26.07.2013

ՑԵՂԱԿՐՈՆ ՇԱՐԺՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ


1932 թ.-ին, Սոֆիայում լույս տեսնող ՙԽռովք՚ ամսագրում, Գ. Նժդեհը,  ՙՀոգեւոր նորոգության
խնդիրներ՚ խորագրի տակ, լույս ընծայեց ՙՑեղակրոնությունն իբրեւ հաղթանակի զորույթ հիմնադրութային հոդվածը (Նժդեհի մի բանախոսության սղագրումն է սա), ուր մասնավորապես կարդում ենք. ՙԵթե ցայսօր մեր ժողովուրդը հարվածներ է միայն ստանում եւ ողբերգորեն՝ անկարող է հակահարվածել - դրապատճառն այն է, որ նա չի ապրում ցեղորեն... Ցեղակրոնությո՜ւն - ահա՜ համադարմանը, առանց որի հայությունը կմնա մարդկության քաղաքականապես ամենատնանկ մասը՚ :  Նժդեհը գալիս էր ավետելու ցեղահայտնության ժամը, սկզբնավորելով Հայկականության տեսությունը:
1933 թ.-ի ամռանը, Նժդեհը, Հ.Յ.Դ. 12-րդ Ընդհանուր ժողովի որոշումով մեկնեց ԱՄՆ, ուր նախաձեռնեց Ցեղակրոն շարժումը եւ այն ծավալելու համար հիմնադրեց Ցեղակրոն Ուխտերը, որոնց ՙԾրագիր-Կանոնագիր՚-ի մեջ կազմակերպության ստեղծման նպատակն ամ-
րագրված է. ՙՍտեղծել ցեղակրոն սերունդ մը, որուն անդամները ապրին եւ գործեն որպես ցեղի հպատակն ու մարտիկը, ուր որ էլ լինեն եւ ընկերային ինչ դիրք էլ ունենան...՚: 
Մինչեւ Նժդեհի ԱՄՆ գալը, այնտեղ գործում էին մի շարք երիտասարդական միություններ՝ ՙՀայորդիք՚, ՙՈրդիք Հայաստանեայց՚ եւ այլն: Իրարից անջատ գործող այս միությունները համախմբելու եւ մեկ հայտարարի բերելու դժվարին գործը ստանձնեց Նժդեհը՝ ծավալելով Ցեղակրոն շարժումը, որի գաղափարախոսությունը շարադրեց 1933թ. վերջին, Բոստոնի ՙՀայրենիք՚ օրաթերթում՝ ՙՑեղային արթնություն՚ խորագիրը կրող հոդվածաշարով : 
Ի՞նչ հանգամանքներով էր թելադրված շարժման անհրաժեշտությունը: 
Դա մի ժամանակաշրջան էր, երբ գաղթահայության մեջ տիրող պարտվողական հոգեվիճակը, ներքին ճակատում մոլեգնող միջկուսակցական պառակտիչ կռիվները եւ դրանց միացած՝ օտար այլասերիչ միջավայրը, մղել էին դրսի հայությանն իր նվաստ վիճակին հնազանդորեն համակերպվելու, սպառնալով՝ դարասկզբի մեր պարտությունը վերջնական դարձնել: Սրանց ավելացել էր նաեւ հիվանդագին կրոնականությունը. հայկական գաղթօջախներում գործում էին մի շարք ապազգային աղանդներ որոնք քարոզում էին հրաժարում Հայրենիքի գաղափարից, հեռացում ազգային-հասարակական կյանքից եւ նվիրում ՙերկնային հայրենիքին՚: Ստեղծված մթնոլորտն անխուսափելիորեն պիտի բերեր գաղթաշխարհի շուրջ մեկ միլիոն հայության փոշիացմանը, իսկ ավելի ճիշտ՝ ինքնասպանությա՜նը: Պետք էր կանխել այն:
Շարժման անհրաժեշտությունը թելադրված էր նաեւ թուրքերի կողմից տարվող հակահայկական քարոզչությամբ: Դրա համար, թուրքերն օգտագործում էին եվրոպացի ծախու հասարակական գործիչների, որոնք հայերին ներկայացնում էին աշխարհին՝ որպես անհայրենասեր, անարի ու անմարտունակ, անիշխանական ու բարոյականությունից զուրկ թալանչիներ: Հարկավոր էր հակաքարոզչությամբ ու իրական քայլերով ցրել հայության մասին ստեղծվող թյուր պատկերացումները:   ՙԿար Ցեղակրոն շարժման անհրաժեշտությունն ընդգծող մի կարեւորագույն հանգամանք եւս. դա մեր հին սերնդի քաղաքական տեղատվությունն էր Թուրքիայի նկատմամբ: Մեր հին կուսակցությունները սկսել էին լքել Հայկական հարցն ու համակերպվել այն մտքի հետ, որ պետք է հրաժարվել Թուրքիայում մնացած հայկական տարածքներից ու մերձենալ թուրքերի հետ: Այդ ուրացումը երիտասարդ սերնդի աչքում մեզ կդարձներ արհամարհելի ժողովուրդ՚,- գրում է Նժդեհը: Անհրաժեշտ էր անհայրենիք գաղթահայության մեջ բորբոքել հայրենատիրության գաղափարը, նրան ՙհոգեւոր ու քաղաքական անտուն-անտիրությունից փրկելով, դարձնել հայրենատեր՚ :  Միաժամանակ, շարժումը նպատակ ուներ հոգեւոր հուսալի պատվար ստեղծել բոլշեւիկյան բարոյազուրկ քարոզչության դեմ, որ բացիլի պես տարածվում էր հայ գաղթօջախներում:  Այս վիճակից դուրս գալու մեկ ելք կար՝ հոգեւոր-բարոյական վերանորոգումը, որն էլ հնարավոր էր միայն սեփական (ցեղային) արժեքների ու ձգտումների վերարծարծման եւ դրանք վերապրելու ճանապարհով:  Բնական էր, որ հոգեվերանորոգչական այդ շարժման կրող (շարժիչ ուժ) պիտի դիտվեր երիտասարդությունը՝ որպես հասարակության առավել կարող եւ վերանորոգվելու ընդունակ տարր: Եվ այս առումով, շարժումը նպատակ ուներ՝ վերածվել սփյուռքահայ երիտասարդության համահայկական շարժման, իսկ Ցեղակրոն Ուխտերը դարձնել աշխարհի հայ նոր սերնդի ընդհանուր կազմակերպության կորիզը: ՙՈրպես ծով՝ դա պիտի միացնի իր մեջ նորահաս սերունդին պատկանող բոլոր ՙգարնանային ջրերը՚, բոլոր ազգային միությունները՚ . սա՜ էր Նժդեհի սպասելիքը Ցեղակրոն շարժումից: Քանի որ գաղթահայության ամենամեծ զանգվածն ապրում էր ԱՄՆ-ում, որտեղ եւ հայությունն առավել շատ էր ենթակա ձուլման, ուծացումի, շարժումը սկզբնավորվեց այնտեղ: Շարժման սկզբնավորման համար էական հանդիսացավ նաեւ ժամանակի գործոնը: Աշխարհում ազգայնական շարժումների աննախընթաց վերելք էր ընթանում. աշխարհն ազգայնանում էր՝ պարտադրելով նոր բախումներ: Անհրաժեշտ էր սեփական արժեքների վեր հանումով հոգեբանորեն նախապատրաստվել գալիք արհավիրքին... Եվ վտանգված Ցեղը ցնցվեց. նա երկնեց ու Նժդեհի շուրթերով հնչեցրեց Ցեղակրոնության խոսքը՝ ՙորպես կազդուրիչ կանչ՚: Ժամանելով ԱՄՆ, Նժդեհը, ՙօժտված մարգարեական շունչով ու մոգական հմայքով, Ամերիկայի մեկ ծայրեն մյուսը էլեկտրականացուց մթնոլորտը իր կուռ բանախոսություններով, անկեղծ ու անվախ արտահայտություններով եւ անվիճելի փաստերով՚ : Շնորհիվ Նժդեհի կազմակերպական ու քարոզչական անզուգական տաղանդի, Ցեղակրոն շարժումը միանգամից լայն թափ ստացավ: Եվ ինչպես խոստովանում է Ռուբեն Դարբինյանը, ՙառանց Նժդեհի ներշնչած ոգեւորության, առանց անոր մղիչ ուժին, առանց անոր առինքնող անձին հմայիչ ազդեցության, դժվար թե ամերիկահայ մեր նոր սերունդը կարո-ղանար կազմակերպվիլ այնքա՜ն կարճ ժամանակի մեջ՚ : Այս շարժ-ման շնորհիվ էր, որ նրանով խանդավառված ամերիկահայ ՙբազմահա-զար երիտասարդ-երիտասարդուհիներ սկսան ո՜չ միայն ամոթ չզգալ ի-րենց հայության համար, այլ՝ հպարտություն...՚ : Ցեղակրոն Ուխտերի առաջին ներկայացուցչական ժողովը գու-մարվեց 1933թ.-ի հուլիսին, որից հետո, շուրջ մեկ տարի կազմակերպությունը գործեց չեզոք՝ ոչ կուսակցական հողի վրա: 1934թ.-ի հունիսին, Բոստոնի ՙՀայրենիք՚ ակումբի սրահում, Նժդեհի նախագահությամբ բացված Ցեղակրոն Ուխտերի առաջին Պատգամավորական ժողովը որոշեց մտնել Դաշնակցության դրոշի տակ եւ հետ այսու կազմակերպությու-նը կոչել Հ.Յ.Դ. Ցեղակրոն Ուխտեր:

<<Ցեղակրոն և Տարոնական շարժումները>>
Մուշեղ Լալայան, Եր., 2011

Комментариев нет:

Отправить комментарий