29.05.2013

ՀԱՅԱՍԱՅՒ ՊԱՅՔԱՐԸ ԽԵԹԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ [Ք.ա.1340-1310-ական թթ]: ԱՆՆԻԱՍ



ԿԱՆԽՈՂ ՀԱՐՎԱԾԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայկական լեռնաշխարհի արևմտյան շրջանները Ք.ա. 14-րդ դարում միավորված էին  Հայասա-Ազզի պետության մեջ: Արևմուտքից և հարավից Հայասայի հարևանը հզորության գագաթնակետին հասած Խեթական թագավորությունն էր:
    Խեթական վտանգը չեզոքացնելու նպատակով Հայասայի Հուկկանաս (Խուկկանաս, Ք.ա. 1370-1345թթ) արքան  ռազմական դաշինք է կնքում խեթերի Սուպիլուլիումաս Ա թագավորի (Ք.ա. 1370-1326թթ.) հետ: Պայմանագիրը կողմերից ոչ մեկին որևիցէ առավելություն չէր տալիս, բայց ռազմական առումով ավելի հզոր Խեթական պետությունը սկսում էր այն օգտագործել խաղաղ ճանապարհով Հայասա-Ազզիի վրա իր ազդեցությունը մեծացնելու համար: Նման քաղաքականությունը Հայաստանում դժգոհություն է առաջացնում:

Ռազմավարություն
Սուպիլուլիումաս Ա-ն իր գահակալության առաջին տարիներին նվաճողական պատերազմների մի ամբողջ շարք է սկսում: Եռանդուն պետական գործիչ լինելով՝ նա ընդհամենը երկու տասնամյակում խեթական պետությունը վերածում է հզորագույն տերության, որը սպառնում է հարևաններին: Հարավում լայնածավալ նվաճողական պատերազմներ էր սկսել Եգիպտոսը: Անվերջանալի թվացող պատերազմները ապակայունացրել էին ողջ տարածաշրջանը, և վճռական բախումից առաջ երկու գերտերություններն էլ ձգտում էին առավել բարենպաստ դիրքեր գրավել:
    Հարավային նվաճումների նախօրյակին ռազմավարական թևերն ամրապնդելու նպատակով Սուպիլուլիումասը պայքար է սկսում թուլացող Միտաննիի դեմ: Միաժամանակ՝ նա փորձում է առավելագույն օգուտ քաղել խեթական բանակի գլխավոր ուժերն արևելքում կենտրոնացված լինելու փաստից և հսկողության տակ առնել նաև նախկին դաշնակցի՝ Հայասայի տարածքը: Խեթական թագավորի մտադրությունը պարզ էր. հաստատվելով  Փոքր Ասիայի մեծ մասում և մեկ հարվածով հարավ-արևելյան և արևելյան ուղղությունից հնարավոր սպառնալիքները վերացնելով՝ նա կկարողանար սկսել Միջերկրական ծովի արևելյան շրջանների նվաճումը:
     Հայասա-Ազզիում, որն աստիճանաբար նվաճողական քաղաքականության <<թիրախի>> է վերածվում, հետևում էին անբարենպաստ զարգացումներին և հասկանում էին, որ անհոգ դիտորդի կարգավիճակում մնալը կործանարար է: Սակայն հզորության գագաթնակետին հասած Խեթական պետության դեմ միայնակ հանդես գալն անհեռանկարային ձեռնարկում էր:

     Հուկկանասի գահակալման վերջին տարիներին Հայասայի քաղաքական ղեկավարությանը հաջողվում է օգտվել բարենպաստ իրադրությունից: Հարցն այն է, որ Միտտանիի դեմ պատրաստվող Խեթական թագավորությանը ժամանակավորապես ձեռնտու էր Հայասայի չեզոքությունը, և այդ հանգամանքը հայասացիները օգտագործում էին ի օգուտ իրենց:


ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆԸ

Միտաննիի դեմ արշավանքը Սուպիլուլիումաս Ա-ն սկսում է Ք.ա. 1345 թ-ին: Արշավանքի հետևանքով կտրուկ փոխվում է ռազմաքաղական իրադրությունն ամբողջ տարածաշրջանում: Այն նպաստավոր էր  Խեթական պետության համար: Խեթական թագավորը գիտեր, որ Հյուսիսային Միջագետքի երբեմնի հզորագույն պետությունը կործանման եզրին է ու Միտաննիում նվաճողին հարուստ ավար էր սպասվում: Մեծաթիվ, կազմակերպված ու վարժեցված բանակ ունենալով՝ նա հակառակորդի կողմից անակնկալների չէր սպասում: Ավելին, հաջողության մեջ չկասկածելով՝ Սուպիլուլիումասն արշավանքն արագորեն ավարտելու դեպքում չէր բացառում նաև հարավ-արևելքից Հայասայի վրա հարձակվելու հնարավորությունը:
    Արշավանքի ընթացքում Հայասայի հակախեթական տրամադրությունները դառնում են տիրապետող: Միտաննիի նկատմամբ տարած հաղթանակով խեթերը արևմուտքից, հարավից և հարավ արևմուտքից աքցանի մեջ կառնեին Հայասան, որի անկախությունը հարցականի տակ կդրվեր:
     Անկախության պահպանման համար պայքարը գլխավորում է Հայասայի ամենաեռանդուն գահակալներից մեկը՝ Հուկկանասի հետնորդ Աննիասը (Ք.ա. 1345-1316թթ.): Գիտակցելով քաղաքական զարգացումների վտանգավոր հետևանքները՝ Աննիասն անցնում է Միտաննիի կողմը: Պետության կենտրոնական շրջաններից կտրված խեթական բանակը հայտնվում է ծայրահեղ անբարենպաստ վիճակում: Հետևաբար, տարածաշրջանային գերտերությանը ձեռնոց նետած Հայասայի  ռազմաքաղաքական ղեկավարությունն իրադրությունն իրատեսորեն գնահատելով էր դիմում այդ քայլին:
    Խեթական արշավանքը ձախողելու նպատակով Հայասայի բանակը դիմում է նախահարձակ գործողությունների և մտնում է Խեթական պետության սահմաններն ու գրավում Դանկուվա քաղաքը: Հայասայի բանակի հաղթարշավը և Միտաննիի զորքերի համառ դիմադրությունը փոխում են ուժերի հարաբերակցությունը: Դժվարին կացության մեջ հայտնված խեթական բանակը ոչ միայն ստիպված է լինում դադարեցնել արշավանքը, այլև հետ է վերադառնում Ասորիքի տարածքով՝ շրջանցելով հակամարտության գոտին:
     Հայասայական ճակատում մարտական գործողությունները չեն վերսկսվում ո՛չ հաջորդ տարի և ո՛չ էլ Սուպիլուլիումասի գահակալման հետագա շուրջ երկու տասնամյակների ընթացքում:
    Հայասայի դեմ պատերազմի խնդրին չի հասցնում անդրադառնալ նաև Սուպիլուլիումասին հաջորդած Արնուվանդաս Բ-ն (Ք.ա. 1326-1325թթ.): Դա վկայում է Հայասայի տարածաշրջանային քաղաքական դիրքի ամրության և հզորության մասին:

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ
   <<Սառեցված>> հիմնախնդրով որոշում է զբաղվել Սուպիլուլիումասի կրտսեր որդին՝ Մուրսիլիս Բ-ն (Ք.ա. 1325-1303թթ.): Նա իր թագադրմանը հաջորդած յոթ տարիներին մյուս հարևանների հետ հակամարտությունը հաղթականորեն ավարտելուց հետո դիմում է Աննիասին՝ պահանջելով վերադարձնել հոր գահակալության տարիների պատերազմներում վերցված խեթական ռազմավարն ու ռազմագերիներին:
     Նկատենք, որ Հին աշխարհի <<Բարբարոսական>> ռազմական իրավունքի պայմաններում կարող է անհավանական թվալ, սակայն խեթական թագավորի թողած սեպագրերից (այս պատերազմի մասին մեր ունեցած գլխավոր սկզբնաղբյուրից) հայտնի է դառնում, որ ակտիվ ռազմական գործողությունների դադարեցումից ավելի քան քառորդ դար անց Հայաստանում խեթական ռազմագերիներ էին մնացել:


Տեղեկանք. Ռազմական իրավունքի տեսանկյունից հարցը էական նշանակություն է ստանում քանի որ այս  և նախորդած ժամանակաշրջանում հակառակորդի մարտիկներին <<ընդհամենը>> գերելն արդեն արդեն իսկ եզակի իրադարձություն էր համարվում: Մասնավորապես, լայն տարածում ուներ հակառակորդի դիմադրությունը դադարեցված մարտիկների ձեռքից զենքը վերցնելն ու նրանց գլուխը մարտադաշտում ջարդելը: 

Մերժում ստանալով՝ Մուրսիլիսը ռազմական գործողություններ է սկսում Հայասայի դեմ: Խեթական բանակը պաշարում է Հայասայի արևմտյան սահմանների վրա գտնվող Ուրա բերդաքաղաքը: Ուրայի բնակչները համառ դիմադրություն են ցույց տալիս խեթերին: Տարածաշրջանի հզորագույն բանակը գրեթե մեկ տարի ապարդյուն փորձում էր գրավել բերդաքաղաքը, բայց, անհաջողության մատնվելով, հետ է վերադառնում:
     Ուրայի պաշտպանությունը հայոց պատմության հերոսական էջերից մեկն է:

ՀԱՂԹԱՆԱԿԸ

Խեթերը հաջորդ տարի կրկին շարժվում են դեպի Հայասա-Ազզի: Սակայն Հայասայի բանակն այնպիսի համառ դիմադրություն է ցույց տալիս, որ խեթերն այս անգամ ևս հարկադրված են լինում նահանջել: Այսպիսով, խեթական արշավանքն ավարտվում է նոր անհաջողությամբ:

    Հնարավոր չէ պնդել, թե Հայասայի բանակը վճռական ճակատամարտում է հաղթել երկիր ներխուժած հակառակորդին, սակայն մարտական գործողությունների հաղթական ավարտն անվիճելի է: Նահանջն ինչ-որ կերպ <<բացատրելու>> համար Մուրսիլիսը հայտարարում է, թե որոշել է իր իշխանության 9-րդ տարեդարձին մեկնել արևմուտք՝ Կումաննի քաղաքում Խեբաթ դիցուհու երկրպագության տոնը կատարելու: Պարտությունից հետո խեթական բանակի նահանջի <<քողարկման>> փորձերը լուրջ ընդունել չի կարելի, քանի որ ռազմական գործողությունների եռուն շրջանում Կումաննի մեկնելու Մուրսիլիսի մտադրությունը ոչ մի քննադատության չի դիմանում: Տոնը, որը պետք է կատարված լիներ, դեռևս Սուպիլուլիումասը, քանիցս հետաձգվել էր և կարող էր ևս մեկ անգամ հետաձգվել: Խեթական  արքան կանխամտածված կերպով էր ընտրել նահանջը քողարկելու այդ <<հիմնավորումը>>:  Հայասայի բանակը ռազմավարական նշանակության հաջողության էր հասել, այլ կերպ անհնար է բացատրել պաշտամունքային հարցերը կատարելու Մուրսիլիսի <<բուռն>> ցանկությունը: Խեթական բանակի արևմուտքում գտնվելու պամաններում՝ ստեղծված բարենպաստ իրադրությունից շտապում էին օգտվել խեթերի գրեթե բոլոր հարևանները: Աննիասը զորքը մտցնում է խեթական թագավորություն, գրավում Իստիտինա (Իշտիտինա) քաղաքն ու պաշարում Կաննուվարան: Ապստամբում և անկախություն են ձեռք բերում Ասորիքի՝ նախկինում խեթերից կախյալ երկրները: Հարավ-արևմուտքից հարձակում է սկսում Ասերեստանը:
    Մուրսիլիսը ստիպված է լինում ուժերը երկու մասի բաժանել: Հայասա-Ազզիի դեմ է ուղարկվում զորաբանակ՝ Նուվանծայի (Նուվանզա)  հրամանատարությամբ:

Պատմական տեղեկանք. <<Իսկ երբ Աստատա քաղաքից Կարգամիշ (քաղաքը Միտաննիի պետության գլխավոր կենտրոններից էր, որը գրավել էր դեռևս Սուպիլուլիումասը) մեկնեցի, որին լուր տանելու նպատակով ուղարկել էի մառանապետ Նուվանծայի մոտ, ճանապարհին (այդ ժամանակ Մուրսիլան զբաղված էր Հյուսիսային Սիրիայի նվաճումով) շտապ ինձ հասավ և այսպես ասաց. - Քանի որ քո թշնամի Հայասան շրջապատել էր Կաննուվարա քաղաքը, մառանապետ Նուվանծան դեպի նա գնաց, նրան հանդիպեց Կաննուվարայի մոտ և նրան 10 հազար զինվորներով ու 7 հարյուր կառամարտիկներով ճակատամարտ տվեց: Նուվանծան նրան հաղթեց: Սպանվածները շատ են, գերիներն էլ շատ են: 
   Հատված Մուրսիլիս Բ-ի տարեգրությունից

Կաննուվարայի ճակատամարտից հետո խեթական բանակը նահանջում է: Հետևաբար, թեև արձանագրությունում նշվում է, որ Նուվանծան հաջողության է հասել, սակայն ակնհայտ է, որ  նա կամ պարտվել էր կամ էլ ընդհամենը կանխել հայասական բանակի առաջխաղացումը: Մուրսիլիսն այժմ արդեն ուղղակի ստիպված է լինում միջամտել հայասական ճակատում ծավալված գործողություններին: Նա իր անմիջական հրամանատարության տակ գործող ուժերը միավորում է Հայասայից նահանջող ուժերին, բայց  խուսափում է մեծ արշավանք ձեռնարկել՝ պատճառաբանելով, թե ձեռնամուտ է: Արձանագրությունում Մուրսիլիսը չի զլանում նշել, որ Հայասայի վրա արշավանքը հետաձգելու որոշումն ընդունել է խեթական բանակի հրամանատարների խորհրդով, հետևաբար այդ քայլի իրական պատճառները ռազմական էին: Բացի այդ, արձանագրության շարունակությունից հայտնի է դառնում, որ Հայասայի դեմ ռազմական գործողությունները հետաձգելով՝ խեթական բանակն անգործ չի մնում: Խեթական թագավորը շարժվում է դեպի Հալիս գետի վերին հոսանքի ավազանը և հնազանդեցնում այդ տարածքներում Խեթական պետության ըմբոստացած և հնարավոր է՝ Հայասա-Ազզիի կողմն անցած շրջաններին:

Պատմական տեղեկանք. <<Մտա Թեգերամա (գտնվում է Մալաթիայից անմիջապես հյուսիս՝ Եփրատի աջ ափին: Թեգերամա երկրիը նույնացվում է Աստվածաշնչյան Թորգոմայի հետ) երկիրը: Երբ  ես հասա Թեգերամա քաղք, մառանապետ Նուվանծան և բոլոր հրամանատարները Թեգերամա քաղաքում ինձ դիմավորեցին, ինձ հետ հանդիպեցին: Ես, թերևս, անմիջապես գնայի Հայասա:  Աշունը վերջանում էր: Իմ հրամանատարները ինձ ասացին.- Աշունը վերջանում է մեր տե՛ր, Հայասա չգնաս:-Հայասա չգնացի>>:
Հատված Մուրսիլիս Բ-ի տարեգրությունից
“Մեր Հաղթանակները” ժողովածուի Ա հատոր. Արտակ Մովսիսյան, Սուրեն Մարտիկյան:

Комментариев нет:

Отправить комментарий