18.08.2013

ԿՈՄԻՏԱՍ (ՀԱՍՈՒՆ ՇՐՋԱՆ)


1899 թվականի սեպտեմբերին Կոմիտասը վերադառնում է Էջմիածին և իսկույն ձեռնամուխ
լինում իր երաժշտական գործունեությանը: Նա գալիս է հայրենիք իր ժողովրդի արվեստին ամբողջովին նվիրվելու տենչով, նրան օգուտ բերելու ձգտումներով: Այս տարիներին վերջնականապես ձևավորվում են կոմպոզիտորի գեղագիտական հայացքները, նրա ստեղծագործական ոճը: Կարճ ժամանակում Կոմիտասն արմատականորեն փոխում է երաժշտության ուսուցման դրվածքը ճեմարանում, ստեղծում է ոչ մեծ նվագախումբ, բարձր վարպետության հասցնում երգչախմբի կատարողական մակարդակը: Կոմպոզիտորը, կարծես, իր ժամանմամբ, մի նոր լիցք է հաղորդում Էջմիածնի միապաղաղ երաժշտական կյանքին: Նա շրջում է Հայաստանի շատ վայրեր՝ գրի առնելով հազարավոր հայկական, քրդական, պարսկական և թուրքական ժողովրդական մեղեդիներ, կազմում է խոշոր ազգագրական ժողովածու, կատարում երգերի մշակումներ: Լրջորեն զբաղվում է նաև գիտա-հետազոտական աշխատանքով. ուսումնասիրում է հայ ժողովրդական և հոգևոր մեղեդիները, աշխատում հայկական խազերի վերծանման վրա, ձայնեղանակների տեսությամբ: Կոմիտասն աշխարհի տարբեր երկրներում հանդես է գալիս որպես հայ երաժշտության կատարող և պրոպագանդիստ: Նրա համերգներում, զեկույցներում հնչում է հայրենասեր մարդու, հարազատ ժողովրդի ազգային մշակույթի համար պայքարող մարտիկի վստահ ձայնը: Կոմիտասը տենչում էր աշխարհին պատմել հայերի բազմադարյան երգարվեստի մասին, ցույց տալ նրա գեղարվեստական մեծ արժեքը, հավաստել ինքնուրույնության իրավունքը: 1907թվականին Փարիզում լույս է տեսնում նրա «Հայ քնարե վերնագրով մշակումների առաջին տետրը: Կոմպոզիտորը սկսում է խորհել նաև երաժշտական խոշոր, մոնումենտալ ձևերի մասին: Մտադրվում է ստեղծել «Սասնա ծռեր երաժշտական էպոսը և շարունակում է իր աշխատանքը «Անուշե օպերայի վրա, որը սկսել էր գրել 1904-ից: Կոմիտասին հաջողվում է ավարտել օպերային հատվածների մի զգալի մասը: Նա նույնիսկ գրում է Հ.Թումանյանին. «Վաղուց է սկսել եմ և բավական բան գրել քո «Անուշ-ից, բայց դեռ պակասավոր բաներ շատ կան, որպեսզի մի ամբողջություն դառնա: 
Ցավոք, «Անուշ-ն այդպես էլ «մի ամբողջություն չդարձավ... 
Կոմիտասն հաճախ իր ժամանակն անց էր կացնում ուղևորությունների մեջ՝ հանդես գալով զեկուցումներով ու դասախոսություններով, իր կազմակերպած համերգներում ելույթ ունենալով որպես մեներգիչ ու խմբավար: Նա ուներ հարուստ և արտահայտիչ բարիտոն: Շնորհիվ ձայնի լայն դիապազոնի, Կոմիտասը կարողանում էր երգել նաև տենորային պարտիաներ: Կոմպոզիտորն հիանալի կերպով տիրապետում էր սրինգին և դաշնամուրին։ Նա օժտված էր իր ունկնդիրներին հուզելու և համոզելու մեծ ուժով:
Շրջագայելով՝ ճանապարհին կոմպոզիտորը միաժամանակ հավաքում և գրի էր առնում հայ երգարվեստի նմուշներ:
Կոմիտասի ելույթներն Ալեքսանդրապոլում, Իզմիրում, Կահիրեում, Փարիզում, Ժնեւում, Վենետիկում, Բեռնում, Լոզանում և այլուր մեծ անդրադարձ գտան մամուլում, որտեղ անկեղծ հիացմունքով գնահատում էին նրա արվեստը: Շվեյցարական թերթերը գրել են. «Հայաստանը լեռների ու հովիտների մի երկիր է մերի նման: Շվեյցարիան քույր մի երկիր է իր բնությամբ, սակայն հայերը ի՜նչ հրաշալիքներ են հանել իրենց բնության ներշնչումներից, մինչդեռ մենք...>>։ 

Մի այլ թերթում կարդում ենք. «Կոմիտասի երգեցողության մեջ նրա ամբողջ ժողովուրդն է արտահայտվում>>:
Կոմիտասի արվեստն հիացրել էր հռչակավոր երաժիշտներ Վենսան դ’Էնդիին, Գաբրիել Ֆորեին, Քամիլ Սեն-Սանսին...
1906 թվականին, մի համերգից հետո ֆրանսիացի նշանավոր կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսին հուզված բացականչել էր. «Հանճարեղ հայր Կոմիտաս, Ձեր երաժշտական հանճարին առջև կխոնարհիմ>>: Նա բարձր էր գնահատում Կոմիտասի արժանիքներն ու նշանակությունը համաշխարհային երաժշտական արվեստի մեջ՝ ասելով. «Եթե Կոմիտասը գրեր միայն «Անտունին>>, այդ էլ բավական կլիներ նրան խոշոր արվեստագետ համարելու>>: Դեբյուսիի կարծիքով Կոմիտասը հայտնություն էր, երաժշտական աշխարհի ամենաուշագրավ երևույթը:
Իսկ Փարիզում տված համերգից հետո ֆրանսիացի նշանավոր երաժշտագետ Լուի Լալուան գրում է. «Ոչ ոք ինձ չի կարող մեղադրել չափազանցության մեջ, եթե ասեմ, որ այդ համերգը մի հեղաշրջում էր և իր հայտնությամբ զարմացրեց մեզ։ Ներկա եղողներից և ոչ ոք, ի բաց առյալ նուրբ գիտակներից, իրեն պատկերացնել չի կարող այդ արվեստի գեղեցկությունը, որն ըստ էության ոչ եվրոպական է, ոչ արևելյան, բայց եզակի է իր տեսակի մեջ։ Ճկուն ու կենդանի ռիթմերի առատությամբ հարուստ երաժշտություն է դա՝ կարծեք հենց սրտի խորքից հոսելիս լինի, որպես սառնորակ, վճիտ, արևաշող հոսանք։ Նրանց մեջ փայլատակում է արեգակը, սակայն ոչ Արաբիայի ու Պարսկաստանի կիզող արեգակը, ավելի շուտ երկնային ոսկեփայլ լույս է, որի ջերմությունը փայփայում, փաղաքշում է ձյունածածկ լեռների գագաթը, անտառների կանաչը, առվակների խոխոջը։ Մարդկային հոգուն վիճակվել է իր ընդերքում պահպանելու այդ ժպտադեմ երկրի (ժողովրդի) հարազատ հողի մաքրությունը, նրա սերն ու հավատը դեպի լուսավորը, դեպի կյանքը։ Այդ պարզության անգնահատելի գանձարանը, որը տակավին հետամնաց ո՛չ թուրքերը, ո՛չ քրդերը չկարողացան հայտնաբերել կամ խլել, այդ գանձարանը հասել է մեզ անձեռնմխելի հիասքանչ երգերի ձևով, որպես հոտավետ, պայծառ ծաղիկներ>>։
Ստեղծագործական աշխատանքի հետ մեկտեղ ընդլայնվում են նաև Կոմիտասի երաժշտական ուսումնասիրությունների ծրագրերը: Նա սկսում է ավելի մանրակրկիտ ուսումնասիրել ժողովրդական երաժշտության բանաստեղծական և մեղեդիական կառուցվածքի առանձնահատկությունները, իր ուշադրությունը բևեռում է ժողովրդական երաժշտական ստեղծագործության հետ կապված թեմաների վրա, բացահայտում է ժողովրդական երգերի բովանդակությունը: Իհարկե, կոմպոզիտորի աշխարհայացքի նմանօրինակ հիմքերը պետք է հանգեցնեին եկեղեցու և Կոմիտասի միջև անխուսափելի կոնֆլիկտի: Աստիճանաբար, եկեղեցու նոր ղեկավարների անտարբերությունը, վանական միաբանության հետադեմ խավի թշնամական վերաբերմունքը, բամբասանքներն ու զրպարտանքն ավելի մեծացան և թունավորեցին կոմպոզիտորի կյանքը, մի մարդու, որը ժամանակակիցների տպավորության մեջ գամվել է, որպես բացարձակապես աշխարհիկ անձնավորություն: «Կոմիտասից ամեն ինչ հիշում եմ, բացի հեգևորական կոչումից,- գրել է հայ գրող Դերենիկ Դեմիրճյանը,- նրա ֆարաջան պարզապես հագուստ էր մի աշխարհական և ժողովրդական մարդու, որ բախտի բերմամբ ընկած էր վանք>>: 
Կոնֆլիկտն այնքան է խորանում, որ Կոմիտասը մի աղերսագին գրավոր դիմում է հղում կաթողիկոսին՝ թախանձելով իրեն ազատ արձակել, թույլ տալ հանգիստ ապրել և ստեղծագործել։
«Նյարդերս թուլացել են, այլևս տոկալու ճար ու հնար չունիմ: Որոնում եմ հանգիստ, չեմ գտնում: Ծարավի եմ ազնիվ աշխատանքի, խանգարվում եմ, փափագում եմ հեռու մնալ, խցել ականջներս՝ չլսելու համար, գոցել աչքերս՝ չտեսնելու համար, կապել ոտքերս՝ չգայթակղվելու համար, սանձել զգացմունքներս՝ չվրդովվելու համար, բայց զի մարդ եմ, չեմ կարողանում... Արտասվելով աղերսում եմ՝ արձակեցեք ինձ Ս.Էջմիածնաց Միաբանութեան Ուխտից...>>:
Այս դիմումն անհետևանք է մնում, և սկսվում է ավելի անսքող հալածանք Կոմիտասի նկատմամբ:
«Ես զարմանում եմ, թե ինչու մինչև այժմ չեմ խելագարվել այս մթնոլորտի խարդախ վայրերում: Մեկ ուզում եմ թռչել հեռու, միայնակ, մեկ ուզում եմ փակվեմ մենակ ու ճգնեմ, բայց ի՜նչ եմ անում, որ չեմ ճգնում... Այո, բայց ոչ այսպիսի, այլ մուզայիս հետն եմ ուզում միայնակ ապրել, որ սիրտս չպղտորվի, միտքս չխարդախվի, հոգիս չխռովի և խիղճս չմեռնի...>>,- գրում էր կոմպոզիտորը իր մտերիմ բարեկամ Մարգարիտ Բաբայանին:
1910 թվականին Կոմիտասը թողնում է Էջմիածինը ու մեկնում Կ.Պոլիս: Նա կարծում էր, թե Էջմիածնից ազատվելով, Պոլսում կարող էր գտնել այնպիսի միջավայր, որը կհասկանար իրեն, կպաշտպաներ և կխրախուսեր իր գործունեությունը, այստեղ նա կկարողանար իրականացնել իր իղձերը: Կոմիտասը ցանկանում էր ստեղծել ազգային երաժշտանոց, որի հետ էր կապում հարազատ ժողովրդի երաժշտության հետագա բախտը: Նա գրում էր, որ Պոլիսն հենց այն քաղաքն է, որն ունի գայթակղիչ հնարավորություններ: Այն և արևելյան է, և արևմտյան, այստեղ կան հարյուր հազարից ավելի հայեր... Սակայն կոմպոզիտորին չի հաջողվում այս, ինչպես և շատ այլ ձեռնարկումներ իրագործել, քանի որ, ինչպես ինքն էր ասում, «միայն բարի ցանկություններով գործը գլուխ չի գա>>: Նրա բոլոր նվիրական մտահղացումներն հանդիպում են տիրող իշխանությունների անտարբերությանն ու խորտակվում: Չնայած հուսախաբություններին, Կոմիտասը շարունակում է համառորեն աշխատել: Ժամանակի մեծ մասը նա տրամադրում է մանկավարժական գործունեությանը:
Կոմիտասին հաջողվեց պատրաստել երաժշտության որակյալ ուսուցիչներ ընդհանուր դպրոցների համար, միավորել տաղանդավոր երիտասարդների մի խմբի, որոնց նա ծրագրել էր նախապատրաստել առավել լուրջ երաժշտական գործունեության համար (Բ.Կանաչյան, Վ.Սարգսյան, Վ.Սրվանձտյան, Գ.Սեմերջյան...): Կոմիտասը կազմակերպեց երեք հարյուր հոգանոց խառը երգչախումբ՝ անվանելով այն «Գուսան>>: Վերջինս մեծ ժողովրդականություն վայելեց Պոլսի բնակչության լայն շրջաններում: Նրա համերգային ծրագրերում հիմնականում տեղ էին գտնում հայ ժողովրդական երգերը:
«Կոմիտասի «Գուսան>> երգչախումբը իր հաճախակի համերգներով հայտնի դարձավ համայն պոլսահայության, որ նույնիսկ հեռավոր արվարձաններե կփութար վայելելու հայ ժողովրդական երգերու համն ու հոտըե,- գրում էր Աղավնի Մեսրոպյանն իր հիշողություններում։

Աղբյուրը՝ Կոմիտաս

Комментариев нет:

Отправить комментарий