու ծանր խոհերի մեջ՝ ընկճված և մելամաղձոտ։
Զանգվածային կոտորածի կարճ ժամանակամիջոցում նահատակվեց մոտ մեկուկես միլիոն հայ։
Հոգեկան ընդվզումները գնալով ավելի ու ավելի հաճախ էին տանջում Կոմիտասին։ Նրան անըմբռնելի էին թվում մի ամբողջ ժողովրդի կործանման փաստը և շրջապատող աշխարհի անտարբերությունը։
Կոմիտասի թողած վերջին գրության մեջ, երբ բորբոքված ուղեղում դեռ չէին մարել գիտակցության վերջին կայծերը, հնչում է անելանելիությունն ու խորը հուսահատությունը. «Հոտն անհովիվ՝ մոլոր ու շփոթ, աներևույթ և անզուսպ ալիքներ հախուռն կհուզեն ի խորս մեր հալածական և ողբերգալի կենաց ծովու։ Անմիտ որսորդներ բոլորած, միամիտ ձկներ ցանցած։ Մթնոլորտը թույն կտեղա, բուժիչ ուժ չկա։ Ավերած, սարսափ ու սանձարձակ կեղեքում մեկ կողմեն, անտարբերություն, օտարամոլություն ու ցեխոտ սրտեր մյուս կողմեն... Ու՞ր է մեր խոհական Խորենացին, թող ելլե արյունաքամ հողու տակեն և ողբա մեր խակերու սիրտն ու հոգին, միտքն ու գործը...
Սիրտս փլած է...>>։
1916 թվականին Կոմիտասի առողջական վիճակն է՛լ ավելի վատթարացավ, և նրան տեղափոխեցին հոգեբուժարան, իսկ պատերազմի ավարտից հետո՝ Փարիզ։ Սակայն ապաքինման ոչ մի հույս չկար։ Բժշկությունն անզոր էր փոխելու հիվանդության ընթացքը։
Հայ երաժշտության հանճարն իր վերջին ապաստանը գտավ Փարիզի Վիլ-Ժուիֆ արվարձանի հիվանդանոցում՝ անցկացնելով այնտեղ գրեթե քսան տարի։
1921 թվականն էր. հիվանդ Կոմիտասին այցելեց նկարիչ Փանոս Թերլեմեզյանը։ Կյանքի ու մահվան մասին խոսելիս կոմպոզիտորն ասաց, որ մահ գոյություն չունի։ Այնուհետև, ցույց տալով իր սենյակը, հառաչեց. «Բա սա, գերեզման չէ, ապա ի՞նչ է>>։
Այդ օրը նա իր կյանքում առաջին անգամ մերժեց երգել՝ ասելով. «Չէ, հիմա ես ինձ համար եմ երգում և այն էլ շատ կամաց>>։
1935 թվականի հոկտեմբերի 22-ին ընդհատվեց մեծն Կոմիտասի կյանքը։
1936 թվականի գարնանը նրա աճյունը տեղափոխվեց Հայաստան և հողին հանձնվեց Երեւանում՝ մշակույթի գործիչների պանթեոնում։
Ոչ պակաս ողբերգական ճակատագիր ունեցավ նաև Կոմիտասի հսկայական ժառանգությունը։ Նրա ձեռագրերից շատերը ոչնչացան կամ ցրվեցին աշխարհով մեկ։ Անհետ կորավ կոմպոզիտորի երկարամյա տքնության արդյունքը՝ խազերի մասին գիտական աշխատությունը, ժողովրդական մեղեդիների գրառումների և ինքնուրույն ստեղծագործությունների զգալի մասը, որոնք հայ երաժշտության համար բացառիկ արժեք էին ներկայացնում։
«Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան>>։ (Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա.)



ԱՂԲՅՈՒՐԸ՝ ԿՈՄԻՏԱՍ

Комментариев нет:

Отправить комментарий