25.02.2013

ԱՌՅՈՒԾԱԾԻՆ ՄԱՅՐԵՐ


   Տկարության և կեղծիքի դեմ սկսածդ պայքարի մեջ մենակ չես դու, հա՛յ երիտասարդ: Դու պիտ ունենաս քո մեծ ու վճռական զինակիցը՝ հայ մայրը: Ինչպիսի՜ աստվածային հաճույք մարտնչողի համար՝ լսել խրախուսիչ ձայնը հայրենակրոն մոր: Ո՞վ չգիտի, թե ազգային տագնապների օրերին, երբ հայրենասիրորեն կբաբախի տառապող կնոջ սիրտը՝ կորած չէ դեռ ամեն հույս:
      <<Միշտ էլ հիշենք, - ասում է գալիական պատմությունը, - հիշենք, թե մեր հայրենիքը ծնված է մի կնոջ ստինքից, նրա սիրուց և արցունքներից, այն արյունից, որ նա թափեց մեզ համար>>: Մոր ազդեցությունը՝ որպես դաստիարակչուհին և հոգևորիչը մարտնչող սերունդների, նրա հրաշագործ ազդեցությունն այն ժողովուրդների համար, ինչպիսին է մերը, կմնա լծակը, որ պիտ բարձրացնի և մեր ազգային դատը, որի ծանրությունը այսօր սարսափեցնում է միայն անհայրենասերներին:
      Բնությունը, - ասված է, - կնոջ ձեռքով կգրի տղամարդկանց սրտի մեջ: Ահա թե ինչո՛ւ հայ կինը պիտ դառնա հայրենապաշտության տաճարի Վեստյան Կույսը, նշանակված՝ անշեջ պահելու նրա սրբազան կրակը: Հայուհին, որին կարելի է ճանաչել հազարավոր օտարուհիների մեջ այն կնիքով, որ նրա ճակատին դրել է դարերով տառապանքը, որ կարող է փոխարինել խաչափայտի առջև իր աստվածանման որդու վերքերը սգացող Տիրամորը, հայ կինը ավելի հերոսուհի, քան թաղծության մայր պիտ լինի: Նրա շրթունքներից պիտի չպակասեն Ժանդարկյան բառերը՝  ուղղված մեր սերունդներին. <<Եթե հոգնած եք, դադար առեք, բայց մի՛ լքեք կռվադաշտը, մի՜ դասալքե՛ք>>: Ն
ա միայն պիտի չողբա վերքերն իր Հայրենիքի, այլև մեր սերունդներին անսահման սեր ու պաշտամունք պիտ ներշնչի դեպի այդ վերքերը: Նա ավելի պիտ սիրի և հպարտանա, քան կարեկցի: Նրա հայրենասիրությունը ևս՝ աստվածային կրակ, բոց ու ջերմություն, պիտի արթնացնի թմրած առյուծը իր ժողովրդի մեջ, պիտի բարձրացնի մեր առօրյա կյանքի թափը, պիտի քաղցրացնի ու հեշտացնի անձնազոհությունը: Ոգիացած հայրենասիրություն, որից ժողովուրդները ստեղծում են մի հրաշագործ ուժ, անհրաժեշտ՝ Հայրենիքների անկախության ուհզորության համար: Հաճախ վիրավոր, բայց հոգեպես անպարտելի՝ միայն նման ժողովուրդներն են հաջողում պատմության մեջ: Հաջողում են նրանք, որոնք ծանոթ չեն հուսահատություն կոչված տկարությանը: Իսկ չեն հուսահատվում ժողովուրդները, որովհետև մարդկության ընտանիքի բոլոր անդամները, մեր մտավորականության որոշ մասից զատ, գիտեն, որ մեկի հայրենի հողը չի կարող մյուսի համար մնայուն հայրենիք դառնալ, որ դա, Հավիտենական Արդարության Օրենքի ուժով վաղ թե ուշ վերադառնում է իր տերերին, եթե այդ վերջինների մեջ չի նվազել սերը դեպի հարազատ երկրամասը: Իսկ սեր և նվիրում դեպի Հայրենիքը, ներշնչում և սնուցանում է հայրենասեր մայրը: Ահա՛ թե ինչու մեր իրականության մեջ՝ ՄԱՅՐ անունը պիտ դառնա ու մնա սրբազան մենաշնորհը միայն և միայն հայրենակրոն մայրերի, և ոչ թե բոլորի: Իրենց որդիներով պիտ ճանաչել և գնահատել կանանց: Անհայրենասեր ու անարի որդիների մայրը, անկախ՝ իր հասարակական դիրքից, մեր կյանքում պիտի չվայելի հարգանք: Ամեն ինչ՝ սեր, խնամք, ակնածանք հայրենասեր մորը: Եվ ամեն ինչ հայրենասեր մորից՝  հերոս որդիներ, հաղթական դափնիներ, անկախ Հայրենիք: Իդեալ մայրեր ունենանք երջանիկ Հայրենիք ունենալու համար: Այլապես, քանի դեռ հայրենաշունչ մայրը կմնա որպես <<բացակայող աստվածություն>> հայ ընտանիքների համար, թուրքը պիտի շարունակե իր արնոտ խրախճանքը մեր սգավոր Հայրենիքում: Կան ժողովուրդներ, որոնք դեռ հեռու են անկախության և քաղաքակրթության բարիքները վայելելու բախտից, որովհետև կնոջ ազդեցությունը տկար է նրանց մեջ: Մի ժողովրդի բարքերը՝ գովելի թե պարսավելի, կախում ունեն մայրերից: Մայրը միշտ էլ իր հոգուց մի բան տեղափոխում է իր զավակաների կրծքի տակ: <<Ոչ իմաստասերներ, ոչ էլ թագավորներ օգնության կանչեք Հայրենիքին, այլ մայրական ազդեցությունը միայն>>: Կկասկածեմ այն մոր հայրենասիրության մասին, որի զավակները հայրենասեր չեն: Կողբամ հայրենասիրությանը այն ընտանիքների, որոնք հոգևոր Հայրենիքի մանրանկարը չեն: Կգարշեմ այն բոլոր հայրենասիրություններից, որոնք դեռ թուրքերեն կխոսեն: Թրքախոս Հայ, հայրենասե՞ր...  Ողորմելի, փափկամարմին, ծույլ հայրենասիրություն, որ իր մայրենի լեզուն յուրացնելու ճիգն իսկ չի փորձում: Անհեթեթություն: Լա՛վ է համր, քան թրքախոս լինել: Սպարտան կհասցներ հայրենապաշտ և աներկյուղ մարտիկներ, որոհվետև մայրերի ցանկությունն էր՝ նման սերունդ տալ Հայրենիքին: <<Կյանքի ընկեր փնտրենք կանայք, որոնց կաթը արյուն լիներ, որոնց ծնունդը՝ հերոս և վրիժակ>>. - այսպես կերգեր Գալիացին:
      Հայ կինը: Սրա միջոցով հոգեփոխենք հայ ընտանիքը: Այդ վերջինի միջոցով՝ հայությունը: Սկսենք հայ կնոջից, աշխատենք անդուլ մինչև որ սրա կաթը դառնա հայրենապաշտության սրբազան կաթ:
     Հայրենապաշտորեն դաստիարակենք հայ կինը և նրան թողնենք մեր մատաղ սերնդի դաստիարակության գործը: Հայ կնոջ միջոցով դարձի և զգաստության հրավիրենք հայության ազգայնորեն տկարացած տարրերը: Նրա պաշտպանության և գուրգուրանքին հանձնենք մեր մայրենի լեզուն, եռագույնը, անկախության Մայիսը՝ սրբությունները մի ցեղի:
     Ապագան վտանգված մեր որբախնամ ժողովուրդը, մեկ էլ կրկնենք՝ չկորչելու համար հրամայողաբար պիտ դառնա արիադավան և արիախնամ: Հայ կնոջից սպասենք հոգեբանակն այդ հրաշքը: Ունենանք առյուծածին մայրեր, որոնց արիական որդիները ավելորդ դարձնեին Հայաստանը պաշտպանող արհեստական ամրությունները: 

Комментариев нет:

Отправить комментарий